Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մատաղացու գառան խռովությունը

Մատաղացու գառան խռովությունը
09.01.2018 | 09:25

«Այնքա՜ն հեշտ` գործարաններ ենք կողպել, հանքեր ենք փակել, հնոցներ ենք մարել. այնքա՜ն անխիղճ` ամբողջ անտառներ ենք հնձել, այնպե՜ս հիմարաբար` հոգիներս առևանգումի ենք մատնել այնպես համատարած ու արմատախիլ` ամբողջ ժողովուրդ ենք գաղթեցրել, որպես թե փարավոնի գերությունից ազգ ենք հանում ու ազգովին առաջնորդվում ավետյաց երկիր ու ավետյաց ազատություն։ Այդքան հեշտ ու հիմարաբար ու դաժան միայն թշնամու երկիրն են ավերում։ Կարո՞ղ էինք չավերել»։
(Հրանտ Մաթևոսյան, 2011 թ., խոսք` ասված 3-րդ հանրապետության
կայացման 10-րդ տարեդարձի առթիվ)։


ԱՍՔ ԿԵՐԿԱՊՈՐՏ ԴՌԱՆ ՄԱՍԻՆ
Եվս մի չորս ամիս, և հերթական պատմաքաղաքական տոնահանդեսը կթևածի մասսահայաց բերքառատ հովիտներում, Սևանի երկնակապույտ ջրերի կոհակներում և, առհասարակ ամենուր, որտեղ ծածանվում է եռագույնը և հնչում է «Իմ հայրենիք...»-ը (որն արդեն իսկ թշվառ և անտեր չէ, զի տերեր ունի թե՛ երկրի ներսում, թե՛ նրանից դուրս, հատկապես Հյուսիսում և, չկասկածեք, Արևմուտքում)։ Երկիրը տոնելու է 1-ին Հանրապետության ծննդյան մեկ դարը, 100 տարին, այլ կերպ ասած` հայկական պետականության վերածնունդը։ Ահավասիկ` 1918-1375= 543։ (Հուսանք` կռահեցիք, որ 1918-ը Առաջին հանրապետության ծննդյան տարին է, 1375-ը` Կիլիկյան թագավորության անկման թվականը)։ Այսինքն, 5,5 դար, մի ողջ միջնադար լեթարգիկ քնի մեջ անկախական երազներ էին տեսնում հայ պետական տան ճարտարապետներն ու շինարարները, Արտաշեսը Աշխարհակալ, Վռամշապուհը պայծառագործ, նաև Պապը պետականաշեն, ինչ խոսք, նաև Բագրատունյաց և Կիլիկիո արքաները։ Նաև, անշուշտ, գահերեց իշխան, սակայն բնույթով արքա Դավիթը Բեկ։ 1918-ի մայիսին (երբ վարդերի բույրից խենթացել էին թեթևսոլիկ սոխակներն ու սիրահար զույգերը, և երբ արաբական հեռուներից տոթակեզ վերադարձել և Արաքսի երկայնքով բույն էին հյուսել ճերմակահուռ արագիլները) վերածնվեց հայկական պետական տունը։ Անկախ էր այն, չնայած թաղված էր համաճարակների և սովի, քաղաքական դավերի և ապաքաղաքական ցավերի հորձանուտում։ Այսուհանդերձ այն կայացավ, թեպետ շուտափույթ լքեց առաջավորասիական թատերաբեմը, զի դաժան էր պատմության մարտահրավերը, նորամանուկ պետությունը մի ձեռքին պողպատե սուրը, մյուսին էլ, հասկանալի է, թուջե վահանը պաշտպանվում էր և՛ հարավից, և՛ հյուսիսից, և՛ գլխավորը ներքին ահարկու թշնամուց, որի անունն էր դաշնակցական խմբապետություն, բոլշևիկյան ինտերնացիոնալիզմ և, ինչու չէ, ամերիկյան բարեխնամ որբանոցներ, ի վերջո, տապալվեց։ Եվ ահա այսօր հայ պատմաբանների ու քաղաքագետները, հարավից և հյուսիսից, երբեմն էլ արևելքից փչող հողմերով տարված, փորձում են գտնել այն գաղտնի բանալին, որը բացեց Եռագույն Հանրապետության նախ դուռը, այնուհետև պատուհանը և վերջապես դարպասը, և օտար դավանանքը ներխուժեց երկիր ու կործանեց այն։


Համաշխարհային պատմագրությունը վաղուց է համոզված, որ Բյուզանդական կայսրության անկումը և պատմության քարտեզում նոր աղետի հայտագրումը հանձին Օսմանյան կայսրության, Մուհամեդ 2-րդ զորավարի տաղանդի փայլատակումն էր։ Թույլ տվեք տարաձայնվել. Կոստանդնուպոլիսը ուներ բազում դարպասներ և 1 դուռ, դռան անունն էլ բավականին զավեշտալի էր` Կերկապորտ։ Թուրք-սելջուկները Բյուզանդիոնի մայրաքաղաք ներխուժեցին հենց այդ դռնից, որը նրանց առջև գաղտագողի բացել էր անհայտ մեկը, գուցե ոսկու ահռելի դեզի դիմաց կամ գուցե գաղափարական դրդապատճառներով... Անհայտ է տակավին, սակայն ստուգապես է հայտնի, որ Կոստանդնուպոլիսն ընկավ 1453 թվականի մայիսի 29-ին։ Ի դեպ, սուլթան Մուհամեդ նվաճողն իշխեց ուղիղ 29 տարի։
Այս պահին խոր շունչ եմ քաշում և պատվարժան ընթերցողիս ներկայացնում եմ հետամանորյա խոստովանանքս։ Սույն քնարական երգիծապատումի պատկերագրման շարժառիթն ահա սա է. պետությունը կազմալուծվում է ներքին հավակնությունների և երկպառակությունների արդյունքում, որոնք դիվային վարպետությամբ նյութում են նրա իշխանիկները։ Եվ ահա սա է մեր գերագույն անելիքը մինչև Առաջին հանրապետության կազմավորման 100-րդ տարեդարձ-հանդեսը. գտնել և ամորձատել մեր ներքին հակապետական դևին։ Այստեղ օգնության ձեռք է մեկնում համաշխարհային գրչասպետ Հրանտ Մաթևոսյանի բնաբանում քարագրված խոսքը, որի հանգույցներից յուրաքանչյուրը թեմատիկ անդրադարձ է գլխավոր խնդրին` պետականությունն է բարձրագույն արժեք և գերագույն տեսլական։ Իսկ հայրենիքն ու երկիրը... հայրենապաշտական օրհներգ են և հաղթարշավի նվագակցություն։ Հանրապետություն, շնորհապետություն, կրոնապետություն, ավազակապետություն... սրանք և այլք պետականության այլևայլ դրսևորում են։ Մենք ո՞ր պետական կարգն ենք ընտրել և ի՞նչ ենք այսօր դավանում։ (Սա հույժ անհրաժեշտ է շուտափույթ պարզել)։


Այս պահին հերոսական-օրհասական մի մեղեդի է հնչում մտաշխարհումս, հոգեպարար է սույն մեղեդին և երգի խոսքերն են ցնծագին. «...սովետական ազատ աշխարհ Հայաստան»։ Առակն այս վերջին ահա թե ինչ ինձ ցուցեց. անշուշտ, ՀԽՍՀ-ն կալանված էր կայսրապետության կազմում, սակայն նրա «Կերկապորտ» դուռը երբևէ չբացվեց։ Եկեք համաձայնենք, որ բոլոր կաղապարային սահմանափակումների և մամլիչային բռնաճնշումների պարագայում այսուհանդերձ գիտության և արվեստի մշակները պահպանվում էին պետության կողմից որպես կրթամշակութային անհրաժեշտ բաղադրիչներ և համահավասարեցված էին պատմական հուշարձաններին։ Երանելի՜ ժամանակներ... բանվորի և գյուղացու արձաններն ամենուր փառաբանում էին մուրճի և մանգաղի քաղաքակրթական հաղթանակը, բանվորներն ու գյուղացիները գոնե տարին մեկ անգամ հանգստանում էին համամիութենական առողջարաններում, այնտեղ փորձի փոխանակման կարգով կոմունիստաբար գրկախառնվում էին և, ամենակարևորը, գալիք օրերի հանդեպ առանձնապես տագնապ չէին տածում։ Հարկ է նշել, որ կաղապարամամլիչային խորհրդային համակարգում մի անչափելի պատմական և պետականապահպան ապահովագիր կար, թաղային խուժանն անկարող էր ներխուժել կառավարման վերին օթյակներ և անգամ (օ՜, զարհուրանք), նստատեղ չուներ խորհրդարանական վերին ատյաններում։ Զի այնտեղ հանգրվանում էին արևակեզ խաղողագործներն ու կաթնաբույր կթվորուհիները։ Միով բանիվ, շրջանցում ենք 2-րդ հայկական հանրապետության էջը, զի այն, այո, կայուն էր և բարգավաճ, սակայն համաձայն արդի պաշտոնական-քաղաքական դատավճռի` առկախ էր և մտամոլոր։

ԱՄՈՐՁԱՏՎԱԾ ՄՏՔԻ ՎԱՌՄԱՆ ՀՆՈՑՈՒՄ
Այս է գալիք հրապարակման վերին գիրը, ուր անդրադարձ կկատարենք 3-րդ հանրապետության կայացման բախտորոշ և բախտախնդիր շրջափուլին` 1990-1995 թվականներին։ Եվ այս խորագրի տակ հրապարակ կիջնի մեր հաջորդ նյութը: Ցը՛...

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 5975

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ