Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Խիստ է այս խոսքը. ո՞վ կարող է այն լսել»

«Խիստ է այս խոսքը. ո՞վ կարող է այն լսել»
22.12.2017 | 11:50

Ամանորի և Սուրբ ծննդյան տոների՝ ասես ժամանակից և իրականությունից մի քիչ կտրող և հեռացնող խորհրդի լույսը այս օրերին ներկա է յուրաքանչյուրի հոգում: Մեծ, թե փոքր, հարուստ, թե ոչ, նույն խոհերի հորձանուտի մեջ են: Ներկան, որքան էլ հախուռն, ասես չքվել է, սղվել, չկա, որովհետև անցյալն ու գալիքը, երկինք ու երկիր երբեք այսքան մեկմեկու մերձ չեն լինում, նրանք հիմա ձեռք ձեռքի են ու միտքը գնդակի պես մեկից մյուսին է հասնում ու դառնում… ՈՒ… Բարձրյալն է ներկա… Այլ բան է՝ աչքերդ բարձրացնու՞մ ես դեպի Նա, թե՞…
Անցյալի դուռը փակելու և ապագայի՝ անհայտությամբ վախեցնող ու միաժամանակ գերող դռան շեմին, հույսերի անգամ չեղած պաշարով կանգնած՝ մտորումի պահ է, սխալների, ապրած-չապրածը ծանրութեթև անելու, վերջի ու սկզբի ժամանակը: Ներկա են ցավը, տագնապը, հույսն ու սպասումը միաժամանակ: Եվ գուցե ա՞յդ է պատճառը, որ, հույզերի այդ մեկտեղումին չդիմանալով, շատերը փորձում են իրենց բթացնել գինովության, անսթափության գրկում: Բայց օրերն այս նվեր են՝ վերջապես տեղը տեղին ճշգրտումներ անելու սեփական կյանքում ու հոգու մեջ:


Իսկ մենք դրա կարիքը շատ ունենք, յուրաքանչյուրս:
Բնական է, որ ազգի առաջնորդներն ու օլիգարխներն առաջին հերթին: Մենք արդեն երկար ժամանակ է, որ անդնդի պռնկով ենք քայլում, և այդ վիճակը հեղինակողները դեռ ջանք ու եռանդ չեն խնայում ընկնելու հավանականությունը օր օրի ավելի մեծացնելու համար: Չի բացառվում, որ նրանց մեջ ոմանք ամեն բան անում են միանգամայն բարի նպատակներով, և այն, որ դրանց արդյունքներն ու պտուղներն այնքան էլ բարի չեն, նրանց համար նույնպես գուցե անհասկանալի է: Իսկ պատճառներից մեկն այն է, որ ծայրահեղորեն ժողովրդից կտրված և հեռացած նրանց վիճակը նոր որակների ծնունդ է տալիս, նոր տեսողության, նոր զգացողությունների: Այդուհետ արդեն «անապահով խավ» դարձրած ժողովրդի դարդ ու հոգսը, նրա շահը տեսնելը դժվարից դժվար բան է դառնում, անգամ՝ պատիվ չբերող, և ուռճանում է սնապարծությունը մինչև պռունկ, սեփական՝ այդքան «կարևոր» ու շքեղ դարձած անձի պաշտամունքը, և բրենդային կոստյումների, հագուստների, շքեղ փողկապների պաճուճանքի ներսում հոգին հակառակ ընթացքով է շարժվում: Իհարկե, հոգու բարձր որակը ինքն է փոխում իր շրջապատը, երբեք չդառնալով շրջապատի գունափոխման գերին, բայց, ցավոք… Մնացածը թույլ տվեք մտքիս մեջ շարունակել:


Իշխանական վերնախավն ընտրվում է միայն ու միայն երկրի տեր ու տնօրեն ժողովրդին ծառայելու համար, իսկ ծառայողները տերերից ավելին չպետք է ունենան: Բայց արվում է հակառակը. «ծուռ հայելիների» անտես անդրադարձով ամեն բան աղճատված ու գլխիվայր է շրջված, նրանք իրենց են երկրի տերեր կարգել, երկրի ներսում ստեղծելով հսկա մի կայսրություն՝ ազգին խորթ ու օտար բարքերով ու ապրելակերպով: «Երկրի հարուստները որքան ավելի հարուստ լինեն, ժողովուրդն այնքան բարեկեցիկ կապրի»՝ ահա թե ինչ գաղափարներով են երբեմն օքսֆորդներում ու քեմբրիջներում թունավորում և հիվանդացնում ժողովուրդների առաջնորդներին: Եվ այդ դրսի շաբլոններն ու հրահանգները շատերի սրտով են: Մինչդեռ, այնքան ժամանակ, քանի դեռ ազգ-ընտանիքի ղեկավարները չեն կիսում ժողովրդի կյանքն ու կենցաղը, դե գոնե մի փոքր, չեն երթևեկում նրանց հետ ու նրանց կողքին, չեն մրսում ձմռան գոնե մի երկու օրը, գրպանում չեղած գումարից առողջական խնդիրներ չեն լուծում, վարկեր չեն մուծում կամ չեն փորձում գեթ հեռվից հասկանալ այդ ամենը, առաջնորդվելով խղճի թելադրանքով, միևնույն նավի կործանումը մի օր նրանց էլ բոլորի հետ անդունդ է տանելու:


Բայց այս ամենում մենք էլ մեղքի մեր բաժինն ունենք: Որովհետև բոլորիս է հատուկ «դիմացինի աչքի շյուղը տեսնելն ու սեփական աչքի գերանը չնկատելը»:
Այն անարդարության ճահճին, որի մեջ բոլորս շնչահեղձ ենք, արդյո՞ք մենք էլ մեր բաժին տիղմը չենք ավելացրել՝ թեկուզ փոքր, թեկուզ աննշան չափով: Իսկ հաճախ այն աննշան ու փոքր է լինում ընդամենը միայն հնարավորությունների, ձեռքի երկարության փոքր լինելու պատճառով: Եվ այսօրվա իշխանավորների ագահության ու մարդատյացության մեղքի մեջ արդյո՞ք մենք էլ դեր չունենք՝ դատարկ սեղանների առաջ, դատարկ ստամոքսներով նստած, սակայն բռնված նույն ցանկություններով, հիվանդ նյութապաշտության նույն վիրուսով և, փաստորեն, հոգու նույն որակով նրանց հեռվից սնող ու զորացնող: Եվ, առիթի դեպքում, նույն մեղքերի ու սխալների տեր է գրեթե ամեն ոք, որը՝ կշեռքի դիմաց կանգնած՝ գրոշների համար մթերքը թերակշռող, որը՝ վերաբերմունքի խարդախ երանգավորումներով դիմացինից շորթող, որպես տաքսու վարորդ, որպես մաքսավոր, որպես բժիշկ, որպես այս ու այն… Այսինքն, գողանում ու շորթում են այնքան, որքան կարող են, որքան «հաջողությունը» տալիս է: Իսկ ասված է՝ մի ստիր, մի գողացիր, մի… Փոքր ու մեծի մասին այդտեղ խոսք չկա, և՛ փոքրի, և՛ մեծի դեպքում հոգու քաղցն ու դատարկությունը նույնն են լինում: Տարբերությունը միայն այն է, որ չունեցողն իր տառապանքով գոնե ինչ-որ չափով «ապաշխարում» է և այդքանով ավելի լավ վիճակում է հարուստների համեմատությամբ: Եվ հոգիների այդ հարազատությունը չէ՞ պատճառը, որ ցանկացած ընտրության ժամանակ աջ ու ձախից լսվում է նույնը՝ «Ով էլ ընտրվի՝ նույնն է լինելու, ավելի լավ է կուշտ լինի, որ գոնե քիչ ուտի»: Եվ հանգիստ գրպանում են նրանց նետած գրոշ-ընտրակաշառքը: Բայց չմոռանանք, որ «ախորժակն ուտելիս է բացվում». ես կավելացնեի՝ ագահի ախորժակը, երկրորդ՝ մարդիկ տարբեր են, և ընտրել է պետք լավագույնին, չհամեմատելով նրան սեփական որակի հետ: Ընտրողները շատ են, լավագույնները՝ հատուկենտ:


Լավագույնների առաջնորդություն երազենք և աղոթենք, այդ աղոթքում չմոռանալով նաև սեփական հոգու՝ Աստծուց մեզ հեռացնող խավարի մասին: Չմոռանանք նաև այսօրվա՝ ուրիշինը սեփականացրած «էլիտային», որովհետև նրա վիճակը շատ ավելի վատ է. չէ՞ որ ագահության, նյութի և նյութապաշտության ճահիճն ահավորներից ահավորն է: Չմոռանանք:

ՆԱՆԵ

Դիտվել է՝ 8433

Մեկնաբանություններ