Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Իրատեսական ճանապարհը առողջ ուժերի համախմբումն է (իսկ ի՞նչ եղան Սևանն ու Չիբուխլուն)

Իրատեսական ճանապարհը առողջ ուժերի համախմբումն է (իսկ ի՞նչ եղան Սևանն ու Չիբուխլուն)
01.12.2017 | 09:59

Պարոն Համազասպյան, որքան կուզեք գրեք, որքան կուզեք փաստեր ի հայտ բերեք, միևնույն է, ոչինչ չի փոխվելու: Ինչու՞, որովհետև ոչ թե հնարավոր չէ փոխել պայմանները և երկիրը դուրս բերել ստեղծված վիճակից, այլ պարզապես հնարավոր չէ փոխել, որովհետև մեր երկրում չկա կառավարող այն անհատը, որն օժտված է դրական անհրաժեշտ որակներով և մտածում է մեկ բան` անել հնարավորն ու անհնարը և երկիրը դուրս բերել ստեղծված վիճակից: Օրինակ, ինչպե՞ս կարելի է Սուրեն Կարայանի մտածելակերպով նախարար ունենալ և երազել երկիրը նման վիճակից դուրս բերելու մասին: Ձեր հարցազրույցից մեջբերում եմ նրա ասած բառերը. «Մենք չունենք այն մասնագետները, տեխնիկան և տեխնոլոգիաները, որոնց պարագայում հնարավոր լինի նախագծել ու արտադրել շուկայի պահանջներին բավարարող ժամանակակից վերելակներ»: Նման տողերը կարդալուց հետո ակամայից հարցնում ես ինքդ քեզ, սա պետական պաշտոնյայի, նախարարի՞ պատասխան է, թե՞ «կացնային» մտածելակերպով փողոցային մեկի պատասխան է:


Հարգելի պարոն նախարար, եթե Ձեզ չեք հարգում, գոնե հարգեք այն մարդկանց, ովքեր մտածում են ուղեղով... Ի՞նչ է նշանակում «չունենք այն մասնագետները, տեխնիկան և տեխնոլոգիաները, որոնց պարագայում»… Դժվա՞ր է մեր օրերում մասնագետներ պատրաստել, տեխնոլոգիաներ ձեռք բերել և լուրջ արտադրություն կազմակերպել: Եթե նոր զարգացող խորհրդային երկիրը չուներ կադրեր և միջոցներ, բայց գտնում էր միջոցներ տեխնոլոգիաներ ձեռք բերելու, կադրեր պատրաստելու համար, ապա ի՞նչ պրոբլեմ կարող է լինել մեր երկրում, երբ տեխնիկական մտավորականության, այն էլ որակյալ մտավորականության պակաս չկա, իսկ անհրաժեշտ տեխնոլոգիան էլ, եթե ռազմական գաղտնիք չէ, պրոբլեմ չէ: Այստեղ գրագետ, ազնիվ, հայրենասեր և սեփական ես-ն ունեցող պաշտոնյայի կարիք կա։ Պարոն Կարայանի պատասխանը կարդալուց հետո կարելի է հաստատ ասել` նա իր տեղում չէ:
Հիմա հետ դառնամ և դառնացած հարցնեմ պարոն Համազասպյանին. «Ի՞նչ եք ուզում ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության աշխատող Նելլի Մկրտչյանից»: Մի՞թե այս երկրի երբեմնի հզոր տնտեսության քայքայումը Նելլիի նմաններն են կանխորոշել: ՈՒ՞ր են նայել նախկին բոլոր վարչապետները, չէ՞ որ նրանցից յուրաքանչյուրը համարվել է երկրի տնտեսության թիվ մեկ պատասխանատուն: Ինչ վերաբերում է այս կամ այն վարչապետի հանձնարարականին` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին, ասեմ, որ հենց նման հանձնարարականներով են թոզ փչել ժողովրդի աչքին ու խաբել: Ինչ վերաբերում է վարչապետի հանձնարարականի` նախագահ Ռ. Քոչարյանի ձեռամբ 10.11.2003 թ. հաստատմանը, ասեմ… Բայց ավելի լավ է հիշեմ Մուրացանի հարցադրումը. «Ինչ եղան Սևանն ու Չիբուխլուն»... Նման հանձնարարականները ոչ այլ ինչ են, եթե ոչ թուղթ մրոտել, ոչ այլ ինչ են, եթե ոչ էտապ-էտապ երկրի արդյունաբերության ոչնչացում: Պատկերացնու՞մ եք, պարոն Համազասպյան, վարչապետներն ու նախագահները աշխատել և բարձր աշխատավարձեր են ստացել, բայց իրականում…


Իրականում նրանք թուղթ ու թանաք են մրոտել և հարկատուների հաշվին առոք-փառոք ապրել ու հարստացրել իրենց ժառանգներին։ Ընդամենը։ Իսկ այն «փաստարկը», թե վերոհիշյալ գործարանը (Սպիտակի վերելակաշինական) հանդիսանում է մասնավոր սեփականություն, ուստի վերջինիս հետագա գործունեության տեսակի իրավասությունը պատկանում է միայն սեփականատեր կազմակերպությանը, մեղմ ասած, ապուշություն է: Եթե այդպես է, ապա տեղին է հարցադրել` որքա՞ն է սեփականաշնորհման օբյեկտի ռեալ արժեքը, և որքանո՞վ է այն վաճառվել: Եթե չկար պարտավորություն սեփականատիրոջ կողմից, ապա թող պետությունն ինքը քանդեր ու վաճառեր, և պետության բյուջե ավելի մեծ գումար կմտներ...


Ինչ հիմարություն եմ ասում, չէ՞` պետական բյուջե, մեծ գումար: Այդ գումարները պիտի մտնեին այն պաշտոնյաների գրպանները, ովքեր շան մսի գնով ծախել են պետական սեփականությունը:
Հիմա Ձեզ եմ հարցնում, պարոն գիտնական, եթե մենք մտավորական ենք և մտածում ենք մեր երեխաների, պետության ապագայի մասին, ինչու՞ չմիավորվել և պահանջել պետության վարչապետից առանց որևէ հատուցման հետ վերցնել սեփականաշնորհված օբյեկտը, պահանջել վնասի հատուցում, միջնորդել դատախազությանը քրեական գործ հարուցելու սեփականատիրոջ նկատմամբ, որը ոչինչ է դարձրել հանձնարարականը և դրա հետ կապված նախագահի որոշումը:


Առողջ միտքը լավ բան է, պարոն Համազասպյան, եթե ժողովրդի կառավարությունը առողջ է, հոգատար: Ցավոք, մեր երկրի կառավարությունը էն գլխից, անկախ երկրի ծնված օրվանից հիվանդ է: Բա ո՞նց չի մեռնում, գուցե հարցնեն ոմանք: Պատասխանը շատ պարզ է. երբ որոշ հիվանդ մարդիկ երկար են ապրում, ակտիվ չեն աշխատում, օգուտ չեն տալիս ազգին` պատճառաբանելով իրենց առողջական վիճակը և դրանից բխող անկարողությունը, ուտելու մեջ առաջամարտիկ են: Տնտեսական ճգնաժամը հաղթահարելու իրատեսական ճանապարհը, պարոն Համազասպյան, երկրի առողջ ուժերի համախմբումն է: Այլ ճանապարհ ես չեմ տեսնում:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 4887

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ