«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Իրանական կողմը պատրաստ է, իսկ հայկական կողմը դեռ ներդրող է փնտրում

Իրանական կողմը պատրաստ է, իսկ հայկական կողմը դեռ ներդրող է փնտրում
13.02.2018 | 06:58

Տարածաշրջանում Իրանի Իսլամական Հանրապետության նման բարեկամ հարևան ունենալ ու բավականաչափ չօգտվել այդ երկրի ընձեռած հնարավորություններից, մեղմ ասած, սխալ է: Այն տնտեսական մեծ ներուժը, որն ունի այս երկիրը, շատ օգտակար կարող է լինել հատկապես մեր տնտեսության համար, սակայն, ինչպես մեր որոշ վերլուծաբաններն ու քաղաքական գործիչներն են իրավացիորեն պնդում, Հայաստանը պատշաճ ուշադրություն չի դարձնում այս գործոնին:


Առաջին անգամ չէ, որ միևնույն նախագծի մասին հայ և իրանցի պաշտոնյաների հայտարարությունները հակասում են միմյանց: Հայկական կողմը վստահեցնում է, թե ինքը շահագրգիռ է տվյալ բիզնես-նախագիծը կյանքի կոչելու, իսկ իրանական կողմն էլ ասում է, թե ոչ մի խոչընդոտ չի տեսնում ու սպասում է Հայաստանի արձագանքին: ՈՒ ամեն անգամ հայտնվում ենք այս շրջապտույտում:


Երեկ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին հայտարարել է, թե Մեղրու ՀԷԿ-ի գործարկման հետաձգման մեղավորն իրանական կողմը չէ, այն պետք է դեռ հունվարի վերջին գործարկվեր: «Առաջիկայում Իրանից պատվիրակություն կայցելի Հայաստան, կփորձի այդ ծրագրին վերջնական տեսք տալ: Գործարկման ուշացման պատճառը մենք չենք, սովորաբար, ուշացնողներն ընկերություններն են: Մեր երկրների կառավարություններն աշխատում են միշտ»,- ասել է դեսպանը:
Հիշեցնենք, որ շինարարության մեկնարկը, Սերժ Սարգսյանի մասնակցությամբ, տրվել է դեռ 2012 թ. նոյեմբերին և պետք է տևեր հինգ տարի: Նախատեսված էր 325 միլիոն դոլարի ներդրում իրանական կողմից: Տարեկան այդ ՀԷԿ-ը պետք է արտադրի մոտ 800 միլիոն կՎտժամ էլէներգիա: Ըստ ծրագրի, ՀԷԿ-ը պետք է 15 տարի շարունակ էլէներգիան արտահանի Իրան, իսկ դրանից հետո այն պետք է անհատույց փոխանցվի Հայաստանին: Հայկական կողմն այս հարցում այնքան էլ պերճախոս չէ, ու մենք հիմնականում տեղեկություններ ենք ստանում միայն այն ժամանակ, երբ իրանական կողմից հայտարարություններ են հնչում, իսկ մեր պատկան մարմիններն էլ կցկտուր պարզաբանումներ են ներկայացնում: Այս անգամ էլ պարզվեց, որ հունվարի վերջին պետք է ՀԷԿ-ը շահագործման հանձնվեր, սակայն դրա ուշացման մասին մենք տեղեկանում ենք Իրանի դեսպանից:


Հաջորդ նախագիծն առավել ծանր վիճակում է. խոսքն Իրան-Հայաստան երկաթուղու մասին է: Մինչ մենք տարիներ շարունակ ծանրութեթև ենք անում այս ծրագիրը, Ադրբեջանն արդեն շահագործման է հանձնում Իրան-Ադրբեջան երկաթգծի մի հատվածը: Իսկ մեր մասով երեկ Իրանի դեսպանը նշել է. «Իրանի հարաբերությունները Հայաստանի հետ շատ լավ են: Մենք պատրաստ ենք գործարկելու երկաթգիծը, բայց Հայաստանը պետք է ներդրող ներկայացնի: Պարզապես պետք է համատեղ ներդրումներ իրականացնել այս ոլորտներում: Դուք առաջ եկեք, մենք հաջորդ քայլը կանենք»: Փաստորեն, դեսպանը պարզորոշ ասում է, որ իրենք ոչ մի խնդիր, խոչընդոտ չեն ստեղծում, իմա՝ հայկական կողմի մեղքով է այս վիճակը ստեղծվել, քանի որ ներդրող չեն «ներկայացնում»: Հավելենք, որ դեռ նախորդ տարի տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարը հայտարարեց, որ Իրան-Հայաստան երկաթուղու շուրջ ներդրողների հետ բանակցություններում մեկ քայլ առաջ են գնացել: Նախարարությունը տեղեկացրել էր, որ Դուբայում գործունեություն ծավալող «Расиа» ФЗЭ ընկերության հետ այս առնչությամբ բանակցություններ է վարում Իրան-Հայաստան երկաթուղու համար տեխնիկա-տնտեսական հիմնավորում նախապատրաստելու հարցում: Նշենք, որ շինարարության արժեքը 3,2 մլրդ դոլար է գնահատվել, և շատերը թերահավատ են, թե այս երկաթուղին առաջիկա տարիներին կարող է կյանքի կոչվել, հաշվի առնելով ներդրումների մեծ ծավալն ու տարածաշրջանային զարգացումները:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1595

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ