«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Հոռի մարդիկ

Հոռի մարդիկ
01.12.2017 | 11:14

Մեր բացատրական բառարաններում «հոռի» բառն ունի երկու իմաստ` 1) հայոց տոմարի երկրորդ ամիս` սեպտեմբեր, որը, իբր, ծագում է վրացերեն օրի` երկու, բառից, ինչին չեմ հավատում (ինչու՞ մենք վրացերենից պիտի փոխ առնեինք և այն էլ գրեինք հոռի), 2) վատ, անպիտան, անարգ, նվաստ: Բայց ներողություն խնդրելով երջանկահիշատակ բառարանագիրներից, փորձեմ կատարել մի «նորամուծություն» կամ «շտկում»:
Գրաբարում բացառական հոլովն ունի ի նախդիր, եթե հաջորդող բառն սկսվում է բաղաձայնով (օրինակ, ի տարբերություն): Իսկ եթե հաջորդ բառն սկսվում է ձայնավորով, ապա ի-ն վերածվում է յ-ի, որն արտասանվում և արդի արևելահայերենում գրվում է հ (օրինակ, հօգուտ): Այս նույն լեզվական կանոնով հոռի բառը կարելի է բացատրել որպես հ+ոռի: (Ինչպես կասեին սփյուռքահայերը, հասկացողաց` բարևներ):
Հիմա ստորև ինչ կշարադրեմ, հոռի հայերի ու նրանց բարքերի մասին է: Նրանց, ում ժառանգորդներն ու որդեգիրները վխտում են մեր երկրում:

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆ
Երբ XVIII դ. կեսերին Պարսկաստանում սկիզբ առան ներքին խռովությունները, երկպառակությունները, ինչպես նաև քրիստոնյաների հալածանքները, Նոր Ջուղայի խոջաների մեծ մասը լքեց երկիրը: Ոմանք գաղթեցին Ռուսաստան, և նրանց թվում էր խոջա Եղիազարը` Լազարյան փառապանծ գերդաստանի տոհմագլուխը, ու քանի որ նրանց մասին բազմիցս գրվել է, ես կլռեմ:
Աստրախանով Պետերբուրգ գաղթածների մեջ էր նաև խոջա Դիլանչու որդի Արթինը: Սա Եղիազարի հետ ոչ միայն համաքաղաքացի էր, այլև առևտրային գործընկեր, և պատահական չէ, որ նրա որդի Դավիթն ամուսնացավ Մարիա Հովակիմի Լազարյանի` Եղիազարի թոռնուհու հետ: Դիլանչյանը պիտի փոխվեր ռուսերենի ու բարեհունչ լիներ, և այդպես ի հայտ եկավ հայկական ծագմամբ Դելյանով ռուսական նոր ազնվականական տոհմը: Դավիդ Արտեմիչ Դելյանովը իսկական մարտական գեներալ էր, մասնակցել էր 1812 թ. հայրենական պատերազմին ու մի շարք կռիվների: Բայց, ինչպես հայտնի է, բնությունը հանգստանում է հիրավի նշանավոր մարդկանց ժառանգների վրա: Դրա տիպական օրինակն է Իվան Դավիդովիչ Դելյանովը (1818-1897):


Իվանն ավարտեց Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը` տիրապետելով ֆրանսերենի, գերմաներենի, անգլերենի, լատիներենի, և ընթացավ արդեն տրորված արահետով` 1852-ին ամուսնացավ Աննա Խաչատուրի Լազարյանի հետ: Այս ամուսնությունը նրա առջև բացեց պետական ծառայության աստիճանակարգի դռները:
Ի. Դելյանովը, նախ, վարեց զանազան պաշտոններ, իսկ 1861 թ. նշանակվեց Հանրային գրադարանի տնօրեն: Քսան տարի անց` 1882-ին նշանակվեց Ռուսաստանի ժողովրդական կրթության նախարար ու պաշտոնավարեց մինչ ի մահ:
Թվարկեմ նրա տիտղոսները. կոմս, նորին մեծության կայսերական պալատի կամերգեր, իսկական գաղտնի խորհրդական, Պետական խորհրդի անդամ:
Լինելով լուսավորչական հայ, թաղվեց Պետերբուրգի Սմոլենսկյան գերեզմանատան հայկական հատվածում: Սակայն նրա կտակով իր հարուստ գրադարանը հանձնվեց պետական համալսարանին ու գիմնազիաներին, իսկ հազվագյուտ ու թանկարժեք հրատարակությունները` Հանրային գրադարանին ու Ռումյանցևյան թանգարանին:
Բայց ինձ հետաքրքրում է, թե ինչպիսի մարդ և ինչպիսի հայ էր Իվան Դելյանովը: Մանավանդ որ նրա ժամանակակից գրական գործիչ ու լրագրող Եվգ. Ֆեոկտիստովը այսպիսի բնութագրում է թողել. «Դելյանովը իդեալական օրինակ է այն բանի, թե մեզանում ինչպես կարելի է հասնել բավականին բարձր դիրքի, առանց ունենալու որևէ նշանակալի ծառայություն»:

Մի անգամ դուռը բացվում է, և Դելյանովի առանձնասենյակ է մտնում սևազգեստ կին: Կոմսն իսկույն տեղից ցատկում է, սեղմում տիկնոջ ձեռքը և ասում.
-Օ՜, որքա՜ն եմ ցավում, ի՜նչ ազնիվ մարդ էր Ձեր ամուսինը…
Կինը հայտնում է իր խնդիրքը և հեռանում:
Ներկա եղողներից մեկը Դելյանովից հետաքրքրվում է, թե ով էր այդ կնոջ ամուսինը, ինչին կոմսը պատասխանում է, թե գաղափար անգամ չունի և կնոջն էլ առաջին անգամ էր տեսնում: Ապա ավելացնում է.
-Սև շրջազգեստ էր հագել, հետևաբար ամուսնուց նոր է զրկվել, իսկ, ինչպես հայտնի է, ամեն այրու համար նրա ամուսինը միշտ էլ անզուգական է:

Մի անգամ Ռուսաստանում ամերիկյան դեսպանն այցելում է Դելյանովին: Խոսակցության ընթացքում իմանալով նրա հայ լինելու մասին` դեսպանն սկսում է հարցուփորձ անել հայոց լեզվի ու գրականության մասին: Տեսնելով, որ նախարարը բացարձակապես անտեղյակ է, Դելյանովին ուղղակիորեն հանդիմանում է:
Հետագայում Դելյանովը խոստովանել է.
-Երկար ժամանակ, երբ հանդիպում էի ամերիկյան դեսպանին, ինձ զգում էի ամոթալի վիճակում:

Հայտնի է, որ Խրիմյան Հայրիկն ամենևին չէր ընդունում արտաքին շքեղությունը, շռայլությունը և նմանատիպ ավելորդությունները: Երբ նա առաջին անգամ Պետերբուրգ է ժամանում, նախարարներին քաղաքավարական այցելությունների մեկնում է սովորական կառքով: Դա այն աստիճանի զայրացնում է Դելյանովին, որ դառնալով շրջապատողներին` ասում է.
-Ես, որպես հայ, կգերադասեի գետինը մտնել, քան նման խայտառակության վկա լինել:

Աննա Խաչատուրի Լազարյանը մահվանից առաջ իր ամբողջ կարողությունը, ի տարբերություն կողակցի, կտակում է հայկական հաստատություններին, իսկ ամուսնուն թողնում հետևյալ գրառումը. «Իսկ իմ ամուսին կոմս Դելյանովին հայտնում եմ սրտագին երախտագիտությունս նրա` իմ նկատմամբ ցուցաբերած հավատարմության համար»:
«Հավատարմություն» բառը ակնհայտ սարկազմ էր պարունակում, որովհետև ամբողջ Պետերբուրգին հայտնի էր իգական սեռի հանդեպ Դելյանովի թուլությունը:

«ԱՊՐԱՆՔԱՓՈԽԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ»


Թիֆլիսում մի թերթ կար, որը, բնականաբար, ուներ խմբագիր: Կար նաև մի բարձրաստիճան հոգևորական, որը, ըստ էության, պետք է որ անարծաթ մարդ լիներ:
Ահա այս Աստծո ծառան ավելի քան 10 տարի ստանում է լրագիրը, առանց կոպեկ իսկ վճարելու: Այնինչ հայ թերթերը գոյատևում էին բացառապես վաճառքով:
Երբ դանակը հասնում է ոսկորին, խմբագիրը նամակով դիմում է հոգևորականին` պահանջելով վճարել տարիների ընթացքում կուտակված պարտքը: Հոգևորականը պատասխան նամակ է գրում, թե այլևս նման հարցով ինձ չանհանգստացնեք, պարտք մնացած գումարի դիմաց խոստանում եմ սուրբ պատարագի ժամանակ ամեն անգամ հիշատակել ձեր հանգուցյալ հորն ու մորը…
Այսինքն, առաջարկում էր յուրատեսակ ապրանքափոխանակություն: Բայց խմբագրինը առարկայական, շոշափելի ապրանք էր, որ փող արժեր, իսկ հոգևորականինը` հոգևոր: Աստծո ծառան հանգուցյալների հիշատակումը վերածել էր ապրանքի ու գին սահմանել:
Շվարած խմբագիրը ձեռքը թափ է տալիս փողի վրա, իսկ թե հոգևորականը պատարագների ժամանակ հիշատակում է նրա ծնողներին, թե ոչ, հայտնի չէ:

ԻՉԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ


Շամախում, լորենու տակ նստած, երկու երիտասարդ տաք-տաք վիճում են: Քիչ է մնում բանը հասնի ձեռնամարտի: Նրանցից մեկը ոտքի է կանգնում ու գրեթե բղավում.
-Ես պահանջում եմ, ես ասում եմ, որ ոչ ոք իրավունք չունի ինձ Աբրահամ կամ թեկուզ պարոն Աբրահամ կոչելու, այլ միմիայն` Աբրահամ Եգորիչ: Մանավանդ, երբ զբոսնում եմ օրիորդ Եվգինեի հետ: Ինձ պարզապես Աբրահամ կոչելով, դու ինձ ստորացնում ես, զրոյի հավասարեցնում, դու չես հասկանում ինչ ես անում, դու ինձ մահու չափ վիրավորանք ես պատճառում…
Մյուսն աշխատում է հանդարտեցնել, թե` «իչ»-երով դիմելը օտարաբանություն է, թե` դա բուրժուազիայի ախտերից մեկն է:
Բայց Աբրահամ Եգորիչն անդրդվելի էր. «Նորից եմ կրկնում` ես հարաբերություններս կխզեմ բոլոր նրանց հետ, ովքեր ինձ առանց «իչ»-ի կդիմեն»:
Եվ, ասում էին, իրոք կապերը խզեց Շամախի իր տարեկիցների մեծ մասի հետ:
Այստեղ են ասել` չտեսավ պատից կախ, տեսավ ճակտից կախ:

«ՄԻ՞ԹԷ ԿԱԽՒՈՂՆԵՐԸ ՔՈՒ ԵՂԲԱՅՐԴ, ՀԱՅՐԴ ԵՆ…»


Երբ 1915 թ. սկզբից թուրքական բանակի հայ զինվորներին սկսեցին անմարդկային տանջանքների ենթարկել ու գնդակահարել, երբ սովորական դարձան հայերի զանգվածային ձերբակալությունները, բանտարգելությունները, աննկարագրելի խոշտանգումները, երբ տեղի ունեցան տեղահանությունները և քաղաքական գործիչների, մտավորականների, հոգևորականների, մեծահարուստների սպանդը, երբ, ի վերջո, կասկած չմնաց, որ կատարվում է ցեղասպանություն, ահա այդ ժամանակ որոշվեց սփյուռքի բոլոր գաղթօջախներում օգոստոսի սկզբին կազմակերպել մեկօրյա սուգ: Դա թե՛ խոնարհումի դրսևորում էր անմեղ նահատակների հիշատակի առջև, թե՛ նպատակ ուներ օտար պետությունների կառավարությունների ուշադրությունը հրավիրել մի ամբողջ ժողովրդի բնաջնջման վրա:
Սգահանդեսը հնարավոր չեղավ կազմակերպել մեկ քաղաքում:
Ռումինիայի Կոնստանցա գավառում, Դանուբի ափին գտնվում էր Չեռնա Վոդա փոքրիկ քաղաքը, որտեղ սակավաթիվ գաղութ ունեինք: Այդտեղ սգո օրը տապալվեց և ահա թե ինչու:
«Չեռնա Վոդա, 7 օգոստոս, 1915 թ.
Հակառակ անոր, որ դեռ օգոստոս 2-ին հրահանգ էինք ստացեր «միօրեայ սուգի օր» կազմակերպելու, մեզ անկարելի եղաւ այդ բանը ընել, շնորհիւ անոր, որ տեղիս գրեթէ օտարացած հայերէն եւ ոչ մին համաձայնեցաւ իր խանութը փակ պահել: Եւ երբ լսելով Երկրին հասած նոր գոյժերը` չէի կրնար զայրոյթս զսպել, մօտս գտնւող հայ վաճառական մը անպատկառօրէն այսպէս կըսէր ինծի. «Ինչու՞ այդքան կը տխրիս, մի՞թէ կախւողները քու եղբայրդ, հայրդ են…»:

ՄԱՏՆԻՉՆԵՐԸ


1915 թ. սարսափի օրերին Կեսարիան «ծնեց» ազգությամբ հայ վեց մատնիչ, որոնք արնախում թուրքի ու քրդի կողքին մասնակցեցին անմեղ նահատակների ոչնչացմանը: Ճանաչեք ազգի «հերոսներին»:
1. Մինաս Մինասյան: Թուրքերը սրան, նախ, ձերբակալում են, հավաքագրում, ապա ազատ արձակում: Երբ մատնիչից ստանում են անհրաժեշտ տեղեկությունները, կրկին բանտարկում են և մատնվածների հետ կախաղան հանում:
2. Հովակիմ Եզեկիելյան, Կեսարիայի Սբ. Լուսավորիչ եկեղեցու ժամկոչ: Թուրքերին ցույց է տվել եկեղեցում թաքցրած զենքերի ու գրքերի տեղը, ինչի պատճառով կախաղան է հանվել ավագերեց Ղևոնդ քահանա Կեմիճյանը: Արժանացել է վերոհիշյալ Մինասյանի ճակատագրին` ինքն էլ է կախաղան հանվել:
3. Գևորգ Յլանճյան: Մատնել է դաշնակցականներին: Մատուցած «ծառայությունների» համար ազատ է արձակվել, ուղարկվել Հալեպ: Այնտեղից գնացել է Տեր-Զոր, մասնակցել հայերի սպանդին, զբաղվել թալանով ու սպանվել «գործընկեր» չեչենի գնդակից:
4. Միհրան Յազճյան (մականունը` Բիճ Միհրան): Կեսարացիների ձերբակալությունների մեծ մասը կատարվել է նրա մատնությամբ: Մինչև պատերազմի ավարտը Պոլսում վայելել է ոստիկանության պաշտպանությունը: Սակայն 1921 թ. հայտնաբերվել է և Սկյուտարում սպանվել հայ վրիժառուների ձեռամբ:
5. Սարգիս Տոնիկյան: ՈՒսուցիչ, երկար ժամանակ դասավանդել է Էվերեկում, Ֆենեսեում, Տարսոնում, Յոզղաթում: Էվերեկի հայության գլխավոր մատնիչը, Զեքի փաշայի մտերիմն ու աջ ձեռքը: Մատնություններից հետո իսլամացել է` ստանալով Հաջի Յուսուֆ Քենան անունը:
6. Գյուլբենկ Պետրոսյան: Ֆենեսեի դպրոցի ուսուցիչ, վերոհիշյալ Տոնիկյանի «գործընկերը», Էվերեկի, Ֆենեսեի և շրջակա գյուղերի հայության ջարդի պատասխանատուներից: Զեքիի հետ ներկա է գտնվել Կեսարիայում հայերի կախաղան հանվելուն:
Զեքին, դառնալով Պետրոսյանին, ասել է.
-Տեսնու՞մ ես ձերոնց վիճակը:
-Թող սատկեն,- պատասխանել է ճիվաղը:
Իսլամացել է` ստանալով Շեհաբեդդին Զեքի անունը:
Սրանք հոռի մարդիկ չէին, գեհենի վիժվածքներ էին…

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 6877

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ