Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Նույնիսկ հակամարտության վիճակ կարող է առաջանալ իրավապաշտպան գործունեություն իրականացնողների և դատական համակարգի միջև»

«Նույնիսկ հակամարտության վիճակ կարող է առաջանալ իրավապաշտպան գործունեություն իրականացնողների և դատական համակարգի միջև»
06.02.2018 | 01:37

Դատարանի կողմից փաստաբանների նկատմամբ տուգանքի ձևով և ուղղակիորեն պատժամիջոց կիրառելու ու դրա հետևանքների վերաբերյալ է մեր հարցազրույցը ՀՀ փաստաբանների պալատի անդամ ՍԵՅՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

-Ի՞նչ մտահոգություններ ունեք փաստաբանների նկատմամբ տուգանքի ձևով դատական պատժամիջոց կիրառելու առնչությամբ, որի վերաբերյալ դրույթը Դատական օրենսգրքի նախագծից թեև հանվեց, սակայն այն ՀՀ օրենսդրություն ներմուծելու մտադրությունն ասպարեզում դեռ կա:
-Ես նույնպես մտահոգություններ ունեմ Ազգային ժողով ներկայացվող որոշ նախագծերի, ինչպես նաև այն մտադրության առնչությամբ, որը վերաբերում է տուգանքի ձևով դատական պատժամիջոցի կիրառմանը: Փաստաբանների պալատը և ամբողջ փաստաբանական համայնքը շարունակական աշխատանքի շնորհիվ կարողացան հիմնավոր կերպով հասնել նրան, որ հետքայլ կատարվի` «Դատական օրենսգրքից» հանվի 72-րդ հոդվածը, որը վերաբերում էր այդ դատական պատժամիջոցի կիրառմանը: Սակայն ես դա համարում եմ առավելապես ոչ թե փաստաբանական համայնքի, այլ իշխանությունների հաջողությունը, որով նրանք, փաստաբանների պալատի պայքարի արդյունքում զերծ մնացին հնարավոր սխալներից, որոնք մենք ենթադրում էինք, որ կարող էին թույլ տրվել:
-Ի՞նչ էր նախատեսում տուգանքի ձևով դատական պատժամիջոցի կիրառումը:
-Նախատեսում էր փաստաբանի նկատմամբ դատական պատժամիջոց կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման դեպքում փաստաբանի նկատմամբ տուգանք` մինչև 100 000 դրամի չափով: Դա փաստաբանների համար լուրջ խոչընդոտ կլիներ` իրենց վերապահված իրավունքների իրականացման, այդ թվում` իրենց պաշտպանյալների, վստահորդների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության հարցում, որովհետև 100 000 դրամը բավական լուրջ գումար է: Ընդ որում, նույն փաստաբանին տարվա կամ հենց թեկուզ նույն դատական նիստի ընթացքում այլ պատճառաբանություններով կարող էին մի քանի անգամ տուգանել` նրան ֆինանսական անելանելի վիճակի առաջ կանգնեցնելով ու, հնարավոր է, դրանով հարկադրելով դադարեցնել իր գործունեությունը: Երկրորդ` դատական պատժամիջոցով կիրառվող այդ տուգանքը կարող ենք նաև դիտարկել որպես պատժի ձև:
-Ի՞նչ հետևանքների կարող էր կամ կարող է հանգեցնել տուգանքի ձևով դատական սանկցիայի կիրառումը, եթե, այնուամենայնիվ, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի մտադրությունը դառնա իրականություն և տվյալ դատական սանկցիայի կիրառումը նախատեսվի քրեական, քաղաքացիական, վարչական դատավարության օրենսգրքերով:
-Դատական պատժամիջոցի ընդունումը փաստաբանների համար մեծ կաշկանդվածություն կառաջացնի, քանի որ նրանք պետք է իրենց ամեն քայլից առաջ մտածեն, որ իրենց նկատմամբ կարող են անհիմն, անարդար կերպով պատժամիջոց կիրառել, այն էլ` մի քանի անգամ: Այս իրավիճակում փաստաբանն ի՞նչ է անելու, ինքը կարո՞ղ է իրականացնել կամ լիարժեք իրականացնել իր իրավունքները, կատարել պարտականությունները։ Իհարկե չի կարող: Փաստաբանը հայտնվելու է այնպիսի իրավիճակի ճիրաններում, որ ստիպված է լինելու բանուգործը թողնել, զբաղվել իր դեմ կիրառված պատժամիջոցի բողոքարկումներով: Բավականին խնդիրներ է ունենալու, հայտնվելով անբարենպաստ իրավիճակում, ինչպե՞ս պետք է իր վստահորդի կամ պաշտպանյալի իրավունքները, օրինական շահերը պաշտպանի: Առնվազն հոգեբանորեն կկաշկանդվի:
-Իսկ ի՞նչ են անելու փաստաբանները, եթե օրենսդիրը, այնուամենայնիվ, ընդունի նրանց նկատմամբ տուգանքի ձևով դատական պատժամիջոցի կիրառումը:
-Լուրջ խնդիր է առաջանալու, կարծում եմ, նույնիսկ հակամարտության վիճակ կարող է առաջանալ իրավապաշտպան գործունեություն իրականացնողների և դատական համակարգի միջև, ինչը ոչ մեկիս համար ցանկալի չէ: Ցանկալի չէ, որ իրենց նկատմամբ դատարանների անհիմն պատժամիջոցների (դրանց նախադեպերը կան) կիրառման հետևանքով փաստաբանների բողոքները հասնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ինչը, իհարկե, այդ դեպքում միանգամայն սպասելի է: Պետությունն այդ դեպքում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հետ կապված խնդիրներ կունենա, ինչը բնավ ցանկալի չէ, քանի որ Հայաստանը մեր բոլորի պետությունն է, իսկ նման իրավիճակը կարող է անդրադառնալ մեր պետության հեղինակություն վրա: Սպասելի է, որ այդ դեպքում բազմաթիվ բողոքներ կուղարկվեն Եվրադատարան, եթե, իհարկե, փաստաբանները հայաստանյան դատարաններում չհասնեն արդարադատության իրականացմանը: Փաստաբանների պալատը, համայնքը, հավատացնում եմ ձեզ, ցանկանում են զերծ մնալ նման հետևանքներից, բոլորն էլ հասկանում են, որ սա մեր պետությունն է: Մենք ուզում ենք մեր իրավապաշտպան գործունեությունն իրականացնել օրենքով սահմանված կարգով, կաշկանդված չլինել այս կամ այն իրավադրույթի ոչ օրինական, անհիմն կամ խիստ կիրառմամբ: Ազատ պետք է լինենք, դա մեր գործունեության թիվ 1 խնդիրն է: Չմոռանանք, որ փաստաբանների պալատի խորհուրդն ինքն էլ բավական խիստ միջոցներ է կիրառում (ընդհուպ արտոնագրից զրկում) այն փաստաբանների նկատմամբ, ովքեր իրոք տարաբնույթ խախտումներ են թույլ տվել: Փաստաբանների պալատն անհանդուրժող է այն անձանց նկատմամբ, ովքեր կոպտորեն խախտում են դատավարական օրենսգրքերով կամ մեր կանոնադրությամբ նախատեսվածը:
-Օրինակ, ինչպիսի՞ դեպքերում կարող են տուգանել փաստաբանին, եթե փաստաբանների նկատմամբ դատական պատժամիջոց, այնուամենայնիվ, ընդունվի:
-Դատական ընթացակարգը խախտելու, ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու համար: Պատժամիջոցի կիրառման առումով բավական լղոզված ձևակերպումներ կային: Գրված էր նաև, որ եթե փաստաբանն ընդունի, որ խախտել է դատական ընթացակարգը, ոչ պատշաճ վարքագիծ դրսևորել, խոստանա, որ այլևս այդպես չի վարվի, ներողություն խնդրի, ապա դատավորը կարող է պատժամիջոց չկիրառել: Սա նշանակում է, որ բազմաթիվ դեպքեր կարող են լինել, երբ փաստաբանը համոզված է, որ ինքն իրականում խախտում թույլ չի տվել, բայց դատավորը հակառակն է հայտարարում և դատական պատժամիջոց չկիրառելու համար իրեն դնում չկատարած խախտումն ընդունելու, դրա համար զղջալու և ներողություն խնդրելու ընտրության առաջ: Ավելին, նույնիսկ այդ դեպքում, «Դատական օրենսգրքի» եղած նախագծի համաձայն, փաստաբանները չունեին որևէ երաշխիք, որ իրենց նկատմամբ չի կիրառվի դատական պատժամիջոց, դա մնում էր դատավորի հայեցողությանը, կարող էր չկիրառել կամ կիրառել:
Տեղեկացնեմ նաև, որ Ազգային ժողովում հանդիպումներ են եղել համապատասխան անձանց, այդ թվում` պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի հետ, նրանք նույնպես կարծում են, որ պետք չէ շտապողականություն ցուցաբերել, անհրաժեշտ է նորից ու նորից քննարկել դատական պատժամիջոցի ու դրա հետևանքների խնդիրը, որպեսզի փաստաբանական գործունեությունը և անձանց իրավունքների, շահերի պաշտպանությունը չվտանգվեն:
Փաստաբանների պալատն իր հերթին և փաստաբանների համայնքը շատ վճռական են լինելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությունում փաստաբանների նկատմամբ տուգանքի ձևով դատական սանկցիայի նախատեսում թույլ չտալու հարցում, որովհետև, ամենից զատ, դրա ընդունման, կիրառման դեպքում հավանականությունը մեծ է, որ քաղաքական երանգ կարող է տրվել փաստաբանի նկատմամբ դատական պատժամիջոցի կիրառմանը: Շատ վտանգավոր է, երբ փաստաբանական կամ իրավապաշտպան գործունեություն իրականացնող անձի գործունեությունը քաղաքականացվում է:
-Ինչպե՞ս կարող է քաղաքականացվել:
-Այս կամ այն փաստաբանը կարող է ասել, որ ինքը հետապնդվում է, որովհետև պաշտպանում է այն անձին կամ անձանց շահերը, որոնք ցանկալի չեն այս իշխանություններին: Նկատի ունենանք նաև, որ իրավապաշտպան գործունեություն իրականացնող անձը միշտ կանգնում է այն անձանց թիկունքին, որոնց իրավունքները խախտվում են կամ կարող են խախտվել:
-Հիմա, երբ տուգանքի ձևով դատական պատժամիջոց դեռ ընդունված չէ, կա՞ն օրինակներ, երբ դատավորի կողմից անհիմն կամ նույնիսկ ակնհայտ անհիմն կերպով փաստաբանի նկատմամբ պատժամիջոց է կիրառվել այն դեպքում, երբ փաստաբանն իրականում օրենսդրության, կանոնադրության որևէ խախտում թույլ չի տվել, և փաստաբանների պալատի խորհուրդն էլ, քննարկելով տվյալ դեպքը, որոշել է, որ փաստաբանն իսկապես որևէ խախտում թույլ չի տվել:
-Այո, կան, ընդ որում, միայն մեկ տարվա ընթացքում չէ, որ անհիմն որոշումներ են կայացվել: Այդ որոշումները գտնվում են փաստաբանների պալատում, դրանք գաղտնիք չեն, այդ մասին փաստաբանների պալատի նախագահը մի քանի անգամ հրապարակավ հայտնել է, ինչպես նաև այս օրենսգրքի նախագծի հեղինակներին ներկայացրել որոշակի փաստեր: Հիմնավորել է, որ փաստաբանը թույլ չի տվել որևէ խախտում, այդուհանդերձ, դատավորը նրա նկատմամբ պատժամիջոց կիրառելու անհիմն, ոչ օբյեկտիվ որոշում է կայացրել: Օրինակ, փաստաբանն ասել է` հարգելի դատարան, այս պայմաններում ես այստեղ մնալու անհրաժեշտություն չեմ տեսնում` ելնելով այս բանից, կարո՞ղ եմ դուրս գալ, դատավորը պատասխանել է` ձեր իրավունքն է, դուրս եկեք, փաստաբանը դուրս է եկել դատարանի դահլիճից, սակայն դատավորը, այդ արարքը կամայականորեն համարելով խախտում, նրա նկատմամբ պատժամիջոց է կիրառել և պատժամիջոցի որոշումն ուղարկել փաստաբանների պալատ: Փաստաբանների պալատի խորհուրդը, բնականաբար, համարել է, որ փաստաբանը որևէ խախտում թույլ չի տվել, ու փաստաբանի նկատմամբ որևէ որոշում չի կայացրել:
Մեկ այլ օրինակ. փաստաբանը հայտնել է, որ հայտարարություն ունի անելու, դատավորն ասել է` ոչ, Դուք դեռ ներգրավված չեք այդ գործում, փաստաբանն այս առարկությունը լսելով, ասել է` եթե ներգրավված չեմ, կարգավիճակ չունեմ, ես դուրս գամ: Դուրս է եկել, ու դատավորը նրա նկատմամբ պատժամիջոց է կիրառել: Այս դեպքում արդարացվա՞ծ է փաստաբանի նկատմամբ պատժամիջոցի կիրառումը։ Իհարկե` ոչ:
Հիշեցի ևս մեկ օրինակ. փաստաբանն ուշացել է նիստից, որովհետև մինչև դատարան մտնելը, մուտքի մոտ նրա պայուսակը զննել են, մինչ այդ էլ ուրիշների զննության խնդիր է լինում: ՈՒշանալու համար նրա նկատմամբ պատժամիջոց են կիրառում, ասում են` Դուք ուշացաք: Փաստաբանը բացատրում է, որ ուշացել է իր պայուսակի զննության պատճառով, սակայն ապարդյուն: Արդյոք արդարացի՞ է այս դեպքում պատժամիջոցի կիրառումը: Իհարկե` ոչ: Ես չեմ ասում, թե փաստաբանների նկատմամբ սանկցիայի կիրառումը բոլոր դեպքերում անարդարացի կամ անհիմն է եղել, կան դեպքեր, երբ փաստաբանն իսկապես թույլ է տվել դատավարական կամ ընթացակարգային խախտում, և ինքը կամ նրա գործընկերները համաձայնել են, որ խախտում, իրոք, թույլ է տրվել:
-Կա՞ արդյոք դատարանների կողմից փաստաբանների նկատմամբ սանկցիայի կիրառման այնպիսի վիճակագրություն, որը մտահոգության տեղիք կտար և գոնե այդ առումով գուցե անհրաժեշտություն կդարձներ փաստաբանների նկատմամբ դատարանի կողմից սանկցիայի ուղղակի կիրառումը, այն էլ` տուգանքի ձևով:
-Ոչ: Ինչպես ներկայացրեց փաստաբանների պալատի նախագահ պարոն Զոհրաբյանը, թեև մեկ տարվա ընթացքում քաղաքացիական դատավարության ընթացակարգով դատարաններում փաստաբանների մասնակցությամբ ավելի քան 30000 գործ է քննվել, սակայն փաստաբանի նկատմամբ պատժամիջոցի կիրառման ընդամենը 4 դեպք է եղել, կարծեմ, 2 դեպք էլ վարչական դատավարության ընթացակարգով է եղել, թեև այս ոլորտում ևս հազարավոր գործեր են քննվել փաստաբանների մասնակցությամբ: Քրեական գործերով ևս մեծ չէ այդ դեպքերի թիվը, բացառությամբ «Սասնա ծռերի» գործի, որն առանձին քննարկման հարց է: Այս պայմաններում ընդհանրապես հասկանալի չէ օրենսդրությունում նման խիստ նորմ մտցնելու` դատավորի կողմից փաստաբանի նկատմամբ անմիջականորեն տուգանքի ձևով պատժամիջոցի կիրառում նախատեսելու անհրաժեշտությունը:
-Ձեր նշած սակավաթիվ դեպքերը նրա՞նք են, որոնց պարագայում պալատի խորհուրդը համարել է, որ փաստաբանի կողմից իսկապես խախտում է թույլ տրվել, թե՞ ուղղակի դատարանների կայացրած պատժամիջոցի որոշումների ընդհանուր թվերն են:
-Դատարանների կայացրած պատժամիջոցի որոշումների ընդհանուր թվերն են, որոնց մի մասի պարագայում պալատի խորհուրդը համարել է, որ իսկապես խախտում է եղել: Օրինակ, որքան տեղյակ եմ, քաղաքացիականով 4-ից 3-ը մերժվել է, մեկն են ընդունվել: Բոլոր դեպքերում, վիճակագրությունն ասում է, որ հիմնավորված չէ այդ մի քանի դեպքի համար օրենսդրական նման նախաձեռնությամբ հանդես գալը:

Հարցազրույցը`
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 4018

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ