Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

«Մեր քաղաքին պակասում են ավելի շատ քաղաքային քանդակները»

«Մեր քաղաքին պակասում են ավելի շատ քաղաքային քանդակները»
13.02.2018 | 08:04

Երևանում օր օրի ավելանում են քանդակները: Նոր քանդակների հայտնությունը, որպես կանոն, ուղեկցվում է հանրային դժգոհություններով, տարակարծություններով: Ժամանակի հետ քանդակները դառնում են քաղաքի անբաժանելի մասը, եթե չենք էլ սիրում, հաշտվում ենք դրանց գոյության հետ կամ դադարում նկատել:


Քանդակագործ, Հայաստանի նկարիչների միության քանդակի սեկցիայի վարիչ ՆՈՒՆԵ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ կարծիքով` հանրային դժգոհությունն ավելի շատ հուշարձանների դեմ է:
Նրա համոզմամբ` ժամանակները փոխվել են, մեր քաղաքին պակասում են ավելի շատ քաղաքային քանդակները, որոնք կարող են լրացնել միջավայրը, տրամադրություն ստեղծել, գրավիչ լինել և՛ երևանցիների, և՛ Երևանի հյուրերի համար. «Հուշարձանները տեղադրում են, հետո որոշում, որ տվյալ հուշարձանը տեղին չէ ո՛չ տարածքի, ո՛չ կերպարի իմաստով: Իսկ թեմատիկ կոմպոզիցիաները կարող են լավագույնս լրացնել քաղաքային միջավայրը: Ինչպես, օրինակ, Թերեզա Միրզոյանի «Սիրում է, չի սիրում», Սերգեյ Բաղդասարյանի «Մեղեդի» աշխատանքները: Բացի այդ, փոքր քաղաքի համար ավելի շատ փոքր քանդակներն են տեղին, քան հուշարձանները»: «Մեծածավալ հուշարձանները գուցե ընդգծո՞ւմ են տվյալ կերպարի մեծությունը, կարևորությունը» հարցին ի պատասխան Նունե Թումանյանն ասաց, որ այն, ինչ ունենք, պահպանել պետք է, դրանք արժեքներ են, բայց մեծերին նվիրված հուշարձանը պարտադիր չէ, որ պորտրետային նմանություն ունենա, կարող է խորհրդանշական լինել:
Թե ինչ է պետք այսօր քաղաքին, Նունե Թումանյանը փորձել է ներկայացնել «Քաղաքային քանդակ» նախագծի միջոցով, որի շրջանակում ներկայացվել են ինքնատիպ մտածողություն ունեցող քանդակագործների աշխատանքները, լուսանկարչական մոնտաժն էլ հնարավորություն է ընձեռել տեսնելու, թե ինչ տեսք կունենա քաղաքն այդ կոմպոզիցիաներով: Արձագանքը դրական է եղել և՛ քաղաքաշինության նախարարության, և՛ հանրության կողմից, բայց սայլը տեղից չի շարժվել:


Օրվա թեմային համահունչ հարց է ծագում` Հայաստանի առաջին Հանրապետության երևելիներից մեկի` Արամ Մանուկյանի արձանն ինչո՞վ է առանձնանում ավելի վատ արձաններից, որոնք դժգոհություն առաջացրին, բայց, այնուամենայնիվ, գտան իրենց տեղը: «Կերպարվեստ» հանդեսի գլխավոր խմբագիր ՎՐԵԺ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ կարծիքով` խնդիրն ունի մի քանի ենթատեքստ. «Ինչու՞ է հենց Արամ Մանուկյանի արձանի դեմ այսպիսի աղմուկ բարձրացել, երբ վերջին 25 տարում հիմնականում տեղակայվել են մեկը մյուսից ավելի հակամշակութային արձաններ` Սողոմոն Թեհլերյան, Գևորգ Չավուշ, Լեոնիդ Ենգիբարյան: Արամ Մանուկյանի արձանն իրոք վիճարկելի է` գեղագիտությամբ և գաղափարական ենթատեքստով: Այս վիճակում չպետք է դրվի, շտկումների անհրաժեշտություն կա: Բայց մի խնդրից անցնենք մեկ այլ խնդրի. ովքե՞ր են դատավորները: Խորհրդային տարիներին բացառապես նկարիչների միությունն էր որոշում գեղագիտական արժեքը, հիմա թե՛ միությունը, թե՛ մշակույթի նախարարությունը անմասն են քաղաքի ձևավորման, քանդակների տեղադրման աշխատանքներից: Որոշում է Երևան քաղաքի ավագանին: Նրանք ստեղծում են գեղարվեստի խորհուրդներ, որտեղ չկան ճանաչված արվեստաբաններ»:
Մեր զրուցակցի համոզմամբ` Երվանդ Քոչար ունեցող երկրում պետք է որոշակի նշաձող լինի, քաղաքը քանդակախեղդ ենք արել, պետական գործիչների քանդակներին կարող են փոխարինել խորհրդանշական կոթողները: Մանավանդ եթե ներկայանալի աշխատանքներ չեն առաջարկվում:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2861

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ