Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Բաքվին ու Երևանին առաջարկել են «Լավրովի բանաձևը»

Բաքվին ու Երևանին առաջարկել են «Լավրովի բանաձևը»
17.01.2018 | 10:29

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը տարեկան ամփոփիչ ասուլիսում կարևոր հայտարարություն է արել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման հեռանկարների վերաբերյալ: Նրա դատողությունները քաղաքական բանաձևի բնույթ ունեն, որ վերլուծության ու գործնական կիրառման հնարավորությունների պարզաբանման կարիք ունի: Սկսենք նրանից, որ սրան նախորդել է մինչ այդ արված որոշ հայտարարությունների նշանակության խեղում, հատկապես Բաքվի կողմից, որի օգնությամբ փորձ էր արվում սուբյեկտիվ մեկնաբանություն տալ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնոդությամբ իրականացվող բանակցային գործընթացին և այս կամ այն «ձեռքբերումներին», որ իրականում բոլորովին այլ տեսք ունեն, թեպետ որոշ փորձագետներ սուր սյուժետային ինտրիգներ էին կառուցում:
Առաջին դիրքրոշում` «Այս խնդիրը մեկ փաստաթղթով և մեկընդմիշտ չի լուծվի,- ասաց Լավրովը:- Պետք է փուլային մոտեցում, որն արտահայտում է պայմանավորվածություն` ինչ է հնարավոր հիմա, և որոշել աշխատանքի ճանապարհները այն հարցերի վրա, որ պահանջում են լրացուցիչ քննարկում` հանուն վերջնական կարգավորման, ներառյալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Հիմա կարևոր է, որ շփման գծում ավելի հանգիստ լինի: Դա թույլ կտա անցնել քաղաքական կարգավորման»:

Տվյալ պարագայում խոսքը 2016-ի ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրականացման մասին է, որ նախատեսում է վերահսկողության մեխանիզմի հաստատում հակամարտող կողմերի շփման գծում և միջազգային դիտորդների ինստիտուտի ընդլայնում: Ադրբեջանն այդ փաստաթղթերը չի ստորագրել, որ դարձավ բանակցային գործընթացի վերսկսման ճանապարհի գլխավոր խոչընդոտը: Հետո հայտնվեցին հայտարարություններ, որ Բաքուն իբր արտահայտել է «բանավոր համաձայնություն» և այդ հարցը պետք է քննարկվի Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպմանը: Միայն համապատասխան համաձայնությունից հետո հակամարտող կողմերը կարող են անցնել ընդհանուր միջանկյալ համաձայնության նախապատրաստմանը, որ նախատեսում է հրաժարում հարցը ուժային միջոցներով լուծելու ձգտումներից, հետո անցնել այլ հարցերի, ներառյալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Եղած տեղեկություններով` «այլ հարցերը և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը» մշտապես քննարկվում են Մինսկի խմբի միջնորդությամբ` ԱԳ նախարարների և նախագահների հանդիպումներում: Երբեմն սպրդում են տեղեկություններ իբր գոյություն ունեցող աշխատանքային համաձայնության մանրամասների մասին` ինչպես Բաքվի վերահսկողությանը ինչ-որ շրջանների վերադարձի, կամ` քայլ առ քայլ արվելիք գործողությունների հաջորդականության բանավեճերի վերաբերյալ: Այս պահին` Ադրբեջանի ղեկավարությունը չի տեսնում Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանից դուրս, Հայաստանի ղեկավարությունը` Ադրբեջանի կազմում: Բաքվի դատողությունները Ստեփանակերտին «ամենալայն կարգավիճակի» տրամադրման հնարավորությունների մասին չեն ամրապնդվում որևէ քաղաքական գործողությամբ այդ ուղղությամբ: Այդ պատճառով` ՌԴ ԱԳ նախարարը ճիշտ էր, երբ ասում էր, որ «Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման բանակցությունները կարող են ձգվել» և «արագ արդյունքների պետք չէ սպասել»: Գլխավորը բանակցային գործընթացը պահպանելն է:


Դիրքորոշում երկրորդ` «Ռուսաստանը չի կարող ունենալ կոնկրետ ծրագրեր ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման հարցում, որովհետև խնդիրը լուծել կարող են միայն իրենք կողմերը,- ճշտեց Լավրովը:- Մենք վերջին տարիներին ինտենսիվ ջանքեր ենք գործադրել, որ, ամփոփելով կողմերի բոլոր դիրքորոշումները, կարողանանք առանձնացնել համընկնող մոտեցումները կոնֆլիկտի այս կամ այն ասպեկտին, ջանալով հուշել այն փոխզիջումները, որ կարող են կողմերին ընդհանուր հայտարարի բերել հարցերում, որտեղ տարակարծություններ ունեն»: Այս հայտարարությունը հատկապես կարևոր է: 2017-ին տեղեկություն շրջանառվեց «Լավրովի պլանի» մասին, որ իբր առաջարկվել էր ուսումնասիրման ադրբեջանական ու հայկական կողմերին: Ավելին` այդ «պլանը» Բաքուն ակտիվ քննարկում էր Անկարայի հետ, որին ակտիվորեն ջանում էր ներառել բանակցային գործընթացում: Միանգամից այդ ալիքի առաջն առնել չհաջողվեց ոչ Սմոլենսկի հրապարակին, որ քանիցս հերքեց տեղեկությունը, ոչ Երևանին, ոչ ԵԱՀԿ Մինսկի խմբին: Այդ ինտրիգի իմաստը մինչև հիմա հասկանալի չէ:
Դիրքորոշում երրորդ: Լավրովը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ «Ռուսաստանը ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ իբրև Մինսկի խմբի համանախագահ ամեն ինչ անում է կարգավորման պայմաններ ստեղծելու համար»: Նրա խոսքով` այդ աշխատանքը եղել է ինտենսիվ ու պարբերական: Անցնող տարում ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր առաջարկները ներկայացվել են կողմերին: «Պայմաններ կարգավորման համար» և «կարգավորման պայմաններ» հասկացությունները իմաստային տարբեր բովանդակություն ունեն: Դա կարևոր է նշել, որովհետև հենց ադրբեջանական կողմն է կտրուկ քննադատում Մինսկի խմբին, որ «չի վարում ինտենսիվ սուբստանտիվ բանակցություններ կոնֆլիկտի քաղաքական կարգավորման համա` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի հիման վրա», թեպետ ԵԱՀԿ Մինսկի խմբի օրակարգում նման հարց չկա:


Չորրորդ դիրքորոշում` Լավրովն ասաց. «Կողմերը գիտեն` ինչ են նախագահները մտածում, բայց իրենք պիտի որոշեն: Իհարկե, մենք սպասում ենք, որ ինչ-որ դրական ազդակներ կլինեն երկու կողմերից էլ: Մենք ուրախ ենք, որ անցյալ տարի հանդիպեցին նախագահներն ու ԱԳ նախարարները: Խոսքը կողմերինն է»: Այս միտքը ՌԴ ԱԳ նախարարը մի քանի անգամ է կրկնել: Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի մասնակիցների հարցերին` հայտարարեց, որ Երևանը «ղարաբաղյան կարգավորման շրջանակներում Ադրբեջանի հետ քննարկում է այն տարածքների վերադարձը, որ Ղարաբաղի համար վտանգ չեն ներկայացնում: Չեն սպառնում ոչ Ղարաբաղին, ոչ կոնֆլիկտի կարգավորմանը»: Շատ փորձագետներ դա ընկալեցին իբրև կարգավորման նոր գործընթաց` Մինսկի խմբի ձևաչափից դուրս: Այն ժամանակ չգիտես ինչու Նալբանդյանի հայտարարությունը կտրուկ քննադատեց Բաքուն: Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը հայտարարեց, որ «Հայաստանի ԱԳ նախարարը պաշտոնավարման ընթացքում զբաղվել է միայն Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի խաղաղ կարգավորման գործընթացին վնասելով»: Հաջիևը նաև ճշտեց, որ «Ադրբեջանը թույլ չի տա երկրորդ հայկական պետության ստեղծումը իր ինքնիշխան տարածքում»: Իսկ եթե խնդիրն ա՞յլ էր: Բաքվի «Ատլաս» հետազոտական կենտրոնի տնօրեն Էլհան Շահինօղլուն այդ օրերին գրեց. «Մենք ստանում ենք 5 հարակից շրջաններ, փոխարենը վերջնականապես կորցնում ենք Լեռնային Ղարաբաղը»: Նման դատողությունները դատարկ տեղը չեն ծնվում: Շահինօղլուն հարց էր տալիս. «Ի՞նչ են նրանք պահանջում հողերի փոխարեն, որ պատրաստվում են մաքրել»: Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորումը դեռ շատ հեռու է: Կարելի է ընդունել, որ որոշակի մակարդակում հակամարտող կողմերը ինչ-որ բան պայմանավորվում են, բայց զգուշանում են «առանց թիկունքի» ինքնուրույն ստանձնել քաղաքական պատասխանատվությունը: Տպավորություն է ստեղծվում, որ Բաքուն ու Երևանը փորձում են փակագծից դուրս բերել կոնֆլիկտի կարգավորման ընդհանուր խնդիրները և կենտրոնանալ շփման գծում լարվածությունը թուլացնելու կոնկրետ խնդիրների լուծման վրա: Վատ չէ: Սկզբի համար:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. ՈՒ ո՞րն էր Լավրովի բանաձևը: Որ խոսքը կողմերի՞նն է: Դա նշանակու՞մ է, որ Ռուսաստանը դադարելու է կարգավորման անվան տակ միջամտել կոնֆլիկտի կարգավորմանը ուղղակի ու անուղղակի: Որ շփման գծում իրավիճակի սրումը այլևս պետք չէ՞ Ռուսաստանին: Թեկուզ կոնֆլիկտի կողմերին զենք վաճառելու համար: Կձեռնարկի՞ Իլհամ Ալիևը ևս մեկ «ապրիլյան պատերազմ» ընտրական տարում` իր շուրջը համախմբելու ադրբեջանցիներին արտաքին թշնամու սպառնալիքով, թե՞ կհաշվարկի երկրորդ քայլը` զոհերն ու հնարավոր ձախողումը: Գուցե շփման գծում վերահսկողության մեխանիզմների տեղակայումը հենց այդ խնդրի լուծման քայլ է: Եթե կատարվի: Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա, այսօր Փարիզում նա կհանդիպի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանի հետ։ Վաղը Կրակովում՝ ԵԱՀԿ Մինսկի համանախագահների նախաձեռնությամբ, տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Սպասենք «Լավրովի բանաձևի» հետևանքներին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1272

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ