Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Իսրայելի հարցում Ադրբեջանը շատ լուրջ ընտրության առջև կկանգնի»

«Իսրայելի հարցում Ադրբեջանը շատ լուրջ ընտրության առջև կկանգնի»
12.12.2017 | 01:14

Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը իրարանցում առաջացրեց աշխարհում։ Պաղեստինը և արաբական աշխարհի առաջնորդները, ինչպես նաև ԱՄՆ-ի մի քանի առանցքային դաշնակիցներ նախկինում զգուշացրել էին, որ այս քայլը կարող է ավելի սրել Մերձավոր Արևելքում ստեղծված առանց այդ էլ բարդ կացությունը:


Ի՞նչն ստիպեց Թրամփին Երուսաղեմը հայտարարելու Իսրայելի մայրաքաղաք։ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ ԱՐՄԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ նշում է, որ վարկածները տարբեր են։ Դա Թրամփի նախընտրական խոստումներից մեկն էր, որը նա արել էր հրեական լոբբիի հետ հանդիպման ժամանակ մինչ նախագահ ընտրվելը՝ ընտրարշավի ժամանակ։
1995 թվականից մինչ այժմ ամեն տարի ԱՄՆ-ի նախագահները հետաձգում էին ԱՄՆ-ի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու վերաբերյալ որոշումը։ Ըստ պարոն Վարդանյանի՝ Թրամփի նման որոշման պատճառներից մեկն այն է, որ այժմ նրա վրա շատ լուրջ ճնշումներ կան ԱՄՆ-ի Կոնգրեսում։ Այսպիսով, ԱՄՆ-ի նախագահը փորձում է ստանալ հրեական լոբբիի աջակցությունը. «Մենք գիտենք, որ ռուսական գործով շատ լուրջ հետաքննություն է ընթանում ռուսական իշխանությունների հետ Թրամփի կապերի մասին։ Իմ կարծիքով, հենց դա է պատճառը։ Չնայած կան տեսակետներ, որ այսպիսով Թրամփը փորձում է նաև Պաղեստինի վրա որոշակի ճնշում գործադրել, որպեսզի ավարտին հասցնի արդեն 50 տարուց ավելի տևող պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծումը»։


Սակայն աշխարհը, կարծես, միանշանակ չի ընդունում ԱՄՆ-ի այս որոշումը։ Թրամփը դարձել է սուր քննադատության թիրախ։ Արմեն Վարդանյանը նշում է, որ ամբողջ աշխարհը մտահոգված է, որ սա կհանգեցնի նոր հակամարտության։ Երուսաղեմը իսլամական աշխարհի երրորդ սրբազան քաղաքն է` Մեքքայից և Մեդինայից հետո։ Բացի այդ, 1948 թ., երբ ՄԱԿ-ի որոշմամբ ստեղծվեց Իսրայել պետությունը, նախկին Պաղեստինի տարածքում երկու պետություն ձևավորվեց` Իսրայելը և Պաղեստինը, Երուսաղեմը այդ որոշմամբ պետք է երկու մասի բաժանվեր՝ արևելյան և արևմտյան։ Սակայն Իսրայելը հետագայում գրավեց ամբողջ Երուսաղեմը, այդ թվում՝ արաբական մասը, Պաղեստինի հատվածը, և հռչակեց իր պետության մայրաքաղաք, թեև պաշտոնական մայրաքաղաքը Թել Ավիվն էր, և, կարծես, ոչ մի պետություն Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք չէր ճանաչում։ Բոլոր դեսպանատները գտնվում էին Թել Ավիվում։ «Այո, սա լուրջ մտահոգություն է առաջացրել ոչ միայն իսլամական աշխարհում, այլև եվրոպական երկրներում։ Շատերի կարծիքով՝ սա կհանգեցնի նոր քաոսի, նոր անորոշությունների, նոր հակամարտությունների։ Թրամփի այս քայլն այնքան էլ լավ հաշվարկված չէր։ Երուսաղեմի խնդիրը շատ զգայուն հարց է»,- ասում է պարոն Վարդանյանը։


Հարցը որևէ կերպ առնչություն կունենա՞ Հայաստանի, հայերի հետ։ Ըստ մեր զրուցակցի՝ ուղղակի առնչություն, թերևս, չունենա. «Թեև այստեղ կա հայկական գործոնը։ Երուսաղեմում է գտնվում հայոց պատրիարքարանը։ Ժամանակին քննարկվում էր, թե որ մասում պետք է լինի հայոց պատրիարքարանը՝ իսրայելակա՞ն, թե՞ պաղեստինյան։ Որքան գիտեմ, իսրայելական հատված գնալու համար հենց հայկական թաղամասով պետք է անցնել։ Անմիջապես Հայաստանի Հանրապետության հետ սա որևէ առնչություն ունենալ չի կարող, բայց հայկական գործոնը կա։ Ի տարբերություն մեզ՝ Երուսաղեմի խնդիրը կարող է լրջորեն անդրադառնալ Ադրբեջանի վրա։ Դեկտեմբերի 13-ին Էրդողանը Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ նիստ է հրավիրել։ Հայտնի է, որ Էրդողանը լուրջ հայտարարություններ արեց, ըստ որոնց, ԱՄՆ-ն անցավ «կարմիր գիծը»։ Ըստ Էրդողանի՝ ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը բացասաբար կազդի ողջ տարածաշրջանի վրա։ Մի կողմից, Ադրբեջանը շատ լավ հարաբերություններ ունի Իսրայելի հետ, այդ երկրից վերջին տարիներին բավական մեծ քանակությամբ զենք է գնել, և, ինչպես Ալիևն էր «Վիկիլիքսի» գաղտնազերծված փաստաթղթերից մեկում ասում, ադրբեջանա-իսրայելական հարաբերությունները բավական բարձր մակարդակի վրա են, և սառցաբեկորի միայն չնչին մասն է երևում։ Նույնիսկ կան կարծիքներ, թե Ադրբեջանը հենց հրեական լոբբիի օգնությամբ հասավ նրան, որ 907 բանաձևը սառեցվեց ԱՄՆ-ի Կոնգրեսում։ Մյուս կողմից էլ, Ադրբեջանը, լինելով իսլամական պետություն և գերազանց հարաբերություններ ունենալով Թուրքիայի հետ, պետք է շատ լուրջ ընտրություն կատարի։ Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը շատ լուրջ ընտրության առջև է կանգնելու՝ կա՛մ պետք է աջակցի իսրայելա-ամերիկյան դիրքորոշմանը, կա՛մ կանգնի իսլամական աշխարհի և պաղեստինցիների կողքին»։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 5069

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ