Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Աֆրինում թուրքական օպերացիան ողջունել է միայն Ադրբեջանը

Աֆրինում թուրքական օպերացիան ողջունել է միայն Ադրբեջանը
23.01.2018 | 09:53

Հունվարի 20-ի երեկոյան Թուրքիայի զինված ուժերը սկսել են «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը՝ հարվածներ հասցնելով Սիրիայի Աֆրին շրջանում տեղակայված քրդերի դիրքերին։ Հունվարի 21-ին արդեն Թուրքիան երկու կողմից սկսել է տանկեր և հատուկ նշանակության ստորաբաժանումներ մտցնել Աֆրին։ Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը հայտարարել է, որ գործողության վերջնական նպատակը Աֆրինում 30 կմ խորությամբ «անվտանգության գոտու» ձևավորումն է։


Թուրքագետ ՄՈՒՇԵՂ ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշում է, որ թուրքերն այս հարձակումը բացատրում են նրանով, որ Աֆրինում և դրա շրջակայքում քրդերը բավականին ամրացել են, ինչը պարարտ հող է ստեղծել, ինչպես թուրքերն են պնդում, քրդական ահաբեկչական նոր խմբավորումների կազմավորման, այդ թվում` «Քրդական բանվորական կուսակցության» նոր զինյալներ նախապատրաստելու համար։ «Այս կապակցությամբ Թուրքիան բազմիցս իր մտահոգությունն էր արտահայտում։ Մասնավորապես, սիրիական պատերազմի ժամանակ ամերիկյան կողմը զենք էր տրամադրում տեղի քրդերին, որպեսզի նրանք պայքարեն Իսլամական պետության դեմ, սակայն, թուրքական կողմի պնդմամբ, այդ կռիվներից հետո ամերիկյան կողմը ոչ միայն հետ չի վերցրել զենքը քրդերից, այլև տրամադրել է նոր տեսակի զենքեր, այդ թվում՝ «Երկիր-երկինք» զենիթահրթիռային համակարգեր, ինչն առաջացրել էր թուրքական կողմի զայրույթը։ Չնայած գերտերությունները դեմ էին, որ Թուրքիան օպերացիա իրականացներ Աֆրինում, այնուամենայնիվ, թուրքական կողմը ներխուժեց Աֆրին, ու մինչև այժմ կատաղի մարտեր են ընթանում թուրքական զինուժի և քրդական զինյալ խմբավորումների միջև»,- ասում է թուրքագետը, հավելելով, որ թուրքական օպերացիան ողջունել է միայն Ադրբեջանը։ Ինչպես հաղորդում է թուրքական մամուլը, Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը նշել է, որ այդ գործողության ընթացքում իրենք իրենց թուրք եղբայրների կողքին են և աջակցում են թուրքական զինուժի գործողություններին քրդական ահաբեկչության դեմ պայքարում։


Աֆրինում ընթացող գործողություններին զուգահեռ լարված է իրավիճակը նաև Թուրքիայում. քրդերը բողոքի ցույցեր են կազմակերպում։ Մուշեղ Խուդավերդյանը նկատում է, որ այս օպերացիայով սկիզբ է դրվում մերձավորարևելյան նոր քաոսի։ Մի շարք վերլուծաբանների պնդմամբ՝ Թուրքիայում մեծամասշտաբ նոր լարվածության առաջացման պարարտ հող է ստեղծվում, քանզի Թուրքիայում ապրող քրդերը չեն հանդուրժի այն փաստը, որ թուրքական զինուժը ներկայումս կռվում է Սիրիայի քրդերի դեմ, և իրենք նույնպես կփորձեն իրենց միջոցներով որևէ կերպ ազդել այդ իրադարձությունների վրա։ Մի շարք վերլուծաբանների պնդմամբ, ձեռքները ծալած չեն նստի նաև Իրաքի քրդերը, որոնք, չնայած հանրաքվեի ձախողմանը, կփորձեն որևէ կերպ աջակցել Սիրիայի քրդերին։


Մուշեղ Խուդավերդյանը նկատում է, որ օպերացիայի հետևանքները չեն վերանա։ Ընդհակառակը, նոր քաոսի սկիզբ կդրվի։ Այլ կերպ ասած, Թուրքիան, «Ձիթենու ճյուղ» օպերացիան իրականացնելով, իբրև թե փորձում է բուժել Սիրիայի «քրդական քաղցկեղը»։ Սակայն, ըստ թուրքագետի, քաղցկեղը վիրահատելիս երբեմն ոչ միայն ուռուցքը չի վերանում, այլև տարածվում են մեթաստազները։
Հավելենք, որ Սիրիայի ղեկավարությունը հայտարարել էր` եթե Թուրքիայի զինված ուժերը մտնեն Աֆրին, դա կդիտվի որպես ոտնձգություն Սիրիայի տարածքային ամբողջականության հանդեպ, և Սիրիան հակաքայլեր կձեռնարկի։ Պատահական չէ, որ թուրքական զինուժի ներխուժումից հետո գործի են դրվել նաև սիրիական հակաօդային պաշտպանական համակարգերը, և հրթիռներից մի քանիսն ընկել են Թուրքիայի տարածքում։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3771

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ