Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Շատ փող չեմ ուզում, շատը փչացնում է մարդուն, ուզում եմ այնքան, որ իմ ապրելը դժվար չլինի»

«Շատ փող չեմ ուզում, շատը փչացնում է մարդուն, ուզում եմ այնքան, որ իմ ապրելը դժվար չլինի»
12.01.2018 | 09:48

Հայ-ադրբեջանական սահմանում տիրող լարված իրավիճակին ու հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտման դեպքերին Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչները հանգիստ են վերաբերվում: Սովորել են կրակոցներին, միայն հաշվում են հատուկենտ այն օրերը, երբ կրակոցներ չեն լինում: Ժամանակ առ ժամանակ սահմանամերձ բնակավայրեր այցելած պաշտոնյաները թեև շնորհակալություն են հայտնում բնակիչներին իրենց ոգին բարձր պահելու համար, սակայն առանց այդ շնորհակալության էլ բնակիչների ոգին բարձր է: Իրենց բերդերի պես ամուր կանգնած են թշնամու դեմ ու նրա աչքի առաջ ստեղծում են բերք ու բարիք: Էլ ինչպե՞ս չկատաղի թշնամին:


«Այգեպար, Մովսես, Չինարի, Պառավաքար ու մյուս գյուղերը ոչ թե սահմանամերձ, այլ սահմանապահ գյուղեր են: Որ ասես նոր տարի է, ձենները կտրած մնան, չէ, ժողովուրդը հարմարվել է, ով չի կարողացել հարմարվել այս կյանքին, թողել հեռացել է, նրանք քիչ թիվ են կազմում, ովքեր էլ չեն հեռացել, կամ հայրենասեր են, կամ հեռանալու հնարավորություն չունեն»,- «Իրատեսի»ի հետ զրույցում ասում է Բերդ քաղաքի բնակիչ, կենսաբանության ուսուցչուհի ԱՐԵՎ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ:


Բերդում կրակոցների ձայն վաղուց չի լսվում, ու թեև գարնանային աշխատանքների և աշնանային բերքահավաքի ժամանակ դաշտում աշխատողների ականջին հասնում է, սակայն ամեն մեկն իր գործին է:
Լավ թե վատ, 2017 թվականը պատմության գիրկն անցավ: Տարեվերջին տավուշցին մի կողմից օգուտն ու վնասն է հաշվում, մյուս կողմից` պատրաստվում է նշելու Ամանորը:
«Մեզ մոտ երկու տոն կա, որին մարդիկ սիրով են սպասում. մեկը Վարդավառի տոնն է, մյուսը՝ Նոր տարին: Դե, դա մի տեսակ պարտադրված տոն է, շատերի համար հոգս, մարդիկ կաշվից դուրս գալով սեղան են գցում: Իհարկե, մայրաքաղաքի նման ճոխության ձգտող մրցակցություն չկա, այնքան, որ իրենց հնարավորության չափով իրենց ընտանիքի համար այդ օրը տոնի վերածեն»,- ասում է Արևը:

Զրուցակցիս համոզմամբ՝ 1990-ականների համեմատ կյանքը, ինչ խոսք, լավացել է, բայց կարող էր ավելի լավ լինել: Պետությունը միայն սուբսիդավորված վարկեր տրամադրելով չպետք է սահմանափակվի: «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու» մասին օրենքը վերջին տարիներին որոշակի առավելություն է տվել տավուշցիներին, ոգևորել է: Արևի համոզմամբ՝ պետությունը պիտի հասկանա, որ աշխարհի հենքը գութանն է, որ քաղաք պահողն էլ է գյուղը, սահման պահողն էլ:

«ՄԱՐԴԻԿ, ԿԱՐԱԳԻ ԳՆԻՑ ԱՀԱԲԵԿՎԱԾ, ԴՈՒՐՍ ԵՆ ԳԱԼԻՍ ԽԱՆՈՒԹԻՑ»
Սոցիալական վիճակի կտրուկ վատացումը առաջին անհրաժեշտության ապրանքների կտրուկ թանկացումն է, ինչն ազդել է նաև գյուղի բնակչի վրա: Թեև կարծիք կա, թե տավուշցին եթե ոչինչ էլ չունենա, տոնական օրերին կովի ու խոզի մսի վաճառքից բավական եկամուտ կունենա: Սակայն այդ մսի վաճառքից մսավաճառն ավելի է շահում, քան գյուղացին, քանի որ գյուղացուց մսի կիլոգրամը 2500 դրամով գնելով, այն վերավաճառում է 2800-3000 դրամով:
«Գյուղացու հոգսերն այնքան շատ են, որ մսի վաճառքից ստացած գումարով չգիտի որ մի պարտքը փակի: Հասկանում եմ, քաղաքացին էլ պակաս հոգսեր չունի, պատճառը ցածր աշխատավարձն ու թանկացումն է, որոնք ոչ մի կերպ չեն կարգավորվում: Աշխատող մարդն այնքան աշխատավարձ պետք է ստանա, որ կարողանա մարդավայել ապրել: Իմ կարծիքով, նորմալ ապրելու համար մարդուն հարկավոր է 180-200 հազար դրամ: Ո՞նց կարելի է 55 հազար դրամը աշխատավարձ համարել: Մարդիկ մտնում են խանութ, կարագի գնից ահաբեկված դուրս են գալիս, միսն արդեն թանկացել է, ասում են, որ դեռ ավելի պետք է թանկանա: Մեզ մոտ՝ Բերդում, խոզի միսն արդեն 3500 դրամ է, տավարինը՝ 2800, ասում են՝ էլի պետք է թանկանա»: Թեև զրուցակցիս հարցնում եմ՝ ի՞նչ սպասելիք ունի Նոր տարուց, բայց պատասխանն ինձ պարզ է, չէ՞ որ սահմանապահի համար իր օջախի, հողի, ծննդավայրի, երկրի համար ամենակարևորը խաղաղությունն է: «Երբ Ամանորին հավաքվում էինք սեղանի շուրջը, մեր ծնողներն առաջին հերթին խաղաղություն էին մաղթում երկրին ու աշխարհին, ասելով, թե մնացածը կարելի է ստեղծել: Մենք փոքր էինք ու այնքան էլ չէինք հասկանում խաղաղության արժեքը, իսկ մեր երեխեքն ու թոռները թշնամու կրակոցների տակ մեծացան»,- ասում է Արևը: Հետո, շարունակելով զրույցը, ցավով պատմում է կրճատվող աշխատատեղերի, գործազրկության շարունակական աճի մասին, որոնք կոտրում են գյուղացուն, հասցնում հուսահատության: Նրա խոսքով, դպրոցներում դարձյալ կրճատումներ են սպասվում, իսկ Բերդն ունի 3 հիմնական և մեկ ավագ դպրոց, 1 մասնագիտական քոլեջ և 1 ուսումնարան: Սակայն Արևը չի մոռանում նշել նաև լավի մասին: Բերդի նախկին ռելեի գործարանում, շուրջ 25 տարվա դադարից հետո, բացվել է տեքստիլ գործարանը 700-1000 աշխատատեղով, արտադրվելու են ձեռնոցներ:

«ՆՈՐ ՏԱՐՈՒՑ ՍՊԱՍԵԼԻՔՍ ՆԱԵՎ ԿԵՆՍԱՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄՆ Է»
2018 թվականի պետական բյուջեն անտեսեց նվազագույն աշխատավարձի և կենսաթոշակի բարձրացում ակնկալող քաղաքացիների ցանկություններն ու սպասելիքները:
«Ես հեղափոխություններ չեմ ուզում, քանի որ ցանկացած հեղափոխություն երկիրը մի քանի տարով հետ է մղում, բայց կցանկանայի պետական մակարդակով առողջ վերլուծություններ արվեն, թող այդ նվազագույն աշխատավարձ սահմանողները մեկ ամիս ապրեն դրանով, տեսնեն որքան կդիմանան, նոր թող սահմանեն նման աշխատավարձ: Մենք բնակչության թվով քիչ ենք, մեզ խժդժություններ պետք չեն: Սակայն բավարար կենսամակարդակի ապահովման մասին ամբիոններից խոսողները իրենց կենսամակարդակով թող չչափեն ժողովրդի մեծ հատվածին»:
Կենսաբանի մասնագիտությունն ու լավատեսությունը Արևին հուշում են, որ բացասական մտքերը վնասում են մարդուն, իսկ մռայլ մտածելակերպով մարդիկ Հայաստանում, ցավոք շատ են:
«Մարդը միշտ պետք է լավը մտածի, որ այն վերադառնա իրեն, շատ պահանջատեր չլինի, գոհանա եղածով: Ինձ հարցնում են՝ ինչի՞ց ես գոհ, ասում եմ՝ ամեն առավոտ տեսնում եմ արևը, լույսը, ունեմ հրաշալի ընտանիք, լավ երեխաներ, թոռնիկներ, աշխատանք ու լրացուցիչ զբաղմունք, ինձ էլ ի՞նչ է պետք: Շատ փող չեմ ուզում, շատը փչացնում է մարդուն, ուզում եմ այնքան, որ իմ ապրելը դժվար չլինի»,- մեր զրույցի վերջում ասաց Արևը:


Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4191

Մեկնաբանություններ