Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Էքզյուպերիի բոլոր երկերին հատուկ է խաբուսիկ պարզություն, որի տակ իսկական, խստապահանջ աշխատանք է թաքնված

Էքզյուպերիի բոլոր երկերին հատուկ է խաբուսիկ պարզություն, որի տակ իսկական, խստապահանջ աշխատանք է թաքնված
13.01.2018 | 16:14

Հունվարի 20-ին Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի կունենա սիրված գրողներից Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Գիշերային թռիչք» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, թարգմանիչն է Շուշանիկ Թամրազյանը:
«Գիշերային թռիչք» վիպակն Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի երկրորդ արձակ ստեղծագործությունն է: Փոստային առաքումներ իրականացնող ավիաընկերության տնօրեն Ռիվիերն ու իր գործընկերները պայքարում են հանուն գիշերային թռիչքների, որոնք անիմանալի խիզախում են պահանջում օդաչուներից: Վիպակում պատկերված են կյանքի և մահվան սահմանեզրին կանգնած մարդու ապրումները, մահը ժխտող անխորտակ հույսը: «Գիշերային թռիչքը» դառնում է խորհրդածություն մարդկային կյանքի արժեքի և իմաստի շուրջ:
Ստեղծագործության մասին զրուցել ենք գրքի թարգմանիչ Շուշանիկ Թամրազյանի հետ, ով հայերեն է թարգմանում Էքզյուպերիի բոլոր գործերը: Նրա թարգմանությամբ արդեն իսկ ընթերցողին է ներկայացվել Էքզյուպերիի «Մարդկանց երկիր»-ը:


-Կուզենայի անդրադառնայինք «Գիշերային թռիչք» ստեղծագործությանը, նշեիք Ձեր կարծիքն այս գործի մասին:
- «Գիշերային թռիչքը» հեղինակի երկրորդ գիրքն է «Հարավային փոստատարից» հետո: Էքզյուպերին երեսունմեկ տարեկան է, երբ այն լույս է տեսնում: Երկի ներքին լարումն այնքան մեծ է, կլանող, այնքան անժխտելի է ապրումի ճշմարտացիությունը, որ վիպակն անմիջապես իր վրա է բևեռում գրաքննադատների և ընթերցողների ուշադրությունը՝ 1931-ին արժանանալով «Femina» գրական հեղինակավոր մրցանակին: Պատմությունը, իսկապես, ուշագրավ է. ավիաընկերության տնօրեն Ռիվիերը փորձում է ամեն գնով պարտադրել գիշերային թռիչքները, որ հաճախ օդաչուների համար վերածվում են կենաց ու մահու պայքարի: Նա սպասում է իր երեք ինքնաթիռների վերադարձին, և ընթերցողը հետևում է ինչպես երեք օդաչուների երթուղուն, այնպես էլ Ռիվիերի ներաշխարհի վերուվարումներին: Կառուցվածքը չափազանց դինամիկ է: Երկի հուզական առանցքը երեք օդաչուներից մեկի՝ Ֆաբիենի ճակատագիրն է, որի ինքնաթիռը հայտնվում է անելանելի վիճակում: Էքզյուպերիի՝ իմ ամենասիրած գործերից է, առանձին էջեր ցնցում են իրենց բանաստեղծականությամբ:
- Այս գործը թարգմանելիս արդյոք բախվե՞լ եք թարգմանական դժվարությունների: Ինչո՞վ է այն յուրահատուկ թարգմանական տեսանկյունից:
- Էքզյուպերիի բոլոր երկերին էլ հատուկ է խաբուսիկ մի պարզություն, որի տակ իսկական, խստապահանջ աշխատանք է թաքնված: Աշխատանք կառուցվածքի վրա, գրվածքի ոճի, ռիթմի վրա: «Գիշերային թռիչքը» բացառություն չէր:
Որպես թարգմանական խնդիր՝ կառանձնացնեի նախ երկի կառուցվածքը: Գործը գրվել է Էքզյուպերիի ստեղծագործական վաղ շրջանում, այն հորինապատում է (ֆիկցիա)՝ հիմնված, անշուշտ, անձնական փորձի վրա: Բայց այն կառուցիկ, զարգացող սյուժե ունի: Շարադրված է երրորդ դեմքով. պատմողը չեզոք է, արտաքին և ոչ թե իրադարձությունների անմիջական մասնակից: Այստեղ ավելի քիչ են խոհափիլիսոփայական ընդհանրացումները՝ ի տարբերություն, օրինակ, «Մարդկանց երկրի»: Մենք հետևում ենք հերոսների ճակատագրին, երբեմն մասնակից դառնում նրանց ապրումներին: Պատումի հյուսվածքը բազմաճյուղ է. Ռիվիերը, որ սպասում է իր երեք ինքնաթիռների վերադարձին, տեսուչ Ռոբինոյի երկյուղած քայլերը՝ դատապարտված միջակության, թռիչքն իրագործող երեք օդաչուները՝ իրենց երեք տարբեր երթուղիներով: Պատումը սրընթաց, կտրուկ ցատկեր է գործում սյուժետային մի գծից մյուսը, համարձակորեն ժամանակային մի պլանից մյուսը նետվում՝ առանց բացատրությունների, առանց զգուշացումների: Սա արդեն իսկ մեծ բանաստեղծականություն է հաղորդում երկին, կենդանացնում վիպակի կառուցվածքը: Այդ ցատկերը թարգմանչից որոշակի ճկունություն են պահանջում, որպեսզի բնագիրը չկորցնի իր ինքնատիպությունը, իր լարման ուժը:
Մյուս խնդիրը Էքզյուպերիի երկի վճիտ բանաստեղծականությունն է: Օդաչուներից մեկը Ֆաբիենն է, որ շուտով հայտնվում է անելանելի վիճակում: Եվ կյանքի ու մահվան սահմանագծին հայտնված մարդու ապրումը, որը մինչև վերջ ժխտում է մահը, փորձում լույս «մուրալ» անթափանց խավարից, այնքան խորն է ու ճշմարիտ, որ հոգեբանական-էմոցիոնալ տեսանկյունից Ֆաբիենի կերպարը բևեռացնում է ողջ պատումը, վերածվում գլխավոր հերոսի: Օդաչու Ֆաբիենի լուսեղեն արկածը ներկայացնող հակիրճ էջերը թերևս ամենաբանաստեղծականն են Էքզյուպերիի գրական ժառանգության մեջ: Էքզյուպերիի հերոսի համար աստղերը նման են «թարփի հատակին երևացող մահացու խայծի», մի ուրիշ տեղ նա աստղերը համեմատում է «սառցե անգին քարերի հետ», աստղերի պաղ կախարդանքը՝ «աստղերի գունատ մագնիսի», կործանվող ինքնաթիռից ստացվող անվերծանելի ձայնային ալիքը «ամենազուլալ հնչյունն է, որ երբևէ հուսահատությունն է արձակել», մոլորված օդաչուի «ատամները խրվում են աստղերի մեջ»... Կարելի է շարունակել: Ֆաբիենը բախվում է բնության տարերքներին՝ ամպրոպին, փոթորկին, կայծակին, տիեզերքի առեղծվածներին՝ լուսատուներին, խավարին, ու նրա հայացքում բոլոր այդ տարրերն օժտված են բանաստեղծական շողարձակմամբ: Թարգմանիչը շատ ուշադիր պետք է աշխատի, որպեսզի այդ շողարձակումը հնարավոր դառնա նաև նոր՝ թարգմանության լեզվով: Երկար, համբերատար աշխատանք է պահանջվում պարզագույն նախադասությունների ռիթմի, բառերի դասավորության վրա, որպեսզի Էքզյուպերիի «կախարդական սրինգը» չլռի, չկորցնի իր կախարդանքի ուժը:
-Ի՞նչ բացահայտումներ կունենա ընթերցողն այս գործը կարդալիս:
-Անձամբ ինձ համար ստեղծագործության գլխավոր բացահայտումն օդաչու Ֆաբիենի ապրումն է, որ մահվան շեմին՝ դեգերում է աստղերի մեջ: Հստակ գիտակցելով, որ ելքն անհնար է, նա շարունկում է խավարը փոխակերպել լույսի: Փխրուն, բայց և անխորտակ այդ հույսը դառնում է մահվան յուրօրինակ ժխտում: Բայց երկը հարուստ է, բազմաշերտ: Ընթերցողին մի շարք այլ բացահայտումներ են սպասում:
-Ո՞րն է Էքզյուպերիի գործերի յուրահատկությունը:
- Ամեն ինչ հիմնած է անձնական փորձի վրա: Ես սա ինքս ինձ համար արձանագրեցի հասուն տարիքում Էքզյուպերիին վերընթերցելիս, երբ պատանեկան խանդավառ վերաբերմունքը «Փոքրիկ Իշխանի» հեղինակի հանդեպ մնացել էր ետևում: Եվ անձամբ ինձ համար այդ դիտարկումը վերածվեց ուղեցույցի, որպեսզի ճիշտ ընթերցեմ Էքզյուպերիին, որպեսզի աֆորիզմներ կամ գաղափարախոսական ուղերձներ չփնտրեմ նրա գրվածքներում՝ կոնկրետ համատեքստից, փորձից դուրս: Աֆորիզմները գրավիչ են, բայց երկի ներքին շարժումից, լարումից դուրս՝ հաճախ այն դարձնում են պարզունակ, աղքատացնում են, բնականաբար, դրանց մեջ լռում է գործի գեղարվեստական ճշմարտությունը:
-Որքանո՞վ է մեր օրերում պահանջված ու արդիական Էքզյուպերիի գրականությունը:
-Արդիականության խնդիրն ինձ համար միշտ էլ հարաբերական է, կարելի է ասել՝ թերի ձևակերպում է, երբ խոսքը ճշմարիտ գրականության մասին է: Թերևս, այս հարցին սպառիչ պատասխան կարող են տալ գրքի շուկայի մասնագետները, ես այդ դաշտի գիտակը չեմ: Ինձ համար ճշմարիտ ստեղծագործությունները վերժամանակյա են, այսինքն՝ կախում չունեն ժամանակային-տարածական պայմանականություններից: Նրանց խորքում ճառագող մարդկային բովանդակությունը երբեք չի խունանում: Ապրումի ճշմարտությունը բառաշխարհում վերստեղծելու այդ բացառիկ ունակությամբ, անկախ դարաշրջանից, անկախ հասարակարգից, դրանք դառնում են մեր ուղեկիցը, մեր զրուցակիցը, այսինքն՝ ժամանակակիցը: Ըստ իս՝ Էքզյուպերիի ողջ ստեղծագործության մեջ, այդ թվում՝ «Գիշերային թռիչքում» բացառիկ է լուսավոր ու ողբերգական այդ հայացքը, որ փորձում է փրկել, իսկ երբեմն՝ հորինել մարդուն աղետալի մի ժամանակաշրջանում՝ նախորդ դարի 30-40 թվականներին, երբ հասարակական-քաղաքական մտքի այնքան ողբերգական և անդառնալի շրջադարձերի արդյունքում մարդիկ համակենտրոնացման ճամբարներում վերածվելու էին համարակալված մեքենաների, իսկ մարդկության մի հատվածը միանգամայն անթաքույց, ճիվաղային ցինիզմով հղանալու էր մահվան իսկական գործարաններ, ֆաբրիկաներ՝ «վերջնական լուծման» համար: Այսօր էլ մտածող, ստեղծագործ անհատը երբեմն այն զգացումն է ունենում, որ ականատես է աննախադեպ մի համաղետի: Այդ հայացքը՝ իր ողբերգական, միայնակ «լավատեսությամբ», ինձ համար Էքզյուպերիի բոլոր ստեղծագործությունների հենքն է: Բայց դրանից զատ՝ հեղինակը կոնկրետ հարցադրումներ է առաջ քաշում, որ զարմանալիորեն համահունչ են մերօրյա իրականությանը. օրինակ՝ «Գիշերային թռիչքի» մեջ անհատական և հանրային շահերի բախումը, մարդկային կյանքի արժեքը և սխրանքի իմաստը. գիշերային թռիչքների ջատագով Ռիվիերը, որի նախատիպը Աերոպոստալի տնօրեն Դիդյե Դորան է, գիտի, որ մարդկային կյանքը մեծագույն արժեք է, բայց նկատում է, որ մենք բոլորս ապրում ենք այնպես, կարծես գոյություն ունի թաքուն, բարձրագույն մի նպատակ կամ իմաստ կամ ճշմարտություն, որ վեր է զուտ ֆիզիկական մեր գոյության փաստից: Այդ հավատամքը նրան մղում է անդադրում շարժման՝ իր վերելքներով և վայրէջքներով, հաղթանակներով և պարտություններով: «Գիշերային թռիչքի» կերպարները կարելի է ասել՝ մնում են ռոմանտիկ հերոսներ. նրանք հավատում են սխրանքին, հավատում են հերոսությանը: Մի ուրիշ հետաքրքիր գաղափար. գլխավոր հերոսներից մեկի՝ Ռիվիերի շնորհիվ, Էքզյուպերին ցույց է տալիս, որ ժամանակակից հասարակության մեջ հաղթանակն ու պարտությունը պայմանական, խաբուսիկ կաղապարներ են, և հաճախ անհատն անգիտակցաբար տրվում է այդ ծուղակին, մինչդեռ կարևորը ներքին անդավաճան ուղին է, և որ այն չընդհատվի: Էքզյուպերին պատկերում է անվերջանալի ինքնահաղթահարումը՝ որպես ներքին կատարելության ուղի: Մի խոսքով՝ կարելի է երկար շարունակել:
- Էքզյուպերիի ո՞ր գործն եք թարգմանում այս պահին: Ո՞րը կվերջացնեք հաջորդիվ:
-Ավարտում եմ «Նամակ պատանդին»: Առջևում... սպասում է երկար ճանապարհ «Ռազմական օդաչուի» հետ:

Ռոզա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 4336

Մեկնաբանություններ

գործընկերություն" title="Ռազմավարական գործընկերություն" />
Ռազմավարական գործընկերություն