Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Պուտինը հանճար չէ, այլ նոր Բրեժնև

Պուտինը հանճար չէ, այլ նոր Բրեժնև
18.02.2018 | 13:36

«Ամբողջ աշխարհին լավ հայտնի երկու փորձ է դրել պատմությունը` Արևելյան Գերմանիան և Արևմտյան Գերմանիան, Հյուսիսային Կորեան և Հարավային Կորեան: Դրանք ակնհայտ իրողություններ են»` ասում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2012-ին` դիմելով Պետդումային: Իբրև ՊԱԿ-ի նախկին աշխատակից, որ ծառայել է կոմունիստական Արևելյան Գերմանիայում` Պուտինը գիտեր, թե ինչ է ասում: Կոմունիզմը «պատմական հիմարություն էր»` բացատրեց նա ավելի ուշ: «Կոմունիզմը և սովետների իշխանությունը Ռուսաստանը ծաղկուն երկիր չդարձրին»: Կոմունիզմի գլխավոր ժառանգությունը «մեր պետությունը դատապարտեց տնտեսապես զարգացած երկրներից մշտական հետամնացության: Դա փակուղի էր, որ հեռացնում էր համաշխարհային քաղաքակրթությունների գլխավոր ուղղությունից»: Սակայն այսօր Ռուսաստանը կայուն հետ է մնում տնտեսապես զարգացած երկրներից և ՌԴ նախագահը ոչինչ չի ձեռնարկում վիճակը շտկելու համար:

Վերջերս Պուտինը հասավ ու անցավ Լեոնիդ Բրեժնևին և Իոսիֆ Ստալինի ժամանակներից իշխանության ղեկին լինելու նոր ռեկորդ սահմանեց: Նրա գործունեությունը տնտեսության ոլորտում կայունության ու ստագնացիայի միավորման տեսակետից ավելի ու ավելի է հիշեցնում Բրեժնևի շրջանը: Վերջին 4 տարիները ցույց տվեցին, որ ռուսական տնտեսությունը ի վիճակի է դիմանալ մեծ ցնցումների, այդ թվում` 2014-ի նավթի գնանկմանը և ռուսական բանկերի ու էներգետիկ ընկերությունների դեմ պատժամիջոցներին: Բայց անցած 4 տարիները նաև ցույց տվեցին, որ վերադարձն արագ աճին քիչ հավանական է: 2017-ին ռուսական տնտեսության աճը կազմել է 1,4 %, այսինքն` նշանակալից քիչ ԱՄՆ-ի ու եվրագոտու համեմատությամբ: 2018-ին սպասվում է, որ լիարժեք աճ չի լինի` պատժամիջոցների ու նավթի ցածր գների, ներդրումների բացակայության պատճառով: Ռուսաստանը իր արևմտյան մրցակիցներից աղքատ է և այդ պատճառով պետք է նրանցից արագ զարգանա: Անցյալ տարի Ռուսաստանն ամենադանդաղ զարգացող երկրներից մեկն էր Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայում` նշանակալից հետ մնալով հարևան Լեհաստանից ու Ռումինիայից: Ասիայի երկրների հետ համեմատության մասին նույնիսկ մի հարցրեք: «Պարզապես պետք է սպասել, թե ինչ կլինի ընտրություններից հետո»` խոստանում են որոշ ռուսներ` ակնկալելով, որ Պուտինը կոշտ, բայց անհրաժեշտ տնտեսական բարեփոխումներ կձեռնարկի բարեհաջող վերընտրությունից հետո: Այդ կանխատեսումները քիչ հավանական են:


Իրոք, ռուս տնտեսագետները, քաղաքական ու բիզնես էլիտան առաջարկում են տնտեսությունը կենդանացնելու վիթխարի ծրագրեր: Կա երկու հիմնական ուղղություն: Ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը առաջադրում է ռուսական տնտեսության ազատականացման և բնակչության մեջ ներդրումներ անելու մեծ ծրագրեր: Կուդրինը պնդում է, որ Ռուսաստանի բիզնես-միջավայրը, որտեղ մասնավոր ընկերություններին պետությունը շահագործում է, իսկ ձեռներեցները ոտք ու ձեռքով կապված են, արգելակում է աճը խթանելու համար անհրաժեշտ ներդրումները: Միջոցները ռազմական ու պաշտպանական ոլորտներ ուղղելու փոխարեն, որտեղ վերջին տարիներին գնացել են պետական ֆինանսավորման միջոցները, Կուդրինն առաջարկում է ֆինանսավորման նպատակակետ ունենալ առողջապահության ու կրթության զարգացումը, որ կօգնի ռուսաստանցիներին ավելի երկար աշխատել և կտա անհրաժեշտ գիտելիքներ` առավել բարձր աշխատավարձ ստանալու համար: Եթե Կուդրինն ու նրա համախոհները կարծում են, որ Ռուսաստանը միայն իր տնտեսությունը մասնավոր հատվածի համար գրավիչ դարձնելով` կարող է ներդրումներ ներգրավել, հակառակ ճամբարը համարում է, որ Ռուսաստանի կառավարությունը պետք է ավելի շատ ինքը ներդրումներ անի: Քաղաքական գործիչ Բորիս Տիտովը, օրինակ, կառավարությանը կոչ է անում կտրուկ կրճատել դրույքները, որ հեշտանա ընկերություններին վարկեր տրամադրելը: Նա ուզում է, որ կառավարությունը սուբսիդավորի կորպորացիաների վարկերը և ներդրումներ անի արդյունաբերության մեջ: Ներդրումների պետական աջակցության Տիտովի կոչերին կողմ են բազմաթիվ արդյունաբերողներ, նրանց ձեռնտու են պետության վարկային ներարկումները: Եթե Տիտովի առաջարկներն ընդունվեն, ինֆլյացիան Ռուսաստանում կմեծանա և ռուբլին անկում կապրի: Բիզնես միջավայրի բարելավման և առողջապահության ու կրթության համակարգերում ներդրումներ անելու Կուդրինի գաղափարներն առավել խելամիտ են: Բայց չեն ընդունվի ոչ այդ, ոչ մյուս առաջարկները, որովհետև հակասում են «պուտինոմիկայի» հիմնարար սկզբունքին` տնտեսական կանոններին, որ թույլ տվեցին նրան երկու տասնամյակ իշխանությունն իր ձեռքում պահել:

Պուտինը կիրառում է երեք ուղղություններով տնտեսական ռազմավարություն: Առաջին` ցանկացած գնով մակրոտնտեսական կայունության պահպանում` ի հաշիվ բյուջեի դեֆիցիտի ցածր մակարդակի, պարտքի ցածր մակարդակի ու ինֆլյացիայի ցածր մակարդակի պահպանության` թեկուզ ի հաշիվ աճի: Երկրորդ` սոցիալական պաշտպանության համակարգերի օգտագործումը` գնելու քաղաքական ազդեցիկ խմբերի աջակցությունը` նախ և առաջ թոշակառուների, ապագայի մեջ ներդրումներ անելու փոխարեն: Երրորդ` նա հանդուրժում էր մասնավոր բիզնեսը միայն «ոչռազմավարական» ոլորտներում` պետական վերահսկողության տակ պահելով էներգետիկան ու ԶԼՄ-ները, որտեղ բիզնեսն ու քաղաքականությունը խաչվում են: Կրեմլը հասկանում է, որ այդ քաղաքականությունը թույլ կտա պահպանել կայուն, բայց ստագնացիոն վիճակ, երբ Ռուսաստանին չեն հերիքում ներդրումները մարդկային ռեսուրսների ու մասնավոր բիզնեսի մեջ, թեպետ կատարվում են շռայլ ծախսեր կոռումպացված պետական ընկերություններում: Տնտեսական աճը կանգ կառնի տարեկան 2 %-ի վրա: Պուտինի տեսակետից` տնտեսական ստագնացիան լիովին տանելի է: Նա ունի իշխանությունը պահպանելու բոլոր գործիքները: Տնտեսական քաղաքականության մեծ փոփոխությունները կարող են զայրացնել աջակցության առանցքային խմբերին և թուլացնել Կրեմլի վերահսկողությունը ռուսական քաղաքականության վրա:

Տիտովի առաջարկները` որ կառավարությունը կամ Կենտրոնական բանկը ուղղակի ներդրումներ անեն արդյունաբերության մեջ, հազիվ թե ընդունվեն Կրեմլում: Պուտինը իր քաղաքական հեղինակությունը կառուցել է իբրև կայունության երաշխավոր` ոչ միայն քաղաքական, այլև մակրոտնտեսական: Նա վճարել է Ռուսաստանի արտաքին պարտքը, սահմանափակել է կառավարության բյուջետային դեֆիցիտը և ինֆլյացիան պահել է ցածր մակարդակի վրա: Արդյունաբերության վրա կառավարության ծախսերը մեծացնելու Տիտովի առաջարկները` կամ վարկի, կամ փող տպելու միջոցով, սպառնում են այդքան դժվար աշխատանքով ձեռք բերված կայունությանը:
Քրիս ՄԻԼԼԵՐ, Foreign Policy, ԱՄՆ


Հ.Գ. Պետք չէ լուրջ տնտեսագետ լինել, հասկանալու համար, որ Հայաստանում ևս գործում է քաղաքական ու մակրոտնտեսական կայունության քաղաքականությունը` վճարել արտաքին պարտքը ցանկացած գնով, սահմանափակել բյուջեի դեֆիցիտն ու ինֆլյացիան: Եվ` ինչպես Ռուսաստանում, շարունակ խոսել Հայաստանի տնտեսության գրավչության մասին` ներդրումներ ստանալու հույսով: Տիտով Հայաստանում եթե գտնվի էլ, արդյունաբերության մեջ կառավարությունը ներդրումներ չի անի: Ոչ թե փող չլինելու պատճառով, այլ` իմաստ չտեսնելու: 1-3 տոկոս տնտեսական աճը լիովին բավարար է համարվում` չխորտակվելու համար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2358

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ