Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հայ-սերբական մշակութային երկխոսության համատեքստում

Հայ-սերբական մշակութային երկխոսության համատեքստում
14.02.2018 | 11:08

Փետրվարի 15-ին` Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում, տեղի կունենա Սերբիայի Հանրապետության պետականությանը նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Սերբիայի Հանրապետության պատվո հյուպատոս, բանաստեղծ, թարգմանիչ, սերբագետ ԲԱԲԿԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ, նշելով, որ այս տարվա ընթացքում ծրագրվում է անցկացնել սերբական կինոյի շաբաթ: Ֆիլմերի ընտրությունը կատարվելու է հայ և սերբ կինոգետների հետ համատեղ: Ի թիվս այլ ծրագրերի` Բաբկեն Սիմոնյանն առաջիկայում տպագրության է պատրաստում իր բանաստեղծությունների նոր ժողովածուն, ինչպես նաև հյուպատոսական օրագրությունը, որով ներկայացնելու է պատվո հյուպատոսի իր տասնամյա գործունեությունը, հանդիպումները անվանի մարդկանց հետ: Ասում է` «Ոչ միայն ուզում եմ երևա իմ աշխատանքը, այլև այն ժամանակը, որում ապրել եմ, ժամանակի դիվանագիտական միտքը»:

Բաբկեն Սիմոնյանը, Հայաստանում առաջինը, 1975-ից զբաղվում է հայ-սերբական գրական և մշակութային կապերով: Բանաստեղծությունների, էսսեների ու ակնարկների տասնմեկ գրքի և շուրջ 900 հրապարակումների հեղինակ է: Դրանց մեծ մասը վերաբերում է սերբագիտությանը, ինչպես նաև սերբահայ համայնքի հիմնախնդիրներին: Վերջերս Բելգրադում լույս է տեսել նրա «Մի պտղունց սերբական հող» գիրքը, որը շատ բարձր գնահատանքի է արժանացել: Գրքում տեղ են գտել Սերբիային նվիրված էսսեները և ուղեգրությունները:
1980-ից Բաբկեն Սիմոնյանը նաև սերբական գրականություն է թարգմանում: Կազմել և հրատարակել է հայ և սերբ գրողների ստեղծագործությունների ժողովածուներ:

-Ի՞նչպես են ընդունվում Սերբիայում հայ հեղինակների գրքերը:

-Որպեսզի կարողանանք մեր գրականությունը ներկայացնել, նախ համագործակցում ենք անվանի գրողների ու մտավորականների հետ, անշուշտ, ռադիոյով, հեռուստատեսությամբ, կայքերով կազմակերպում ենք հրատարակված գրքերի շնորհանդեսներ, գրական երեկոներ, որոնք լավ առիթ են ավելի մոտիկից ծանոթանալու հայ գրականությանը: Գրախանութ մարդիկ շատ չեն այցելում, ավելի հաճախ գրական երեկոների ընթացքում են գրքերը վաճառվում:
-Հյուպատոսն ու գրողը օգնու՞մ են իրար, թե՞ խանգարում:

-Շատերն են ինձ հարցնում` հյուպատոսական գործունեությունը չի՞ խանգարում գրական գործունեությանը: Պատասխանում եմ՝ ոչ: Ես երբեք գրականության հաշվին հյուպատոսական աշխատանքով չեմ զբաղվում, ոչ էլ՝ հակառակը: Գրականությունը Աստծո տված շնորհ է ու պարգև, ես չեմ ընտրել, ինձ Աստված է տվել: Իսկ պատվո հյուպատոսի կոչումը իմ բազում տարիների վաստակի հանրագումարն է ու թագը, որ ես վաստակել եմ իմ գրական-մշակութային մի քանի տասնամյակների գործունեության շնորհիվ: Այդ երկու գործունեության համատեղումը այսօր հրաշալի արդյունք է տվել:

-Գրականությունը կարո՞ղ է նպատել դիվանագիտական հարցերի լուծմանը:

-Ես կարծում եմ` իմ պատվո հյուպատոսի կոչումը կարող է նպաստել շատ հարցերի լուծմանը, այդ թվում` գրական, քանի որ սա կարգավիճակ է, իսկ կարգավիճակը շատերին պարտավորեցնում է պատվո հյուպատոսի հետ հաշվի նստել և օգտակար լինել:

-Ի՞նչ գրականություն եք ներկայնում Սերբիայում և Հայաստանում:

-Հիմնականում թարգմանում եմ սերբ այն գրողների գործերը, որոնցում ներկայացվում է Սերբիայի իսկական կերպարը, որովհետև Սերբիայում էլ քիչ չեն այն գրողները, որոնք հեռացել են ազգային ակունքներից, ավելի եվրոպամետ են, հետևորդներ ոչինչ չասող ազատ բանաստեղծության, անարմատ պոեզիայի, որոնցից չի երևում, որ դրանց հեղինակը սերբ է: Ազգային պոեզիան պիտի արմատ ունենա:

-Մերոնցից ու՞մ եք ներկայացրել առայսօր, մի քանի անուն կնշե՞ք:

-Չարենց, Թումանյան, Իսահակյան, Տերյան, Րաֆֆի, Գուրգեն Մահարի, Մարո Մարգարյան, Նաիրի Զարյան, Սիլվա Կապուտիկյան, Համո Սահյան Պարույր Սևակ, Լյուդվիգ Դուրյան: Անունների այս շարքը կարող եմ շարունակել…

-Այս շարքը համալրվելու՞ է:

-Անշուշտ: Առաջիկայում լույս կտեսնի 20-րդ դարի հայ պոեզիայի անթոլոգիան, պատկերն ավելի ամբողջական կլինի:

-2003-ին լույս է տեսել Ձեր կազմած սերբական պոեզիայի անթոլոգիան:

-«Կոսովյան արև» անթոլոգիայում ներկայացրել եմ 20-րդ դարի սերբական պոեզիան, աշխատում եմ երկրորդ մեծածավալ հրատարակության վրա: Այն ավելի ամբողջական կներկայացնի սերբական պոեզիայի բոլոր շերտերը: Նախատեսվում է նաև հայ արձակի և պոեզիայի անթոլոգիա տպագրել Սերբիայում: Այդ ուղղությամբ արդեն սկսվել են աշխատանքները: Բնականաբար, ներկայացվելու է ամենալավը, ամենաազգայինը:

-Առանձին գրողի ներկայացնելու՞ եք:

-Առանձին հեղինակի գիրք տպագրելը այդքան էլ հեշտ չէ, մանավանդ գրքերի տպագրությունն այսօր չի հովանավորվում, իսկ անթոլոգիայով ամբողջ տեսադաշտն ավելի ամբողջական է ու տեսանելի: Հայտնի ճշմարտություն է` եթե բանաստեղծն ունի հինգ լավ բանաստեղծություն, նա բանաստեղծ է: Ես կընտրեմ հինգ լավ գործ, որոնցում կերևա բանաստեղծի աշխարհը: Թեև առանձին գրքերով լույս են տեսել ներկայացվել են Թումանյանի հեքիաթները և Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունները:

-Բավարա՞ր եք համարում հայ-սերբական «մշակութային երկխոսություն» ասվածը:

-Բավարար չեմ համարում, անելիք դեռ շատ կա, որոշ բացթողումներ էլ կան, անշուշտ, պետք է լրացնենք, այդ անելու համար Հայաստանում Սերբիայի Հանրապետության հյուպատոսությունը գործունեության թարմացված ծրագիր է մշակել: Մենք չունենք պետական աջակցություն, ամեն բան անում ենք ինքնուրույն, բացառապես մեր սուղ միջոցներով: Նշեմ, սակայն, որ ամեն տարի հյուպատոսությունը տարեկան հաշվետվություն է ներկայացնում Սերբիայի արտգործնախարարությանը մեր ակտիվության մասին: Դրանք բոլորն էլ բարձր են գնահատվել, արժանացել են դրվատանքի:

Հարցազրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 2225

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ