Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՀՀ-ն և... նրա ոխերիմ բարեկամների առեղծվածը

ՀՀ-ն և... նրա ոխերիմ բարեկամների առեղծվածը
12.12.2017 | 09:56

Օր կամ շաբաթ չի լինի, որ Հայաստան երկրի բարձրագույն իշխանական կառույցները հարգելի հպատակներին չավետեն իրենց և միջազգային հանրության միջև ձեռք բերված հերթական աննախադեպ ձեռնարկի մասին, ինչի շնորհիվ է՛լ ավելի կբարելավվի ՀՀ տնտեսական միջավայրը, կբարեփոխվեն մեր կենցաղն ու առօրյան, կյանքը դրախտի կվերածվի։ Ասվածը չափազանցություն չէ, քանզի մեզ օգնելու և օժանդակելու պատրաստակամություն հայտնած կառույցներն իրական համաշխարհային հաստատություններ են` սկսած ՄԱԿ-ից ու Եվրոպական միությունից, ՅՈՒՆԵՍԿՕ-ից ու Համաշխարհային բանկից, զարգացման հանրահայտ գործակալություններից ու միջազգային հիմնադրամներից մինչև հայտնի ու անհայտ բարերարներ ու նրանց ստեղծած ֆոնդեր։ Սակայն տարիները տասնամյակներ են դառնում, իսկ մեր կենցաղը ցանկալի նվազագույնի փոխվելու նշաններ ցույց չի տալիս, թեև նախատեսված ձեռնարկները, լավ թե վատ, մասամբ թե գրեթե, ամբողջապես իրականացվում են, համենայն դեպս, այդպես ասվում ու հայտարարվում է։


Բայց հայաստանյան առօրյան միաժամանակ նաև այլ պատկերով է երևակվում, ուր գերակշռողը շարունակվող գաղջ միջավայրն է, գործազրկության ու գնաճի, աղքատության ու արտագաղթի պայմաններում վայելքի տրված գործարար հատվածի ու նրանց շահերը սպասարկելու կոչված իշխանավորների տեսքով։ ՈՒնևոր-չունևորի հակասությունն ու հակադրությունն այնքան են արտառոց, որ, թվում է, շարքային քաղաքացիներիս «լավ, մինչև ե՞րբ» մտահոգությունն ըմբռնում կգտնի արդեն հիշատակված միջազգային կառույցների կողմից, և սոցիալական արդարության ջատագով հանրությունների ներկայացուցիչները պարզ ու առարկայական գործողություններով իրոք ընկերային հարաբերություններ կառաջարկեն հայաստանյան հերթական վերնախավին։ Ավաղ, 3-րդ տասնամյակն ենք բոլորում, իսկ նման ցանկություն բացարձակապես չկա, որը պարզից էլ պարզունակ մեկ բացատրություն ունի. մենք երկրի ներքին գործերում անելիք չունենք։ Անշուշտ, որևէ մեկը չի էլ խնդրում ու ակնկալում այլոց միջամտությունը մեր գործերին, այն մեր պետականության ու ազգային արժանապատվության հանդեպ ոչ պարկեշտ պահվածք է դիտարկվում, այսուհանդերձ, հայ հանրության որոշակի հատվածներ վստահ են, որ, այսպես կոչված, մեր ոխերիմ բարեկամները, մոտիկ, թե հեռու, այլակրոն, թե մաշկի տարբեր գույների, մշտապես ներկա են մեր կյանքում, յուրովի կանոնակարգում են մեր առօրյան, մեր նիստուկացը։ Թե ինչքանով են դրանք ուղղորդվում տարբեր անվանումների տակ հանդես եկող պետական գաղափարախոսությունների ու նպատակների համակարգող պաշտոնական մարմինների կողմից, հարցի մի կողմն է՝ քողարկված և լրջագույնս կոդավորված։ Այնպես որ, նվազագույնս անգամ չփորձելով նման բացահայտումների տրվել, անդրադառնամ շարքային քաղաքացուն տեսանելի գործողությունների ու գործընթացների թող որ սիրողական մակարդակով մտահոգություններ ներկայացնելուն։


Ակտիվ քաղաքացու կարգավիճակով պարբերաբար եմ լինում գյուղնախարարությունում ու պահանջում ղեկավարությունից գյուղգործունեության ընթացքում, որը նրանք առավել հնչեղ ու տպավորիչ «գյուղքաղաքականություն» գնահատականով են ներկայացնում, առաջնորդվել գյուղաբնակի շահերով, ոչ վերամշակողների ու արտահանողների։ Համոզվել ենք, չէ՞, որ մեզանում ամեն ինչ է արվում գյուղացու աշխատանքի արդյունքը, ասենք, խաղողը ալկոհոլային խմիչքներ արտադրողներին, ծիրանը՝ արտահանողներին, միսը՝ վերավաճառողներին հասցնելու համար, երբ իրական օգնություն կարող է համարվել այն միջավայրի ստեղծումը, երբ հազարավոր, գուցե տասնյակ հազարավոր գյուղաբնակներ իրենք գինեգործությամբ զբաղվեն, կաթի ու մսի վերամշակումներ իրականացնեն, փոքր ու միջին գործարարներ դառնան, մրցակցային դաշտի մասնակիցներ համարվեն։ Ամենապարզ դիտարկումներից հետո հանգում ենք ընդամենը մեկ եզրակացության` ինչ-որ տեղ, ինչ-որ դիրքում գտնվողների համար, որոնց հայ հանրությունը «ոխերիմ բարեկամներ» որակման է արժանացրել, նման գործընթացը ձեռնտու չէ։


Էլ ավելի նպատակահարմար չէ ՀՀ ողջ տնտեսությունը կանոնակարգված տեսնելու ցանկությունը, որի ապացույցներից էին մինչ 2000-ականների սկիզբը Երևանի փողոցների լայնքով մեկ տեղադրված «Վայելիր Ամերիկայի ոգին» գովազդային ցուցապաստառները։ Ամերիկա ասելիս հայերս առաջնահերթ ԱՄՆ-ն ենք պատկերացնում, որի տնտեսությունն առաջատար է և հզոր, հիմնականում ընդօրինակելի։ Բայց արի ու տես, որ հիշյալ պարագայում գովազդի միջոցով ներկայացվողն այդ մասին չէր, այլ, զավեշտալի է, ծխախոտի, առավել կոնկրետ, «Մարլբորո» սիգարետի։ Ամերիկայի ոգի էր հռչակվում ու ներկայացվում մի արտադրանք, որն իրենց երկրում անգամ այն հարգանքը չի վայելում, ինչպես, ասենք, մեզանում խրուշչովյան ժամանակները հիշեցնող հանրահայտ «կուկուռուզը», հայերեն՝ եգիպտացորենը։ Ամերիկյան հայտնի գրողներից Հ. Լոնգֆելլոն մի ամբողջ պոեմ է նվիրել այս մշակաբույսի գովերգմանը, դրա ցանքից, աճից ու հատիկի վերամշակումից սկսած մինչև գերհզոր երկրի տնտեսությունում ունեցած տեղն ու դիրքը։ Եգիպտացորենի հատիկի համաշխարհային արտադրության և արտահանման 40-ական տոկոսներն իր տնտեսական գործունեության առանցքում պահելու արդյունքում է նաև ԱՄՆ-ը կարողանում տասնամյակներ շարունակ կայուն ու թելադրող տնտեսահարաբերություններ հաստատել ողջ աշխարհում։ Ասվածի ապացույցը 50-60 միլիոն տոննա ցորենի կողքին նշված մշակաբույսի 350-360 միլիոն տոննա տարեկան բերքի արտադրությունն է, «ինչու՞» հարցի առավել մանրամասն պատասխանը ՀՀ տնտեսավարական ու տնտեսագիտական մտքի բացահայտումը, որքանով որ այն կա։ Արդեն երեք տասնամյակ այս հարցը օրակարգում պահող ՀՀ տնտեսական կայացմամբ մտահոգ շարքային քաղաքացիս անգամ աննշան ակնարկ չի կարող ներկայացնել մեզ աջակցություն և օգնություն ցուցաբերող ամերիկյան այլևայլ ներկայացուցիչներին։ Ծխախոտի գովազդին հետևեցին յանկիների խորհուրդները այծի պանրի արտադրության շուրջ, ապա ասպարեզում հայտնվեց մեր գյուղոլորտում արևային չրանոցներ կազմակերպելու գաղափարը, հետո փոքր ու միջին ջերմոցային տնտեսությունների ստեղծումը, անգամ կանաչ ու հատիկ լոբու մշակումը, որը Արարատյան դաշտավայրում արտառոց արդյունավետություն է երաշխավորում, և ոչ մի խոսք, թե իրենց ինչին է պետք 1 բնակչի հաշվով տարեկան 1 տոննա եգիպտացորենի հատիկի արտադրությունը, երբ ՀՀ-ում այն հազիվ 6-7 կգ է։ Մենք մեր արտադրածը խաշում ուտում ենք, ամերիկացիներն այն լիարժեք անասնակերի հիմնական բաղադրիչ են օգտագործում, անասնատեսակների բարձր մթերատվություն ապահովում, երբ մեզանում այդ ցուցանիշներն այնքան են աննշան, որ գյուղաբնակն իր տիտանական ջանքերի արդյունքում անգամ անզոր է նվազագույն արդյունավետություն ապահովելու։ Մեզ անվերջ խորհուրդ են տալիս այծի ու ոչխարի ներկայիս 0,5 միլիոն գլխաքանակը 2-2,5 միլիոնի հասցնել, երբ իրենց անծայրածիր տարածքներում երբեմնի 50 միլիոն մանր եղջերավորից հիմա հազիվ 5 միլիոն են պահում։ Դե եկ ու նման խորհուրդը ոխերիմ բարեկամության դրսևորում մի որակիր, երբ ոչ պատճառն է պարզ, ոչ հետևանքը։


ՀՀ քաղաքացիներս մշտապես ենք տեղեկացվել, որ օտարերկրյա ցածր տոկոսներով վարկերը, գրանտները, այլ արտոնյալ ֆինանսական միջոցները նպատակաուղղվում են պետական ապարատի և հաստատությունների գործունեության բարելավմանը, դրանց աշխատանքների բարեփոխմանը։ Բայց երբ լսում ես, ասենք, երկրում գնաճի վերաբերյալ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության պաշտոնյաների հաղորդումները, ոչ բարելավման նշաններ ենք նշմարում, ոչ բարեփոխման։ Չգիտես ինչ մեթոդաբանական գործակիցներով ու միջոցներով կատարվող հաշվարկների արդյունքում պարզվում է, որ մեզ իրականում հարվածող 15-20 տոկոս գնաճը հազիվ 0,2-0,4 տոկոս է, քանզի իրականացվել է այնպիսի ձևերով, երբ ընդգրկված ապրանքների ու դրանց խմբերի մասին ՀՀ շարքային քաղաքացին անգամ հեռավոր պատկերացում չունի, չգիտի դրանք ինչով են ուտում կամ խմում։ Բարեփոխված-բարելավվածի արդյունքում նաև հնարավոր չէ պարզել, թե, ասենք, առաջին անհրաժեշտության ինչ ծավալների գյուղմթերք ու հումք է արտադրվել, խոհանոցներում առաջնահերթ անհրաժեշտ սոխ ու սխտոր, սմբուկ ու ստեպղին մշակվել, որի արդյունքում ունենք դրանց տարօրինակ ծավալների ներմուծումներ, երբ հարյուր հազարավոր հեկտար վարելահողեր մեզանում չեն մշակվում։ Թե ինչպես է սակավահող Իսրայելում հաջողվում յուրաքանչյուր տարի մինչև 300 հազար տոննա ստեպղին արտադրել, դրա 100 հազար տոննան Ռուսաստան արտահանել, որոշ ծավալներ էլ Հայաստան հասցնել, մեր տնտեսության պատասխանատուներին ոչ հետաքրքրում է, ոչ մտահոգում։ Փոխարենը, խնդրեմ, տնտեսագիտության համաշխարհային ռահվիրաների դասախոսությունների կազմակերպում Երևանում, մուտքի վճարը՝ 500 հազար դրամ, շարունակվող ընթրիքին մասնակցելու համար՝ ևս 1 միլիոն դրամ։ Այս ամենն այն խորհրդատվության դիմաց, որ հարկավոր է պայքարել կոռուպցիոն երևույթների դեմ, կանխել մոնոպոլիաների կազմավորումը, լավագույնս ազատականացնել բիզնես միջավայրը, բաց դռների քաղաքականություն վարել, հետևել Առևտրի համաշխարհային կազմակերպության սահմանած խաղի կանոններին, և այլն։ Իսկ հարցնել, թե, ասենք, Սինգապուրում ինչու են ջանք թափում ու 100 հազար տոննա հավի միս արտադրում, կամ տողերիս հեղինակին հյուրընկալած երկրում 600 հազար տոննա խոզի մսի արտադրություն ծավալում, ԱՄՆ-ում տավարի մսի արտադրությունը գերակա ոլորտ դիտարկում, տեղին չէ, քանզի կհետևի ամենագետ դասախոսի «իսկ դուք, ի՞նչ է, մսամթերքների արտադրության խնդի՞ր ունեք» միամիտ հարցը։ Չէ, չունենք, քանզի ՀՀ առևտրային ցանցի ցուցափեղկերին դրանց տեղական արտադրանքի պակաս չկա` գնորդների պակասի պատճառով։ Պատկերը հակառակն է հայաստանցուս հյուրընկալած երկրում. Penny սուպերմարկետի գովազդային թերթիկից տեղեկանում եմ, որ 6-8 կգ կշռող խոզի համապատասխան մաս գնելու պարագայում 1 կգ-ի դիմաց վճարը 2,49 եվրո է, երբ օրեր առաջ երևանյան առևտրային ցանցում տեսածս գինը 6-8 եվրոյի սահմանում էր։ Ավստրիացիներն ամենայն համեստությամբ են նշում, որ իրենց օրվա սննդակարգում 350-400 գրամ կաթնա-մսամթերքների սպառումը կենսականորեն այնպիսի անհրաժեշտություն է, ինչպես օդն ու ջուրը, պուրակն ու անտառը, գարեջուրն ու գինին, հեծանիվն ու դահուկը։ Շփվում եմ այս կերպ ապրող հանրության ներկայացուցիչների հետ, որոնք պարզ ու հասարակ, ժպտերես ու համեստ մարդիկ են, մեր հայրենակիցներին նաև ողջ տարածաշրջանում ուսում ու աշխատանք առաջարկողներ, և անհարմարության որոշակի զգացում եմ ապրում, անցանկալի մտորումների տրվում։ Այս երկիրը, Հայաստանի պես, դեպի միջազգային ջրեր սահման ու հարուստ ընդերք չունի, գյուղատնտեսական նշանակության հողերով ու հատկապես առավել արդյունավետ գյուղգործունեություն ծավալելու համար նպաստավոր վարելահողերով ու դրանց ջրա-ջերմային պայմաններով զիջում է մեր ունեցածին, սակայն այլ միջավայրում է ապրում-արարում։ Առավելագույն ինքնաբավություն ապահովող ֆերմերներն անհարմարության զգացում կապրեն, եթե, ասենք, երկիր խնձոր ներմուծվի։ Բա ինչու՞ են 2 միլիոն տոննա եգիպտացորենի հատիկ արտադրում 1,5 միլիոն տոննա ցորենի կողքին, որը որպես անասնակերի հիմնական բաղադրիչ օգտագործելու շնորհիվ կենդանական ծագմամբ սննդահումքի արտադրության հիմնախնդիրն է կարգավորվում ու, հանրություն-իշխանություն հարաբերություններում բարերար միջավայր հաստատելով, այլ ոլորտներում ազատ ու անկաշկանդ գործելու պայմաններ երաշխավորում։ Միայն վերջին 3 տարում եգիպտացորենի հատիկի արտադրությունն այստեղ ավելացել է 400 հազար տոննայով։ Եգիպտացորենի 1 հատիկը մայիսին հողին պահ տալով, սեպտեմբերին 1200-1400 հատիկ են ստանում, երբ ցորենի 1 հատիկն առավելագույնը 25-30 է դառնում։ Այս մշակաբույսի գերազանցությանն աշխարհի չորս կողմերում վաղուց են համոզվել, այն համաշխարհային 1 միլիարդ տոննան գերազանցող արտադրությամբ թիվ 1 մշակաբույս է դարձել, երբ ցորենը 750 միլիոն տոննա է։ Հենց միայն Ավստրիայի Շտիրիա տարածաշրջանում, որը սահմանակից է Իտալիային, տասնամյակներ առաջ գերակա էր խաղողագործությունը, որը հիմա տեղը զիջել է եգիպտացորենի մշակմանը։ Աշխարհը եգիպտացորենի հատիկի արտադրություն է իրականացնում այն նպատակային օգտագործելով ու վերամշակելով իր հիմնախնդիրները լուծում, հավելյալ միջոցներ ստեղծում և կայանում ու կայունանում, մերոնք համառորեն «Մերն ուրիշ է» կարգախոսն են ընտրել ու հայոց բարեբեր հողը այլոց ծխախոտա-ալկոհոլային պահանջ-վայելքները սպասարկելուն են տվել, օտար ոխերիմ բարեկամների ողորմածությանն ապավինել։ Համանման պայմաններում հայտնված ԽՍՀՄ ղեկավար Խրուշչովը 1950-ականներին պարտադրված այց կատարեց ԱՄՆ, այդ թվում` Այովա նահանգ, հյուրընկալվեց խոշոր ագարակատեր Ռոսուել Հարստին։ Ամենազոր երկրի ղեկավարը չզլացավ եգիպտացորենի հատիկի ձեռքբերման հարցով դիմել ագարակատիրոջը, որի պատասխանն այն ժամանակ ցնցող էր. «Չենք կարող, դա մեր ընկերության գաղտնիքն է»։
Ձեռնունայն տուն վերադարձած Նիկիտա Խրուշչովը փորձեց սեփական ուժերով գործը գլուխ բերել, եգիպտացորենը սոցիալիստական տնտեսությունը շարժելու միջոց դարձնել` ոչինչ չստացվեց։ Չինացիների մոտ խրուշչովյան ժամանակներից տասնամյակներ անց պարբերաբար եգիպտացորենի հատիկի արտադրությունն ավելացնելու, այն արդեն 230 միլիոն տոննայի հասցնելու պայմաններում, այդ շարժն արձանագրվեց։ Հենց միայն այն, որ երկիրն արտադրում է խոզի մսի համաշխարհային 110 միլիոն տոննա արտադրության 55-60 միլիոն տոննան, ասվածի հաստատումն է, քանզի այս ճանապարհով երկիրը բարերար միջավայր ստեղծեց հանրություն-իշխանություն հարաբերություններում։ Վերջին անգամ Չինաստանում առճակատում արձանագրվել է հեռավոր 1989-ին, Տյանանմեն հրապարակում։
Անառարկելի է, որ մեզ ցնցումներ պետք չեն, որոնք բացառապես թե հիմնավորապես սոցիալական ծանր վիճակի արդյունք են։

Ծանոթանալով տարածաշրջանում ապաստանած մեր հայրենակիցների հետ, լսելով նրանց զրույցները, համոզվում ենք, որ ՀՀ չինովնիկի, ոստիկանի, հարկահավաքի, անգամ դպրոցի տնօրեն ու բուհի ռեկտոր կուսակցական ղեկավարի կամայականության պատճառով չէ, որ հեռացել են հարազատ երկրից, այլ պարզ ու հասարակ հարցերի հանդեպ անզորությունից՝ առաջին հերթին սառնարանի դատարկությունից ու բնակարանը նվազագույնս ջեռուցելու անկարողությունից։ Աշխարհը մեծ մասամբ ձեռքի հետ է նման հարցերը լուծում, որոնք մեզանում խնդիրների են վերածվում, անհաղթահարելի խոչընդոտներ հռչակվում, երկիրը փոքր որակում։ Մեր երբեմնի հայրենակիցներն այստեղ տեղին են տարակուսում, թե որտեղից են երևանյան փողոցներում հայտնվում հզոր ավտոմեքենաներն ու շքեղաշուք առանձնատները, գերժամանակակից բարձրահարկերն ու շքեղ հյուրանոցները, թանգարաններ հիշեցնող ռեստորաններն ու խաղատները, որոնք իրենց ժամանակավորից հիմնականի վերածվող բնակատեղիներում գրեթե չեն նշմարվում։ Թերևս նման մի պահի է Հակոբ Պարոնյանն ասել. «Բժիշկների շատնալու հետ մեռնողներու թիվն ալ կշատնա»։
Նորանկախ Հայաստանի մոտեցող 4-րդ տասնամյակի նախաշեմին, թերևս, միակ տեսանելին ոխերիմ բարեկամների հետ կայուն համագործակցությունն է, որի հետևանքն ուղղակի ամոթալի 10 միլիարդ դոլար կազմող ՀՆԱ-ն է, աղքատիկ բյուջեն իր 70 տոկոս ռիսկայնությամբ, ինչն էլ ցավալիորեն հուշում է, որ դեռ երկար է ՀՀ-ում կյանքի ցանկալի միջավայր ստեղծելու մեր անցնելիք ճամփան։ Այնպես որ, մեր մարդկանց մտածումը, թե իրական բարեկամներն այս կերպ չեն վարվում և նպատակներն առեղծվածային են, բոլորովին էլ անհիմն չեն։


Տխուր է, եթե չասենք ավելին։ Իսկ գուցե սխալվու՞մ եմ։ Տա Աստված, քանզի մեզանում «Կայուն զարգացման նպատակների կենտրոն» նորաստեղծ նորարարական կառույց է կազմավորվել, որի տնօրենը վստահ հայտարարեց, թե կենտրոնն ուղղակիորեն նպաստելու է ՀՀ-ում աղքատության շուտափույթ վերացմանը։
Հուսանք և հավատանք։


Գեղամ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ
Ավստրիա, Գրաց

Դիտվել է՝ 11515

Մեկնաբանություններ