«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Մեր շրջակա աշխարհը

Մեր շրջակա աշխարհը
16.01.2018 | 11:53

Պետք է խոստովանեմ. երբ անցած տարեվերջին հոդվածաշար էր հղացվում տարվա արդյունքների մասին, ես ենթադրում էի ընտրել առավել կարևոր իրադարձությունների ու փաստերի ընդլայնված ձևաչափ: Որովհետև աշխարհը հաստատ տեղում կանգնած չէր մնացել և շարունակ փոխվում էր դեպի վատը: Եվ եթե, ասենք, 2017 թ. հուլիսի 31-ի իրադարձությունը, երբ Չինաստանը հանդիսավոր կերպով իր առաջին արտասահմանյան ռազմաբազան բացեց աֆրիկյան Ջիբութի երկրում (դա շատ հեռու է Հայաստանից, թեև կազդի համաշխարհային քաղաքականության ամբողջ զարգացման վրա), ապա մեր մերձակա երկրներում՝ Սիրիայում ու Իրանում տեղի ունեցող իրադարձությունները դժվար է վտանգավոր չհամարել Հայաստանի ու հայ ժողովրդի համար: Բայց կարևոր է նաև հասկանալ, թե ինչու դա սկսեց տեղի ունենալ: Հասկանալի պատճառով Ռուսաստանի և Արևմուտքի, Չինաստանի և Արևմուտքի միջև հակասությունների խորացման նրբությունները Սիրիայի ու Իրանի ֆոնին Հայաստանի համար որոշակիորեն հետին պլան են նահանջում: Ժամանակը չէ նայելու մեծերի միջև տեղի ունեցող «պոզահարումներին». այստեղ կարևոր է բաց չթողնել պահը, որից կախված է այն տարածաշրջանների հետագա ճակատագիրը, որոնք շրջապատում են Հայաստանն ու Անդրկովկասը հարավից:


Այստեղ «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման ահաբեկիչների դեմ Ռուսաստանի և Իրանի բարձրագույն ղեկավարության հռչակած հաղթանակները նույնիսկ դատարկ բան են: Որովհետև, պարզվում է, ԱՄՆ-ի զինվորականները իրենց օդային փոխադրամիջոցներով ԻՊ-ի պարագլուխներին և մոլի զինյալներին համարձակորեն էվակուացրել էին իրենց բազաներն ու... «ազատ գոտիները», որոնք վստահվել էին Թուրքիային: «Ահաբեկիչներին փրկելու» նման գործողություններ են տեղի ունեցել ոչ միայն Սիրիայում, այլև Իրաքում: Այստեղ ես միտումնավոր բաց եմ թողնում տարածաշրջանի քրդերի հարցը, թեև, իհարկե, «չպահանջարկված անկախության» հետ կապված հերթական համաշխարհային միջադեպը խիստ կարևոր նշանակություն ունի: Ինչպես այն փաստը, որ Իսրայելի գործակալներին, Մասուդ Բարզանիի գլխավորությամբ, վերջնականորեն ձախողել են իրենք իսկ քրդերը, ինչպես նաև տարածաշրջանի եզդիները: Սակայն քրդական միջավայրում փոխադարձ անվստահության պայթյունը ոչինչ է այն բանի համեմատ, ինչ տեղի է ունենում Սիրիայում: Թուրքերն ու ամերիկացիները իրենց «ներկայության գոտիներում» ուժգնորեն վարժեցնում են և՛ ԻՊ-ի, և՛ նախկին «Ջեբհաթ ան-Նուսրայի», և՛ ահաբեկչական այլ խմբերի զինյալներին... նրանցից «Նոր սիրիական բանակ» կազմավորելու համար: Նպատակը շատ պարզ է. երկարաձգել պատերազմը Սիրիայում և երեկվա ահաբեկիչներին տարփողել իբրև «սիրիական նոր ընդդիմություն»: Չէ՞ որ մոտենում է նաև քաղաքական կարգավորման ժամանակը: Իսկ ամերիկամետ և թուրքամետ ուժերի ձեռքին չնչին տարածքներ են:
Այստեղից էլ ռուսական ռազմաօդային բազայի և Հմեյմիմի հակաօդային պաշտպանության բազայի վրա դեկտեմբերի վերջին կատարված հարձակումները, այստեղից էլ Դամասկոսի արվարձաններում, մասնավորապես Խարեստա ավանում պատերազմի նոր ճակատ բացելու փորձը: Տարբեր տեսակի մանր-մունր միջադեպերը կարելի է առհասարակ հաշվի չառնել, թեև ավելի ու ավելի համառորեն են տարածվում լուրերն ու հրապարակումներն այն մասին, որ Սիրիայում նոր պատերազմի սկսման հնարավորության քողի ներքո Թուրքիան, այնուամենայնիվ, ուզում է, փաստորեն, օկուպացնել այն բոլոր անկլավները, որտեղ դրության տերը մնում են «Քրդական ժողովրդավարական միություն» կուսակցությունը (PYD) և նրա Քրդական ժողովրդական ինքնապաշտպանության (YPG) ջոկատները: Հիշելով, որ նոյեմբերի վերջին Թուրքիայի նախագահ Էրդողանը իր ամերիկացի պաշտոնակից Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո աշխարհով մեկ հայտարարեց, որ «Թուրքիան ու ԱՄՆ-ը նորից նույն ալիքի վրա են», նման սցենարը միանգամայն հավանական է թվում: Այնուամենայնիվ, ԱՄՆ-ը (և Թուրքիայի ստվերային դաշնակից Իսրայելը) չի կարող հաշվի չառնել այն հանգամանքը, որ Բարզանիի կլանի անկումից հետո քրդական միջավայրում չտեսնված մեծացել են Քրդական հարցում առաջնային դիրքեր ունենալու Իրանի հնարավորությունները: Այսինքն, ԻՊ-ի ջախջախմամբ Մերձավոր Արևելքում անդորր ու կայունություն չեն լինի, իսկ նոր պատերազմը, ըստ էության, արդեն ընթանում է: Այսպիսով պատասխան քայլերը Իրանինն ու Ռուսաստանինն են: Տրամաբանորեն, չէ՞ որ Էլ-Բաբայի և Իդլիբի նահանգի շրջակա բոլոր ամերիկյան բազաներն ու թուրքական «ազատ գոտին» շատ խոցելի օբյեկտներ են: Ահա, օրինակ, հիմա Իդլիբի նահանգում և բուն Իդլիբում «անհասկանալի» մարտեր են սկսվել իբր հենց զինյալների միջև: Կատարվում են լուրջ ահաբեկչական ակտեր՝ տասնյակ զոհերով. մասնավորապես հաղորդվում է, որ ոչնչացվել է ռուսական Հյուսիսային Կովկասից եկած ավելի քան 40 զինյալ, որոնք մինչ օրս մնացել էին Սիրիայում: Հարաստը հունվարի 7-ին ապաշրջափակել է սիրիական բանակն ինքը, և այնտեղ սկսվել է դաժան «մաքրում»՝ Խեզարի (շիական, Աֆղանստան) «Ֆաստիմիոն» աշխարհազորի մասնակցությամբ: Հերթը տեղական մի շարք նահանգներում՝ Հալեպում, Համայում ու Հոմսում կատարվելիք «մաքրմանն» է, ինչպես նաև... հենց Հորդանանի և Իսրայելի հետ Սիրիայի սահմաններին՝ Սիրիայի հարավում գտնվող... Էտ-Տանֆի ամերիկա-անգլիական բազայինը:


Դե, իսկ ի՞նչ պիտի ձեռնարկեին այն երկրները, որոնք հովանավորել էին «Խալիֆայությանը» և ԻՊ խմբավորմանը սկսած 2014 թվականից: Տրամաբանությունը շատ պարզ է, և այն հաստատվեց. «խաղից» հանել Իրանը: Հարց է ծագում՝ իսկ ինչպե՞ս, և ինչի՞ համար: Մի՞թե այն բանի, որ, հակառակ Թրամփի ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պարծենկոտ հայտարարությունների, հենց Իրանն ու նրա դաշնակից ուժերը ջախջախեցին ԻՊ-ի զինյալների ջոկատները:


Անցած տարեվերջին ես հասցրի ընթերցողներին տեղեկացնել, որ Երուսաղեմը Իսրայելի միասնական և անբաժանելի մայրաքաղաք «ճանաչելու» Թրամփի որոշումը թեև առայժմ չի հասել իր հիմնական նպատակին (հրահրել Իրանին ու շիաներին), այդուամենայնիվ, հակամարտության նոր մեկնարկ «կոգեշնչի» Մերձավոր Արևելքում: Եվ ահա, դեկտեմբերի 28-ից... Իրանում բողոքներ են սկսվել քաղաքների փողոցներում: Իբր այն բանի համար, որ, պատկերացնու՞մ եք, կառավարությունը հայտարարել է, թե հավկիթը թանկանալու է: Զարմանալի է, սակայն էպիկենտրոնը... շիականության գլխավոր քաղաքներից մեկի՝ Մեշհեդի հյուսիսարևելյան մասն էր: Հետագա իրադարձությունները ցույց տվեցին՝ «հավկիթի գները» սոսկ արտաքին շղարշ էին այն բանի, որ այստեղ իրենց սկսեին դրսևորել հույժ ամերիկամետ խմբավորումները: Իսկ այլևայլ կարգախոսների շարքում սկսեցին երևալ այնպիսիք, ինչպիսիք են «Մա՛հ Խամենեիին», «Կորչի այաթոլահը», չգիտես ինչու նաև «Մահ Ռուսաստանին» (կարծես Ռուսաստանն էր տապալել իրենց շահին և ոչ թե «Գրանդ Օրիենտ»՝ «Մեծ Արևելք» օթյակի արևմտյան մասոնները, և կարծես թե այաթոլահ Ռուհոլլա Հոմեյնին արդեն իսլամական հեղափոխության ավարտից հետո Թեհրան էր ժամանել ոչ թե Փարիզից, այլ Մոսկվայից) և այսպես շարունակ: Սա ոչ ոքի չի՞ հիշեցնում 2013-14 թթ. ՈՒկրաինան ու Կիևը: Պարզապես Իրանի քաղաքացիների մեջ արյունարբու բանդերականներ չգտնվեցին:
Հիմա, երբ հունվարի 3-ին ԻՀՊԿ-ի և հունվարի 4-ին Իրանի տեղեկատվության (հետախուզության) նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են խռովության ավարտի մասին, երբ ուրբաթ օրվանից մինչև կիրակի բազմահազարանոց ցույցեր ու հանրահավաքներ են տեղի ունեցել ի պաշտպանություն այաթոլահի և կառավարության, երբ նույնիսկ ազատ են արձակվել անկարգությունների որոշ մասնակիցներ, ժամանակն է մտորելու, թե այս ի՞նչ կատարվեց: Եվ ու՞ր կարող են տանել իրադարձությունները. չէ՞ որ Իրանը չի հապաղի իր թշնամիներին պատասխանել համարժեք ձևով: Այստեղ չափազանցություն չկա. հունվարի 7-ին իրանական ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Մոնտազեր Ալ-Մահդին հայտարարեց, որ Իրանում տեղի ունեցած վերջին անկարգությունների ընթացքում ձերբակալված խաբված խռովարարների մեծ մասը գրավով ազատ է արձակվել, մինչդեռ անկարգությունների հիմնական մեղավորները դեռևս կալանքի տակ են: Ոստիկանությունը կարճ ժամկետներում խելամիտ ու շրջահայաց գործողություններով կարողացավ «օրինական պահանջներ ներկայացնող մարդկանց տարբերել նրանցից, ովքեր անկարգություններ են կազմակերպել, և ապա ձերբակալել նրանց, ինչը հանգեցրել է այն բանին, որ խռովությունը դադարել է»: «Ձերբակալվածների մեջ կան այնպիսիք, ովքեր պղծել են Իրանի դրոշը, ինչպես նաև այնպիսիք, ովքեր 20 մարդու զոհվելու պատճառ են դարձել»: Այ, եթե ուրիշներն էլ կարողանային օրինակ վերցնել իրանցիներից այդ հարցում և «փողոցային ժողովրդավարության» խաբված մասնակիցներին օպերատիվ կարգով զատեին արտաքին ուժերի պատվերով գործողներից: Եվ դրանց ենթարկեին խստագույն քրեական պատասխանատվության, որպեսզի մյուսները չհամարձակվեն մաս կազմել իրենց երկրի ներսում ի շահ ԱՄՆ-ի կամ, ասենք, Իսրայելի կամ մի այլ երկրի գործող գործակալական ցանցի:


Այսպես թե այնպես, բայց «ինչու՞» հարցը, ինչպես նաև «այնուամենայնիվ, ինչու՞ դեկտեմբերի վերջին» հարցը շատ կարևոր ուղենիշեր են Իրանում տեղի ունեցած իրադարձությունների արմատները պարզելու ճանապարհին: Եկեք միամիտ չձևանանք և ամերիկյան ու սիոնիստական քարոզչության հետքով չկրկնենք պարտադրվող «նեյնիմը»: Դա, ի դեպ, վերաբերում է նաև ասպարեզում չգիտես որտեղից այդ քանակությամբ հայտնված «Իրանի գծով ռուս մասնագետների» բազմաթիվ զրպարտություններին, որոնց հրապարակումներում մշտապես առկայծում են «վկայակոչումներն» այն մասին, թե «Իրանը հսկայական ծախսեր է անում սիրիական հակամարտությանը մասնակցության և Եմենի հուսիներին, Իրաքի շիա աշխարհազորայիններին ու Գազայի հատվածի պաղեստինցիներին աջակցելու պատճառով»: Տպավորություն է ստեղծվում, որ նման, թող թույլ տրվի ասել, «ռուս փորձագետներն» էլ ԱՄՆ-ի և Իսրայելի քողարկված գործակալներ են և ոչ թե մասնագետներ, որոնք պարտավոր են կողմնորոշվել այն տեղեկություններով, որ ինքը Իրանն է ներկայացնում Սիրիայի, Իրաքի ու Եմենի հավատակիցներին իր օգնության և ռազմական գործողություններին իր մասնակցության չափի վերաբերյալ: Համաձայն եմ, որ ներիրանական խնդիրների հատուկ կողմը պետք չէ հանել օրակարգից: Բայց եկեք փորձենք գլուխ հանել: Ինչպե՞ս կարող ենք լուրջ ընդունել «ռուս փորձագետների» մեկ այլ խմբի պնդումները, թե Սիրիայի հարցում և, մասնավորապես, Էտ. Տանֆի բազայի գծով դաշնակիցները, այսինքն, բրիտանական MI-6 հատուկ ծառայությունը և ամերիկյան ԿՀՎ-ն հանկարծ Իրանի հարցում «տարակարծություն ունեն» և աշխարհը, պատկերացնու՞մ եք, ականատես է, որ «MI-ն ԿՀՎ-ի դեմ է Իրանում» և որ «Եվրոպան Մերձավոր Արևելքում մարտի մեջ է մտել Սայքսի-Պիկոյի աշխարհակարգի պահպանման համար»: Եթե չիմանայինք, որ ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան քաղաքական առումով վաղուց ԱՄՆ-ի և Իսրայելի գաղութներն են, այդ հեքիաթներին դեռ կարելի էր հավատալ... Սակայն Մերձավոր Արևելքում «Սայքսի-Պիկոյի աշխարհակարգի» անկյունաքարային տարրը Լիբանանն ու Սիրիան են, իսկ նրանց Արևմուտքը վաղուց է «քամում», Լիբանանին առհասարակ 70-ական թվականների վերջերից:


Այսպիսով, սկզբում ցուցարարները միայն տնտեսական պահանջներ էին առաջադրում՝ «Ո՛չ բարձր գներին» հիմնական կարգախոսով: Թեև Իրանը կամաց-կամաց ազատվում է պատժաբեռից, տնտեսությունը դուրս է եկել անկումից, իսկ ինֆլյացիան նվազել է, սակայն բիզնեսն առաջվա նման ներդրումների պակաս է զգում, գործազրկության պաշտոնական մակարդակը կազմում է 12,4 % (երիտասարդության շրջանում՝ 25 %), ինչը 1,4 %-ով ավելի է, քան նախընթաց տարում: Բացի այդ, Իրանը իրականացնում է սոցիալական սուբսիդիաների դրամայնացման ծրագիր, իսկ դա ենթադրում է հրաժարում գների պետական զսպման քաղաքականությունից: Այստեղից է, ահա, հավկիթի գների 40 % աճը, որն այժմ համարվում է իբրև հանրահավաքների հիմնական առիթ (թեև Իրանում տասը ձվի ներկա արժեքը 16-17 ցենտ է՝ 261 դոլար նվազագույն աշխատավարձի պարագայում): Հավաստիացնում եմ, հավկիթի գները ԱՄՆ-ում, Իսրայելում, Կանադայում, Եվրոպայում, նույնիսկ Ռուսաստանում շատ ավելի բարձր են, քան Իրանում, և այդ երկրներում բնավ էլ ոչ բոլորն են բարձր աշխատավարձ ստանում, ու թեև նվազագույն աշխատավարձը Արևմուտքում, Իսրայելում և ՌԴ-ում ավելի բարձր է, քան Իրանում, սակայն ընտանիքների բյուջեի ծախսային մասն էլ է զգալիորեն մեծ: Սակայն ցուցարարների շրջանում շատ արագ հայտնվեցին քաղաքական կարգախոսներ՝ ուղղված նախագահ Հասան Ռոհանիի դեմ: Ընդ որում, շատերը նկատել են, որ այդ կարգախոսները ամբոխի մեջ բարձրաձայնում էին ոչ մեծ և գրագետ կերպով տեղաշարժվող (ուրեմն ուսուցվա՞ծ), այսպես կոչված, «վարձու» խմբեր: Եվ դրանց անմիջապես հետևեցին արևմտյան մի շարք ինտերնետ-սոցցանցերի անջատումները, ինչը մեզ հուշեց, որ Իրանի իշխանությունները պատրաստ էին: Նրանք կանխավ իմացել են, որ բողոքավորների «քնած բջիջները» ուզում են ինչ-որ «կենտրոնի» մեկ ազդանշանով շատ ավելի մեծ փորձանք հրահրել, քան եղավ հետո: Զուր չէ, որ ամերիկացիներն անմիջապես «բողոքեցին» և Իրանի իշխանություններից պահանջեցին «միացնել» սոցցանցերը: Բնականաբար, Թեհրանն անտեսեց «իրանցի հեղափոխականների» համար Վաշինգտոնից բարձրացված «կականը», արդյունքում էլ ի հայտ եկան «Մա՛հ Խամենեիին», «Կորչի այաթոլահը», «Մա՛հ Ռուսաստանին» կարգախոսները, ինչպես նաև, ուշադրություն, այն, ինչ շատ է դուր գալիս ԱՄՆ-ին, Իսրայելին, Եվրամիությանը, ինչպես նաև Թուրքիային ու Սաուդյան Արաբիային. «Թողեք Սիրիան, հիշեք մեզ էլ» կամ «Ո՛չ Գազան, ո՛չ էլ Լիբանանը, իմ կյանքը Իրանն է» տիպի կարգախոսները: Դա ԱՄՆ-ին, Իսրայելին, սաուդցիներին, պետք է կարծել, ոչ միայն մեծ «գեղագիտական հաճույք» պատճառեց: Տեղ գտան նաև Իրանի պետական դրոշի պղծման, աշխարհազորայինների «Բասիջ» շարժման տարածաշրջանային բաժանմունքներից մեկի շտաբի վրա հարձակման (զոհերով) դեպքեր:


(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2656

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ