ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Գնացել էիք նախագահական, գոնե խոսեիք

Գնացել էիք նախագահական, գոնե խոսեիք
16.01.2018 | 00:28

Երեկ քաղաքական տարին ԱԺ-ում սկսվեց տնտեսական «բունտով»: Նախագահականից վերադարձած ընդդիմությունը՝ «Ծառուկյան» դաշինքը ավելի էր ըմբոստացել (տեսնես՝ նախագահականում ինչ էին նրանց հյուրասիրել): Ծառուկյանականները «պոպուլիստ» ու «դեմագոգ» որակումներով, կառավարության «ճտտոցով» քվեարկող ԱԺ մեծամասնությանն ամոթանք տվեցին, թե ժողովրդի շունչը կտրվում է այս կառավարության վարած քաղաքականությունից: Տնտեսական նախագծերով գրոհեցին, բայց նպատակակետին չհասան: Խմբակցության առաջարկած երկու նախագծերն էլ իշխանությունը չընդունեց: Խորհրդարանական ընդդիմադիրները հակավարչապետական ուղղությամբ են սկսել տարին: «Ելքը» թանկացումների դեմ բողոքի ակցիա է անում, «Ծառուկյանը» խորհրդարանում է պայքար մղում կառավարության դեմ: Իսկ իրականում նրանք ավելի շատ միմյանց են փորձության ենթարկում, քան իշխանությանը: Ավելի շահեկան վիճակում է «Ելքը». չի գնացել նախագահի դուռը, սկսում է փողոցային պայքարը և ծառուկյանականներին «անմեղ դեմքով» ասում` եթե թանկացումների դեմ եք, ինչու եք կառավարությանը բզկտում, բայց մեր ակցիային չեք միանում: ՈՒ սա երեկ մեկնարկած նստաշրջանի առաջին օրվա նիստի առաջին ժամերի վարման կարգի հիմնական ուղղությունն էր: «Ծառուկյան» խմբակցության յուրաքանչյուր նախագծի քվեարկությունից առաջ և հետո «Ելքը» վերջիններիս հասկացնում էր` եթե ժողովրդի հոգսով այդքան մտահոգ եք, եկեք մեզ հետ փողոցային պայքարի: Էդմոն Մարուքյանն անգամ հայտարարեց, որ եթե ժողովրդի շունչը կտրվում է, նոր շնչառության համար ԱԺ-ն չէ հարմար տեղը, այլ փողոցը:


Բայց Գագիկ Ծառուկյանի կուսակիցների սիրտը ելքականների հորդորներից «չհալվեց»: Նրանք շարունակեցին իշխանության դեմ պայքարել ԱԺ ամբիոնից: Իշխանության հավաքական կերպարը, ընդդիմության դեմ վահանը տնտեսական հարցերի ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն էր, նրա նյարդերը մի պահ չդիմացան ու նետեց, թե տնտեսագիտական համալսարանի երրորդ կուրսի ուսանողն էլ կասեր, որ սա ճիշտ նախագիծ չէ: «Ծառուկյան» խմբակցության տնտեսագետ դոկտորները շատ խոցվեցին: Դահլիճից Վարդան Բոստանջյանը «տեղը դրեց» իշխանության ներկայացուցչին, իսկ ԱԺ ղեկավարության հարթակից՝ Միքայել Մելքումյանը:


Այսպիսի թեժ քննարկումներ շատ են հանդիպում խորհրդարանում, հատկապես, երբ ընդդիմության մոտ վարչապետական «սրացումներ» են, կարևոր ընտրություններ են առջևում, և երբ ոմանց բիզնես շահերն են վտանգվում: Սակայն այս անգամ իրավիճակը մի փոքր այլ է: Ընդամենը օրերս է «Ծառուկյան» խմբակցությունն իր ղեկավար կազմով հյուրընկալվել Սերժ Սարգսյանի նստավայրում: Նախագահի ելույթից պարզվում է, որ խոսել են խորհրդարանի ազդեցության, երկրի զարկերակին ձեռքը պահելու մասին և անգամ օրվա թեմայից՝ թանկացումներից: Հիմա հարց է առաջանում՝ առաջին դեմքով նախագահին հյուրընկալված ընդդիմությունը Սերժ Սարգսյանին ներկայացրե՞լ է այն մտահոգությունները, որ երեկ ԱԺ-ում պատկերավոր բառուբանով, իրար հերթ չտալով հայտարարեցին («ժուլիկ» տնտեսավարողների ախորժակը զսպեք, ՀՀԿ-ի քաղաքականության պատճառով ժողովրդի շունչը կտրվում է, պոպուլիստն ու դեմագոգը իշխանությունն է):
Դժվար է պատկերացնել այս ամենն ասող Գագիկ Ծառուկյանի դեմքը: Այնպես որ, հազիվ թե այս թեմաները բացեին նախագահականում: Գոնե երեկ իրենց ներկայացրած նախագծերի առնչությամբ հավանություն «կորզեին» նախագահից, սակայն նրանք իրականում այդ խնդիրը բացարձակապես չունեին:


Ի հեճուկս ընդդիմադիրների՝ ժողովրդին հուզող խնդիրներն առաջին դեմքով պարզելու հնարավորության, երկրի ղեկավարն անթաքույց նրանց թելադրեց-հրահանգեց՝ ապագա նախագահը պետք է ընտրվի «ընդարձակ համաձայնության պայմաններում»: Այսինքն, ոչ միայն իշխանական ուժերը, այլև ծառուկյանականները խելոք-խելոք պետք է գնան ու ընտրեն այն թեկնածուին, ում կառաջարկի ՀՀԿ-ն: Այսքանից հետո ծառուկյանականների «սև սիրտն» ու «Ելքի» առաջարկը՝ եկեք մեր ակցիային միացեք: Այստեղ են ասել՝ թան էլ չէ, բրդած մածուն:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4186

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ