«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Դավոսյան լավատեսության սպասումով

Դավոսյան լավատեսության սպասումով
06.02.2018 | 12:19

Շվեյցարական Դավոսը ավստրիական սահմանից ուղիղ գծով մոտ 15 կմ հեռավորության վրա է։ Ավստրիայի Գրաց քաղաքում հյուրընկալվելուս շրջանում, առավել կոնկրետ՝ այս տարվա հունվարի 23-26-ին, այնտեղ կայացավ հերթական համաշխարհային տնտեսական համաժողովը։ Մասնակիցների թվում էին նաև ՀՀ կառավարության ներկայացուցիչները՝ վարչապետի գլխավորությամբ։ Հիշարժան են Կարեն Կարապետյանի հանդիպումները Սինգապուրի փոխվարչապետի, Էստոնիայի և Լիբանանի վարչապետների հետ։ Առաջինի հետ զրույցից տեղեկացվեց, որ Սինգապուրի օրինակը հայաստանցիներիս համար շատ գայթակղիչ է, երկրորդի պարագայում ընդգծվեց, որ Էստոնիայի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ուսանելի զգալի փորձ կա, հատկապես թվայնացման առումով։ Թե ինչպես ենք դրանք կիրառելու ՀՀ պայմաններում, երբ Սինգապուրի պարագայում մեկ բնակչի հաշվով համախառն ներքին արդյունքը 87 հազար դոլար է, Էստոնիայում՝ 30 հազար դոլար, Հայաստանի Հանրապետությունում՝ հազիվ 3 հազար դոլար, հարցի մի կողմն է և դժվար գուշակելի, քանզի ցանկացած բարեփոխում ֆինանսական միջոցներ է պահանջում ու ենթադրում, որոշ դեպքերում՝ զգալի, որոնք մեր երկիրը չունի, առաջիկա 1-2 տասնամյակում էլ թերևս չի ունենա, անգամ լավագույն տնտեսական աճի, բարեփոխումների ու զարգացումների պայմաններում։ Կարծես թե իրականում կարծիք է կազմավորվում, որ մեզանում ոչինչ չի ստացվում, միշտ ցանկացել ենք լավ բան անել, նպատակներ հռչակել, փոխարենը ստացվել է ինչպես միշտ, անիմաստ ու անհեթեթ, հային ու հայությանն անպատվաբեր։ Իրավիճակի ողջ բարդությունը նախորդ վարչապետների մեջ փնտրելն անիմաստ է, քանզի ազգովին հավատացել ենք նրանցից յուրաքանչյուրին, ինչպես հերթական այս մեկին, և որոշ ժամանակ անց հիասթափվել։ Իսկ արդյո՞ք հրաշագործներ են եղել կայացած ու կայացող երկրների ղեկավարները, որոնցից շատերին անգամ իրենց երկրներում չեն հիշում։ Վստահ չեմ։ Այդօրինակ գործընթացների իրականացումը թողնելով ՀՀ կառավարության ղեկավարին ուղեկցող ռազմավարական նախաձեռնությունների ու կայուն զարգացման հիմնադրամների 7-անիշ թվերով աշխատավարձեր ստացող տնօրենների խղճին ու անելիքին, փորձենք համաշխարհային վիճակագրության փաստերի օգնությամբ ներկայացնել հիշատակված երկրների թող որ սիրողական մոտեցմամբ արված պատկերը։


Սինգապուրը, ըստ միջազգային տեղեկատուների, 697 քառակուսի կիլոմետր տարածքով երկիր է, 6 միլիոն բնակչությամբ, 1 քառակուսի կմ-ի վրա ապրողների թիվը 8,6 հազար մարդ, ՀՀ-ում՝ մոտ 100 մարդ։ Հեղինակիս մտահոգող ոլորտներից գյուղատնտեսության նախարարություն չունի, քանզի գյուղնշանակության հողեր, առավել ևս վարելահողեր գրեթե չունի, վերջինս տարածքի հազիվ 0,8 տոկոսն է կազմում։ Սակայն չգիտես ինչ կերպ երկիր համարվող աշխարհի այս հատվածում հասցնում են յուրաքանչյուր տարի, ասենք, 100 հազար տոննա հավի միս արտադրել, մեկ բնակչի հաշվով մոտ 20 կգ, երբ ՀՀ ցուցանիշը 2 կգ-ն մի կերպ է հաղթահարում, այս մսատեսակի հանդեպ հայաստանցիներիս պահանջարկը բավարարելով մինչև 35 հազար տոննայի հասնող ներմուծումների արդյունքում։ Ոմանց համար առաջին հայացքից ոչ էական այս խնդրի լուծման հարցով ՀՀ շարքային քաղաքացիս մեկ անգամ չէ, որ դիմել է ՀՀ վերջին 4 վարչապետներին, ընդգծելով, որ հայաստանցիներս թռչնամսի հանդեպ անտարբեր չենք, քանզի պարտադրված սպառում ենք աշխարհի տարբեր ծայրամասերից Հայաստան ու Արցախ հասցվող այս մսատեսակի խոր սառեցված տասնյակ հազարավոր տոննաներ։ Որ Շվեյցարիայում լինի, թե Ավստրիայում, վստահ եմ նաև Սինգապուրում ու Էստոնիայում, թռչնամիսը չի վաճառվում անհասկանալի պայմաններում ու միջոցներով խոր սառեցված վիճակում, այլ ընդամենը սպանդից հետո պաղեցրած տեսքով, դա պարզ իրողություն է, և հարգանք սեփական քաղաքացիների հանդեպ։ ՈՒրեմն ինչու՞ չի ՀՀ բարձրագույն գործադիր մարմինը, կառավարություն համարվող կառույցը, իր միջազգային ինտեգրման, տնտեսական բարեփոխումների, տարածքային զարգացման, գյուղատնտեսության նախարարությունների հմուտ ու փորձաշատ մասնագետների ու կառավարիչների անգամ նվազագույն ջանքերի շնորհիվ լուծում ՀՀ տնտեսության այս գեթ մեկ պարզ ու հասարակ խնդիրը։ Ի՞նչն ու ովքե՞ր են խոչընդոտում Երկիր մոլորակի վրա արդեն հաստատված պարզ ու հասարակ գործ համարվող այս հարցի հայաստանյան պայմաններում լուծմանը։


Փաստ է, որ հարավային հարևանների մոտ մեկ բնակչի հաշվով ցուցանիշը 20-ական կգ է, Շվեյցարիայում ու Ավստրիայում՝ 25 կգ, Իսրայելում՝ 80 կգ։ Վերջինում հրաշագործ խոհարարներն այն պատրաստում են այնպիսի արվեստով, որ խնդիր չի դիտարկվում հավի միսը թե նախաճաշին, թե կեսօրին ու ընթրիքին վայելելը։ ՀՀ գործադիր բարձրագույն իշխանությանը շահառու քաղաքացուս ահազանգումների հանդեպ լռությունն ու անտարբերությունը խոսում են մեր վարձած կառավարիչների անզորությունից մինչև երկրի պարենապահովության ու պարենանվտանգության հանդեպ ծայրաստիճան անփույթ ու անտարբեր վերաբերմունքի մասին, դրանցից բխող անցանկալի ու վտանգավոր հետևանքներով։ Չէ՞ որ պարզից էլ պարզ է՝ այսօրինակ գործընթացների արդյունքում են երկիր ներհոսող գումարները հայտնվում սահմանափակ ներմուծողների հաշվեհամարներին, այնուհետև ձևակերպվում օֆշորներում, պատուհաս դառնում հայաստանցիներիս համար, առիթ ստեղծում հիմնական թեմա ու թիրախ հռչակել օլիգարխիկ համակարգն ու կոռուպցիոն դրսևորումները, որոնք տասնամյակներ շարունակ որևէ արդյունքի չեն հասցնում։
Վստահաբար կարելի է պնդել, որ միայն թռչնամսի արտադրության ոլորտում ներքին պահանջարկը բավարարելու համար հնարավորություն կստեղծվի մի քանի հազար նոր աշխատատեղեր բացելու։ Երբ տարիներ առաջ երկիր հրավիրվեց, այսպես կոչված, սինգապուրյան հրաշքի նախահայր երկրի երբեմնի վարչապետը, նրա խորհուրդները հիմնականում ուղղված էին կոռուպցիայի դեմ պայքարի մեթոդներին, որոնք ներկայիս հայաստանյան միջավայրում բացարձակապես անզոր դրսևորվեցին։ ՈՒրեմն ինչու՞ չկիրառել պատճառները կանխելու աշխատաոճը, կառավարության թող որ աղքատիկ միջոցներն ուղղելով գյուղական համայնքներում հարյուրավոր փոքր ու միջին թռչնաբուծարանների ստեղծմանը, այդկերպ ոլորտում մրցակցային միջավայրի կազմավորմանը, բացառելով շատ հաճախ անհասկանալի ու անընդունելի վարչական միջոցների կիրառումը։ Վստահ եմ, որ բազմազգ ու բազմակրոն Սինգապուրում խնդիրները հնարավորինս լուծելու միջոցով են բարելավել ու բարեփոխել մարդկանց կյանքն ու առօրյան։ Թե ինչ պատկեր է այս առումով, փորձեմ ներկայացնել ԱՄՆ-ում 1868 թվականից տպագրվող «Համաշխարհային փաստեր. 2018» տեղեկատուի օգնությամբ։ Երկիրը բազմազգ է, որտեղ կան չինացիներ, անգլախոսներ, մալայացիներ, հնդիկներ, թամիլներ, այլ մեծաքանակ, մեզանում ազգային փոքրամասնություններ համարվողներ։ Կրոնական առումով նույնպես բազմազանություն է. բուդդայականները 34 % են, մուսուլմանները՝ 14, թեոիստները՝ 11, կաթոլիկները՝ 7, հինդուիստները 5: Դե եկ ու այս պայմաններում սինգապուրյան հրաշքի հեղինակ Լի Կուան Յուի այն գաղափարախոսության հիմքերը գտիր, ըստ որի ամուր ընտանիքը ամուր պետության հիմքն է, և ամուր պետությունը՝ ամուր ընտանիքի երաշխավորը։

Նման խայտաբղետության Երկիր մոլորակի որևէ այլ երկրում չենք հանդիպում, և հարցը՝ ինչպե՞ս է Սինգապուրի կառավարիչներին հաջողվում հանրություն-իշխանություն հարաբերություններում բարերար միջավայր հաստատել, բնական է։ Վստահ կարելի է ընդգծել. երկրի քաղաքացիների առջև ծառացած խնդիրները լավագույնս լուծելու միջոցով, որտեղ գլխավորը մարդկանց պարենային պահանջները հնարավորինս բավարարելն է, առաջին հերթին կենդանական ծագմամբ սննդի տեսքով, որոնցից մեկի մասին փորձեցինք խոսել։
Արդեն հիշատակված մեկ բնակչի հաշվով 87 հազար դոլար տարեկան ՀՆԱ-ն որևէ խնդիր չի ստեղծում երկրին անհրաժեշտ նշված մսատեսակի՝ քանակները համաշխարհային շուկայում գնելու առումով, քանզի թռչնամսի ծավալների արտադրության աննախադեպ աճ կա ողջ աշխարհում։ Սակայն այս պարագայում մսատեսակը երկրում կհայտնվի խոր սառեցված վիճակում, որը ոչ միայն ցանկալի չէ, այլև անընդունելի է երկրի բնակիչների համար իր բազմաբնույթ հետևանքներով։ Ինչքան էլ տարօրինակ դիտարկվի, Երևանի հազիվ 2 տարածքն ունեցող այս երկրում քայլեր են ձեռնարկվում նաև խոզի մսի արտադրության առումով, որն արդեն հատել է 30 հազար տոննայի սահմանը, երբ ՀՀ ցուցանիշը 7-8 հազար տոննա է։ Մեր պայմաններում բացարձակապես անհասկանալի է, թե ինչու է ծավալների թող որ աննշան ավելացման հետ գների աննախադեպ աճ արձանագրվում, ներմուծումն էլ կարծես չի նվազում, դարձյալ խոր սառեցված մսատեսակների տեսքով։


Էստոնիային անդրադառնանք։ Ընթերցողներիս չձանձրացնելու նպատակով ընդամենը մեկ փաստ նշեմ։ Երբեմնի խորհրդային այս երկիրը 100 հազար տոննայից ավելի մսատեսակների արտադրություն է իրականացնում, մեկ բնակչի հաշվով տարեկան 100 կգ և ավելի, երբ ՀՀ ցուցանիշը հազիվ 30 կգ է։ Տարօրինակ է, որ այս պայմաններում ՀՀ գործարարները երշիկեղենի զգալի ծավալների արտադրություն են ծավալում, դրանք անգամ «կես գին» ակցիաներով վաճառում, նույնիսկ արտահանում։ Թե ինչու՞ չի այս գործընթացում ընդգրկված 1,2 միլիոն գյուղաբնակների անգամ աննշան մասը, անհասկանալի է։ Այսօրինակ հարցերի պատասխանները թողնելով ՀՀ թիմային պատասխանատվությամբ աշխատող պաշտոնյաներին, անդրադառնանք այն խնդրին, որը բարձրաձայնեց ՀՀ վարչապետն իր էստոնացի գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում։ Հնչեցվեց, որ Էստոնիայում զգալի ուսանելի փորձ կա ՏՏ ոլորտում։ Բայց չէ՞ որ մեզ ամեն օր է հիշեցվում, որ ՀՀ-ում այս ոլորտը գերակա ճյուղ է հռչակվել, աննախադեպ զարգացում կա, համաշխարհային հսկաներն են մեզանում ներկա, մեր մասնագետների ծրագրերով գյուղատնտեսությունից մինչև մշակութային ոլորտներն են հետաքրքրված։ Հայաստանյան հանրությունն անգամ այս ոլորտը սուր քննադատողներին չի ցանկանում հավատալ, վստահ է, որ այստեղ ամեն ինչ է արվում, Փարիզի քաղաքապետն էլ մեզ ապացույց։ ՀՀ տնտեսության կայացմամբ շահառու ՀՀ քաղաքացիս ամենայն անկեղծությամբ եմ հայտարարում, որ տարակուսած եմ։ Ստացվում է, որ մեր երկրում պատկերը մի գնահատականով է դիտարկվում, ոտքդ դուրս դրեցիր՝ այլ չափորոշիչ է պետք կիրառել, որն առնվազն մտորումների տեղիք է տալիս։ Պարզվում է, որ Էստոնիայի տնտեսությունը գրեթե ամբողջությամբ թվայնացված է, որը ժամանակակից չափանիշներով գերազանց երևույթ է համարվում, երբ ՀՀ տնտեսությունում նոր-նոր ենք փորձում այս ուղղությամբ շարժվել։ Մերձբալթյան հանրապետությունում ինտերնետից օգտվում է բնակչության 90 տոկոսը, ՀՀ-ում՝ 65 տոկոսը։


ՀՀ վարչապետը Դավոսում հանդիպեց նաև Լիբանանի իր գործընկերոջ հետ։ Պարզվում է, արդեն հիշատակված ինտերնետից Լիբանանում օգտվում է բնակչության 80 տոկոսը, զբոսաշրջությունից երկիրը տարեկան ստանում է 7 միլիարդ դոլար, երբ ՀՀ ցուցանիշը 1 միլիարդ դոլար է։ Երկրի բյուջեն 15 միլիարդ դոլար է՝ ՀՀ-ի հնգապատիկը, երբ բնակչությունը ընդամենը 6 միլիոն է։ Մեզ պես կիսապատերազմական վիճակում գտնվող հայաշատ այս երկիրը 60-հազարանոց բանակ է պահում, ռազմական բյուջեն 2 միլիարդ դոլար է։ Լիբանանի բնակչությունը վերջին 15 տարիներին գրեթե կրկնապատկվել է, երբ ՀՀ բնակչությունը կայուն նվազում է արձանագրում, ծնունդների կտրուկ կրճատում, արտագաղթի էլ սահուն աճ։
Օրեր անց կվերադառնամ Երևան, Զեյթունի հարևաններիս «ինչպե՞ս էր» հարցին անորոշ պատասխան կտամ, ու կընկղմվեմ հայաստանյան առօրյայի մեջ, որին երկրի թիվ 1 պաշտոնյայի տված գաղջ միջավայրի մասին գնահատականը մոռացության տալ չի ստացվում։ Մինչ այս դիտում եմ արտերկրներ հեռարձակվող հայաստանյան հեռուստաալիքների հաղորդումները, լսում գնաճի վերաբերյալ մարդկանց գնահատականներն ու հուսալքվածությունը և տարակուսում. Դավոսում լսածն ու տեսածը որևէ հետևանք ու ազդեցություն կթողնե՞ն արդյոք, թե՞ կշարունակվի «մերն ուրիշ է» գործընթացի խորացումը, որից տասնամյակներ է արդեն պրծում չկա։


ՀՀ տնտեսությունն այլ հոգածության կարիք ունի, որը ոչ Սինգապուրն ու Էստոնիան են ինչ-որ մեկից ստացել, ոչ էլ Լիբանանը։ Ինչպես կայացող ու կայացած տնտեսություններ ունեցող երկրներում են կառավարիչները վարվել, ամենուր առաջնորդվել են հանրության բացարձակ մեծամասնության առօրյա շահերով ու հետաքրքրություններով, մեզանում տարօրինակորեն, թե ցավալիորեն մոռացվող գործընթացներ են։ Անկեղծ գտնվեմ և նշեմ. ցանկությունս է, որ Դավոս մերոնց այցելությունն ինչ-որ բան փոխի ՀՀ տնտեսությունում, սակայն ինչպես հաճախ ենք ընդգծում՝ տառապանքս փորձ ունի...

Գեղամ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ
Ավստրիա, Գրաց
27.01.2018

Հ. Գ. Ըստ որոշ հաղորդումների՝ Դավոսում մեկ անձի մասնակցության վճարը կազմել է 40000 դոլար: Մերոնք նվազագույնը երեքն էին:

Դիտվել է՝ 4100

Մեկնաբանություններ