«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

«Փորձում ենք ավելի ուժեղացնել ու անվտանգ դարձնել մեր դիրքերը»

«Փորձում ենք ավելի ուժեղացնել ու անվտանգ դարձնել մեր դիրքերը»
09.01.2018 | 09:45

«Հայոց հզոր բանակ» ծրագիրը գործում է 2016 թ. ապրիլյան պատերազմից հետո։ Նախաձեռնության հեղինակ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ կյանքի է կոչում ծրագրի արդեն տասներորդ փուլը։ Այս ընթացքում մարտական դիրքերին հատկացվել են մեծ թվով ռադիոկապեր, պլանշետներ, մարտկոցներ, նյութատեխնիկական սարքավորումներ, հատուկ նշանակության հեռադիտակներ և այլ պարագաներ։ Ի դեպ, 2017 թ. Կարեն Հովհաննիսյանին, հայրենիքին մատուցած ծառայությունների և Արցախի պաշտպանության բանակի հետ սերտ համագործակցության համար, Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լ. Մնացականյանը պարգևատրել է սպայական դաշույնով։
Կարեն Հովհաննիսյանի հետ զրուցում ենք «Հայոց հզոր բանակ» ծրագրի մասին։


-«Հայոց հզոր բանակ» ծրագրի արդեն 10-րդ փուլն է կյանքի կոչվում։ Խնդրում եմ ամփոփեք՝ այս ընթացքում ի՞նչ աջակցություն եք ցույց տվել։
-«Հայոց հզոր բանակ» ծրագիրը շարունակական է իր փուլերի շնորհիվ: 10-րդ փուլը տարբերվում է մնացած փուլերից, քանի որ այն հոբելյանական է, այս փուլը տարբերվում է նաև կատարված փոխանցումների ինտենսիվությամբ: 10-րդ փուլի շրջանակներում արդեն երկու անգամ եղել ենք դիրքերում, իսկ երրորդ անգամ կլինենք փուլի ավարտից հետո: Այս փուլի ընթացքում կարողացանք ձեռք բերել մեծ թվով ռադիոկապեր, պլանշետներ, մարտկոցներ: 10-րդ փուլին, բացի դրամական փոխանցումներից, եղել է նաև նյութատեխնիկական սարքավորումների նվիրատվություն, որի մեծ մասը դեռ ճանապարհին է, և հուսով եմ` մինչև փուլի ավարտը տեղ կհասնի:
-Ե՞րբ և ինչպե՞ս մեկնարկեց «Հայոց հզոր բանակ» ծրագիրը։
-Ծրագիրը մեկնարկել է 2016 թ. մայիսի կեսերին՝ ապրիլյան պատերազմից հետո: Սկզբում սոցցանցերից մեկում տեղադրեցի հայտարարություն հանգանակության մասին, որով դիրքապահ զինվորների համար ինչ-որ կարևոր նվեր պետք է գնեինք: Բացեցի բանկային հաշվեհամարներ, և ընկերներս սկսեցին գումար փոխանցել: Երբ հավաքվեց անհրաժեշտ գումարը, ձեռք բերեցինք հատուկ նշանակության հինգ հեռադիտակ: Մինչև այն տեղ հասցրի և վերադարձա, հաշվեհամարներին կրկին գումարներ էին փոխանցվել և դեռ շարունակում էին փոխանցվել: Հենց այդտեղ էլ որոշվեց, որ ծրագիրը լինելու է մշտական:
-Ի՞նչ նպատակ էիք դրել Ձեր առջև ծրագրի մեկնարկին և այս ընթացքում ինչ-որ չափով հասե՞լ եք այդ նպատակի իրականացմանը։
-Երբ որոշվեց, որ ծրագիրը կկրի մշտական բնույթ, որոշեցի, որ այն բացառապես ուղղված է լինելու դիրքապահ զինվորի առողջության և անվտանգության պայմանների էլ ավելի բարելավմանը։ Երբ տարվա կտրվածքով հետադարձ հայացք եմ նետում, տեսնում եմ, որ, շնորհիվ բարերարների, կարողացել ենք իրապես լուծել շատ կարևոր հարցեր, իսկ շատ հարցեր էլ դեռ լուծման փուլում են: Վստահ կարող եմ ասել, որ այսօր «Հայոց հզոր բանակ» ծրագիրն իր հաստատուն դերն ու նշանակությունն ունի դիրքապահ զինվորի կյանքում, այն սպասելի է տղաների համար:
-Ծրագրին նվիրատվություն կատարում են սոցիալական ցանցի միջոցով։ Հաշվե՞լ եք՝ քանի նվիրատու կա, այս ընթացքում նրանց թիվը, ծրագրի աշխարհագրությունն ինչպե՞ս են փոխել։
-Այո, ճիշտ նկատեցիք, ծրագիրն իր գործունեությունն իրականացնում է սոցցանցի միջոցով: Առաջին փուլից մինչև տասներորդ փուլը բարերարների թիվն ավելացել է՝ այս պահին հասնելով 210-ի: Ծրագրին մասնակցում են աշխարհի գրեթե բոլոր երկրներից՝ ԱՄՆ, ՌԴ, Գերմանիա, Բելգիա, Ֆրանսիա, Ավստրալիա, Մեքսիկա, Հունաստան, ՈՒկրաինա, Ջավախք, Հայաստան և այլն: Մասնակիցների թվի աճը, ըստ իս, պայմանավորված է ծրագրի թափանցիկությամբ, գումարի հավաքագրման և ծախսման առումով: Առիթից օգտվելով, ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել բոլոր նվիրատուներին, որոնց գերակշիռ մասին անձնապես չեմ ճանաչում, շփումը բացառապես սոցցանցի միջոցով է, սակայն մարդիկ վստահ են, որ նվիրաբերածը հասնում է իր նպատակին:
-ՊՆ-ի հետ համագործակցու՞մ եք, տեղյա՞կ են, թե ինչ աջակցություն եք ցուցաբերում, իրենց հետ համաձայնեցնու՞մ եք աջակցության տեսակը, կարիքները հաշվի առնվու՞մ են։
-Կարծում եմ՝ ՊՆ-ում տեղյակ են ծրագրին: Իսկ ծրագրով նախատեսված ձեռք բերվող նյութատեխնիկական միջոցների ցանկը համաձայնեցվում է հենց սահմանային զորամասերի հրամանատարության հետ: Ծրագիրն ինքնանպատակ չէ, դրա համար էլ երկար քննարկում ենք, թե ինչն է առաջնային, որն է ավելի կարևոր, որ հարցն է ենթակա հրատապ լուծման, և շարժվում ենք ըստ այդմ: Բնականաբար, լինում են շեղումներ ծրագրից, և կարողանում ենք, բացի բանակից, նաև որոշակի աջակցություն ցուցաբերել Արցախի դպրոցներին: Վերջին նվիրատվությունը եղել է ազատագրված և վերաբնակեցված Դրախտաձոր գյուղի դպրոցին, որին նվիրաբերեցինք համակարգիչ, բազմաֆունկցիոնալ տպիչ սարք, գրենական պիտույքներ և մարզագույք:
-Ապրիլյան պատերազմից հետո ինչպե՞ս է փոխվել մարտական դիրքերի կահավորվածությունը, ինչքանո՞վ են դրանք ավելի անվտանգ դարձել։
-Ապրիլյան պատերազմից հետո մեր դիրքերը դարձել են ավելի անվտանգ տեսանկարահանող սարքերի շնորհիվ, դրանք ավելի են բարձրացրել դիրքապահ զինվորի անվտանգությունը, մեր սահմաններն ավելի են ամրապնդել, սակայն չպետք է սահմանափակվենք միայն այդքանով: Համեմատության համար ասեմ, որ մինչև ապրիլյան պատերազմը գրեթե ամեն օր դիվերսիոն հարձակումներ էին տեղի ունենում, հիմա դրանք գրեթե իսպառ վերացել են, եթե լինում են նման փորձեր, ապա կանխվում են հենց չեզոք գոտում:
-Դուք Ամանորից առաջ էիք դիրքերում, ի՞նչ տրամադրություն է տիրում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների շրջանում։
-Բնականաբար, տղաները տոնական տրամադրության մեջ էին, իրենք էլ էին պատրաստվել Ամանորին, մարտական կացարանները զարդարված էին, դիրքերում հայտնվել էին նաև փոքրիկ տոնածառեր: Դիրքերում, սակայն, մթնոլորտը մշտապես «աշխատանքային» է, դրա համար էլ առօրյան չէր տարբերվում սովորական օրերից, անգամ տղաներն ավելի ուժեղացված էին իրականացնում իրենց վստահված մարտական դիրքերի հերթապահությունը: Դիրքերում ամենաշատ հնչող բարեմաղթանքը հաղթական խաղաղությունն էր, որի համար էլ հենց այսօր մենք փորձում ենք ավելի ուժեղացնել ու անվտանգ դարձնել մեր դիրքերը:


Զրույցը` Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 4755

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ