Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ծուղրուղու՜, տարին փակվում է (2018-ը երաշտի՞, թե՞ բերքի տարի է)

Ծուղրուղու՜, տարին փակվում է (2018-ը երաշտի՞, թե՞ բերքի տարի է)
22.12.2017 | 12:03

ՆԱԽԵՐԳ


Հրե աքաղաղը նախատոնական կրակ է շաղում վաճառասեղանների վրա, գնապիտակները պարզապես դաղում են, ամեն բան կրակի գնի է։
Միով բանիվ, նախամանորյա տենդն իր եռքի մեջ է։ Տիեզերքից դիտելիս ՀՀ ողջ տարածքում խոյանում են երկու կարգի տոնածառեր։ Մեկն արծաթափայլ և գոռոզամիտ թագուհի եղևնին է։ Այն խրձերով շարված է և՛ Մոնումենտի դղյակային ավանում, և՛ Կառավարական տան բակում, նաև, այո՛, ԱԺ-ի բուֆետում և որոշ ընդդիմադիրների հյուրասենյակներում։ Սույն տոնածառերից, ինչ խոսք, կախված են Զատկի կղզու վերջին կրիայի չալպուտուրիկ ձվերը, Նապոլեոն կայսեր անձնական նկուղից ՀՀ ներկրված գինու փոշեպատ շշեր և հայրենական արտադրության ոսկեջրված հրովարտակներ` երկրի տնտեսական աճի մասին։
Եղևնու թափված կանաչ-զմրուխտ ճյուղերը ի մի գալով տոնածառեր են կերտել ու տոնական շուք են հաղորդել անխտիր բոլոր սահմանամերձ համայնքներին, վագոն-տնակների բնակիչներին, առհասարակ, բոլոր այն հայոց օջախներին, որոնց բակում ոչ թե ջիպ է հանգրվանել, այլ մի չարքաշ կցասայլակ, տան այրն անդին է, որդին սահմանն է աչալուրջ պահպանում, մանուկներն էլ թերսնված են տարին բոլոր։ Շնորհավոր քո Ամանորը` 3-րդ հանրապետության ժողովուրդ, գալիք տարում եղիր առավել աննկուն և դիմակայիր թե՛ արտաքին, թե՛ ներքին մարտահրավերներին։ Հասկանալի է, որ ժողովուրդը թախծոտ ժպիտով, բայց և այնպես, հույսերով լի է դիմավորելու նաև այս տարին, բավարարվելով կես բուռ փշատով, տասներկու ընկույզով և, ինչ խոսք, տոլմայով։ (Հատկանշենք, տոլման ամանորյա, ի հեճուկս որոշ կանխագուշակ-բայղուշների կանխատեսման, եփվելու է արդար յուղով, մսով կարմիր և ոչ թե կարտոֆիլով կամ քուսպով)։ Ծանր է, հոգեմաշ և անժպիտ է վերնադասի Ամանորը։ Նրանք տոնը փաստում, սակայն այն սրտով չեն զգում։ Լուսաբանում եմ, բացելով գաստրոնոմիա-գաղափարական մեծ գաղտնիքը։ Տեսեք, չէ՞ որ տարին բոլոր նորահայոց վարչական, տնտեսական, քաղաքական (և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր) վերին դասը ճաշակում է ուղղակի լուկոլոսյան ուտեստներ և խմում է պարզապես շեյխական խմիչքներ, Ամանորին նա ի՞նչ անի, ի՞նչ հնարագետ ճանապարհներով զվարթություն պարգևի սեփական ստամոքսին։ Այդուհանդերձ նրանց տոնն էլ շնորհավոր, հողմաղացը մաղթում է ձեզ ասկետական ժուժկալություն, պարբերական խոնարհումներ, երբ հնչում է ձեր և մեր երկրի օրհներգը, և, վերջապես` ձեր զավակների սթափ ներկայությունը սահմանի գլխին, զենքը ուսին, վսեմ հայացքն էլ ուղղված դեպի առայժմ գերյալ մեր հողերը և քաղաքները Գանձակ և Նախիջևան։ Ամե՜ն։

ՏԱՐՎԱ ՎԱՐԱԳՈՒՅՐԸ ՓԱԿԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՄԻ ՔԱՆԻ ԽՈՍՔ ԶՎԱՐԹԱՍԻՐՏ


Ինչպես միշտ, անցնող տարվա նշանավոր դեպքերը շարակարգվել և հեզորեն սպասում են լուսաբանման։ Աննշանները, կռահեցիք, փորձում են խախտել հերթը, ինձ փորձում են կաշառել, բայց ապարդյուն, զի ես` ծառան ձեր հեզ, անկաշառ եմ, ինչպես, զորօրինակ, անկաշառ էր Դոն Կիխոտ ասպետի զենքուզրահը։
Ի՞նչ «աննշան» դեպքեր եղան, որոնք արժանի են հիշատակման։ Ահավասիկ, Նորք-Մարաշ համայնքում գերմանական մարդասիրական մի ընկերության աջակցությամբ բացվեց բարեգործական ճաշարան, թվով 19-րդը Երևանում։ (Մեկ դար, հարյուր տարի առաջ քանի բարեգործական ճաշարան էր դռները բացել համաճարակի և սովի մեջ մաքառող պետականակորուստ Հայաստանում)։
Նախամանորին կումայրեցի մի խենթ ջահել փուռը բացել ու անվճար հաց էր բաշխում համաքաղաքացի սովյալներին։ (Գյումրեցին` հացի կարոտ, լենինականցին` սնանկ ու տնանկ)։ Չէ՛, սա ճակատագրի հեգնանքը չէ, սա մեր խորտակվող պետականության զարգացման, կայունացման և մարդակենտրոնացման դաժան առհավատչյան է։ Տարեվերջին մենք ցնցվեցինք ռազմավարական դաշնակցի հակահայկական որովայնախոսությունից։ Ցնցվեցինք և վախվորած հակադարձեցինք։ Ի դեպ, մոռացանք համայն Ռուսիային հիշեցնել, որ Լև Տոլստոյին եկեղեցական կարգով, հայկական եկեղեցում, հուղարկավորել են ռուսահայերը։ Զի Ռուսիան հեռացել էր իր հանճարից, ինչ-ինչ խրթին և մթին հիմքերով։ Սակայն ինչու՞ մեզ չեն հարգում հավուր պատշաճի։ Չեն հարգում, զանց են առնում հայերիս անչափելի ու նվիրական ծառայությունները ռուսական գահին, սկսած Լոռիս-Մելիքով վարչապետ-բարեփոխիչից վերջացրած Լավրով-Քալանթարյան համաշխարհային դիվանագետով։ Կներեք, սակայն չէ՞ որ մեր հյուսիսային անհասկանալի եղբայրները երբեմն անկարող են պատկառանքով և գորովանքով վերաբերվելու մեզ, զի մենք դարերով մեր ապահովությունն ու բարեկեցությունը փնտրում ենք մեր երկրի սահմաններից շատ հեռու, արևմուտքում, արևելքում, հարավային արևի տակ, առավել հաճախ հյուսիսային սառույցներում։


Նախորդ դարասկզբին նշանավոր Ստանիսլավսկին Վարդգես Սուրենյանցին հրավիրում է Մոսկվա` ձևավորելու Մորիս Մետեռլինկի դրամաները։ Այլ մեկը անկարող էր դա կատարելու։ Սուրենյանցին հաջողվեց։ 1926-ին Կոնստանտին Ստանիսլավսկին մի հիմնարար գրքում, որի մեջ ներառված էր նաև կերպարվեստը, հիշում է բոլորին, անտեսում է Սուրենյանցին։
Չմոռանանք գլխավորը։ Ազնավուրը, մեծ հայն ու երևելի շանսոնիեն ահա թե ինչ ասաց վերջերս Nouvelles d’ Armenie պարբերականում հրապարակված հարցազրույցում. «Պետք է գիտակցենք, որ ունենք գեղեցիկ մի երկիր, որը պետք է զարգացնել, այլապես այն մի օր կարող է անհետանալ այնպես, ինչպես որոշ հին քաղաքակրթություններ։ Իսկ դրա պատասխանատվությունը կկրեն Հայաստանի ղեկավարները»։

Սակայն բավ է, Ամանորը համառորեն հետապնդում է մեզ, և հարկ է, որ հիշենք մի քանի երկրակերտիչ եղելություններ և զվարթուն տրամադրությամբ դիմակայենք Նոր տարուն, ու նույնքան ժպտալիցք թևակոխենք 2018 խիստ հիշարժան թվականը։


Բարեգործական ամրոց կերտեցին «Գրանդ հոլդինգի» Վարդանյանները, եղբայրներ Միքայելն ու Կարենը` Շահամիրյան փողոցում կառուցելով բազմաբնակարան և կառուցիկ մի շենք, այնտեղ տնավորելով տասնյակ անտունների ընտանիքների։ (Սույնը մի՞թե համեմատելի է անվճար լավաշաբաժանման կամ բարեգործական ապուրանվիրաբերման հետ)։ Ավելի քան մեկ տարվա տանջալից սպասումներից հետո կարծես թե մեր տնտեսությունը կապանքած անտարկտիդյան սառույցը հալչում է, զի մի անկասելի սառցահատ է ասպարեզում, անվանումը` «Մեղրի» ԱՏԳ։ Հատու է սույն հապավումը ու գալիք տնտեսական հրաշքի գրավականն է, զի ԱՏԳ-ն ստուգաբանվում է ահա այսպես` ազատ տնտեսական գոտի, որը խաչմերուկում է Իրանի, Ռուսիայի, ՀՀ-ի և Եվրոպայի շահերը։ Եվ, ինչ խոսք, մենք պետք է ազգովին աղոթենք, որ «Մեղրի» ԱՏԳ-ն չվարակեն վարչաբյուրոկրատական և քրեաօլիգարխիկ բացիլները։ Ամե՜ն։

ԱՅՍՊԻՍՈՎ` ԵՐԱ՞ՇՏ, ԹԵ՞, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ԲԵՐՔ


Ավանդույթին ի տուրք ելա Մոնումենտ։ Տեղավորվեցի հարմար մի վայրում և ընթերցեցի պատկերագիր պոետ Խաչիկ Մանուկյանի «Տարեմուտ» «ստիխը».
Ես արդեն մենակ եմ,
ափսոս,
մեն-մենակ եմ,
ՈՒ շքեղ լռություն է իջել,
Այն սերը (մե՜ծ սեր է)
իմ միակ հենակն է,
Կկռթնեմ, երբ լինեմ լրիվ ծեր։

Պատռեցին հավքերն իմ
կարկատած աշունը,
Եվ ձյունը շատացավ ավելի
Անխնա հարուստ եմ,
հաշվում ու հաշվում եմ`
Վերջ չկա էս ոսկի ցավերին։
ՈՒնեի հեքիաթը,
Բայց արդեն կորցրել եմ
Ծանրացող պտույտում աշխարհի
Նոր տարի,
Զարկից հետ բարեբար կոնծել եմ,
Դուռը բաց արխային,
Նե՛րս արի։

Ամանորի աստղազարդ գիշերը պետք է իջնի մի շքեղ և գունեղ լռություն 3-րդ հանրապետության վրա։


2018-ին լրանում են 1-ին հայկական հանրապետության 100-ամյակը, Սպիտակի աղետալի երկրաշարժի 30 տարին։ Լրանում է նաև արցախյան շարժման 30-ամյակը։
Եվ տա Աստված, որ վերոնշյալ տարեդարձերը հանկարծ չնշվեն... որպես տարելից։
Հայ հանրությանը, համայն հայությանը և լեռնաշխարհին Հայկական «ՈՒրբաթօրյա հողմաղացը» մաղթում է տոկունություն և արևշատություն։
Հայոց իշխանավորական վերնախավին հողմաղացը սրտով արի մաղթում է ժուժկալություն և ապաշխարություն։
Շնորհավո՜ր ձեր և մեր Ամանորը։ Ամե՜ն։

ՎԵՐՋԵՐԳ


«ՈՒրբաթօրյա հողմաղացը» 2018-ը հայտարարում է`
ա) վագոն-տնակների վերացման,
բ) տնտեսության ապաօլիգարխացման,
գ) ներգաղթի սկզբնավորման տարի։

Հրե աքաղաղը նախատոնական կրակ է շաղում վաճառասեղանների վրա, գնապիտակները պարզապես դաղում են, ամեն բան կրակի գնի է։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 9643

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ