Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Հայ ժողովուրդը հասկացավ, որ ինքն է իր գլխի տերը, ինքը կարող է հարցեր լուծել»

«Հայ ժողովուրդը հասկացավ, որ ինքն է իր գլխի տերը, ինքը կարող է հարցեր լուծել»
23.02.2018 | 01:12

Հայաստանի պատմության ամենալուսավոր էջերից մեկի՝ Ղարաբաղյան շարժման 30-ամյակը նշվեց այս շաբաթ: Բավական անշուք ու անհոգի: Ոչ մի պետական միջոցառում չեղավ: Շարժումը հայ ժողովրդի հավաքական ուժի լավագույն օրինակն է, որը, ցավոք, հետագա տարիներին մաշվեց ու մսխվեց: Տպավորությունն այնպիսին է, որ այսօրվա հայ հասարակությունը ոչ մի ընդհանրություն չունի 88-ի շարժման հետ: ՀԱԿ-ը Ազատության հրապարակում արցախյան շարժման 30-ամյակին նվիրված ցուցահանդես-հանրահավաք անցկացրեց, որտեղ ներկայացված էին շարժման լուսանկարներ, տարբեր գրություններով պաստառներ: ՀԱԿ փոխնախագահ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ զրուցեցինք Ղարաբաղյան շարժման մասին:

-Ի՞նչ էր շարժումը հայ ժողովրդի համար, ի՞նչ տվեց մեզ, ի՞նչ ձեռք բերեցինք:
-Ձեռք բերեցինք արժանապատվության բարձր զգացում, պաստառներից մեկի վրա շատ լավ է գրված՝ մի ազգ, մի արժանապատվություն: Հավաքական արժանապատվություն, ոչ թե անհատական: Անհատական կարող ես մեկին հայհոյել, ինքն էլ կռիվ տա, որ իր արժանապատվությունը պահպանի, բայց երբ ազգովին են համակված հավաքական արժանապատվությամբ, դա արդեն երջանկություն է: Շարժումը նաև վերացրեց հասարակության բարդույթները, որոնք տարիներ շարունակ ներարկել էին մի կողմից` ռուսը, մյուս կողմից՝ թուրքը, եվրոպացին, անգլիացին: Համոզել էին, որ պետք է սրա, նրա հետ ապրես, սրա նրա հետ լավ լինես, բայց շարժումը այդ բարդույթը վերացրեց: Հայ ժողովուրդը հասկացավ, որ ինքն է իր գլխի տերը, ինքը կարող է հարցեր լուծել: Սա այնքան է ուժեղացնում, որ մարդուն մարդուց քաղաքացի է դարձնում: Երբ քո երկիրն ու ազգն են վիրավորում, դու ոտքի ես կանգնում, ուրեմն դու արդեն քաղաքացի ես, այսինքն` մենք ազգովին Ազատության հրապարակում դարձանք քաղաքացի: Իզուր չէր, որ Թատերական հրապարակը դարձավ Ազատության: Պարտությունների, ցեղասպանվածի, զոհի բարդույթից դուրս եկանք: Ամենավատը զոհի կարգավիճակն է, քանի որ միշտ քեզնից դուրս ես խնդիրները դիտարկում, տեսնում: Իսկ 88-ին քաղաքացին մտավ հայի մեջ, մենք դարձանք մեր խնդիրներն ինքնուրույն լուծող:
-Խորհրդային տարիներն իրենց դրոշմն էին թողել մարդկանց գիտակցության մեջ, երբ ազատության ձգտումը, մեղմ ասած, չէր խրախուսվում: Ինչպե՞ս հասարակությունը դուրս եկավ այդ թմբիրից:
-Մի քանի գործոններ էին գումարվել: Ազգային գործոն, այսինքն` Մաշտոցի մասին եթե դիսերտացիա գրեիր, պետք է այն լիներ ռուսերեն ու Մոսկվայում, կամ Նարեկացի արտասանեիր, գրեիր, դարձյալ էլի Մոսկվայում: Սա ազգային արժանապատվության խնդիր էր: Սրան գումարվեցին էկոլոգիական խնդիրը, Արևելյան Եվրոպայում ընթացող գործընթացները, պերեստրոյկան, որը պարարտ հող էր գործելու համար: Եվ, իհարկե, Ղարաբաղի ինքնորոշման խնդիրը, որը վերջին կաթիլն էր, կայծը, որից հետո արագ նպատակներն ընդարձակվեցին՝ դառնալով համազգային շարժում: Միայն ղարաբաղյան խնդիրը, այսպես ասած, աշխատեց 6-7 ամիս, որին հետո միացավ Հայաստանի անկախության, ազատության խնդիրը: Շարժման ժամանակ մոտ 1000 լոզունգ է եղել, որոնք ընդգրկել են 20 բնագավառ, դրա համար էր կոչվում Համազգային շարժում: Հայոց կրթության, լեզվի խնդիրը շարժման մեխերից է եղել, ինչպես նաև մշակույթի պահպանման, էկոլոգիայի, ժողովրդավարության, Ղարաբաղի ինքնորոշման, օրինականության, միջազգային կառույցների հետ աշխատելու խնդիրները: Ոչ միայն խնդիրներն էին ընդարձակ, այլև աշխարհագրությունը՝ Մեղրիից մինչև Շամշադին «Ղարաբաղ» կոմիտեներ ստեղծվեցին: Շարժման հաջողություններից մեկն էլ այն էր, որ այդ ամենին ներգրավվեցին մտավորականները: Չեմ հիշում Հայաստանում այդ ժամանակ մի լուրջ մտավորականի, որը շարժման մեջ չլիներ՝ Հովհաննես Չեքիջյան, Լորիս Ճգնավորյան, Սերո Խանզադյան, Օհան Դուրյան, Վարդգես Պետրոսյան, Հրանտ Մաթևոսյան, Տիգրան Մանսուրյան: Շարժման հաջողության գրավականը միայն այս գործոնը չէր, այլապես այն կարճ կյանք կունենար, բազմաթիվ էին, դրա համար շարժումը երեք տարի տևեց: Ամենակարևորը՝ «Ղարաբաղ» կոմիտեն իր իրատեսությամբ, ոչ արկածախնդրային մոտեցումներով, հավասարաչափ կանխատեսելի քաղաքականությամբ և ժողովրդի հանդեպ սիրո համար ընդունվեց, սիրելի, վստահելի դարձավ հանրությանը: Այդ վստահությունը երկար տարիներ պահպանվեց: «Ղարաբաղ» կոմիտեն իշխանությանը հասնելու համար չէր, նրանք իշխանության չէին ձգտում, դրա համար հրապարակը պահում էին, նրանք զոհաբերվող էին, վեց ամիս բանտում անցկացնելուց հետո եկան ու էլի նույնն էին: Սա փորձություն էր ու ապացուցում էր, որ նրանք նվիրյալ են: Մի խոսքով, հանրության սերն էր որոշիչը:
-Շարժումն արժանի գնահատվա՞ծ է, մեր պատմության այդ էջը ճիշտ ներկայացվա՞ծ է:
-Բացարձակապես ոչ:
-Տարօրինակ է, որ շարժման 30-ամյակը, բացի ձեզնից, ոչ մեկը չի հիշում, ասել է՝ ոչ մի պետական միջոցառում: Ինչու՞:
-Ոչ միայն չեն հիշում, նպատակ կա մոռացության մատնելու:
-Դրանով ի՞նչ խնդիր են լուծում:
-Այսօրվա իշխանություններին ոգևորող, մարդկանց ձիգ պահող բաներ պետք չեն: Եթե ըմբոստ ես, քաղաքացի ես, կտան գլուխդ կջարդեն: Նրանք դրանից են վախենում, նրանց պետք է խելոք, գլուխը կախ քաղաքացի կամ լավագույն դեպքում՝ ոտքերով «քվեարկող», երկրից փախչող քաղաքացի, որ իրենք հանգիստ ապրեն: Օրերս արցախյան շարժմանը նվիրված մի քննարկման էի, որտեղ էր նաև Վրաստանում մեծացած մի աղջիկ: Նա պատմեց, որ Վրաստանում էլ էին մթի, ցրտի, սովի տարիներ, բայց երբեք որևէ իշխանություն դա չօգտագործեց, որպես բացասական, վատ բան: Մեր իշխանությունն իր հաղթական տարիների այդ վիճակն օգտագործեց ու ասաց, թե սա է եղել ձեր ղարաբաղյան շարժումը: Այսինքն, անկախությունը սով էր, ցուրտ էր, այդպես մատուցվեց, որ ժողովուրդը հիասթափվի, կոտրվի, այս հաղթանակների կրողը չլինի: Այս իշխանությունն էլ, Ռոբերտ Քոչարյանն էլ միշտ մտածել են, թե պետք է մեկը միշտ իրենց թիկունքում կանգնած լինի: Անկախական զգացումով, հավաքական արժանապատվությամբ չեն ապրում: Այս միջոցառումը (նկատի ունի Ազատության հրապարակում շարժմանը նվիրված ցուցահանդեսը- Ռ.Խ.) ինչու՞ պետք է մենք անեինք, սա պետական միջոցառում ենթադրող տոն է: Նրանք պետք է շատ ավելի գումար ծախսեին, այստեղ համերգ անեին, միջազգային կոնֆերանսներ անեին, գրքեր գրեին: Աշոտ Սարգսյանը ինչու՞ պետք է իր միջոցներով գիրք տպեր ղարաբաղյան շարժման մասին: Ամենաաբսուրդն այն է, որ հենց իրենք են ղարաբաղյան շարժման արդյունքը: Որտեղի՞ց եկավ Քոչարյանը, այս շարժման արդյունքում չեկա՞վ, նույնը նաև Սերժ Սարգսյանը: Այ ձեր խիղճը մեռնի, դուք չէ՞ որ այդ շարժման ակունքներում եք եղել, ՀՀՇ առաջին վարչության անդամ է եղել Ռոբերտ Քոչարյանը: ՈՒ՞ր ես: Դարձաք առյուծներ որսացող, միլիարդների, ադամանդի հանքերի տեր: Բա սկիզբը այստեղի՛ց է սկսվել:
-Շարժումից հետո շատ բան փոխվեց, ու հիմա ունենք լիովին այլ հասարակություն: Ինչու՞ չպահպանվեց այն ոգևորությունը:
-Հասարակության ողնաշարը կոտրել են: Ձուկը եփելիս, որ փափուկ լինի, հանում են, չէ՞, ողնաշարը: Հիմա մեր քաղաքացու փուշն էլ են հանել: Վախով հանեցին՝ երեխային բանակ տանելով, թոշակով ու էլ ինչերով ասես: Այս ամենով խեղճացրին հասարակությանը: Աբսուրդի գագաթնակետն է, որ ստիպեցին ընտրություններին այդ տասը հազար դրամը վերցնել, որովհետև չվերցնողն էլի ռիսկի տակ էր ընկնելու: Ավելին, հիմա շատերն անգամ միտինգի գալուց են վախենում: Ես մտածում էի, որ մեր այս հանրահավաքին շատ մարդ կգա, քանի որ անմեղ միջոցառում է, քաղաքական չէ, մի քիչ էլ մշակութային է ու նաև հպարտանալու բան է: Բայց շատ մարդ չկար, իմ սպասածից քիչ էր: Մարդ, ֆիզիկական առումով, չի մնացել երկրում, եղածի «փուշն» էլ հանել են:
-2008-ի այս օրերին Լևոն Տեր-Պետրոսյանը բազմահազարանոց հանրահավաքներ էր անում: Կրկին հասարակության հավաքական նյարդը կար: Ինչու՞ չհաջողեց ձեր շարժումը:
-Որովհետև եղավ Մարտի 1-ը: Այդ օրը գնդակահարվեց շարժումը: Մենք փորձեցինք բարդույթներից նորից դուրս բերել հանրությանը, ինչը հաջողվեց, մարդն իր ողնաշարը ձգեց ու հույս ունեցավ: Մարտի 1-ին արյուն թափվեց: Հոկտեմբերի 27-ին մի անգամ արդեն թափվել էր այդ արյունը, մեկ էլ Մարտի 1-ին թափեցին: Գարնան առաջին օրը գնդակահարվեցին շարժման գաղափարն ու ոգին: Թե ե՞րբ ժողովուրդը մի հատ էլ թափ կառնի, ողնաշարը կուղղի, դժվար է ասել:
-Միայն Մարտի 1-ո՞վ էր պայմանավորված Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժման տապալումը:
-Արյուն էր թափվել, դա ակնհայտ էր, դա դիմահար կրակ էր: Հազար բան էլ կար՝ մամուլը, խորհրդարանը, բայց Մարտի 1-ն աննախադեպ էր, սնայպերներով քաղաքացու վրա կրակեցին: Մինչև հիմա այդ ազդեցությունը կա:
-Եթե հիմա հասարակությունը ցանկանա ինչ-որ բան փոխել երկրում, ինչպե՞ս պետք է վարվի:
-Հասարակությունները բնական օրգանիզմ են և ունեն իրենց կանոնները: Այդ պայթյունը կարող է գալ սոցիալական ինչ-որ խնդրից, հնարավոր է Ղարաբաղից, չսպասված ինչ-որ տեղից: Կարծում եմ` Ղարաբաղից է գալու: Երբեք մի բացառեք, որ Մաշտոցի պուրակից, «Էլեկտրիկ» շարժումից, տարկետման դեմ ըմբոստությունից կարող է ինչ-որ բան բռնկել: Բայց որ լինելու է անսպասելի և ոչ կանխատեսված տեղից, համոզված եմ: Հասարակություններն ունեն այդ ներքին ռեզերվները, ամենաճահճոտ տեղում, որ միայն գորտի ճվճվոց է լսվում, կարող է հրաբուխ լինել: Սա շատ վատ է, բայց օրինաչափություն է, եթե չեն թողնում հասարակությունը զարգանա էվոլյուցիոն ճանապարհով, հասարակությունը գտնում է հեղափոխական ճանապարհով խնդիրները լուծելու ձևերը: Խորհրդարանը նորմալ լիներ, ընտրություններն օրինական, նման ցնցումները կբացառվեին: Բայց հիմա չկան ոչ նորմալ խորհրդարան, ոչ հասարակության դրսևորման ազատ հնարավորություններ, թույլատրվում է ցանկացած ցնցումային զարգացման տարբերակ:
-Նշեցիք, որ արցախյան շարժմանը նվիրված ձեր ցուցահանդես-հանրահավաքում քիչ մարդիկ կային: Գոնե այս օրը, երբ շարժումը բոլորի ձեռքբերումն է, չպե՞տք է հրապարակում լինեին քաղաքական բոլոր ուժերը:
-Խնդրում եմ՝ ասեք մի քաղաքական ուժ, որը վերահսկողությունից դուրս է: Որ գտնեք, կասեք:
-Ամփոփելով, որպես Ղարաբաղյան շարժման անդամ, ի՞նչ կասեք այսօրվա հասարակությանը, որի ողնաշարը կոտրել են, միջից էլ «փուշը» հանել են:
-Մեր մեջ 88-ի սերմը, գենը կա, անգամ վախեցած, տասը հազար դրամ վերցրած մարդու մեջ: Հենց որ մի քիչ նպաստավոր վիճակ լինի, այդ սերմը փթթելու է ու դուրս է գալու: Թող ոչ մեկը չխեղճանա, թե իրեն կոտրել են ու ինքը պայքարել էլ չի կարող: Շատ հեշտ կարող է այդ վիճակից դուրս գալ:
-Դուք կարծում եք, թե ներքևի՞ց պետք է ըմբոստությունը զարգանա, թե՞ քաղաքական ուժերն իրենք պետք է կազմակերպեն:
-Դրանք կարող են իրար օգնել: Վերևից էլ կարող է գալ, ներքևից էլ, կողքից էլ: Մարդը կարող է գազազել ու արժանապատվությունը ցանկանա վերականգնել, կարող են կողքից «Մաշտոց» պուրակը, «Էլեկտրիկ» Երևանը օգնել կամ քաղաքական ուժերը օգնել: Բայց որ պայթյուն լինելու է, ակնհայտ է, չի կարող չլինել: Ինչպես հայտնի ֆիլմում է ասվում. «Այն, ինչ լինելու է, պետք է լինի, այն, ինչ պետք է լինի, չի կըրնա չէղնի»:


Զրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 4767

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ