Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ցավի, ափսոսանքի, հիացմունքի, հպարտության, տխրության և ամոթի իրարամերժ, հակասական զգացումներ

Ցավի, ափսոսանքի, հիացմունքի, հպարտության, տխրության և ամոթի իրարամերժ, հակասական զգացումներ
08.12.2017 | 04:16

(Նախորդ մասը)


Դեռևս 1937 թվականին Ստալինը Միկոյանին առաջարկում էր զբաղեցնել ներքին գործերի ժողկոմի պաշտոնը, այսինքն՝ դառնալ երկրի հաստիքային թիվ 1 դահիճը: Միկոյանը կատեգորիկ հրաժարվում է: Բայց Ստալինը այն պարանոիկը չէր, որ հեշտությամբ հրաժարվեր իր նպատակներից: Եվ քաղբյուրոյի նիստում, որին Միկոյանը չէր մասնակցում, որոշում կայացվեց նրան հանձնարարել ներքին գործերի 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստի զեկուցումը: Միկոյանը կանգնեց փաստի առաջ. դրանից հրաժարվել անհնար էր: Նա պահանջեց զեկուցման տեքստը և... առանց մի բառ իսկ փոխելու կարդաց այն հանդիսավոր նիստի ժամանակ:


Դեռ սրանից առաջ Պախանը Միկոյանին նշանակել էր Նիկոլայ Բուխարինի հակակուսակցական գործունեությունն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահ, որի եզրակացությունները պարզից էլ պարզ էին բոլորին: Բայց դա էլ դեռ բոլորը չէր. ամենադժվարն ու սարսափելին առջևում էր: Ստալինը 1937 թ. աշնանը Միկոյանին գործուղեց Հայաստան, այնտեղի կուսակցական ղեկավարությունը թաքնված դաշնակցականներից, տրոցկիստներից, ժողովրդի թշնամիներից, զանազան հականերից մաքրելու պահանջով՝ նրան տալով Կրեմլի իշխանական բուրգի գագաթում արդեն հաստատված գնդակահարման ենթակա բոլոր մարդկանց ցուցակները՝ 500 հոգի:


Միկոյանը շատ լավ գիտեր, թե ինչ է սպասում իր հայրենակիցներին և գիտակցում էր, որ ինքն անկարող է որևէ բան փոխելու. նրան չհաջողվեց մեկնումեկին գոնե փրկել, թեպետ փորձեց ցուցակից ջնջել Դանուշ Շահվերդյանի անունը: Ստալինը նրա հետ Հայաստան էր գործուղել նաև Գեորգի Մալենկովին՝ լրտեսի և վերահսկիչ գործակալի լիազորություններով: Այդ ամենը դեռ քիչ էր, Միկոյանի զեկուցման ժամանակ դահլիճ է մտնում և հանդիսավոր քայլով ուղեգորգի վրայով դեպի Միկոյանն է գնում Լավրենտի Բերիան: (Ստալինյան ռեժիսուրան իրոք շեքսպիրյան մասշտաբներին էր սազական): Բռնությունների իրականացման ժամանակ Ստալինը, բացի պատժիչ օրգաններից, հենվում էր նաև իր որոշ զինակիցների, մասնավորապես Մալենկովի վրա: Մալենկովը կրթված ինժեներ-էլեկտրիկ էր, կուլտուրական, խելամիտ, կարողանում էր գործ ունենալ մարդկանց հետ: Նա երբեք չէր կոպտում, իրեն համեստ էր պահում: Մալենկովը շատ էր վախենում Ստալինից և, ինչպես ասում են, պատրաստ էր «ՐՈջոՌՑՖրÿ Չ սպտԴՔՍց», որ անշեղորեն իրականացնի նրա բոլոր ցուցումները: Մալենկովի այդ հատկությունը բռնությունների ժամանակաշրջանում օգտագործում էր Ստալինը, երբ նրան գործուղում էր տարբեր տեղեր: Եվ բոլորովին պատահական չէր, որ հենց Մալենկովն էր ուղեկցում Միկոյանին Հայաստանում 1937 թ. աշնանը:


«Նա հարմարվեց Ստալինի ռեժիմին: Եվ դա է նրա մեղքը, ի տարբերություն Օրջոնիկիձեի, որ փամփուշտն ուղղեց սեփական սիրտը: Իմ հայրը դա չարեց»: Սրանք Անաստաս Միկոյանի կրտսեր որդու` Սերգո Միկոյանի խոսքերն են: Այս նույն բանը, համարյա բառ առ բառ, բազմիցս իր հեռուստատեսային ելույթներում ասել է և իր հիանալի գրքում էլ գրում է նաև ավագ որդին՝ փառաբանված ռազմական փորձարկող օդաչու, Խորհրդային Միության հերոս Ստեփան Միկոյանը և ավելացնում, որ եթե նա կրկներ էլ Սերգո Օրջոնիկիձեի հուսահատ քայլը, միևնույն է՝ դրանից ոչինչ չէր փոխվի: Եվ Ստեփան Անաստասովիչը արդարացիորեն գրում է, որ այդ երկրում որևէ բան իրականում կարող էր փոխել միայն ու միայն մեկ մարդ՝ Պախանը, ընկեր Ստալինը, որը, սակայն, ոչ մի ցանկություն չուներ նման «հիմարություններ» անելու:


Եվ շարունակելով իր մտորումները այդ ժամանակների և Ստալինի մասին՝ նա արդարացիորեն նշում է, որ որոշ հետազոտողներ պարզապես չեն հասկանում (նույնիսկ մինչև հիմա) Ստալինի հոգեբանությունը՝ իր զինակիցների նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի մեջ փնտրելով ինչ-ինչ պատճառահետևանքային բացատրություններ: Բանն այն է, որ Ստալինի համար բացարձակորեն ոչ մի նշանակություն չունեին բարեկամական, ընկերական հարաբերությունները, ոչ էլ լոյալության դրսևորումները, եթե նրան պետք էր վերացնել այդ մարդուն իր ինչ-որ նպատակների համար, թեկուզ և լրիվ անմեղ: Նրա այդ հատկությունը բազմաթիվ պատմություններով հաստատել է նաև Անաստաս Միկոյանը: Իր շատ մոտ ընկերներին Պախանը մահվան հասցրեց առանց աչքն իսկ թարթելու (օրինակ՝ Ենուկիձեին և Սվանիձեին):
Անաստաս Միկոյանի վիճակը ծայրահեղ ծանր էր: Նա պատասխանատու էր ոչ միայն իր բազմանդամ ընտանիքի՝ կնոջ, մոր, հինգ որդիների համար, այլև եղբոր, Հայաստանում ապրող մյուս եղբոր, երկու քույրերի, կնոջ մերձավոր հարազատների համար: Նա հայտնվել էր դուռը բաց թողած թակարդում, որից փախչելն անիմաստ էր, քանզի անմիջապես այնտեղ կհայտնվեր նրա ողջ գերդաստանը, և բաց թողած դուռը ամուր կկողպվեր:


Նրանք ապրում էին Կրեմլում: Կողքից կարող էր թվալ, թե ապրում են արքայական կյանքով: Իրականում շատ սովորական կյանք է եղել, բավականին համեստ բնակարանային պայմաններով, կենցաղային հոգսերով և միայն կնոջ՝ Աշխենի նվիրումի, հոգատարության, իսկական հայ կնոջը վայել վարք ու բարքի շնորհիվ նրանք իրենց հինգ որդիներին դաստիարակեցին ու մեծացրին որպես հասարակության արժանի անդամների, որոնք բոլորն էլ դարձան ճանաչված ու հարգված դեմքեր իրենց բնագավառներում: «Կրեմլյան» երեխաներից ինչ տեսակի մարդ ասես, որ դուրս չի եկել՝ հարբեցողներ, կամակոր րՈՎՏՊցՐ-ներ, պորտաբույծներ, կային նաև լավերը՝ կիրթ և պարկեշտ: «Միկոյանչիկները» աչքի էին ընկնում զուսպ ու համեստ պահվածքով, ընտանեկան դաստիարակվածությամբ: Եվ պատահական չէր, որ նրանք բոլորն էլ կայացան որպես իրենց բնագավառների ճանաչված, հարգված և հեղինակություն վայելող մասնագետներ:


Կրկնենք, որ Անաստաս Միկոյանը երբեք չի միջամտել իր որդիներից որևէ մեկի գործերին: Միակ ողբերգական բացառությունը կապված է Վլադիմիրի հետ:
Բայց Միկոյանի և նրա ընտանիքի գլխին կախված ամենալուրջ վտանգը 1952 թ. վերջերին էր, երբ ԽՄԿԿ ԿԿ պլենումում Ստալինը անսպասելիորեն կարճ ելույթ ունեցավ և ոչնչացնող քննադատության ենթարկեց իր մերձավորագույն զինակիցներ Մոլոտովին և Միկոյանին: Բոլորը, իհարկե, շատ լավ հասկանում էին, թե ինչ հետևանքներ կունենա և ինչ ավարտ է նախատեսում պարանոիկ Պախանի այդ ելույթը: Դրանից հետո Անաստաս Միկոյանը և՛ աշխատավայրում, և՛ տանը մշտապես ատրճանակ էր պահում, որ գործը հանկարծ չհասնի ձերբակալության և «խոստովանանքների» կորզման, համոզված լինելով, որ ինքնասպանությամբ էապես կթեթևացնի ընտանիքի և մյուս հարազատների հետագա կյանքը:


Կարծում եմ` ճիշտ կլինի այստեղ նորից դիմել Սերգո Միկոյանի օգնությանը: «Երկուսին (ծնողներին) բաժին հասած նյարդային ծանրաբեռնվածությունները չէին կարող անհետևանք մնալ, բայց դրանք չկոտրեցին ընտանիքի միասնությունը, վստահությունը, փոխըմբռնումը և հենց սերը: Նրա ծանրաբեռնվածության մասին կարելի է և չխոսել, դա ակնհայտ է: Բայց պատկերացրեք կնոջ վիճակը, որ Աստծո ամեն օր և ամեն գիշեր, մինչև լուսաբաց (այդպիսին էր ստալինյան ռեժիմը) սպասում է ամուսնու աշխատանքից վերադառնալուն, որ նրան կերակրի, հանգստացնի, ջերմացնի հոգին, վերադարձնի կյանք: 15 տարուց ավելի այդ սպասումները կարելի էր համեմատել ռազմաճակատից ամուսնու գալուն սպասելու հետ՝ կգա՞, թե՞ չի գա: Ավելի վատ, եթե նա հետ չգա. ուրեմն շուտով կգան հենց իրեն տանելու, նաև տղաներին:


Մայրս միշտ սպասում էր հորս: Եթե նույնիսկ ննջում էր, ապա հագնված, թախտի վրա: Եթե նա գալիս էր աշխատանքից, պետք էր թեյ պատրաստել, ինչ-որ բան նաև ուտելու համար: Իսկ եթե գալիս էր Ստալինի մոտից, ապա կերակրել պետք չէր: Բայց այդ դեպքում նա ավելի կարիք ուներ նրա ուշադրության, ընտանիքի կենդանի շնչի, որը հենց նա էր մշտապես: Մայրս, հավանաբար, հիանալի հասկանում էր, որ ծանր աշխատանքային օրվանից հետո և հատկապես ստալինյան գիշերային ընթրիքներից հետո՝ լիովին անկանխատեսելի և հաճախ սթրեսով լցված, նրան պետք էր մի քիչ թուլանալ, խոսել տնական գործերից մոտ մարդու հետ:
Որդու՝ Վոլոդյայի վերադարձին նա շատ տարիներ էր սպասում պատերազմի ավարտից հետո, քանի որ նրան ասել էին, որ նա անհայտ կորել է: Նա մինչև իր օրերի վերջը նրա անունը առանց արցունքի չէր կարողանում հիշել:
Իսկ երբ ձերբակալեցին 15 տարեկան Վանոյին, պարզապես տուն չեկավ երեկոյան ընթրիքին 1943 թ. ամառային մի երեկո: Մայրս մտածում էր, որ խեղդվել է Մոսկվա գետում, ընկել է մեքենայի տակ կամ նման մի բան: Զանգահարում են հիվանդանոցներ, անատոմիկումներ, Օդինցովոյի շրջանի միլիցիա: Վերջապես, սովորականից շուտ եկավ հայրս և ասաց. «Մի անհանգստացեք, Վանյան ողջ է: Նրան ձերբակալել են»: Վատ բանաձև չէ այն ժամանակահատվածի համար` «Մի անհանգստացեք, նրան ձերբակալել են»: Այնպես չէ՞:
Շուտով նաև ինձ՝ 14 տարեկանիս, վերցրին մեր ամառանոցի բակում և այնպես, որ ես չկարողանամ զգուշացնել մայրիկիս, բերեցին Պետական անվտանգության մինիստրության ներքին կալանատուն: Վերջին հաշվով մենք էժան պրծանք. կես տարի Լուբյանկայի ներքին կալանատանը և մեկ տարի «վարչական աքսոր» Տաջիկստան: Մայրիկի մոտ հաստատվեց արյան բարձր ճնշում՝ ուղղակիորեն կապված նյարդերի հետ:


Կարծում եմ՝ նրան չէր դադարում տանջել միտքը, որ նա Վոլոդյային ուղարկեց մահվան, երբ օգնեց նրան մեկնելու Ստալինգրադյան ռազմաճակատ 1942 թ. ամռանը, չնայած հրամանատարությունը նրան թողնում էր Մոսկվայի մերձակայքում, իսկ Ստալինգրադ պետք է ուղարկեր մեր ավագ եղբորը՝ Ստեփանին: Վոլոդյան իր 18 տարով և ընդամենը մի քանի ամսվա արագացված թռիչքային պատրաստությունից հետո, հրամանատարության կարծիքով, դեռ պատրաստ չէր գերմանական ավիացիայի փորձառու ասերի հետ վտանգավոր մարտերին պատերազմի գլխավոր ուղղությունում: Բայց Վոլոդյան պնդում էր, որ հայրը խառնվի, և մայրը նրան պաշտպանում էր: Դա եղել է Ա. Ի. Միկոյանի միակ միջամտությունը իր որդիներից որևէ մեկի համար նրա ողջ կյանքում»:
Դժվար է նույնիսկ պատկերացնել, հարգելի ընթերցող, թե ինչպիսի ծայրահեղ նյարդային, սթրեսային վիճակում էին հայտնվել Անաստաս և Աշխեն Միկոյանները այդ ստոր, շիզոֆրենիկ իշխանությունների ձեռքին: Եվ դա այն դեպքում, երբ Անաստաս Իվանովիչը երկրի բարձրագույն քաղաքական ղեկավարության կազմում էր. նա քաղբյուրոյի անդամության թեկնածու էր 1926-ից, իսկ 1935-ից՝ քաղբյուրոյի անդամ: Որդիներից երկրորդը, ընդամենը 18 տարեկան, զոհվեց օդային մարտում Ստալինգրադի երկնքում 1942 թ. սեպտեմբերի 18-ին, իսկ դրանից առաջ, ավագը՝ Ստեփանը, հրաշքով փրկվեց՝ դեմքի, ձեռքերի այրվածքներով, կոտրված ծնկով, մի կերպ կարողանալով իր արդեն խփված և այրվող շԽ կործանիչը «փորի» վրա իջեցնել ձյան վրա և դուրս գալով խցիկից մի քանի մետր հեռանալ պայթյունավտանգ ինքնաթիռից: Ցավալին այն էր, որ Ստեփանի ինքնաթիռը խփվել էր հենց յուրայինների կողմից, քանի որ կրտսեր լեյտենանտ Միխայիլ Ռադիոնովը ինքնաթիռի կանաչ գույնի պատճառով խառնել էր այն գերմանականների հետ: Ստեփանին օգնության հասան մոտակա գյուղի 11-12 տարեկան տղաները, որոնք 40 աստիճանի սառնամանիքի ժամանակ նրան տեղադրեցին տախտակների վրա և հասցրին գյուղի առաջին իսկ հանդիպած խրճիթը:
Երրորդ որդին՝ Ալեքսեյը, նույնպես կործանիչ օդաչու, ռազմաճակատում էր արդեն 1943 թ. աշնանից, երբ դեռ չէր լրացել նրա 18 տարին:


Դե հիմա եկեք ու սրան ավելացրեք բացարձակ անհեթեթ մեղադրանքով երկու անչափահաս որդիների ձերբակալումը և աքսորը ու պատկերացրեք ծնողների հոգեվիճակը, հատկապես Աշխենի. չէ՞ որ այս ամենին գումարվում էին պարանոիկ Պախանի գիշերային հավաքները՝ իրենց անկանխատեսելի ելքերով և առողջ բանականության հետ կապ չունեցող այլևայլ դրսևորումներով: Հետևանքներն անխուսափելի էին. Աշխեն Միկոյանի առողջությունը լրիվ քայքայվել էր, արյան ճնշումը մշտապես տատանվում էր, ինչը և հանգեցրեց այդ հիանալի հայուհու վաղաժամ մահվան 1962 թ. նոյեմբերի 3-ին, երբ Անաստաս Միկոյանը շատ լարված բանակցություններ էր վարում Կուբայում Ֆիդել Կաստրոյի, Չե Գևարայի և Կուբայի մյուս լիդերների հետ:
Աշխեն Լազարևնա Թումանյան-Միկոյանը անսահման նվիրված էր իր ընտանիքին, ամուսնուն և զավակներին և իր բացառիկ համեստ ու պարկեշտ պահվածքով վայելում էր ամբողջ շրջապատի սերն ու համակրանքը:
Կարծում եմ` ընթերցողներին կհետաքրքրեն Անաստաս Միկոյանի կրտսեր որդու՝ Սերգոյի ամուսնության հետ կապված որոշ մանրամասներ: 1948 թ. աշնանը, երբ Սերգոն դեռ 20 տարին չէր լրացրել, ծանոթանում է ՀամԿ(բ)Կ ԿԿ քարտուղար, Լենինգրադի պաշտպանության հերոս Ալեքսեյ Ալեքսանդրովիչ Կուզնեցովի դստեր` Ալլա Կուզնեցովայի հետ, և նրանք որոշում են ամուսնանալ: Բայց հենց այդ ժամանակ Կուզնեցովին ազատել էին աշխատանքից և գործուղել ինչ-որ ռազմական բարձրագույն դասընթացներում սովորելու: Այդ կարգի ղեկավարի համար դա ահազանգ էր նրան սպառնացող ամենից վատի մասին:


Սերգոն և Ալլան գրանցեցին իրենց ամուսնությունը 1949 թ. փետրվարի 15-ին՝ ճիշտ այն օրը, երբ Կուզնեցովին ազատեցին զբաղեցրած պաշտոնից: Դրանից մի երկու օր առաջ Անաստաս Միկոյանի հետ խոսել էր Լազար Կագանովիչը: «Դու ինչ է, խելքդ թռցրե՞լ ես, տղայիդ ամուսնացնում ես Կուզնեցովի աղջկա հետ: Նրան էսօր-վաղը կնստեցնեն»: Անաստաս Իվանովիչը պատասխանել էր, որ Սերգոն ամուսնանում է ոչ թե Կուզնեցովի, այլ նրա աղջկա հետ, որ նրանք սիրում են իրար և ինքն ու կինը մտադիր չեն խառնվելու կամ խանգարելու:
Այնուհետև եղավ այն, ինչ լինում էր ստալինականության տարիներին. Ալլայի հորը՝ Ա. Ա. Կուզնեցովին, ձերբակալեցին և շուտով Ն. Ա. Վոզնեսենսկու, Պոպկովի, Ռադիոնովի և ուրիշների հետ գնդակահարեցին (այսպես կոչված «Լենինգրադյան գործը»):
Քիչ ժամանակ անց ձերբակալեցին Կուզնեցովի կնոջը և «տվեցին» 8 տարի: Միայնակ մնացին ավագ դուստր Ալլան, նրա քույր Գալյան, որդեգրած քույր Լիդան, ութամյա եղբայր Վալերին: Նրանց տվեցին մի փոքրիկ բնակարան, որտեղ նրանք ապրում էին անդամալույծ տատիկի հետ:


Անաստաս և Աշխեն Միկոյանները հոգ էին տանում Կուզնեցովի երեխաների նկատմամբ, նրանք հաճախ էին հյուրընկալվում ամառանոցում: Հավանաբար հենց դա նրանց փրկեց աքսորից և մանկատնից: Չի բացառվում նաև, որ Անաստաս Միկոյանը ուղիղ դիմել էր Ստալինին, որ ձեռք չտային նրանց, ինչպես նաև Գեորգի Ստուրուայի որդիներին: Ստալինականության տարիներին դա ոչ միայն արիության դրսևորում էր, այլև ինչ-որ իմաստով մարտահրավեր: Հնարավոր է` հենց սրանք էին այն հիմնական պատճառները, որ 1952 թ. վերջերից Անաստաս Միկոյանը պարանոիկ Պախանի աչքից ընկավ, շնորհազրկվեց: Բայց Պախանի մահից անմիջապես հետո իր մոտ կանչեց Կուզնեցովի երեխաներին և ասաց. «Իմացեք, որ ձեր հայրը ոչ մի դեպքում էլ ժողովրդի թշնամի չէ»:
(շարունակելի)

Ջոն ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 16568

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ