Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Անկարան պատրաստ չէ կարգավորելու հայ-թուրքական հարաբերությունները

Անկարան պատրաստ չէ կարգավորելու հայ-թուրքական հարաբերությունները
16.12.2017 | 22:59

Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Թուրքիայի ԱԳՆ-ի դեկտեմբերի 14-ի մեկնաբանությունը 2009-ի ցյուրիխյան արձանագրությունների տառն ու ոգին աղավաղելու հերթական աղաղակող օրինակ է, հայտարարել է Հայաստանի ԱԳՆ-ն։
«Նախագահ Սարգսյանի նախաձեռնած Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ մեր դիրքորոշումն արատահայտված էր առանց նախապայմանների կարգավորման հայտնի մոտեցմամբ: Թուրքական կողմի հետ հենց այս ընդհանուր փոխըմբռնմամբ մենք սկսեցինք բանակցային գործընթացը և եկանք պայմանավորվածությունների: Արձանագրությունների ստորագրումից անմիջապես հետո Անկարան հետ կանգնեց պայմանավորվածություններից՝ ոչ միայն մերժեց վավերացնել, այլև վերադարձավ նախապայմանների լեզվին, որ օգտագործում էր մինչև գործընթացի մեկնարկը: Թուրքիայի ԱԳՆ-ի վերջին մեկնաբանությունը նույն շարքից է։ Անկարան չի խորշում ևս մեկ անգամ կրկնել իր նախապայմանները, կապելով հայ-թուրքական հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի՝ Ադրբեջանի օգտին լուծման հետ՝ կամայական հղում կատարելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին, որոնք որևէ առնչություն չունեն կարգավորման բանակցային գործընթացի հետ։ Բոլորին է հայտի, որ Արձանագրություններում ղարաբաղյան հակամարտության կամ որևէ նախապայմանի մասին խոսք անգամ չկա։ Ստորագրումից հետո, վերստին նախապայմանների լեզվին վերադառնալով, Թուրքիան դեմ գնաց միջազգային հանրությանը, որը, ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորմանը։
Թուրքական կողմը հրաժարվեց արձանագրությունների վավերացումից և ողջ գործընթացը միտումնավոր մղեց փակուղի։ Հայաստանը հենց այդ պատճառով ստիպված էր կասեցնել վավերացման ընթացակարգը՝ դեռ մնալով կարգավորման գործընթացում, ինչը տարբեր երկրների ղեկավարների կողմից ըմբռնումով ընկալվեց և ողջունվեց:


Այսօր էլ՝ Արձանագրությունների ստորագրումից տարիներ անց, Անկարան պատրաստ չէ կարգավորելու հայ-թուրքական հարաբերությունները։
Նորություն չէ, որ Թուրքիայի իշխանությունները կառչում են կարծրատիպային մոտեցումներից, փորձում են շինծու մեղադրանքներ հնչեցնել։ 100 տարուց ավելի է, ինչ այդ երկրի ղեկավարությունը ժխտում է Հայոց ցեղասպանությունը։ Մի՞թե ավելի հեշտ է ժխտողականության միջոցով իր ուսերին վերցնել Օսմանյան կայսրության կողմից գործված 100-ամյա վաղեմության մեծ ոճրի մեղքը, քան ճանաչել այն՝ կարևոր ծառայություն մատուցելով թե սեփական ժողովրդի, թե տարածաշրջանի ապագայի, թե նոր ցեղասպանությունների կանխարգելման գործին։


Անկարան գնում է հակառակ ուղիով։ Թուրքիայի ԱԳՆ մեկնաբանությունը պնդում է, թե իբր Հայոց ցեղասպանության ճանաչման ջանքերը սխալ են բարոյական ու իրավական առումով և վատ նպատակներ հետապնդող քայլեր են։ Ստացվում է, որ Թուրքիան բարոյականության խրատներ է տալիս Ֆրանսիային, Գերմանիային, Ավստրիային, Ռուսաստանին, ՈՒրուգվային, Արգենտինային, Բելգիային, Հունաստանին, Կիպրոսին և տասնյակ այլ երկրների, որ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։
Զավեշտալի է, որ Թուրքիան, որն աշխարհում խոսքի ազատության ամենամեծ սահմանափակողներից մեկն է, ժխտողականությունը փորձում է արդարացնել խոսքի ազատության պատճառաբանությամբ։
Ինչպես արձանագրությունների ստորագրումից հետո, այնպես էլ այսօր աշխարհի տարբեր մայրաքաղաքներում հստակ գիտակցում են, որ գնդակը թուրքական կիսադաշտում է, որ Հայաստանը արել է հնարավորինը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար։ Անկարայում այս և այլ իրողությունների գիտակցման բացակայումն է, որ աշխարհով մեկ արմատավորում է զգացումը, որ Թուրքիան և միջազգային հանրությունը խոսում են տարբեր լեզուներով։ Եվ կրկնենք, որ հենց սա է պատճառը, որ նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, որ ցյուրիխյան արձանագրությունների կենսագործման ուղղությամբ շարունակաբար որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը 2018-ի գարնանը դրանք կհայտարարի առ ոչինչ»,- հայտարարել է ՀՀ ԱԳՆ-ն։

Դիտվել է՝ 1430

Մեկնաբանություններ