Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հանցավոր անտարբերություն

Հանցավոր անտարբերություն
05.12.2017 | 18:25

Հայաստանում թանկացումների մեծ ալիք է բարձրացել: Իշխանությունը լուռ է, կառավարությունը ոչ մի բացատրություն չի տալիս, իսկ գնային քաղաքականությանը հետևող կառույցները, ինչպես միշտ, համապատասխան կենդանու ականջում քնած են: Հասկանալի է, որ այս թանկացման «զոհը» շարքային քաղաքացին է, որն էլ չգիտի միջոցներն ինչպես ճիշտ բաշխել, որ ամսվա կեսից հացի գումարի խնդիր չառաջանա: Բայց անհասկանալի է կառավարության պահվածքը. մեկը չկա, որ կանգնի հանրությանը թեկուզ «թարսուշիտակ» պարզաբանում տա` ինչու՞ է օր օրի պարենի թանկացումը նոր ռեկորդներ սահմանում: Այսօր պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանն անգամ չի կարողացել բացատրություն տալ, թե ինչ է կատարվում գների հետ` միայն արձանագրել է, որ դրանք մաքսատուրքերով պայմանավորված չեն:

Ստացվում է, որ գնաճը, այսպես ասած, «տեղական» բնույթ ունի: Իսկ երբ տևական ժամանակ մարդիկ ահազանգում են թանկացումներից, կառավարությունից որևէ մեկին չանհանգստացրեց փաստը, որ նրանց առանց այն էլ սոցիալական ծանր վիճակն ավելի անմխիթար է դարձել: Միևնույն է, անկախ թանկացումներից, իրենց տեղը ապահով է, հարմարավետ ու հարուստ, ինչ փույթ, թե մարդիկ սեփական երկրից ամեն ժամ հիասթափվում են ու հեռանում ապիկար պաշտոնյաների անտարբերության պատճառով:
Բայց հանրությանը դեռ նոր փորձություն է սպասում: Այսօրվա գները հունվարի գներից գուցե երանելի դառնան, քանի որ Հայաստանը հայտնվելու է թանկացումների նոր շրջապտույտում:
«Հայաստանի համար միասնական տարիֆների բացառության ժամկետը կամաց-կամաց լրանում է՝ մինչև 2020 թվականը յուրաքանչյուր ապրանքատեսակի մասով: Թե քանի տոկոս թանկացում է սպասվում, առհասարակ դժվար է պատասխանել՝ թանկացում սպասվու՞մ է, թե՞ ոչ: Օրինակ՝ թռչնի մսի համար նախատեսված է, որ մաքսադրույքը 14 տոկոսից սահմանվելու է 18 տոկոս: Այսինքն՝ 4 տոկոսային կետով ավելացում է լինելու, բայց թե ինչպես դա կանդրադառնա գների վրա, պայմանավորված է մի շարք հանգամանքներով»,- հայտարարել է Վախթանգ Միրումյանը` ըստ էության, չցանկանալով «վատ լուրը» ուղիղ ասել:
Հիմա պատկերացնենք, եթե եղած թանկացումներին գումարվի նաև ևս մեկ ալիք, դրան էլ հավելենք ամանորյա արհեստական գնաճը, մնում է մարդը «գլուխն առնի ու փախչի»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2524

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ