Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Երանի՜ նրան, ով հայրենական տուն ունի հիմա»

«Երանի՜ նրան, ով հայրենական տուն ունի հիմա»
12.01.2018 | 10:53

Ահա այսպես, ամեն անգամ, երբ Երկիր մոլորակը հերթական իր պտույտը կատարում է արևի շուրջը, տարին բոլորում և փոխվում է։ Իրականում տարին, որպես ժամանակի միավոր, ոչ նոր է և ոչ էլ հին, ոչ էլ փոխվող է։ Հավիտենությունից նայելիս, ժամանակն ամբողջական է, կյանքը՝ անվերջ։ ՈՒրեմն, տարին չէ, որ նոր է լինելու, տարին չէ, որ նորոգվելու է, նորոգվելու է մարդը, որին Աստված տվել է ժամանակ, ասել է թե՝ կյանք։ Աստված ժամանակը տվել-հանձնել է մարդուն, ուրեմն, ժամանակը մարդունն է և ոչ թե մարդը ժամանակինը։ Նոր է լինելու ոչ թե ժամանակի միավոր տարին, այլ մենք՝ մեր սրտով, մեր հոգով, մեր մոտեցմամբ, մտածողությամբ, մեր կյանքով։ Իսկ ի՞նչ ասել է շնորհավոր Նոր տարի, ո՞րն է այս ողջույն-մաղթանքի խորհուրդը։ Հաղորդակցության այս կերպի հիմքում օրհնությունն է, որ ընկած է։ Մարդը մարդուն լուրը հայտնում է, որ բարի է։ Շնորհավոր Նոր տարի ասելով, հայտնում է, որ այն, ինչ գալիս է հավիտենական պտույտով, շնորհներով, Աստծո շնորհներով, լի է։ Այն, ինչը համարվում է տարի, տոնական է և քոնն է։ Իսկ ինչո՞վ է տոնական, իհարկե, Քրիստոս մանկան ծնունդով, ծնունդ, որ սուրբ է։ Հիրավի, առանց Սուրբ ծննդի Նոր տարի գոյություն չունի։ Քրիստոս մանկան ծնունդով է սկսվում Նոր տարին։ Քրիստոսով է, որ ժամանակը փոխվում է և փոխվում է մարդն իր ներաշխարհով։ ՈՒրեմն, նախ տանք բարի լուրը, որ ավետիս է. «Քրիստոս ծնավ և հայտնեցավ» և ապա. «Օրհնյալ է ծնունդը և հայտնությունը Հիսուս Քրիստոսի»։


Աշխարհի բնակչության մոտ ութսուն տոկոսը Քրիստոսի ծնունդը տոնում է դեկտեմբերի 25-ին, մյուսները՝ հունվարի 6-ին։ Համայն հայության հայրենիք Հայաստանը, պետականորեն, Առաքելական սուրբ եկեղեցու կանոնակարգի համաձայն, Քրիստոսի ծնունդը տոնում է հունվարի 6-ին։ Իսկ աշխարհասփյուռ հայությունը Սուրբ ծնունդը նշում է թե՛ դեկտեմբերի 25-ին և թե՛ հունվարի 6-ին։ Ոչ թե վիճելի, այլ ուրախալի է, որ ազգը հնարավորություն ունի երկու անգամ տոնելու։ Նոր տարին էլ հետը, տոնական օրերը դառնում են երեքը։
Ո՛վ հայ ժողովուրդ, քրիստոնյա ժողովուրդ, Աստծո ժողովուրդ, մի երկրում չես, որ դառնամ դեպի այդ երկիրը, դու աշխարհում ես, աշխարհով մեկ, դու բեկոր-բեկոր ես, մաս-մաս ես, աշխարհասփյուռ ես։ Դառնամ դեպի Արևելք, դեպի քեզ դարձած լինելու եմ, դառնամ դեպի Արևմուտք, դեպի Հյուսիս, դեպի Հարավ, դեպի քեզ դարձած լինելու եմ։ Եղիր օրհնված, սիրելի հայրենակից, հեռավոր եղբայր, հեռավոր քույր, օրհնվի այն հողը, որի վրա գտնվում ես։ Դու հենց այնպես չես հայտնվել այդ երկրում։ Հայը հենց այնպես տուն ու տեղ թողնող չէ, չար աշխարհի չար գործի հետևանք է քո աշխարհացրիվ լինելը։ Հարյուր տարի առաջ ազգի լուսավոր զավակ Վահան Տերյանը պատգամել է. «Սիրտդ որպես վառ ատրուշան պահիր վառ, // Չար աշխարհի խավարի դեմ պահիր վառ»։ Սիրտը վառ պահելու համար, քո սրտում հայրենիք Հայաստանը լինելու է, իսկ Հայաստանը փրկելու համար որպես քրիստոնյա հայ ես ապրելու։ Այս կերպ է կայանալու մեր ազգային միաբանությունը՝ Հայրենիքով, հայոց լեզվով, Քրիստոսով և Աստծո սիրով ու հավատով։
Որտեղ որ քո գանձն է, այնտեղ էլ սիրտդ է լինելու։ Վիլյամ Սարոյանը, Վահագն Դավթյանի բնութագրմամբ՝ բարի հսկան, ասում էր. «Իմ սիրտը լեռներում է», այսինքն՝ Հայաստանում է։ Այսպես ասում էր, որովհետև Հայաստանը՝ իր լեռներով, Վիլյամ Սարոյան հայորդու սրտի մեջ էր։
Նոր տարին նաև հաշվետվության ժամ է, ժամանակ, տարվա հաշվետվություն, սակայն հայության հավիտենական հաշվետվությունն էլ կա, որ կարող է այս սուրբ պահին, հաղորդակցության այս վեհ ժամին, հանդես գալ հարցի տեսքով՝ ի՞նչն է մեզ՝ հայերիս, պահել, պահպանել, մահասարսուռ հողմերից փրկել։ Չէ՞ որ շատ ժողովուրդներ մնացին ճամփի կեսին ու նաև կորան։ Այսպես, ուրեմն, մեզ պահողը մեր քրիստոնեական արմատներն են, որ մեր մեջ են։ Մենք այն ժողովուրդն ենք, որի տկարության մեջ Աստված հայտնվում և զորացնում է։ Տկարությամբ զորացող ժողովուրդ ենք, հավատի ժողովուրդ։ Երեկ էր, Համո Սահյանն ասում էր. «Հակառակորդը, մեզ հետ թշնամացածը շատ ավելի վախենում է մեր հավատից, քան ուզածդ զենքից»։ ՈՒրեմն, սիրելի հայրենակից, այստեղ ես, թե այնտեղ, հարուստ ես, թե աղքատ, հիվանդ ես, թե առողջ, հավատարիմ լինելու ես, այն է՝ շարունակելու ես հավատալ, շարունակելու ես փնտրել, շարունակելու ես փակ դռներ բանալ։ Ազգին հավատարիմ լինել, երկրին հավատարիմ լինել, ընտանիքին հավատարիմ լինել, մարդուն ու մարդկությանը հավատարիմ լինել նշանակում է հավատարիմ լինել Աստծուն։ Հավատարիմը կարող է նեղված լինել, բայց ոչ թե ճնշված, կարող է ընկած լինել, բայց ոչ կորած, ծնկած, բայց ոչ հանձնված։
Քո Նոր տարին նոր կլինի, թե դու ազատվես խավար մտքից ու հիշողությունից, ազատվես վախից, կասկածից, ընչաքաղցությունից, ամենայն չար ու պիղծ բանից։ Նոր տարին նշանավորվի, տոնական լինի ոչ միայն սեղանով, այլև սրտով։ Կենաց բաժակ-բաժակաճառով օրհնությունը չի գալու, օրհնությունը գալու է Աստծո խոսքը լսելով և կատարելով։ Հոգին է, որ օրհնելու է, ոչ թե բերանը։ Անշուշտ, քո բերանի բառերը կարևոր են, սիրո, կարոտի, օրհնության բառերով թող բացվի քո բերանը։ Շուրթերիդ դռնով բարությունը մտնի աշխարհ։ Խոսքդ լսողի համար օրհնություն լինի և առիթ հոգևոր արթնացման։ Սանձել իմանաս լեզուդ, զանազանես ասելիքիդ չարն ու բարին։ Խոսես Աստծո խոսքը, իմանաս նաև՝ ոչ միայն ասածներիդ, այլև չասածներիդ համար պատասխանատու ես։ Լռությունը ոսկի է, բայց Աստված քեզ չի ստեղծել լուռ մնալու համար և ոչ էլ նստած տեղում մնալու համար։ Վեր կաց, մի սպասիր, որ մեկնումեկը քո գործն անելու է, քեզ համար մի նոր դուռ բացելու է։ Նախ ինքդ բաց դուռը, քո տան, քո սրտի դուռը, որ քո դեմ էլ դռներ բացվեն։ Սերը աշխատանք է, հավատը աշխատանք է, հավիտենական կյանքի խոսքը խոսելը նույնպես աշխատանք է, հոգու աշխատանք։ Մի սպասիր բախտիդ, դրսից չի գալու, բախտդ բացվելու է քո ներսի մարդու նորոգմամբ, ներսի մարդու հավատի զորացմամբ։ Քո բախտը քո բերանի բառերով կայանալու է, բառեր, որ քո մտածողությամբ են, քո սրտի միջից են։ Ազատությունը ինքդ քեզ չզսպելով չէ, ազատությունը ինքդ քեզ վերահսկելով է։ Ազատությունը մեղքից ազատ լինելն է։
Նոր տարին նոր երգեր երգելով դիմավորենք։ Անցյալը չմոռանանք, բայց ոչ անցյալի մեջ ապրենք և ոչ էլ անցյալով ապրենք։ Նոր տարվա սեղանին գինին լինելու է, ճաշակենք, բայց գինով չլցվենք։ Աստծո խոսքն ասում է՝ մի լցվեք գինով, որի մեջ պղծություն կա, այլ լցվեք հոգով, որ կյանք ունենաք։ 2017-ից անցնելով 2018-ին, կյանքդ չի փոխվելու, եթե միտքդ չփոխվի, սիրտդ չի փոխվելու, եթե սրտիդ դուռը չբանաս Աստծո առաջ։ Ամեն տեղ կյանքը նույնը չէ, հայի համար նույնը չէ, բարեկեցիկ կյանք կարող ես ունենալ օտար երկնքի տակ, բայց օրհնությունը հայրենիքում է, որի անունը Հայաստան է, Հայաստանի Հանրապետություն։ Օրհնությունը Արցախում է, որը վաղեմի երկիր է հայոց, բայց առանձին է, անկախ։ Աշխարհի ժողովուրդները, պետությունները կարող են Արցախի անկախությունն ընդունել կամ էլ չընդունել, բայց Աստված ընդունել է, Աստված ինքն էլ՝ որպես աներևույթ, անտես, բայց իրական «ազատամարտիկ», Արցախի ազատագրական պայքարի մեջ էր։ Աստծո անտես ձեռքը ներկա էր, սա ես չէ, որ ասում եմ, ասում են բոլոր ազատամարտիկները։ Իսկ այն, որ Աստված մեզ հետ է, ամեն բան նշանակելու է։ Արցախը կյանքի դաս եղավ հայոց համար, ինչու չէ, աշխարհի ժողովուրդների համար էլ. ապրելով մեռնելը մարդկային է, բնական, մինչդեռ մեռնելով ապրելն աստվածային է, գերբնական։ Ասածիս վկայությունը 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի նահատակ տղաներն են, երկրային կյանք չտեսած, երկրային կյանքից հրաժարված տղաներ-երկնայինները։ Նրանք գերադասեցին մահը, քան փախուստի դիմելը, դիրքերը զիջելով ապրելը։ Իսկ դու, սիրելի հայրենակից, ի՞նչն ես գերադասում։ Չլինի՞ ասում ես՝ ես ո՞վ եմ, որ… Մի ասա, միգուցե դու այն մարդն ես, որ օրհնություն ես բերելու քո հայրենիք Հայաստանին և քո հայ ժողովրդին՝ բացելով փրկության դուռը։ Ոչինչ, որ դուռը նեղ է, մտիր, որ չկորչես։ Մաքրիր սրտիդ պատուհանը, որպեսզի բացվեն երկնքի լուսավոր պատուհանները, բացվեն քեզ համար, քո ընտանիքի, քո երեխաների, քո հարազատների և քո ազգի համար։ Փակ ու վարագուրած պատուհանով արևը ներս չի գալու։ Օրհնություն բեր Հայաստանին, մի նայիր չունեցածիդ, այլ նայիր ունեցածիդ և գոհացիր։ Աստված ասում է, սրբություններդ շներին մի տուր և ոչ էլ մարգարիտներդ շաղ տուր խոզերի առաջ։ Մի ապրիր եվրոպական կոչված կամ էլ մեկ այլ արժեքներով, այլ ապրիր քո ազգային արժեքներով, որ Աստծո տված են քեզ ու քո բոլոր սերունդներին։


Աստվածաշնչյան Իսահակն ուզում էր վեր կենալ ու գնալ Եգիպտոս, այնտեղ ապրելու էր գնում։ Աստված խոսեց հետը՝ մի գնա, մնա, ես քեզ օրհնելու եմ քո երկրի մեջ։ Իսահակը լսեց Աստծուն, մնաց, ցանեց և մեկին հարյուր հնձեց։ Դու էլ, սիրելի հայրենակից, իմացիր` քո հայրենիքը օրհնություն է, օրհնված տեղ։ Լսիր Աստծուն, որ խոսում է մարդկային շուրթերով։ Մի թող քո երկիրը, Աստված քեզ էլ օրհնելու է քո երկրում։ Մի ասա. «Սա ինչ երկիր է, որ…», այլ ասա. «Սա Հայաստանն է, իմ հայրենիքը, իմ երկիր դրախտավայրն է, որտեղ ապրել եմ, ապրում եմ, ապրելու եմ»։
Փույթ չէ, թե ուրիշներն ինչպիսին են, դու արդար մարդ եղիր, որովհետև արդարի տանը շատ գանձեր կան. կա խաղաղություն, հանգիստ կա, կա համերաշխություն, կա Աստված։ Եկամուտը գանձ չէ, եկամուտը երեխաներին պահելու համար է, երեխաներ, որ գանձեր են։ Քո գանձը թող քո ընտանիքը լինի, քո գանձը թող քո Հայաստանը լինի, քո գանձը, Վահան Տերյանի ասած՝ աղոթքիդ լեզուն թող լինի, լեզու-արքայականը, որ հայերենն է։ Քո գանձը քո Տիրոջ երկյուղն է, հայոց հողն է, ջուրն է, հայոց երկինքն է քո գանձը, աստվածաշնչյան Արարատն է, Արագածը…


Ինչու չէ, գանձ է, այն էլ ինչպիսի՜ գանձ, այն ձայնը, որ հնչում է հիմա հայրենիք Հայաստանից և հասնում հեռավոր հայրենակիցներին։ Ձայն է, որ հայրենական ղողանջով է, ձայն է, որ կանչում է, ձայն է, որ մարդկային շուրթերով հնչող հավիտենական կանչ է, հավիտենական կյանքի կանչ։ Ձայն է, որի մեջ երանիներ կան, որոնցից մեկը Վահան Տերյան վտարանդի հայորդունն է. «Երանի՜ նրան, ով հայրենական տուն ունի հիմա...»։


Հարություն ՀՈՎՆԱԹԱՆ

Դիտվել է՝ 5707

Մեկնաբանություններ

թյան թուրքական բաղադրիչը' width='220' height='163' />
Եվրասիականության թուրքական բաղադրիչը

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո
Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո