Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Եթե համարենք, որ անճաշակ է, տգեղ է, ուրեմն ոչ մի հուշարձան չպետք է վերականգնենք»

«Եթե համարենք, որ անճաշակ է, տգեղ է, ուրեմն ոչ մի հուշարձան չպետք է վերականգնենք»
02.02.2018 | 04:14

Օձունի Հոռոմայրի Սուրբ Նշան վանական համալիրի վերանորոգումը միանշանակ չի ընդունվել: «Պահպանենք մեր մշակութային արժեքները» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, ըստ որի` Լոռու մարզում Հոռոմայրի վանքի խոնարհված հնադարյան պատերի վրա նոր անճաշակ եկեղեցի է կառուցված: Վանական համալիրը վերանորոգվել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի և ՀՀ ԷՑ Թումանյանի շրջանի պետ Աշոտ Շաքարյանի մեկենասությամբ: Վերականգնման նախագծի հեղինակ, ճարտարապետ Սուրեն Աբովյանը մեզ հետ զրույցում ասաց, որ վերանորոգման առաջնահերթությունը տրվել է Հոռոմայրին, որովհետև ճանապարհի վրա է, մատչելի տեղում, սակայն բարձիթողի, խոնարհված վիճակում է եղել, անասուններ են մտել, և փլուզման վտանգ է եղել: Ինչ վերաբերում է վերոնշյալ հայտարարությանը, Սուրեն Աբովյանն ասաց, որ չի հասկանում, թե այդ ինչ քաղաքացիական նախաձեռնություն է. ոչ հասցե կա, ոչ անուն. «Վերանորոգված հուշարձանն էլ լուսանկարով են տեսել: Ո՞նց կարելի է դատողություններ անել լուսանկարով: Ոնց որ պատվիրված լինի, ուղղակի չգիտեմ ում դեմ է,` ի՞մ դեմ, եկեղեցու՞, թե՞ մարզպետի»:


Ոլորտի մասնագետների շրջանում նույնպես դժգոհություն կա, ասում են, որ նախագծին հավանություն չեն տվել, դիտողություններ են արել, որոնք անտեսվել են, հետո նախարարությունը, չգիտես ինչ հիմքով, հաստատել է նախագիծը: Սուրեն Աբովյանը վստահեցրեց, որ նախագիծը երկու անգամ քննարկվել է գիտամեթոդական խորհրդում և արժանացել համապատասխան մասնագետների հավանությանը. «Արև Սամուելյանի գլխավորությամբ եկել, նայել են, ոչ մի բացասական կարծիք չի եղել, կամ եթե այդքան բացասական է, պետք է դադարեցնեին աշխատանքը: Դիտողություններ եղել են, հաշվի են առնվել: Բացասական կարծիք չեմ լսել: Անկեղծ ասած` անձամբ ինձ ոչ մի մասնագետ չի ասել, որ լավը չէ, սխալ է, չի ստացվել, ընդհակառակը, դրական կարծիք են հայտնել, օրինակ` վերականգնող ճարտարապետ Հրաչյա Գասպարյանը»:


«Ըստ Ձեզ` որքանո՞վ է հաջողված վերականգնումը, պահպանվե՞լ է հուշարձանի նախնական տեսքը»,- հարցրինք ճարտարապետին։ «800 տարի առաջ շարված քարը, բնական է, որ պետք է տարբերվեր,- ասաց։- Եթե համարենք, որ անճաշակ է, տգեղ է, ուրեմն ոչ մի հուշարձան չպետք է վերականգնենք: Քարերը նույն հանքից են բերվել, բայց բաց երկնքի` անձրևի, ձյան, արևի տակ այդքան մնալուց հետո բնական է, որ վանական համալիրի քարերը գույնը փոխել են, իսկ նոր հանած քարն ավելի թարմ տեսք ունի, մի քիչ ժամանակ կանցնի, արդեն կձուլվի: Դեղին քարով հատվածը, որ տեսնում եք, ներքևի մասում մուգ դարչնագույնին է խփում, դա պահպանված պատն է, որի հիման վրա է վերականգնումն արվել: Բաց գույնը նոր շարվածն է. փլված է եղել, քարերը պահպանված չեն, նոր քարերով է շարվել: Իսկ մուգ հատվածը համարյա ամբողջությամբ պահպանվել է, տանիքը չկար, միայն տանիքն ենք կառուցել»:

Օձունի և ենթաշրջանի հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանը վերանորոգումը որակում է գերազանց. «Մաքրվել են վանդալիզմի հետքերը` պատի վրայի գրությունները: Մաքուր պատը տեսնում են, նախկին յուղաներկով ներկած պատի համեմատ տարբերություն են տեսնում: Պահվել են բոլոր քարերը, արվել է գերազանց վերականգնում, սա ոչ միայն իմ, այլև տասնյակ մասնագետների կարծիքն է` և տեղացի, և օտարերկրացի»:

Հոռոմայրի վանական համալիրը միջնադարյան Հայաստանի նշանավոր ճարտարապետական հուշարձաններից է: Գտնվում է Օձուն գյուղից 1,5 կմ հարավ-արևելք: Բաղկացած է երկու հուշարձանախմբից՝ Ներքին և Վերին: Ներքին հուշարձանախումբը տեղադրված է ժայռի տակ` Դեբեդ գետի ձախափնյա ձորալանջին, Վերինը՝ ձորաեզրին, բարձր սարահարթի վրա և տեղադրությանը համապատասխան կոչվել է նաև Ձորաեզրի վանք: Հուշարձանախմբերի՝ իրարից բավական հեռու տեղադրությամբ հանդերձ, Հոռոմայրը եղել է միասնական կրոնական և մշակութային նշանավոր կենտրոն, որի մասին վկայում են բազմաթիվ ձեռագիր հիշատակարաններ: Հիմնադրման ստույգ թվականը հայտնի չէ, մատենագրության մեջ հիշատակվում է VIII դարը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4355

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ