Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Օրվա մտքերը

Օրվա մտքերը
08.02.2018 | 10:26

1000- մղոնանոց ճանապարհը սկսվում է առաջին քայլից: Ամեն ձախողումի մեջ ապագա հաջողության հատիկ կա: Բարությունը լեզու է, որ կարող են լսել խուլերն ու տեսնել կույրերը: Սրանք գուշակություններով բլիթներից աֆորիզմներ չեն, այլ մտածելու թեմա, որ ամեն օր ուղևորներին առաջարկում են Լոնդոնի մետրոյի Oval կայարանում: Ամեն ինչ սկսվեց 14 տարի առաջ, երբ հաճախորդների հետ աշխատանքի մենեջեր Էնտոնի Ջենտլսը որոշեց աշխուժացնել առավոտյան պիկ ժամին անթափանց դեմքերով ու ուղիղ գծով դեպի տուրնիկետ գնացող ստորգետնյա ուղևորներին խելացի ասույթներով իր սիրած «Դաո դե ցզին» գրքից` հին չինական փիլիսոփայության առանցքային երկից: Նրան շարունակեց Գլեն Սազերլենդը: Կայարանի նախասրահի տեղեկատվական տախտակին նրա գրառումներն այնքան հանրաճանաչ դարձան, որ ամբողջ աշխարհում հայտնվեցին երկրպագուներ, իսկ Լոնդոնում` ընդօրինակողներ: «Եթե այս խոսքերը ոգևորում են ինձ, գուցե ուղևորներն էլ մի պահ կանգ առնեն ու մի քիչ մոռանան իրենց հոգսերը»` ասում է Էնտոնի Ջենտլսը: Նա չի սահմանափակվում դաոսական մեջբերումներով: Անգամ ամենահոգնած ուղևորները չէին կարող չնկատել ասույթները. «Երջանիկ մարդը երջանիկ է դարձնում ուրիշներին» (Աննա Ֆրանկ), «Աշխարհում ոչինչ ավելի վարակիչ չէ, քան ծիծաղն ու լավ տրամադրությունը» (Չառլզ Դիկենս): ՈՒ հանկարծ ուղևորները սկսեցին կոտրել կարծրատիպը, որ մետրոյում բոլորը լռում են ու սկսեցին խոսել կայարանի աշխատակիցների հետ: Ոմանք շնորհակալություն էին հայտնում Ջենտլսին ասույթների համար: ՈՒրիշները փոխում էին երթուղին, որ անցնեն Օվալ կայարանով: Կեսօրվա ընդմիջումին աշխատողները հավաքվում էին քննարկելու օրվա ասույթի իմաստը: Էնտոնի Ջենտլսը պատմում է, որ մի օր մի տղամարդ 20 րոպե գնաց-եկավ պլատֆորմով, հետո բարձրացավ նախասրահ ու հայտարարեց, որ վերջապես հասկացավ` իր համար ինչ է նշանակում ասույթը:

«Ես ուրախ եմ, որ ազդում եմ մարդկանց կյանքի վրա: Մեզ բոլորիս ժամանակ առ ժամանակ պետք է ոգեշնչել, խրախուսել,-ասում է 59-ամյա Ջենտլսը:- Խոսքերն արձագանք են գտնում: Մեկ արտահայտությունը կարող է բազում մտքեր ու հույզեր հարուցել»: 2007-ին նա էստաֆետը փոխանցեց գործընկերոջը` Գլեն Սազերլենդին` հանձնելով մարկերն ու գրատախտակը: Այդ ժամանակից 3000-ից ավելի մտքեր են գրառվել և միայն 4 անգամ են կրկնվել: 47-ամյա Սազերլենդը նաև Օվալ կայարանի ակաունտի պատասխանատուն է Թվիթերում, որ անցյալ տարի չափազանց հանրաճանաչ դարձավ` Օվալի թվիթերյան ակաունտն ունի 20 000 ֆոլովեր ամբողջ աշխարհում` Ֆրանսիայից Իսպանիա, Մալայզիայից Ավստրալիա: «Վերջերս մեկը գրեց Արգենտինայից»` ասում է Գլենը: Արգենտինացի ընտանիքը Գլենին խնդրում էր կայարանի գրատախտակին գրել Միրտա Լեգրանի` արգենտինացի նշանավոր դերասանուհու ու հաղորդավարի ասույթը: Գլենը խնդրանքը կատարեց և նրա աշխատանքը քննարկվեց դերասանուհու հեռուստաշոուում: «Եթե դա օգնում է մարդկանց, եթե նրանց ուրախացնում է, շատ լավ է,- ասում է Գլենը:- Ես շատ զարմացած եմ, որ 20000 մարդ հետևում է «Օրվա մտքերին»: Իսկապես չեմ հասկանում, տարօրինակ է»:

Հանրաճանաչության հետ մեծանում է և պատասխանատվությունը: 2017-ին Լոնդոնում մի քանի ահաբեկչություն եղավ: Այրվեց Գրենֆել թաուեր բարձրահարկը, զոհվեցին տասնյակ մարդիկ: Օվալ կայարանի աշխատակիցներն ուզում էին գտնել նրբանկատ, ոգևորիչ ու Լոնդոնի ոգին արտահայտող բառեր: «Դա շատ դժվար էր, հատկապես Գրենֆել թաուերի հրդեհից հետո»` պատմում է Գլենը:


«Պետք է առավել ուժեղ լինել այն պահին, երբ քեզ առավել թույլ ես զգում: Մեր ցավակցությունները: Մեր քաղաքը: Մեր բազմազանությունը: Մեր ուժը»` գրեց նա մարտին ահաբեկչությունից հետո: «Ծաղկեփունջը հավաքվում է շատ ծաղիկներից: Որտե՞ղ է սերը: Մեր Լոնդո՞նը: Մեր քաղա՞քը: Մեր բազմազանությու՞նը, մեր արժանապատվությու՞նը: Որքա՞ն արցունք պիտի հոսի չնչին գաղափարախոսության անմեղ զոհերի համար: Քանի՞ կյանք է դեռ խլելու եսասիրությունը: Մեր Լոնդոնը: Մեր քաղաքը: Մեր ուժը: Մեր հաստատակամությունը: Մեր ցավակցությունները»` գրվեց Լոնդոնի կամրջի վրա ահաբեկչությունից հետո: «Խիզախությունը: Բարությունը: Բարեկամությունը: Բարոյականությունը: Այդպես ենք մարդ դառնում ու նույնիսկ երբեմն մեծ գործեր անում»` գրվեց Գրենֆել թաուերի հրդեհից հետո: Լոնդոնի ահաբեկչություններից հետո մի քանի օր գրատախտակին հայտնվում էին համախմբող ու հուսադրող գրառումներ: «Մենք միշտ ենք մտածված ընտրում բառերը, այս դեպքում ես մտածեցի, որ Լոնդոնին ու ամբողջ երկրին պետք է միավորվել,- ասում է Սազերլենդը:- Մենք պետք է ուշքի գանք ու շարունակենք ապրել»: ՈՒղևորները գոհ են կայարանը հյուրընկալ ու հետաքրքիր դարձնելու ջանքերից: Օվալի ամենօրյա ծեսը մյուս կայարաններն էլ են սկսել ընդօրինակել` Քովենտ գարդենը, Թաուեր Հիլը, Փլեյստոուն, Քենինգտոնը, Կլապամ Նորտը, Թաֆնել պարկը: Էնտոնի Ջենտլսը զարմացած չէ: «Երբ այլ կայարանների աշխատակիցները տեսնում են, որ մեզ մոտ ծաղիկներ են դրված, գրքեր փոխանակելու պահարաններ, դասական երաժշտություն է հնչում ու տեսնում են` ինչպես են ուղևորներն արձագանքում, իրենք էլ են ուզում նույնն անել»` ասում է նա: 14 տարի անց նրա սիրելի արտահայտությունը մնացել է առաջինը` «1000- մղոնանոց ճանապարհը սկսվում է առաջին քայլից»: «Դա իմ սիրած արտահայտությունն է, որովհետև ճշմարտություն է: Կարևոր չէ` ինչով եք կյանքում զբաղվում, ինչ է կատարվում շուրջբոլորը, միշտ պետք է առաջին քայլն անեք դուք»` ասում է մարդը, որ Օվալ կայարանը դարձրեց մտածելու վայր:
ВВС


Հ.Գ. Իսկապես` որտե՞ղ է սերը: Մեր քաղաքը: Մեր Երևանը: Մեր միասնությունը: Մեր դժգոհությունը: Մեր փնթիությունը: Մեր անտարբերությունը: Մեր շտապողականությունը: Մեր զայրույթը: Մեր ձանձրույթը: Կգտնվի՞ մեկը, որ, ասենք, մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանում գրատախտակ կդնի ու մարկեր և կառաջարկի ուղևորներին գրել մտքով անցած առաջին բառերը, կհնչեցնի երաժշտություն ու ծաղիկներ կշարի կայարանում: Գրքեր կդնի, որ ցանկացողները հենց այնպես վերցնեն կարդալու: Թե՞ մեր դեպքում երաժշտությունը կլինի ականջ ծակող զուռնա ու ռաբիս, ծաղիկները` անցած տարվա, իսկ գրքերը ոչ թե կավելանան, այլ` կպատառոտվեն: Մտքերն էլ` Աստված հեռու տանի: Իսկ մենք Երևանը պակաս չենք սիրում, քան լոնդոնցիները` Լոնդոնը: ՈՒղղակի մենք այսպիսին ենք, անգլիացիները` այդպիսին: ՈՒ ստեղծված վիճակից ելքեր մենք գտնում ենք ինքնամեկուսացման ու փախուստի մեջ, նրանք` միմյանց լուսավոր օր ու բարի տրամադրություն փոխանցելու: Տեսանկյան հարց է: Փոխվելու խնդիր: Ընտրության ունակություն: Այստեղ ու հիմա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3512

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ