ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

«Էդոր սիստեմը սխալ է, ըդիկ ամբողջ բուղը սվիստոկին կուտա»

«Էդոր սիստեմը սխալ է, ըդիկ ամբողջ բուղը սվիստոկին կուտա»
12.12.2017 | 10:04

Տեսչական բարեփոխումները հերթական գայթաքարն են մեր հասարակական կյանքում: Մեր տագնապներն ու տարակուսանքները լիովին հասկանալի են, չէ՞ որ նորանկախական տարիներին իրականացված գրեթե բոլոր բարեփոխումները աննահանջ բարեխեղվել են: Այնուամենայնիվ, ինչ-ինչ սպասելիքներ այսօր կան, ի մասնավորի կրթության բնագավառում: Հանդիպումս ՀՀ կրթության պետական տեսչության պետ, 2-րդ դասի պետական խորհրդական, մանկավարժական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դասախոս ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ որոշ հարցեր լուսաբանեց:

-Ձեր ոլորտը բարեփոխումների կիզակետում է: Իրականում ի՞նչ է կատարվում:
-ՀՀ-ում կային շուրջ երկու տասնյակ տեսչություններ, որոնք որպես կառուցվածքային ստորաբաժանումներ գործում էին պետական կառավարման լիազոր մարմինների կազմում: Յոթ տարի առաջ երկրի կառավարությունը հաստատեց տեսչական բարեփոխումների ծրագիր, և խնդիր ծագեց, որ գործող տեսչությունները պետական լիազոր մարմիններում որոշակիորեն կաշկանդված են և ամբողջապես չեն ներկայացնում ոլորտների առկա վիճակը: Այդ պատճառով, բնականաբար, առաջ եկավ վերջիններիս ենթակայությունը փոխելու հարցը՝ պետական կառավարման լիազոր մարմինների կառուցվածքից տեսչությունները ներառվեցին կառավարության աշխատակազմի գործառույթ: Վարչապետը այսպիսով դառնում է նրանց գործատուն, նա է նշանակում և ազատում տեսչական մարմնի ղեկավարին և նրա տեղակալներին՝ տեսչական մարմնի ստեղծման մասին օրենքի սահմաններում: Դրա արդյունքում ՀՀ ԳԿՆ կրթության պետական տեսչությունը դարձավ կրթության պետական տեսչական մարմին: Այսօր մենք գտնվում ենք գործող կրթության պետական տեսչության լուծարման և տեսչական մարմնի ձևավորման փուլում:
-Ինչո՞վ է զբաղվել Ձեր ղեկավարած տեսչությունը:
-Առանձնացնենք ՀՀ կրթության պետական տեսչության երկու հիմնական գործառույթ՝ հանրակրթության և նախնական մասնագիտական կրթության ոլորտում կրթական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն և հանրակրթական պետական չափորոշիչների՝ ուսման որակի նկատմամբ պետական վերահսկողություն: Նախորդ 7 տարիներին եղել ենք երկրի շուրջ 1000 պետական և ոչ պետական դպրոցներում, շուրջ 500 նախադպրոցական հիմնարկներում՝ անկախ վերջիններիս սեփականության և իրավակազմակերպական ձևերից, բազմաթիվ ուշագրավ փաստեր ենք արձանագրել: Նախ մտահոգիչ է ուսման որակի հարցը: Մեր կողմից տրված գրավոր աշխատանքների արդյունքները հեռու են բավարար լինելուց, սովորողների մնացորդային գիտելիքները միջինից ցածր են, շատ փոքր տոկոս են «լավ» և «գերազանց» սովորողները: Տեսչությունը յուրաքանչյուր մարզի, համայնքի ուսման առկա վիճակի մասին ահազանգել է պատկան մարմիններին, իհարկե, առաջին հերթին՝ պետական կառավարման լիազոր մարմնին, և կարծում եմ՝ համապատասխան հետևություններ եղել են կամ կլինեն: ՈՒզում եմ մի օրինակ բերել: Արարատյան դաշտավայրի դպրոցների սովորողների նախասիրությունները հակված են դեպի հումանիտար առարկաները, իսկ Արագածոտնի, Կոտայքի, Սյունիքի աշակերտներինը՝ դեպի բնագիտական:
-Ինձ զարմացրիք, չէ՞ որ Արարատյան դաշտավայրի բնակչությունը ավանդաբար բերք ու բարիք է ստեղծում և դրանք իրացնում է տարբեր եղանակներով, այսինքն, պետք է որ հակում ունենա դեպի ճշգրիտ գիտությունը, որն է պատճառը, կա՞ որևէ վերլուծություն:
-Դժվար է միանշանակ պատասխանել: Տեսչությունը հսկայական տեղեկատվություն ունի ՀՀ կրթության ոլորտին վերաբերող: Այս ինֆորմացիան վերլուծել է պետք ժամանակակից տեխնոլոգիական և մեթոդական ախտորոշիչ ձևերով: Մենք նմանվում ենք այն բժիշկներին, որոնք այցելության են գնում հիվանդին, գալիս ասում են՝ հիվանդը հիվանդ է: Ի՞նչ կանխարգելիչ միջոցներ, ի՞նչ ախտորոշում, բուժման ի՞նչ միջոցներ, վիրահատական ի՞նչ առաջարկություններ: Մեր ոլորտում դա պետք է անեն կրթության վերլուծաբանները, որոնք հատուկ մասնագետներ են, որոնք զինված են համապատասխան մեթոդներով և գործիքակազմով: Նրանք պետք է վերլուծեն տեսչության տրամադրած ինֆորմացիան, և մեզ՝ կրթության քաղաքականությունը մշակողներիս և իրականացնողներիս, այլ շահառուների հասու դարձնեն, թե ինչու է այդպես, երբ ունենք պետության միասնական քաղաքականություն երկրի ամբողջ տարածքով, նույն դասագրքերը, ուսումնական ծրագրերը, նույն շահառուները, բայց ունենք տարբեր արդյունքներ՝ ըստ մարզերի և Երևան քաղաքի:
Այս հարցում մեզ օգնելու խնդրանքով ժամանակին դիմել եմ ԵՊՀ սոցիոլոգիայի ամբիոնին, «Բրիտանական խորհուրդ» միջազգային կազմակերպությանը: Պարզվեց, որ մի դեպքում հսկայական գումար է պետք նմանատիպ ծրագիր մշակելու, երկրորդ դեպքում համաձայնեցին մեզ ընդառաջելու. արդյունքում մենք կունենայինք բրիտանական փորձը, բանաձևերը կտեղայնացնեինք և համապատասխան վերլուծություններ կունենայինք, որոնք կօգտագործվեին մեր կրթության քաղաքականության մշակման, դրա իրականացման գործընթացում: Գումար էր պետք, իսկ նախարարությունում այդ գումարը չգտնվեց:
Մենք կրթության վերլուծաբաններ (գուցե մի քիչ խիստ եմ ասում) չունենք, փորձագետների պակաս ունենք երկրում, ամպագոռգոռ խոսելով ու հարայ-հրոցով լուրջ վերլուծություններ չես կարող անել, էս անտերը գիտություն է, պահանջում է մարդուց համապատասխան գիտելիքներ և գործիքակազմ: Թե չէ՝ այս տնօրենին հանեք, մի մարզպետ այն չարեց, երեխան դժգոհ է ուսուցչից, տնօրենի ընտրությունը թերացումներով է եղել: Թողած կարևորը՝ ընկել ենք երկրորդական հարցերի հետևից, լսում ենք, ձեռքներս թափահարում, անցնում կիրթ կառուցողական բանավեճի սահմանները, ճչում, բղավում, հաճախ մեր վտիտ ուսերին վերցնում ահռելի ծանրություն, բայց չմոռանալով միշտ ունենալ դատախազի խստագույն կեցվածք:
Ես հաճախ ազնիվ մտահոգություն չեմ տեսնում նմանատիպ մարդկանց մեջ, որոնք խոսում են կրթությունից, բնագավառից, հիմնախնդիրներից՝ հենց այնպես, առանց փաստերի, հիմնավորումների, վերլուծությունների, դիպվածով: Նպատակը կարծես շտկելը չէ, ոլորտը անթերի ու կառավարելի դարձնելու ցանկությունը չէ. թվում է, թե նրանց համար իրավիճակն ինչքան վատ լինի, այնքան՝ լավ: Ես հիշեցի խորհրդային տարիների մի անեկդոտ, որը կարծես թե հավուր պատշաճի է. «Կոմունիզմի գնացքը հասնում է Գյումրի, ուր խափանվում է շարժիչը: Դեպոյից ուստա Մուկուչին բերում են խափանումը վերացնելու: Նա սկսում է իր գործը, որոշ ժամանակ հետո, առանց այլևայլության, ասում է՝ ըդիկ էլ չի էրթա: Պատկան մարդիկ ասում են՝ ինչպե՞ս թե չի էրթա, սա կոմունիզմի գնացքն է, կբռնեն, կտանեն քեզ: ՈՒստա Մուկուչը թե՝ էդոր սիստեմը սխալ է, ըդիկ ամբողջ բուղը սվիստոկին կուտա»:
-Պարոն Կարապետյան, արդյո՞ք շատ չեն մեր կյանքում այդ ստուգումները, ստուգում են ամենեցուն և բոլորեքյան, ամեն ոլորտը իր ստուգողն ունի, ստուգողներ կան, որոնք բոլորին են ստուգում: Կա՞ կրթական ոլորտում ստուգելու, տեսչավորելու, ուսումնասիրելու, մշտադիտարկումների անհրաժեշտություն:
-Ստուգումն իհարկե հաճելի գործընթաց չէ: Ես ուզում եմ ի պատկառս դիմել անմահ Խորենացուն, որն իր նշանավոր «Ողբ»-ում բացահայտել է հայոց պետականության կործանման պատճառները, հանճարեղ եզրահանգումներ արել՝ ափիբերան թողնելով հետագա հազարավոր սերունդների: Քերթողահոր կարծիքով` հայոց պետականության կործանման պատճառներից են նաև «ինքնահավան ու տխմար ուսուցիչները, որոնք Աստծուց կոչված չէին, այլ փողով ընտրված, և աշակերտները՝ սովորելու մեջ ծույլ, որոնք դեռ չսովորած՝ աստվածաբան են»: Դեռևս V դարում պետության և պետականության հենարաններից մեկն է եղել դպրոցը՝ իր շահառուներով: Այսօր` երեխա, վաղը` ժողովուրդ: Պետությունը այս գործում պատվիրատու է և պայմաններ է ստեղծում վաղվա իր քաղաքացուն ձևավորելու՝ իր որդեգրած գաղափարախոսությանը համապատասխան: Ճիշտ է, մենք ոլորտի առանձին դոկտրին չունենք, բայց դրա սկզբունքները սփռված են ՀՀ Սահմանադրությունում, ՀՀ օրենքներում, կառավարության որոշումներում, գերատեսչական ակտերում, ուսումնական ծրագրերում, դասագրքերում և այլուր: Հարց. պետությունը պե՞տք է վերահսկի իր վաղվա քաղաքացու ձևավորման գործընթացը, կրթական պետական չափորոշչի պահանջների կատարումը, կարծում եմ՝ այո: Ֆինանսական, տնտեսական, բնապահպանական խնդիրները կարելի է ժամանակի ընթացքում շտկել, ուղղել, բայց սերունդ վերադաստիարակելը շատ լուրջ խնդիր է: Եվ հետո ստուգումը առաջին հերթին օգնություն է և՛ տնտեսավարող սուբյեկտին, և՛ ոլորտի ամենակարևոր շահառուներից մեկին՝ ուսուցչին: Մենք մեր աշխատանքում բազմիցս համոզվել ենք: Թողնել այդ գործընթացը միայն ուսուցչի խղճին, կարծում եմ` պետական մոտեցում չէ:
-2001-2011-ին աշխատել եք ՀՀ կառավարության աշխատակազմում որպես սոցիալական վարչության պետ, որը համակարգում էր շուրջ 6 նախարարությունների՝ կառավարության աշխատակազմի հետ առնչվող հարցերը: Ի՞նչ եք հիշում այն տարիներից:
-Այո՛, սոցիալական վարչությունը կառավարության աշխատակազմի կարևորագույն վարչություններից մեկն է: Իմ աշխատանքային կենսագրության մեջ ամենաարդյունավետ և հետաքրքիր ժամանակահատվածն է եղել: Մասնակցել եմ պետական կառավարման մարմինների քաղաքականության մշակմանը, իրականացմանը, նրանց աշխատանքների ամփոփմանը, ներկայացված օրենքների մշակմանը, կառավարության աշխատակազմի և մեր մտավորականության համագործակցությանը և այլն, որը կարող են վկայել շատ ու շատ մտավորականներ: Շատերը արդեն հրաժեշտ են տվել մեզ. «Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցին»,- ինչպես ասում են: Կատարած աշխատանքը գնահատվել է, արժանացել եմ ՀՀ վարչապետի շնորհակալագրին, նրա կողմից պարգևատրվել եմ անձնական զենքով և խրախուսման այլ միջոցներով: Թերացումներ, իհարկե կարող են լինել այդչափ մասշտաբային աշխատանքներում: Մարդու աշխատանքը թանգարան չէ, որ ամեն ինչ իր տեղում լինի՝ լուռումունջ և անշարժ: Նույնիսկ հանճարեղ Մոմիկն է անհանգստացել իր ստեղծագործության հետագա գնահատումների համար և իր հրաշագործ խաչքարերից մեկի վրա համեստորեն արձանագրել է. «Կաղաչեմ սխալանացս անմեղադիր լինել, զի ժամանակս էր ձմեռ և տունս նսեմ»:
-Խոսենք Ձեր հոբբիի մասին, որը պակաս հետաքրքիր չէ: Դուք «Մաշտոց» հասարակական կրթամշակութային հայագիտական հանդեսի գիտական խմբագիրն եք և «Հայագիտակ» հրատարակչության խորհրդի անդամ: Ձեր սեղանին ահա չորս շքեղ հրատարակություն եմ տեսնում: Ներկայացրեք դրանք:
-«Անհուն տիեզերք»,- այսպես է Չարենցը բնութագրել գիրքը: Գրքասիրությունս երևի գալիս է իմ մասնագիտությունից: Այսօր շատերն են նախապատվությունը տալիս գրքի էլեկտրոնային տարբերակին, բայց ինձ համար գիրքը երեխայի բարուրի պես բան է, նրան պետք է գրկել, ձեռքերով հպվել, զգալ այն: Իմ լավագույն ընկերը` «Հայագիտակ» հրատարակչության տնօրեն Ալբերտ Իսոյանը, ուղղակի պարտադրեց ինձ զբաղվել ու մասնակիցը լինել գրքի արարչագործության:
Ալբերտ Իսոյանը գաղափարների հրաշալի գեներատոր է, առաջին գիրքը «Չարենցի վերջին խոսքն» է, որի լույսընծայման համար դիմել եմ ՀՀ վարչապետ, երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանին, որը հատկացրեց անհրաժեշտ ֆինանսավորում: Գիրքն ընդգրկում է Չարենցի անտիպ ստեղծագործությունները:
Երկրորդ գիրքը հայտնի «Սև գիրք»-ն է, որում տեղ են գտել նշանավոր օտարերկրացիների խոսքերը թուրքական ոճրագործությունների և հայոց ցեղասպանության մասին: Որպես գրքի հրատարակչության պատասխանատու քարտուղար՝ ֆինանսավորման խնդրանքով դիմել եմ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Պարոն Սարգսյանը անմիջապես ըմբռնեց գրքի կարևորությունը, և գտնվեցին համապատասխան ֆինանսական միջոցներ: Գիրքը շատ կարճ ժամանակում թարգմանվեց ռուսերեն, թուրքերեն, անգլերեն՝ դարձյալ վարչապետ Տիգրան Սարգսյանի հովանավորությամբ: Գրքի կազմողը Ալբերտ Իսոյանն է, խմբագիրը՝ երջանկահիշատակ պատմաբան, պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանը: Գրքի հետ կապված մի հետաքրքիր բան պետք է ասեմ. ռուսերեն տարբերակի շնորհանդեսը տեղի ունեցավ Մոսկվայում, որին ներկա էր նաև ՌԴ նախկին գլխավոր դատախազ Յուրի Սկուրատովը: Շնորհանդեսից հետո նա ցանկություն հայտնեց իր ղեկավարած ընկերության միջոցներով երեք հազար տպաքանակով հրատարակել գիրքը և անվճար բաժանել ցանկացողներին: Գիրքն արդեն հրատարակվել և բաժանվել է ռուսախոս մեր հայրենակիցներին:
Երրորդ գիրքը «Երկիր դրախտավայրն» է՝` օտարերկրացիները Հայաստանի և հայերի մասին: Տարիներ շարունակ Ալբերտ Իսոյանը գիտնականի պահանջկոտությամբ և ջանասիրությամբ հավաքել և այդ բոլոր փաստերը ի մի է բերել: Ես` որպես գրքի հրատարակչական խորհրդի նախագահ, հովանավորելու խնդրանքով դիմել եմ մեր ժամանակների նշանավոր բարերարներ Կարեն և Սամվել Կարապետյաններին: Հատկացվեց անհրաժեշտ ֆինանսավորում, և այս շքեղ գիրքը հայտնվեց ընթերցողի սեղանին:
Մյուս գիրքը Գրիգոր Ջանշյանի՝ մեր ժողովրդի արժանի զավակներից մեկի շուրջ 120 տարի առաջ Մոսկվայում հրատարակված «Եղբայրական օգնություն Թուրքիայում տուժած հայերին» գրքի վերահրատարակությունն է:
Հրապարակախոս, իրավաբան, լրագրող, քննադատ, մեծ մտածող ու հայասեր Գրիգոր Ջանշյանի անունը դժբախտաբար քչերը գիտեն: Գրքի վերահրատարակման հովանավորը և առաջաբանի հեղինակը ձեր խոնարհ ծառան է: Գիրքն այնուհետև վերահրատարակվեց մշակույթի նախարարության կողմից պետական պատվերով, այնուհետև նույն առաջաբանով լույս տեսավ Մոսկվայում 3000 տպաքանակով՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանի ջանքերով: 19-րդ դարի վերջի ռուս իրականության մեջ Գրիգոր Ջանշյանը երևույթ էր, նրա մասին ռուս նշանավոր մտավորականների հայտնած կարծիքները հպարտությամբ կարող են լցնել յուրաքանչյուր հայի սիրտ: Վերահրատարակման նպատակը հայ ազնվագույն մտավորականին մոռացության փոշուց մաքրելն է և նրան արժանին մատուցելու մի համեստ ներդրում: Ջանշյանի այս գիրքը մեծ արձագանք գտավ հայ և ռուս իրականության մեջ և նրա կենդանության օրոք հրատարակվեց երկու անգամ, իսկ վաճառքից ստացված ամբողջ հասույթը նա ուղարկեց Պոլսի պատրիարքարան՝ պատրիարք Մաղաքիա Օրմանյանի տնօրինությամբ համիդյան կոտորածներից որբ մնացած մանուկների համար որբանոցներ բացելու նպատակով: Այս գումարը 66 000 ռուսական ռուբլի էր, որն այն ժամանակ պատկառելի գումար էր, իսկ բոլորիս հայտնի է, որ ցարական ռուբլին ոսկուն համարժեք էր:
-Իսկ հետո՞, պարոն Կարապետյան:
-Հետոյի մասին բոլորիս համար մեր ժողովրդի անմահ զավակներից մեկը՝ Ղևոնդ Ալիշանն արդեն ասել է: Մխիթարյան միաբանությունում հյուրընկալվող և արդեն հայրենիք վերադարձող Ավետիք Իսահակյանը «մնաս բարովի» է մտնում սրբազանի մոտ: Ծերունազարդ իմաստունը պատվիրում է բանաստեղծին հայրենակիցներին հասցնել իր հորդորը. «Շրջահայաց եղե՛ք, սիրեցե՛ք հայոց լեզուն, Հայաստան աշխարհը և սիրեցե՛ք միմյանց»: Ասվել է, արվում է: Ինքը՝ հար ուսուցիչ, մենք՝ հար աշակերտ,- կասեր բանաստեղծը:

Հարցազրույցը`
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 7059

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ