Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

Հնագետները հաստատում են Կեսարի մուտքը Բրիտանիա

Հնագետները հաստատում են Կեսարի մուտքը Բրիտանիա
01.12.2017 | 12:12

Հնագետները կարծում են, որ կարողացել են գտնել վայրը, որտեղ ափ է իջել Կեսարն իր լեգեոններով մ.թ.ա. 55-54-ին: Քենտի կոմսության Պեգուել նեղուցի ափին գիտնականները գտել են պաշտպանական խանդակներ ու զենքեր: Նրանց կարծիքով` բոլոր հիմքերը կան ասելու, որ զենքը հռոմեացիներինն է: Եթե այդպես է, հնագետները գտել են առաջին նյութական պատմական վկայությունը, որ Գայոս Հուլիոս Կեսարը մտել է Բրիտանիա: Լեսթերի համալսարանի գիտնականները վստահ են, որ Էբսֆիլտ գյուղի մերձակա խանդակները մեծ ամրոցի մասն են: Խանդակի դիրքը համապատասխանում է զորքերի ափ դուրս գալու տեղանքի նկարագրությանը, որ թողել է անձամբ Հուլիոս Կեսարը իր «Գալլական պատերազմի» մեջ: Հնագետների խոսքով` մեծ է հավանականությունը, որ հռոմեացիները ափ են իջել Պեգուելի նեղուցում:

Մ.թ.ա. 43-ին չորս Հռոմեական լեգեոններ ափ իջան Բրիտանիայում` այդպես սկսվեց բրիտանական կղզիների ու կելտական ցեղերի նվաճման երկարատև պատերազմը: Հնագետներն ասում են, որ գտնված խանդակը շատ նման է Ֆրանսիայի տարածքում հռոմեացիներից մնացած խանդակներին: Գտնված խանդակի խորությունը 2 մետր է, լայնությունը` 5: Ենթադրաբար ամրոցը պետք է պաշտպաներ Կեսարի նավերը: Պեղումները Քենտում սկսվեցին, երբ հայտնվեց ճանապարհի շինարարության նախագիծը: Քենտի պեղումներում գտնված հախճապակե իրերը ևս թվագրվում են մ.թ.ա. 1-ին դարով: Հնագետները նաև երկաթե զենքեր ու հռոմեական տեգեր են գտել: Հնագետ Էնդրյու Ֆիցպատրիկն ասում է, որ Կեսարի թողած տեղանքի նկարագրությունը վկայում է, որ գիտնականները ճիշտ ճանապարհին են: «Այստեղ ժայռեր են, մեծ ու բաց նեղուց, բարձր ափ` ամեն ինչ վկայում է, որ հռոմեացի զինվորները մ.թ.ա. 54-ին հենց Պեգուելի նեղուցում են ափ իջել»` ասում է հնագետը: Գայոս Հուլիոս Կեսարը ծնվել է բարձրատոհմիկ ազնվականի ընտանիքում մ.թ.ա. 100-ին և դարձել է Հռոմեական կայսրության առանցքային դեմքերից մեկը: Մ.թ.ա. 60-ին նա ստեղծեց առաջին տրիումվիրատը Գնեոս Պոմպեոսի ու Մարկոս Լիցինիոս Կրասոսի հետ: Ժամանակակից Ֆրանսիայի տարածքում գալլերի դեմ հաջող արշավանքից հետո նա ներխուժեց Բրիտանիա, բայց հետո ստիպված էր վերադառնալ Հռոմ: Տրիումվիրատը ցրվեց և Պոմպեոսը արգելեց Կեսարին Հռոմ վերադառնալ, որ պատճառ դարձավ քաղաքացիական պատերազմի: Հաղթողը Գայոս Հուլիոս Կեսարն էր, որ նշանակվեց տիրակալ: Մ.թ.ա 44-ին Կեսարը սպանվեց դավադիրների ձեռքով` Գայոս Կասիոս Լոնգինի ու Մարկոս Յունիոս Բրուտոսի ղեկավարությամբ: Կեսարի զարմիկ Գայոս Օկտավիանոսը (նրան Կեսարը որդեգրել էր դստեր մահից հետո) ընդունեց նրա անունը և կտակով ստացավ նրա ժառանգության մեծ մասը` հետագայում դառնալով Օգոստոս կայսր: Պրոֆեսոր Քոլին Հեյզելգրոուվը ասում է, որ Կեսարի կնքած պայմանագիրն օգնեց հռոմեացիներին 100 տարի հետո գրավել Բրիտանիայի տարածքի մեծ մասը: «Հարավ-արևելյան Անգլիայի նվաճումը սրընթաց էր, որովհետև այդ հողերին տիրողներն արդեն Հռոմի դաշնակիցներն էին: Դա Բրիտանիայի նվաճման սկիզբն էր, հետո գրավեցին ՈՒելսը և Շոտլանդիայի որոշ տարածքներ: Բրիտանիան Հռոմեական կայսրության մաս մնաց 4 դար»` ասում է գիտնականը:
ВВС


Հ.Գ. Ապշեցուցիչ է, պարզվում է` ինչ-որ ավերակներ ու զենքեր պիտի գտնեին անգլիացիները, որ հավատային` Հուլիոս Կեսարը ոտք է դրել Բրիտանիա: Մինչդեռ ֆրանսիացիները չեն վիճարկում գալլական պատերազմում իրենց պարտվելու փաստը: Փաստորեն` բրիտանացիների համար նյութական ապացույց չէ Կեսարի 9- հատորանոց «Գալլական պատերազմը», որ նա իբրև իր արշավանքի հաշվետվություն ուղարկում էր Սենատին: Կեսարը պարապ էր ու ստում էր Սենատին, որ մտել է Բրիտանիա, հնազանդեցրել ցեղախմբերին, հռոմեական պետական կառավարում ու կենցաղ սովորեցրել նրանց, մշակույթի նորմեր, սուտ էին հարկերը, որ նոր տարածքներից բնամթերքի ու ոսկու տեսքով հոսում էին Հռոմ: Փառք ու պատիվ բրիտանացի գիտնականներին, որ Կեսարի պատիվը բարձր պահեցին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3834

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ