«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Հանելուկ Սերժ Սարգսյանից

Հանելուկ Սերժ Սարգսյանից
17.01.2018 | 12:16

Երեկ նախագահականում Հովհաննես Չեքիջյանին հանձնվեց Հայաստանի Ազգային հերոսի շքանշանը: Մաեստրոն հուզվեց 17-րդ հայը լինելու պատվից: Իր հասցեին հնչող խրթին գովեստներից` մանավանդ Տիգրան Մանսուրյանի շուրթերից: Բայց ամենախրթինը գալու էր հետո, երբ նախագահը որոշեց թեյասեղանի շուրջը զրուցել հավաքվածների հետ:

Պատմությունը լռում է, թե ինչպես ու ով հարց տվեց, բայց գործող նախագահը ապագայի նախագահի մասին ասաց. «Խոսքը պետք է գնա մի մարդու, մի անհատի մասին, ով անցած ճանապարհ ունի, ունի ճանաչում և երկրի ներսում, և դրսում, կարող է պատշաճ մակարդակով, ըստ արժանվույն ներկայացնել Հայաստանն արտերկրում, այսինքն՝ կատարել իր ներկայացուցչական ֆունկցիաները և երկրի ներսում, և երկրից դուրս: Ապագա նախագահը պետք է տիրապետի օտար լեզուների, ունենա լայն կապեր թե Սփյուռքում, թե Հայաստանում, վայելի հեղինակություն և որ ամենակարևորն է՝ անկողմնակալ մարդ լինի, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել և կուսակցության անդամ չի եղել»:
Դե հիմա ազգովին գտեք մի մարդու, որ երբեք քաղաքականությամբ չի զբաղվել (այսինքն` Էդվարդ Նալբանդյանը, ում կյանքն անցնում է քաղաքականության մեջ, Արկադի Ղուկասյանը, որ նույնպես քաղաքականության զոհերից է, Վիգեն Սարգսյանը, որ քաղաքականության մեջ է հենց հիմա, Հայաստանում միշտ ու բոլոր պաշտոնների թեկնածու` Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ևս` քաղաքականության մեջ լինելու պատճառով, միանգամից խաղից դուրս եկան), ով անցած ճանապարհ ունի (այսինքն` 50-ն անց է նվազագույնը), ով ճանաչում ունի ներսում ու դրսում ու կարող է ներկայացուցչական ֆունկցիան կատարել (այսինքն` բոլորս նրա մասին գոնե մի անգամ լսել ենք, եթե չենք տեսել), վայելում է հեղինակություն (այսինքն` համարյա Լուսնից է իջել), և` անկողմնակալ է (այսինքն` կարծիք ու տեսակետ չունի), կուսակցության անդամ չի եղել երբեք (Հայաստանում նման մարդ գտնելն ամենադժվարն է` 50-անց հայտնիները հաստատ կոմունիստ են եղել, մյուս կուսակցությունները` չհաշված): Եվ` գիտի օտար լեզուներ (սա էլ քեզ նոր պատիժ): Կամ նախագահը Տիգրան Մանսուրյանին նկատի ուներ: Կամ` նրա նմանակին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Եվ սա առաջին հանելուկը չէ Սերժ Սարգսյանից: Նախագահը բացահայտ ուրախ է, որ հեռանում է նախագահի պաշտոնից ու ոչ ոք չգիտի` ով է լինելու հաջորդ` արարողակարգային, նշանակումներ անող ու դեֆակտո մեծ իշխանություն չունեցող իրավահաջորդը: Օրինակ` նա Ամանորին խաշի է հրավիրել լրատվամիջոցների ղեկավարներին, ու երբ «Ազգ»-ի խմբագիր Հակոբ Ավետիքյանը, ցանկանալով իմանալ` Սերժ Սարգսյանը վարչապետ դառնալու է, թե ոչ, կենացի անվան տակ հարցրել է. «Պարոն Սարգսյան, ես չգիտեմ՝ այս ֆորմատով սա մեր վերջին հանդիպու՞մն է, թե՞…», Սերժ Սարգսյանը չի պատասխանել: Բայց երբ «Անդինից» եկած Մերուժան Տեր-Գուլանյանն է խնդրել. «Փարոն նախագահ, մի լքեք մեզ», Սերժ Սարգսյանը նրա խմած օղին զրոյացրել է. «Մերուժ, ես չգիտեմ` դու կհասցնես իմ մահախոսականը գրել, թե չէ, բայց մի անեկդոտ պատմեմ. Ֆիդել Կաստրոն մահամերձ պառկած է լինում, բժիշկը մտնում է մոտը, թե` պարոն նախագահ, ժողովուրդը եկել է` Ձեզ հրաժեշտ տա։ Ֆիդելը զարմացած հարցնում է` ընչի ժողովուրդն ո՞ւր է գնում, որ եկել է հրաժեշտ տա»:

Դիտվել է՝ 1716

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ