Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ակնկալում են նորարարական մոտեցումներով, հասարակության լայն շերտերին ուղղված ծրագրեր

Ակնկալում են նորարարական մոտեցումներով, հասարակության լայն շերտերին ուղղված ծրագրեր
09.02.2018 | 03:09

Հայտարարվել է ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող հերթական դրամաշնորհային մրցույթը հասարակական կազմակերպությունների համար։ Այն ընդգրկում է մի շարք ուղղություններ՝ մայիսյան հերոսամարտերի 100-ամյակ, Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակ, հայ զինվորի կերպարը մատաղ սերնդի դաստիարակության գործում, Էրեբունի-Երևանի 2800-ամյակ։


Դրամաշնորհային ծրագրերի մրցույթները հայտարարում և իրականացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից ֆինանսավորվող դրամաշնորհային ծրագրերի համակարգող ԳԱՅԱՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ մեզ հետ զրույցում, անդրադառնալով այն հարցին, թե ինչ սկզբունքով են ընտրվում մրցույթի անվանակարգերը, նշում է. «2018-ը հոբելյանական տարի է. այս տարի նշում ենք մայիսյան հերոսամարտերի, Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակը և Արցախյան ազատագրական պայքարի սկզբնավորման 30-ամյակը: Իրադարձություններ, որոնք հայոց պատմության մեջ ոսկե տառերով գրվեցին, դրանք հայ ժողովրդի փառապանծ էջերն են: Պատմական զուգահեռներ տանելով կարելի է փաստել, թե ինչպես Առաջին հանրապետությունը ծնվեց, ըստ էության, ձևավորվող ազգային զորամիավորումների վարած հերոսամարտերի շնորհիվ։ Նույնպես և Շուշիի ազատագրման փուլից սկսված պետական կազմավորումների ձև ստացող ազատամարտիկների զորաջոկատների հիմքի վրա ձեռք բերվեցին հետագա հաղթանակներն ու Արցախի անկախությունը. պատահական չէ, երբ ասվում է, որ մեր բանակները երաշխիքն են մեր ժողովրդի ապահովության և խաղաղ գոյատևման: Այնպես որ, մեր հայտարարած անվանակարգերը չէին կարող շրջանցել համահայկական նշանակություն ունեցող այս կարևորագույն հոբելյանները և չլինել շաղկապված. մայիսյան հերոսամարտեր-Հայաստանի Առաջին Հանրապետություն-հայոց բանակ»:


Գայանե Մանուկյանը նկատում է, որ հոբելյանական այս տարում չէին կարող հարթակ չտրամադրել հասարակական կազմակերպություններին՝ իրականացնելու նաև ծրագրեր՝ նվիրված Էրեբունի-Երևանի 2800-ամյակին:
Մեր զրուցակիցը շեշտում է, որ դրամաշնորհային ծրագրի նպատակն է խթանել հասարակական կազմակերպությունների գործունեությունը՝ քաղաքացիական հասարակության ինստիտուտների կայացման, ժողովրդավարության խորացման, հասարակական կազմակերպությունների ներուժի դրսևորման և օգտագործման, մարդկային ռեսուրսների զարգացման նպատակով: «Ակնկալում ենք նորարարական մոտեցումներով, հասարակության լայն շերտերին ուղղված ծրագրեր, որոնք կբերեն հասարակական խանդավառություն, միասնություն, կլրացնեն որոշ բացեր կամ մատուցվող նյութով կհամալրեն գիտելիքներ: Հայացք ձգելով դրամաշնորհային ծրագրով իրականացված ծրագրերին՝ կարելի է ասել, որ շատ ծրագրեր ապահովել են հետադարձ կապը հասարակության և պատկան գերատեսչությունների միջև, հաճախ նաև բարձրաձայնել են հասարակության շրջանում առկա խնդիրներ»,- ասում է Գայանե Մանուկյանը:
Նշենք, որ հասարակական կազմակերպությունները դրամաշնորհային մրցույթին մասնակցելու համար հայտերը պետք է ներկայացնեն մինչև մարտի 2-ը։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 5566

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ