Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ընդդեմ տոլերանտության

Ընդդեմ տոլերանտության
23.02.2018 | 00:48

50-ին մոտեցող ու 50-ն անց ոչ մի հայ չի գտնվի Հայաստանում, որ 1988-ին չի եղել Ազատության հրապարակում: Գոնե մեկ անգամ: 1988-ին ու մինչև 1991-ը մենք ազգովին մեկ գրանցում ունեինք` Ազատության հրապարակ, ու մեր բոլորի ժամացույցը նույն ժամանակն էր ցույց տալիս: Բավական էր` հնչեր Շեփորը, որ արևի, անձրևի, ձյան տակ երկինք բարձրանային բռունցքները: Հարյուրավոր միտինգներից հիշողությանս մեջ խրվել է հրապարակի խուլ գվվոցը, որ սկզբում չէի հասկանում, հետո գլխի ընկա` հազարավոր մարդկանց սրտի ձայնն էր, երբ բացարձակ լռության մեջ լսում էին Լևոն Տեր-Պետրոսյանին, Վանո Սիրադեղյանին ու վերջին լուրերը Ղարաբաղից: Խորհրդային Հայաստանի թերթերն ու հեռուստատեսությունը միտինգները չէին լուսաբանում` արգելված էր: Միայն «Երեկոյան Երևանի» գլխավոր խմբագիր, երջանկահիշատակ Կամո Վարդանյանն էր ջարդում կաղապարները, ում անվերջ ՀՀԿ կենտկոմ էին կանչում, փորձում զսպաշապիկ հագցնել։ Նաև «Ավանգարդի» փոխխմբագիր Այդին Մորիկյանն էր «մաքսանենգություն» անում` լուրերի ու հոդվածների, լուսանկարների տեսքով, երբ խմբագիր Մնացական Զոհրաբյանը բացակայում էր: Իսկ նա հաճախ էր բացակայում քաղաքից: Հետո ձմռան մի ցուրտ օր` հունվարի 13-ին, հարթակում Վազգեն Սարգսյանն էր, նրա ձայնն արձագանքում էր սառը օդի մեջ ու մխրճվում անարև երկինք` հաղթանակի պահանջով: Հրապարակից տղերքը գնում էին կռիվ: Մնացողներս էլ զինվոր էինք:


30 տարի հետո Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունում է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ բանագնաց Տոյվո Կլաարին ու ասում. «Երբ երկու զինված բանակներ կանգնած են դեմ դիմաց ճակատային գծում, պատերազմը կարող է վերսկսվել ցանկացած պահի»: Տեսականորեն ճիշտ է: Իսկ նախագահ Իլհամ Ալիևը պնդում է. «Հայաստանը շարունակում է օկուպացիոն քաղաքականությունը գրավյալ տարածքներում»: Նույն Տոյվո Կլաարի հետ հանդիպման ժամանակ Ալիևը նրան բացատրում է. «Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ճանապարհին գլխավոր խոչընդոտը Հայաստանի ապակառուցողական և երկդիմի դիրքորոշումն է»: Իր տեսակետից` ճիշտ է: Նա Ղարաբաղը տեսնում է խրամատի այն կողմից: Իսկ Բաքվի խրամատում «պատմությունը» գրում են իր վարձու պատմաբանները:


«1988 թվականի փետրվարի 20-ը հայ ժողովրդի միասնության, վճռականության և ազգային զարթոնքի պահն էր»` գնահատել է նախագահ Սերժ Սարգսյանը Ղարաբաղյան շարժման 30-ամյակի ուղերձում: «Արցախի հայությունը, թիկունքում ունենալով համայն հայության աջակցությունը, կարողացավ պատվով դուրս գալ այդ ծանր փորձությունից: Այսօր մեզ թշնամի անվանողներն ինչում ասես մեզ չեն մեղադրում, բայց Արցախի ժողովրդի միակ մեղքն այն է, որ նա չի պարտվել և չի բնաջնջվել այդ պատերազմում»` մեխել է Սերժ Սարգսյանը և արձանագրել.
«Ղարաբաղյան շարժումը պատմության որոշակի փուլում պետք է փոխակերպում ապրեր: Պետականության հռչակմամբ շարժումը ոչ թե մարեց, այլ դարձավ պետական քաղաքականություն: Համազգային պոռթկումի և զարթոնքի պսակը մեր երկու հայկական պետություններն են»: «Ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձը մենք տոնում ենք՝ լսելով նույն հոխորտանքները, նույն սպառնալիքները, ինչ 30 տարի առաջ: 30 տարի շարունակվում է հայատյացության քարոզչությունը: Թվում է, թե ոչինչ չի փոխվել: Սակայն մենք ենք փոխվել: Արդեն 30 տարի ադրբեջանական լուծը թոթափած ազատ Արցախը զարգանում է առաջանցիկ տեմպերով՝ թե տնտեսապես, թե քաղաքականապես, թե մշակութապես»:


Բաքուն մնում է իր խրամատում: Մենք ենք փոխվել: Անվերջորեն փոխվել ենք:
Մենք այնքան ենք փոխվել 30 տարում, որ Արցախյան շարժման 30-ամյակի օրը ՀՀ երեք նախագահները միմյանց չհանդիպեցին, մտքներով էլ չանցավ: Առաջին նախագահը Ազատության հրապարակ էլ չեկավ, երկրորդը Ստեփանակերտում նշեց, երրորդը ուղերձ հղեց: ՈՒ` վերջ: Բայց դա այն օրն էր, որ աշխարհին պետք էր ցույց տալ հայերիս միասնությունը: Երեք նախագահների համատեղ լուսանկարը աշխարհին վկայելու էր` այս հարցում հայերը միակամ են ու երբեք չեն նահանջի: Անգամ պաշտոնական ընդունելություն չեղավ: Կամ` թեյախմություն:

Փետրվարի 20-ին Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հանրահավաքում «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Գերագույն խորհրդի նախագահ Բաբկեն Արարքցյանը հախուռն ու ծրագրային ելույթ ունեցավ: «Մեր կարևոր հաղթանակներն են. 1-ին` Հայաստանը դարձավ անկախ հանրապետություն, ստեղծվեց Երրորդ Հանրապետությունը, երկրորդ՝ Արցախը դուրս բերվեց Ադրբեջանի կազմից, այսօր դեֆակտո անկախ է: Երրորդ՝ տապալվեց կոմունիստական-բոլշևիկյան բռնապետությունը»: Ավելին չասաց: Կամ` չգտավ: Կամ` չցանկացավ: Այսինքն` մենք մնացել ենք 1991-ի քաղաքական ու 1994-ի ռազմական հաղթանակների կարգավիճակում: Բայց մեզ այդ հաղթանակներն այլևս չեն վերաբերում: Մենք ընդունել ենք որպես իրականություն: Իսկ իրականությունից սովորաբար դժգոհ են լինում: Բոլոր ժամանակներում: Բոլոր երկրներում: Միշտ: Բոլորը:


30 տարին նաև այն ժամանակն է, որ հնարավոր է հետ նայել ու գնահատել` ամեն ինչ ճի՞շտ ենք արել: Թե՞ արել ենք` ինչ չանել չէինք կարող: Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, որ հայկական բանակի ակունքներում էր, համոզված է, որ Ղարաբաղը պետք է ստորագրեր ոչ թե հրադադարի, այլ Ադրբեջանի կապիտուլյացիայի համաձայնագիր: Նա, օրինակ, չի հասկանում` ինչու՞ Հայաստանը հռչակեց իր անկախությունը` Սահմանադրության մեջ չընդգրկելով Ղարաբաղը որպես հանրապետության անբաժանելի մաս: Նորատ Տեր-Գրիգորյանցը չի հասկանում` ինչու՞, երբ Հեյդար Ալիևը դիմել էր Երևանին` ռազմական գործողությունները դադարեցնելու խնդրանքով, նրան չներկայացվեց Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման վերջնագիր: ՈՒ ոչ միայն նա, շատերը չեն հասկանում: Հարցը կա ու մնալու է: Գեներալ-լեյտենանտը համարում է «ռազմավարական մեծ սխալ»` Երևանը բաց թողեց պատերազմը վերջակետելու հնարավորությունը. «Մենք կանգ առանք անժամանակ: Պետք էր նաև ազատագրել Մարտակերտը, Մարտունին, Շահումյանը, Շահումյանի շրջանը: Սակայն մենք ագրեսորներ չենք, այդ պատճառով էլ նրանց խնդրանքով կանգ առանք: Նույնիսկ ՄԱԿ-ի բանաձևի մեջ կար ռազմական գործողությունները դադարեցնելու պահանջ: Սակայն մենք «կարողացանք» ստորագրել հրադադարի մասին զզվելի ու անշնորհք փաստաթուղթ, չնայած անհրաժեշտ էր ստորագրել ոչ միայն հրադադարի մասին, այլ նաև պահանջել Ադրբեջանի կապիտուլյացիան` առաջ բերելով Ղարաբաղի անկախության պահանջը»: Ո՞վ կարող է Նորատ Տեր-Գրիգորյանցին առարկել: Գեներալ-լեյտենանտը, որ հաստատ շատ ավելին գիտի, քան մեզնից յուրաքանչյուրը, տալիս է հարց, որի պատասխանը միանշանակ է` մենք կանգ առանք, որովհետև կանգնեցրեց Մոսկվան: Որովհետև Հեյդար Ալիևը շատ էր խնդրել: Նրանց: Որովհետև հայկական բանակը մոտենում էր Ադրբեջանի ռազմավարական ու հետագա գոյության համար կենսական նշանակության խողովակներին: Մոսկվան կանգնեցրեց, Երևանը, հաղթողի էյֆորիայի մեջ, կանգ առավ` վստահ, որ գլխավորը արված է` պատերազմում հաղթել է, մնում է խաղաղության համաձայնագիրը կնքել: Վաղը-մյուս օրը: Երկրորդ անգամ Մոսկվան կանգնեցրեց 2016-ի ապրիլին` երբ երեք օրվա նահանջից հետո հայկական բանակը վերադարձնում էր կորցրածը ու առաջ էր շարժվում: Կանգնեցրեց հրադադարի բանավոր համաձայնությամբ, որի մանրամասները միայն շտաբի պետերը գիտեն: Պաշտոնապես: Իսկ հետևանքները գիտենք բոլորս: Ինչու՞ 28 տարի հետո նույն սխալը կրկնեցինք: Իսկ հետևա՞նքը: Այսօր քննարկում ենք` Ալիևը վերընտրությունի՞ց հետո կհարձակվի, թե՞ առաջ: Կհարձակվի,՞ թե՞ չի հարձակվի: Սպառնալից հայտարարություններն անում է ներքի՞ն օգտագործման համար, թե՞ լուրջ ընդունենք:

Ընտրություններից հետո նույն քաղաքականությունը կշարունակի՞: Ի՞նչ «ճանապարհային քարտեզ» են քննարկում: 7 շրջաննե՞ր: Թե՞ 5: Թե՞ 3: Փուլայի՞ն, թե՞ փաթեթային: Մադրիդյան սկզբունքնե՞ր, թե՞ Մադրիդյան նորացված սկզբունքներ: Մոսկվան ի՞նչ ասաց, Վաշինգտոնը ի՞նչ չասաց, Փարիզն ի՞նչ ասաց: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ի՞նչ հայտարարեցին: «Կողմեր» ասելով` Բաքվին նկատի ունեի՞ն: Ինչու՞ են պարիտետային հայտարարություններ անում, իմանալով` ո՞վ է կրակում, ո՞վ է սպառնում, ո՞վ է սպառազինվում, ո՞վ է ստում: Եվս քանի՞ տարի է պետք ԵԱՀԿ Մինսկի խմբին` համոզվելու, որ Ադրբեջանը չի կատարում իր խոստումներն ու համաձայնությունները: Իսկ այդ դեպքում կա մեկ գործուն պատասխան` պատժամիջոց: Քաղաքական ու տնտեսական: Եվս քանի՞ տարի համանախագահ երկրները պետք է ապարդյուն կոչեր անեն զերծ մնալ սադրիչ հայտարարություններից ու սպառազինվելուց: Ի՞նչն է խանգարում կոնֆլիկտի կողմերին զենքի վաճառքի էմբարգո սահմանել: ԱՄՆ-ն ու Ֆրանսիան այդպես էլ վարվում են, ինչու՞ պատերազմի վերսկսումը կանխելու համար Ռուսաստանին չի արգելվում Ադրբեջանին սպառազինելը, Հայաստանի դեպքում էլ, իբր, հավասարակշռություն ապահովելը: ԵԱՀԿ որևէ գործող նախագահ այդ մասին մտածե՞լ է: Եթե ոչ` ինչու՞: Եթե այո` ի՞նչ է արել: Կամ` ՄԱԿ-ը, որի անցյալ հազարամյակում ընդունած 4 բանաձևերն այդքան սիրում է Ալիևը: ԵԽԽՎ-ն, որ պարբերաբար (զուտ մարդասիրաբար, ադրբեջանական պատվիրակության ջանքերով կամ թուրքական ղեկավարության ընթացքում) Լեռնային Ղարաբաղի հարցով զբաղվելու ժամանակավոր հանձնաժողով ու ենթահանձնաժողով էր ստեղծում, բանաձևեր ընդունում, պատերազմը կանխելու ու խաղաղություն հաստատելու մեկ գործնական քայլ ձեռնարկե՞լ է: Այո, հարցի լուծման մանդատ ունի միայն ԵԱՀԿ Մինսկի խումբը, Ադրբեջանն է հարցը փորձում միջազգային այլ կառույցներ տեղափոխել` ՄԱԿ-ից ԻՀԿ: Երբ այդ կառույցները փորձում են մտնել ոչ իրենց տարածք, ինչու՞ նվազագույն անաչառություն չեն պահպանում: Դա միայն ամենագետ ու ամենազոր «խավիարային դիվանագիտությա՞ն» հետևանքն է, համամուսուլմանական համերաշխությու՞ն, թե՞ մենք համարում ենք, որ մենք արդար ենք, ճիշտ ենք, հաղթել ենք, ու դա բավական է այլևս ոչինչ չանելու համար: Քանի՞ 30 տարի պիտի անցնի, մինչև մենք պատասխանենք մեկ հարցի` միացու՞մ, թե՞ ճանաչում: Երբ քեզ խփում են հրանոթով, վերջին փամփուշտի մասին մտածում են միայն ինքնասպանները:


Մենք ինքնասպան չենք: Տոլերանտ ենք: Համատարած: Մեր տոլերանտությունը դառնում է վտանգավոր: Մեզ համար: Երբ աղավաղում ենք պատմությունն ու «մոռանում» դեպքերն ու մարդկանց ու տոլերանտաբար լռում ենք: Ինքներս մեզ համոզում ենք, որ ճշմարտությունը հիվանդանում է, բայց չի մեռնում: ՈՒրեմն` մենք էլ կարող ենք «մոռանալ», միևնույն է` ժամանակը ամեն ինչ ու ամեն մեկին իր տեղը կդնի: Տոլերանտության պատճառով մենք 30 տարի հետո ունենք… պարտության զգացում: Հաղթելուց հետո: Տոլերանտության պատճառով մենք անկախությունից հետո ունեցանք ոչ թե ներգաղթ, այլ արտագաղթ: Տոլերանտության հետևանքով մենք անկախությունից հետո ոչ թե զարգացող երկիր դարձանք, այլ սպառման շուկա ու սպառողական հոգեբանության պատանդ: Տոլերանտության` ինքներս մեր նկատմամբ: Մեր պետության: Մեր հայրենիքի: Եվ առաջին հերթին` ճակատագրի: «Սկիզբ. 1988»-ը ավարտվեց 1991-ին: «Հետո»-ն արդեն շարունակությունն էր, որ չէր սկսվել Ազատության հրապարակից: Հրապարակն այսօր թափուր է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Պատմությունը տոլերանտ չէ: Պատմության ու ժամանակի աստվածները հատուցման աստծո ընկերներն են: Նրանք չեն նստում գետի ափին` սպասելու հաղթանակին: Եվ ծիծաղում են նրանց վրա, որ խոհեմաբար գետափին են անցկացնում կյանքը: 30 տարվա (ու ոչ միայն 30) մեր պատմության հետ ամեն օր կարող եք հանդիպել Եռաբլուրում: Փետրվարի 20-ին Եռաբլուրում լռություն էր, մինչդեռ օրը Եռաբլուրից պիտի սկսվեր: Եթե հասկանում ենք ու գնահատում ենք, որ պետություն ունենք ու հաղթել ենք: Մենք ուրանում ենք ոչ միայն հիշողությունը, այլև մեր պատմությունը` Սոսե մայրիկից Անդրանիկ Զորավար: Վազգեն Սպարապետից` քառօրյայի նահատակներ: Նրանց հավատը բառերի մեջ չի սկսվել ու սպառվել: Եթե անկախության սկիզբը Ազատության հրապարակն է դրել, դուռը Եռաբլուրն է բացել:

Դիտվել է՝ 2541

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ