Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Քարակերտի քարաձուլման գործարան. Հայաստանի տնտեսության փրկությունը

Քարակերտի քարաձուլման գործարան. Հայաստանի տնտեսության փրկությունը
23.02.2018 | 01:56

Առանց որևէ չափազանցության, կարելի է ասել, որ Քարակերտի քարաձուլման գործարանը (ՔՔԳ) արդյունաբերության ոլորտում Խորհրդային Միությունից մեզ մնացած ամենակարևոր ժառանգությունն է, եթե որոշ հանգամանքներ հաշվի առնենք, ապա իր կարևորությամբ նույնիսկ «Նաիրիտին» գերազանցող: Գործարանը գտնվում է Բաղրամյանի շրջանում, Քարակերտ ավանի մոտ, զբաղեցնում է 20 հա տարածք:


Ոչ մետաղական հանքանյութերի (պեռլիտ, դիատոմիտ, ցեոլիտ, տուֆ, բազալտ և այլն) պաշարներով աշխարհում ամենահարուստ երկիրը Հայաստանն է: Օրինակ, ՀՀ պեռլիտի պաշարները հաշվարկված են մինչև 3 մլրդ խմ, ընդ որում` այն համարվում է աշխարհում լավագույնը: Հայաստանում կա բազալտի 102 հանքավայր` բազալտի առանձնահատուկ բաղադրությամբ:
Ոչ մետաղական հանքանյութերից Հայաստանում կարելի է արտադրել միջազգային շուկայում մրցունակ ու գերշահույթ ապահովող մինչև 100 տեսակի արտադրանք: Օրինակ, հիշյալ գործարանում կարելի է արտադրել ջերմամեկուսացման բարձր գործակից (0,04 BT/M.K0) ունեցող ջերմամեկուսիչ նյութեր, ձայնամեկուսացման բարձր գործակից (մինչև 25 դեցիբել) ունեցող ձայնամեկուսիչ նյութեր, զտիչ փոշիներ, բազալտե ձուլածո արտադրանք, պեռլիտից հատուկ նշանակության ապակյա արտադրանք:


ՔՔԳ ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Սուրեն Գևորգյանի հավաստմամբ, գործարանի վերագործարկումից, այն անհրաժեշտ սարքերով, սարքավորումներով համալրելուց երեք տարի հետո վերոնշյալ արտադրանքների ընդհանուր արժեքը կհասնի տարեկան նվազագույնը 3 մլրդ ԱՄՆ դոլարի, որի 50 տոկոսը կազմելու է զուտ շահույթը: Օրինակ, Ռուսաստանն ունի տարեկան 50-60 մլն խմ որակյալ ջերմամեկուսիչի պահանջարկ, որը գրեթե բացառապես բավարարում է ոչ որակյալ, առողջության համար վտանգ ներկայացնող, իսկ հրդեհի դեպքում ուղղակի թունավոր ջերմամեկուսիչներով, որոնց 1 խմ-ն գնում է միջինը 200 դոլարով (ընդհանուրը` մոտ 10-12 մլրդ դոլարով), մինչդեռ Հայաստանը կարող է Ռուսաստանին վաճառել անհամեմատ բարձր որակի և անվտանգ ջերմամեկուսիչներ` 1 խմ-ն 200 դոլարով (ներառյալ` արտադրանքը մինչև վերջնակետ հասցնելու բոլոր ծախսերը), որին համարժեք ջերմամեկուսիչները ամերիկյան «Քոռնինգ» ֆիրման վաճառում է 800-1200 դոլարով:
«Քոռնինգ» ֆիրման ջերմամեկուսիչ տվյալ արտադրանքը ստանում է արդեն ալյումինասիլիկատային ապակու եփմամբ ու հետագա մշակմամբ, որն էներգիայի հսկայական ծախս է պահանջում ու շատ աշխատատար գործընթաց է, մինչդեռ Քարակերտի գործարանը նույնատիպ արտադրանքը ստանում է այլ տեխնոլոգիայով, առանց ապակին եփելու, օգտագործելով Արագած հրաբխի էներգիայով շնորհված պեռլիտը, որը շատ բարձր որակի հրաբխային ապակի է, հետևաբար արդեն կարիք չկա այն եփելու: Դրա շնորհիվ է Քարակերտի գործարանի տվյալ արտադրանքի ինքնարժեքն իջնում շուրջ 200 դոլարի: ՔՔԳ-ն կարող է ապահովել ջերմամեկուսիչ նյութերի ռուսաստանյան շուկայի պահանջարկի շուրջ 5 տոկոսը (մոտ 500 մլն դոլարի):


ՌԴ-ն իր մետրոպոլիտենների թունելների պատրաստման համար անհրաժեշտ 5,5 մետր տրամագծով երկաթբետոնյա խողովակները ձեռք է բերում 1 գծամետրը 20 000 դոլարով, ընդ որում, դրանք 5-6 տարուց հետո պահանջում են հիմնական նորոգում, մինչդեռ Քարակերտի քարաձուլման գործարանը նույն տրամագծով, 6 սմ հաստությամբ բազալտե ձուլածո խողովակները (առանց նորոգման նվազագույնը 200 տարվա երաշխիքով) կարող է պատրաստել ընդամենը 1 գծամետրը 15 000 դոլարով:
Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենը, ծախսելով մոտ 3 մլն դոլար, փորձել է Ռուսաստանի հյուսիսում եղած բազալտից ստանալ վերոնշյալ խողովակները, սակայն բազալտի բաղադրության պատճառով (օրինակ, բազալտում մագնեզիումի օքսիդի պարունակությունը պետք է լինի նվազագույնը 11 տոկոս, մինչդեռ այդպիսի պարունակությամբ բազալտ ունի միայն Հայաստանը, զարգացած որոշ երկրներում բազալտը մինչ ձուլումը մագնեզիումի օքսիդով արհեստականորեն հարստացնում են) արտադրանքի որակն անբավարար է եղել, և արտադրությունը չի շարունակվել: Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենի ինստիտուտը ՔՔԳ-ին տրամադրելով գծագրերը և տեխնիկական պայմանները, առաջարկել է ստանալ հիշյալ խողովակների փորձնական օրինակներ, այնուհետև, իրենց պահանջների բավարարման դեպքում, կազմակերպել տվյալ արտադրանքի զանգվածային արտադրությունը: ՔՔԳ-ին վերագործարկման դեպքում կարող է առաջին 1-2 տարում արտադրել 1 մլրդ դոլարի հիշյալ խողովակներից, քանի որ գործարանում առկա է օրական 34 տ արտադրողականությամբ բազալտի եփման մարտենյան վառարան, ինչպես նաև 2 թրծաթողման վառարան, որոնք Եվրոպայում իրենց արտադրողականությամբ ու կառուցվածքով եզակի են:
ՔՔԳ-ի ջերմամեկուսիչ արտադրանքը և բազալտե հիշյալ խողովակները, ինչպես վերը նշված է, գործարանի 5 արտադրատեսակներից ընդամենը երկուսն են, մնացած 1,5 մլրդ դոլարի արտադրանքը կարող է ստացվել ձայնամեկուսիչ նյութերի, զտիչ փոշիների, պեռլիտից հատուկ նշանակության ապակյա արտադրանքի արտադրությամբ, որոնք մեծ պահանջարկ ունեն նաև հրթիռների մարտագլխիկների արտադրությունում:


ՔՔԳ-ի վերագործարկման համար անհրաժեշտ է 5 մլն դոլար, որի ներդրման դեպքում 6 ամսից հետո կաշխատի 400 մարդ, վերագործարկման 1-ին տարում կտա 100 մլն դոլարի ջերմամեկուսիչ արտադրանք, որից զուտ շահույթը կկազմի 50 մլն դոլար, որն արտադրության մեջ դնելու պարագայում 3-րդ տարում կտա վերոնշյալ 3 մլրդ դոլարի արտադրանքը և կապահովի ընդհանուրը 2500-3000 աշխատատեղ: Գործարանն աշխատելու է շուրջօրյա հերթափոխով, ունի համապատասխան արտադրական ինֆրակառուցվածք: Ընդգծենք, որ ՔՔԳ-ն չունի պարտքեր ու վարկային պարտավորություններ:
Գիտակցելով հիշյալ գործարանի վերագործարկման կարևորությունը, ՀՀ հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովը ՔՔԳ-ի վերագործարկման հնարավորությունների վերաբերյալ փետրվարի 21-ին կազմակերպել էր քննարկում: Վերագործարկման հնարավորությունների մասին զեկուցմամբ հանդես եկավ հանձնաժողովի փորձագետ Գագիկ Դորունցը: Վերջինիս տեղեկացմամբ, «Քարակերտի քարաձուլման գործարան» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ ՍՈՒՐԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ Հանրային խորհրդին առաջարկություն է ներկայացրել, որ նշված գործարանը վերագործարկվի:
«Մենք այդ առաջարկությունը ստանալուց հետո փորձեցինք, ընդհանրապես, այսպիսի առաջարկությունների քննարկման ձևը փոխել, առաջինը մենք գնացինք գործարան, որպեսզի տեղում տեսնենք,- ասաց փորձագետը:- Բոլոր տեսակի տեղեկանքները, փաստաթղթերն իրենց հերթին, բայց պետք էր գնալ, տեղում տեսնել: Գնացինք, տեսանք: Ժամանակին մի շատ լավ բան է մտածված եղել, շատ լավ տարածք է, լավ կառուցապատված, և ամենակարևորը` գազից, ջրից, այլ կոմունիկացիաներից բացի, նախատեսված է եղել և գործարանից մինչև «Դալարիկ» կայարան կա երկաթգծի հանգույց: Շենքերի, շինությունների վիճակը, լավ է, դրանց վերականգնման համար մի թեթև վերանորոգման աշխատանքներ են պետք»:


Գ. Դորունցի տեղեկացմամբ, Խորհրդային Միության ժամանակ այդ գործարանի կառուցման պատվերը տվել է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը, նախագիծը 1980 թ. մարտի 21-ին հաստատել է նախկին մինիստրների սովետի «Հայգունմետաղ» վարչությունը: Գործարանը, ըստ նախագծի, նախատեսված է եղել հանքերի պոչուղիների երեսպատման համար 250X250 չափսերի, 20 մմ և 250X250 չափսերի, 35 մմ հաստությամբ բազալտյա ձուլածո, փայլեցված սալիկների արտադրության համար: Որպես հումք, նախատեսված է եղել օգտագործել տեղական բազալտները: Գործարանի շինարարական աշխատանքների նախահաշվային արժեքը կազմել է 2 մլն 995 000 ռուբլի, որից շինարարական աշխատանքների արժեքը` 1 մլն 844 630 ռուբլի, մոնտաժման աշխատանքների արժեքը` 31 960 ռուբլի, արտադրական ֆոնդերի արժեքը` 3 մլն 34 770 ռուբլի: Արտադրական ֆոնդերի մեջ հիմնական ֆոնդերը կազմել են 2 մլն 995 ռուբլի, որից շենքերը և շինությունները` 2 մլն 105 000, սարքավորումները` 648 000: Սալիկների արտադրության տարեկան նախագծային հզորությունը 8500 տոննա է, արտադրանքի մեծածախ գինը` 1 մլն 950 ռուբլի, արտադրանքի ինքնարժեքը, տարեկան կտրվածքով, 838 000 ռուբլի, իսկ տարեկան շահույթը 1 մլն 112 000 ռուբլի է եղել, աշխատողների ցուցակային քանակը` 164 մարդ: Հիմնական սարքավորումներն են քարաձուլման մարտենյան վառարանը` օրական 50 տոննա արտադրողականությամբ, ԸկՁ-10 մամլիչ-ձևավորող մեքենա (2 հատ), թրծաթողման վառարան (2 հատ):


«Այս նախագծից հետո կառուցված գործարանի հիմնական մասնաշենքի տարածքում նախատեսվել է կառուցել բազալտե մանրաթելի փորձնական արտադրության տեղամաս,- ասաց Հանրային խորհրդի փորձագետը:- Աշխատանքային նախագիծը մշակվել է «Հայգունմետաղ» գիտաարտադրական միավորման կազմում գտնվող «Հայգունմետաղ» նախագծային և գիտահետազոտական ինստիտուտի կողմից, «Հայգունմետաղ» գիտաարտադրական միավորման առաջադրանքով: Նախագիծը հաստատվել է 1988 թվականին: Տեղամասի շինարարության նպատակն է եղել արտադրել գերբարակ մանրաթել` տեղական բազալտների հումքային բազայի վրա: Պատրաստի արտադրանքը` բազալտյա բամբակը, օգտագործվում է ջերմամեկուսիչ, ձայնամեկուսիչ, զտիչ նյութեր պատրաստելու համար, որը, իր հերթին, կարող է բաղադրիչ հանդիսանալ ջերմակայուն ստվարաթղթի և ջերմակայուն թղթի արտադրության մեջ: Տեղամասի շինարարության համար հատկացվելիք կապիտալ ներդրումները կազմել են 39 630 ռուբլի, աշխատողների քանակը` 13 մարդ, արտադրության ծավալը` 78,2 տոննա, շահույթը` 110 000 ռուբլի: Նախատեսված է եղել գործարանում հետագայում նույն տեղական բազալտի հումքի հիման վրա արտադրել նաև ձուլածո խողովակներ: Այդ ձուլածո խողովակները, հաշվի առնելով բազալտի քիմիական կազմը, ռեակտիվ միջավայրերում, ակտիվ միջավայրերում դիմանում են»:


Նշենք նաև, որ ստացվող բազալտե ձուլածո արտադրանքի թթվակայունությունը հասնում է 98 տոկոսի, իսկ մաշվածքակայունությունը և երկարակեցությունը 8-10 անգամ ավելի է, քան մետաղական ցանկացած համաձուլվածքինը: Ինչպես ակնհայտ է արտադրանքի ինքնարժեքի և ստացվելիք շահույթի վերաբերյալ Հանրային խորհրդի փորձագետի հրապարակած թվերից, դեռ խորհրդային տարիներին մենք գործ ունեինք գերշահույթներ բերելու ունակ մի գործարանի հետ, որը եթե 5-6 ամիս աշխատելուց հետո, 1992 թ. հարկադրաբար կանգ չառներ Ադրբեջանի կողմից Հայաստանի տնտեսական շրջափակման, գազի մատակարարման դադարեցման հետևանքով, ապա կարճ ժամանակում ստացված շահույթով կփակեր իր վրա կատարված բոլոր ծախսերը: Անշուշտ, այժմ խորհրդային ռուբլին գոյություն չունի, այլ վճարամիջոցներ են, եթե գործարանը վերագործարկվի, արտադրանքի ինքնարժեքի, շահութաբերության ու մյուս բոլոր թվերն այլ են լինելու, սակայն, ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Սուրեն Գևորգյանի հավաստմամբ, միանշանակ է, որ գործարանը լինելու է գերշահութաբեր, առավել ևս, եթե անցնի նաև պեռլիտից (հանքը գործարանին շատ մոտ է) տարբեր ու մեծ պահանջարկ ունեցող արտադրանքների (ջերմամեկուսիչ, ձայնամեկուսիչ սալիկներ, բուսական յուղերի արտադրության մեջ օգտագործվող ֆիլտրեր և այլն) արտադրության:


Գ. Դորունցի տեղեկացմամբ, հիշյալ գործարանի համար Խորհրդային Միության ժամանակ ձեռք է բերվել МСМТ-009 մոդելի ձուլման սարքավորում, որի տեխնիկական հնարավորությունը թույլ է տալիս 1 ժամում արտադրել 35-40 մմ պատի հաստությամբ, 592, 680, 780 մմ տրամագծով, 1, 1,5, 2 մետր երկարությամբ 2-3 խողովակ կամ տարեկան 6000 տոննա: Բացի այդ, ինչպես փորձագետը հայտնեց, Սանկտ Պետերբուրգի, Երևանի մետրոպոլիտենների (հավելենք` նաև այլ) կողմից պահանջարկված են մետրոպոլիտենի թունելների երեսպատման համար ձուլածո բազալտից սեգմենտներ, որոնցից (13 հատից) ամբողջանում է թունելի 5,5 մետր տրամագծով յուրօրինակ «խողովակը»: Այդ սեգմենտները շատ դիմացկուն և երկարակյաց են ու թույլ չեն տալիս, որ ստորերկրյա ջրերը, որոնց դեմն առնելը մետրոպոլիտեններում հիմնախնդիր է, թափանցեն թունելից ներս:


Ինչպես նշեց ՔՔԳ ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Սուրեն Գևորգյանը, այսպիսի գործարան ունենալը և այն չաշխատեցնելը հանցագործություն է: Դրա համար պահանջվում է մոտ 5 մլն ԱՄՆ դոլար, որը ընկերության մոտ 50 տոկոսի բաժնետեր Սուրեն Գևորգյանն ու մնացած մասի բաժնետեր նրա գործընկերը չունեն ու փորձում են ձեռք բերել:
Ընկերության տնօրենների խորհրդի նախագահն առաջարկում է պետությանը շահավետ ու ձեռնտու պայմաններով ստեղծել պետական ու մասնավոր բաժնեմասով (խառը սեփականության ձև) նոր ընկերություն, որում պետության բաժնեմասը 50 տոկոսից պակաս չի լինի: Հաշվի առնելով, որ արտադրանքը մեծ պահանջարկ ու շահութաբերություն ունի, այն պետական բյուջեի համար խոշոր գումարների հոսք կապահովի, ինչը թույլ կտա վերագործարկել արդյունաբերական նաև այլ ձեռնարկություններ, ոտքի կանգնեցնել Հայաստանի տնտեսությունը: Այլ կերպ ասած, եթե ՀՀ կառավարության կողմից համապատասխան մոտեցում լինի, Քարակերտի քարաձուլման գործարանը Հայաստանի արդյունաբերության համար լոկոմոտիվի դեր կկատարի` իր հետևից կքաշի և առաջ կտանի նաև արդյունաբերական մի շարք այլ ձեռնարկություններ:


Սուրեն Գևորգյանի հիշյալ առաջարկությանը Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի վերաբերմունքը դրական էր, հանձնաժողովի նախագահ, Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը խոստացավ, որ Հանրային խորհրդի կողմից Քարակերտի քարաձուլման գործարանի վերագործարկման հարցը կբարձրացվի կառավարության առջև: Կարիք կա նաև ստեղծելու մասնագետներից բաղկացած փորձագիտական խումբ կամ հանձնաժողով, որը կլինի ընկերությունում, կուսումնասիրի ինչ ունի այն, եղածն ինչ վիճակում է, վերագործարկման համար անհրաժեշտ սարքերից, այլ գույքից ինչ չունի, իրականում որքան գումար է անհրաժեշտ գործարանի վերագործարկման, ինչպես նաև բազալտից ավելի հեռանկարային պեռլիտից տարբեր տեսակի արտադրանքների արտադրություն հիմնելու, կազմակերպելու, արտադրանքը Հայաստանից արտահանելու համար, մի խոսքով, իր եզրակացությամբ կտա այս ամենի օբյեկտիվ գնահատականը:


Աստված կամ բնությունը հրաբխային ժայթքման ձևով մեզ շռայլորեն տվել է այնպիսի հարստություն` պեռլիտ, բազալտ, դիատոմիտ, բենտոնիտ, ցեոլիտ և այլն, որն այստեղ համապատասխան արտադրանքների արտադրության համար որպես հումք չօգտագործելը և Հայաստանը ներկայիս ծանր վիճակից չհանելն, իրոք, հանցագործություն է: Ինչպես է վարվելու ՀՀ վարչապետը «Քարակերտի քարաձուլման գործարան» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Սուրեն Գևորգյանի հիշյալ առաջարկությանը` անտարբերությու՞ն, հանցավոր անգործությու՞ն է դրսևորելու, թե՞ կատարելու է սրտացավ ու ճիշտ քայլեր` Հայաստանն արդյունաբերական երկիր դարձնելու ուղղությամբ: Հուսանք` վերջինը:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 7912

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ