Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Երուսաղեմից հետո սկսվում է պայքարը Մեքքայի ու Մեդինայի համար

Երուսաղեմից հետո սկսվում է պայքարը Մեքքայի ու Մեդինայի համար
16.12.2017 | 23:44

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը արտառոց հայտարարություն արեց. «Եթե մենք կորցնենք Երուսաղեմը, մենք չենք կարողանա պաշտպանել Մեդինան, եթե կորցնենք Մեդինան, կկորցնենք Մեքքան ու Քաաբը»։ Եվ հավելեց` «Մեզ վրա մշտապես հարձակվում են, որովհետև մենք ուժեղ Թուրքիա ենք կառուցում»։ Որովհետև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմն անվանել է Իսրայելի մայրաքաղաք, Անկարան մտադիր է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։ Ըստ Էրդողանի` «Եթե ՄԱԿ-ի ԱԽ որևէ երկիր օգտագործի իր վետոյի իրավունքը, Թուրքիան հարցը կմտցնի Գլխավոր ասամբլեայի օրակարգ և ամեն ինչ կանի, որ Ալ Կուդսի (Երուսաղեմի) վերաբերյալ անօրինական ու անարդար որոշումը բեկանվի»:


Որ Վաշինգտոնը կօգտագործի իր վետոյի իրավունքը, կասկածից դուրս է։ Բայց գլխավոր հարցն այլ է` իսկ ո՞վ է սպառնում իսլամի համար սրբազան Մեդինային ու Մեքքային, որ հիմա Սաուդյան Արաբիայի վերահսկողության տակ են։ Ինչու՞ է սրբավայրերի խնդիրը ակտուալ դառնում։ Առաջինը 1181-ին Մեքքայի, Մեդինայի ու Երուսաղեմի կապը «բացահայտել է» Ռենո դե Շատիյոնի խաչակիրների ջոկատը, որ ծրագրում էր բացել ու ոչնչացնել Մարգարեի դամբարանը, իսկ Մեքքայից դուրս բերել սրբազան սև քարը և Սալահ ադ Դինի հետ փոխանակել Երուսաղեմի դիմաց։

1453-ին օսմանները գրավեցին Կոստանդնուպոլիսը և հողին հանձնեցին հազարամյա Բյուզանդական կայսրությունը։ Հետո նրանց հայացքն ուղղվեց Հիջազին, որտեղ երկու սուրբ քաղաքներ կան։ 16-րդ դարասկզբին այնտեղ եգիպտացի մամլուկներն էին։ Օսմանյան կայսրությունը եգիպտական փաշա Մուհամեդ Ալիի (սուլթանի տեղապահի) ձեռքով սկսեց մամլուկներին դուրս մղել իսլամի սրբազան քաղաքներից։ 1517-ին Մեքքայի ու Մեդինայի գրավումից հետո խալիֆի տիտղոսն անցավ օսմանյան սուլթան Սելիմ 1-ին Ահեղին։ Այդ պահից մինչև անցյալ դարասկիզբ բոլոր մուսուլմանների տիրակալը օսմանյան սուլթաններն էին, իսկ Օսմանյան կայսրությունը վերանվանվեց Օսմանյան խալիֆաթ։ Օսմանյան կայսրության անկումից ու Թուրքիայի Հանրապետության հռչակումից հետո առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը վերացրեց խալիֆաթը։ 1923-ին Հիջազի թագավոր Հուսեյն իբն Ալի ալ Հաշիմին իրեն հռչակեց բոլոր մուսուլմանների նոր խալիֆ։ Բայց 1924-ին էմիր Նեջա Աբդել Ազիզ աս Սաուդը պատերազմ հայտարարեց Հիջազին, որ նորահռչակ խալիֆը տանուլ տվեց ու ստիպված էր հրաժարվել գահից ու զրկվել խալիֆի տիտղոսից։ Աբդել Ազիզ աս Սաուդը միավորելով Նեջան ու Հիջազը հայտարարեց նոր պետության ստեղծումը` Սաուդյան Արաբիայի, որի առաջին թագավորն ինքը դարձավ։ Խալիֆաթի պաշտոնական ինստիտուտը մուսուլմանական աշխարհում վերացավ։ Վերջերս, սկզբում ակադեմիական շրջանակներում, այդ հարցը Թուրքիայում դարձավ քաղաքական շրջանակների քննարկման առարկա։ Անկարան հանդես եկավ նեոօսմանիզմի դոկտրինով, որ նախատեսում է իր ազդեցության վերականգնումը համարյա թե Օսմանյան կայսրության ամբողջ տարածքում: 2014-ին «նոր խալիֆաթի» նախագիծ առաջարկեց «Իսլամական պետությունը»` օսմանյան խալիֆաթը անվանելով «անօրինական» ու հայտարարելով Մեքքայի ու Մեդինայի վրա վերահսկողություն սահմանելու ձգտումը, քանի որ խալիֆը միշտ մուսուլմանական երկու սրբավայրերի պահապանն է եղել։ 2015-ին Սաուդյան Արաբիայում հարյուրավոր իրանցի ուխտավորների զոհվելուց հետո Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Համենեին կոչ արեց միջազգային վերահսկողություն սահմանել Մեքքայի ու Մեդինայի վրա։ Կատարի ճգնաժամի զարգացման ընթացքում Իրանն ու Թուրքիան բարիկադի նույն կողմում էին, իսկ Սաուդյան Արաբիան մեղադրեց Դոհային, որ իբր համաշխարհային մուսուլման հանրությանը կոչ է արել Մեքքան ու Մեդինան միջազգային վերահսկողության տակ դնել։

Հիմա արդեն երկու սրբավայրերի նկատմամբ վերահսկողության կորստի «էքզիստենցիալ սպառնալիքի» մասին խոսում է Էրդողանը: Ինչու՞: Որոշ փորձագետներ առաջադրում են վարկած, որ Սաուդյան թագավորության գահաժառանգ Մուհամեդ բին Սալմանը իբր փորձում է «իրեն ներկայացնել օսմանյան տիրակալի իրավահաջորդ զուտ խորհրդանշական իմաստով` սուրբ մզկիթների խնամակալության պատճառով»։ Նպատակն է ստեղծել, ինչպես պնդում է թուրքական Milli Gazete-ը, «իսլամական Վատիկան»: Milli Gazete-ը կարծում է, որ ԱՄՆ-ը ձգտում է «Մերձավոր Արևելքում ստեղծել վերահսկվող խալիֆաթի նոր համակարգ» նպատակ ունենալով` «վերջ դնել առաջնորդության խնդրին իսլամական աշխարհում ու ղեկավարել մուսուլմաններին կուլիսների հետևից»։ Անկարայում դա ընդունում են «խաղ իրենց դեմ», թուրքական իսլամը վարկաբեկելու և «նոր` սաուդականով» փոխարինելու ցանկություն։ Milli Gazete-ի կարծիքով` «առաջիկայում տարածաշրջանում պետք է սպասել նոր կրոնական գործիչների ու իմամների սուրբ վայրերից», նրանց դերերն արդեն «բաշխված են»։ Էրդողանը բացահայտել է այդ «գաղտնի ազդանշանը» ու անցել քաղաքական հարձակման։ Սպասենք արդյունքներին։
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Ո՞վ կարող է ստիպել, որ Մուհամեդ մարգարեն գա ու մեկ և ընդմիշտ բաշխի դերերը ու կարգի տերերին` իսլամի մեջ ու սրբավայրերում։ Եթե ոչ ոք, ուրեմն ոչ Էրդողանը, ոչ որևէ մեկը ոչնչի չի հասնելու` ժամանակի մեջ միշտ հայտնվելու է մյուսներից ուժեղ մեկը ու պայքարը շարունակվելու է փոփոխական հաջողությամբ։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3039

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ