Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Ծխելու դեմ պետք է պայքարել իրատեսական մեթոդներով»

«Ծխելու դեմ պետք է պայքարել  իրատեսական մեթոդներով»
02.02.2018 | 02:35

«Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման մասին» օրինագիծը քննարկումների ու քննադատության մեծ ալիք բարձրացրեց հանրության շրջանում, հատկապես տուգանքների մեծ չափի առումով։


Մեր զրուցակից, հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԸ նշում է, որ խիստ պատժամիջոցները դժվար թե ստիպեն մարդուն հոգեբանորեն ազատվել ծխելու սովորությունից։ «Բոլորս գիտենք, որ ծխելը վտանգավոր է, դա ապացուցված է, դրա մասին ավելորդ է խոսել։ Նույնիսկ ավելորդ է խոսել այն մասին, որ ծխելու դեմ պետք է շատ լուրջ ու խելամիտ պայքար մղել, դա մարդկանց առողջության հետ կապված շատ լուրջ խնդիր է։ Բայց փորձենք հասկանալ՝ մարդիկ ինչու են ծխում, ինչ պահանջմունք է բավարարվում, որ հասուն, խելացի, լուրջ մարդը ձեռքը մեկնում է գլանակին։ Դա սնունդ չէ, նույնիսկ նիկոտինային կախվածություն չէ։ Այստեղ խոսքը հոգեբանական կախվածության մասին է։ Չխորանալով ենթագիտակցական մեխանիզմների մեջ՝ պետք է հասկանանք, որ մարդն ինչ-որ պահանջմունք է բավարարում։ Մարդիկ դրա կարիքը, անհրաժեշտությունը զգում են, ցավոք, ի վնաս իրենց առողջության՝ կողքինների առողջության համար նույնպես սպառնալիք ստեղծելով։ Այնպես որ, պայքարել պետք է դրա՛ դեմ»,- ասում է Կարինե Նալչաջյանը։


Նա նշում է, որ ծանոթացել է օրինագծին, որտեղ կան շատ անհրաժեշտ կետեր։ Հոգեբանը, սակայն, նկատում է, որ փաստաթուղթը խիստ պատժամիջոցներ է սահմանում, որոնք շատ ծանր վիճակի մեջ են դնում ծխողներին։ «Ծխախոտի դեմ պայքարը շատ անձնական, խորքային հարց է, ինքնազգացողության, հոգեկան ապրումների հետ է կապված, պետք է խելամիտ լինել և հոգեբանական բոլոր նրբերանգները հաշվի առնել։ Միշտ չէ, որ խիստ արգելքները հոգեբանական տեսակետից ամենախելամիտն են։ Վերջին հաշվով, մարդիկ կարող են ուղղակի չդիմանալ, լուրջ բողոքի ալիք բարձրացնել։ Ես կողմ եմ, որ ավելի հետաքրքիր ձևով մատուցվի ծխելու դեմ քարոզչությունը, ավելի թիրախային ու նպատակաուղղված լինի։ Քարոզչության գրագիտության բարձրացման վրա պետք է աշխատել։ Տուգանքների չափին նայում ես, տեսնում ես՝ ինչ թվերի մասին է խոսքը, մտածում ես, տեր Աստված, կարո՞ղ է այնպիսի երկրում ենք ապրում, որտեղ բարեկեցությունն այնքան բարձր է, մարդիկ նվազագույնը մեկ միլիոն դրամ գրպանում ման են գալիս, որ ոչինչ, 250 հազար դրամ էլ կարող են որպես տուգանք վճարել։ Տպավորություն է, որ տուգանքի չափ որոշողները մեր ժողովրդի բարեկեցության, կենսամակարդակի մասին ընդհանրապես տեղեկություն չունեն։ Տուգանքի չափը նույնիսկ տրագիկոմիկ տպավորություն է թողնում»,- ասում է Կարինե Նալչաջյանը, ավելացնելով, որ փաստաթուղթը շատ լուրջ վերանայման կարիք ունի։


Հոգեբանը նաև անդրադառնում է հանրության շրջանում վատ միտումներ արմատավորելու հարցին։ Մարդիկ կարող են կանգառում ծխողի մասին ահազանգել, և պատկան մարմինները գան-տուգանեն նրան։ Եթե հիմնարկի ղեկավարը ծխում է, և աշխատողը չի տեղեկացնում այդ մասին, ապա հարյուրհազարավոր դրամներ են տանում, ինչը աշխատավարձից մի քանի անգամ ավելի է։ Այստեղ առաջ է գալիս միջանձնային հարաբերությունների խնդիրը։ Ստացվում է, որ մենք ձևավորում ենք մատնիչների հանրություն։ Պայքարը՝ պայքար, բայց մի քիչ իրատես պետք է լինել, ռեալ մեթոդներ մշակել։ Ըստ տիկին Նալչաջյանի՝ ծխող մարդկանց օգնել է պետք։ Խիստ արգելքները երբեմն դեր կատարում են, բայց այդքան դաժան լինել պետք չէ։


Ամփոփելով՝ հոգեբանը նկատում է, որ, այո, ծխելու դեմ անհրաժեշտ է պայքարել, հնարավորինս պետք է առողջ միջավայր ստեղծել, զերծ այդ շատ վտանգավոր սովորությունից, բայց պետք է վերանայել ոչ իրատեսական տուգանքների չափը։ Ծխելը խորքային կախվածություն է, հոգեբանական որոշակի թուլություն, և պետք չէ ծխողին լրացուցիչ հարվածել։ Մենք կտապալենք մարդուն, ոչ թե կօգնենք։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 4948

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ