Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հյուծված մանկան մահն ու ազգային երկխոսությունը

Հյուծված մանկան մահն ու ազգային երկխոսությունը
23.02.2018 | 02:08

Խոստովանենք, որ, այո՛, հյուծախտի մեջ է հայտնվել հայկական 5-հազարամյա պետականությունների զավակ 3-րդ հանրապետությունը։
Հանրապետությունը պատեպատ է խփվում, ելք է փնտրում։ Իսկ երբ 3-րդ հանրապետությունը պատեպատ է խփվում, բնականաբար, երկիրն էլ եռքի մեջ է, թերևս նաև երկունքի։ Այսպիսով, գծանշված է մեր համազգային Հարդագողի ճանապարհը, որը հյուծախտը բուժելով` մեզ գուցե և կուղեկցի դեպի ազգ-պետություն։ Հյուծախտ-ելք-եռք-երկունք։ Հարդագողի հաղթանակը։ Հայ հանրությունը, համայն հայությունը, ժողովուրդը հայոց երկունքի մեջ երկնում է ազգ-պետություն, որը կարող է հենց այդպես էլ անվանակոչվել` Համահայկական ազգ-պետություն։ ՈՒշագրավ է սույն երազ-պետություն հապավումը` ՀԱՊ։ Ովքե՞ր են ՀԱՊ-ի քաղաքացիները։ Եվ ովքեր պետք է զրկվեն ՀԱՊ-ի քաղաքացիությունից։ Ծանոթանանք նրանց հետ։

ԿԱՐՃԱՀԱՍԱԿ-ՈՉ ԽԵԼԱՑԻ ՄԵՐ ԱՊԱԳԱՆ


Բարձրահասակ, սիգաճեմ, հարվարդյան համալսարանի կոկորդիլակաշի դիպլոմն աջ ծոցագրպանում ֆինանսիստը օրեր առաջ ի լուր հայ հանրության և համայն հայության ավետեց ընկեցիկ պետականության զարգացման փրկօղակ-տեսլականը` 2018-ին երկրի պարտքի շեմը կանցնի 7 մլրդ դոլարի շեմը, զի նախատեսում է 360 մլն դոլարի նոր պարտք վերցնել։ X ֆինանսիստի թիկունքում, ոչ մի կասկած, իշխանակառավարական վերնադասն է։ Վերնադասի հետ դժվար է վիճարկել ինչ-որ գաղափարական բան։ Ընդամենը պետք է բերանբաց ունկնդրել նրանց և փակբերան հետևություններ անել։ Հայոց վերնադասը պետական պարտքի անմեղսունակ գերաճի պատմաքաղաքական արդարացում ունի` եթե մեր հանրապետությանը, չեն զլանում, պարտք են տալիս, ուրեմն մեզ լիասիրտ վստահում են։ Եվ որքան մեծ է երկրի պարտքը, նույնքան աներեր է պարտքատուների աներեր հավատը առ 3-րդ հանրապետության կայունացում, բարգավաճում և մարդակենտրոնացում։
Հյուծախտ-ելք-եռք-երկունք։
ՈՒ երբ պետական պարտքի շեմի բարգավաճման ավետիսը հնչեց, հրապարակվեց «Օքսֆամ» կազմակերպության զեկույցը, ըստ որի, քրոնիկ թերսնվող 100 հայ մանուկների շարքում 19 տոկոսը կարճահասակ է և ոչ խելացի, իսկ 8 տոկոսը խիստ թերաճ-կարճահասակ է և, ինչ խոսք, չի փայլում հայ երեխային ի բնե հատուկ ուշիմությամբ։
Հյուծախտ-ելք-եռք-երկունք։


«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն, պատվարժան այր Նիկոլայ Դալլաքյանն օրեր առաջ ահազանգեց, որ բուժհաստատություն են բերվում սովից ծայրահեղ հյուծված երեխաներ, որոնց կյանքը չի հաջողվում փրկել։ Այո, իմ պատվարժան ընթերցողներ, 1 դար առաջ Հայկական 1-ին Հանրապետությունում մանուկները, իսկապես, թերաճ էին և մահանում էին քաղցից, զի երկիրը դեռ չէր վերապրել 1915-ի նախճիրի մղձավանջը, պատերազմում էր մի քանի ճակատով, և Արամ Մանուկյանը եզակի էր, երկրորդ, երրորդ, տասներկուերորդ Արամ Մանուկյան երկրում չկար։ Եվ ահա այսօր ևս թերաճ մանուկները մահանում են քաղցից, երբ երկրի ողնաշարը պատված է քրեաօլիգարխիայի և վարչաբյուրոկրատիայի ահռելի գողոնի լպրծուն փառով։ Փա՜ռք 3-րդ ինքնիշխան և սոցիալական հանրապետության երեկվա և ներկայիս իշխանությանն ու կառավարությանը։ Եվ հավերժ հիշատակ նրանց 27-ամյա գործունեությանը։ Ամե՜ն։
Հյուծախտ-ելք-եռք-երկունք։


Գուցե մի 10 մլն դոլար պարտք վերցնենք և իսպառ վերացնե՞նք սովամահությունն ու թերաճը հայ մանուկների։ Եվ ահա այս պահին օրհասական-հերոսական մի գերհրատապ հարց է ծագում` ի՞նչ դերակատարություն են ստանձնելու թերաճ և ոչ խելացի մանուկները 2040-ի 4 մլն-անոց Հայաստանում։ Եվ հարցն այս բնավ էլ պաթետիկայի ոլորտից չէ, զի երկրի զարգացման հետընթացի այս ահարկու ընթացքը կապահովի սովամահվող մանուկների և նրանց բախտավոր թերաճ սերնդակիցների թվաքանակի երկրաչափական աճը։ Բայց և այնպես, սա մեր գոյակերպի ընդամենը մի երեսն է, դարձերեսում հանրային մյուս խավն է, գերսնուցված և ժառանգորդ-բազմամիլիոնատեր։ Այ հենց այդտեղ է դաժան մի հարց կախվում երկրի երկնքում` ի՞նչ ազդեցություն է ունենում մշտնջենական (այն է` քրոնիկ) գերսնուցումը քրեաօլիգարխիայի, վարչական բյուրոկրատիայի, ի վերջո իշխանության և կառավարության մատաղ սերնդի մտավոր կարողությունների վրա։ Եվ ահա այս պահին օրհասական և հերոսական մի գերհրատապ հարց է ծագում. ի՞նչ դերակատարություն են ստանձնելու 2040-ի 4 մլն-անոց Հայաստանում գերսնված մանուկները, և ինչպե՞ս են նրանք փոխառնչվելու թերաճ և կարճահասակ երեխաների հետ։ Այստեղ մի պահ եկեք շունչ քաշենք, զի պետք է շտկեմ թերացումս։ Այո, կռահեցիք, չեմ իրազեկել, թե գերսնուցված և բազմամիլիոնատեր մատաղ սերունդն ինչպիսի հասակ ունի, բարձրահասակ-սիգաճե՞մ է, թե՞ կարճահասակ և գնդլիկ։ Պարզաբանում եմ` գերսնուցված երեխաներն արտաքուստ բարձրահասակ-սիգաճեմ են, ներքուստ, սակայն, կարճլիկ-գնդլիկ են։ Առայժմ թերսնուցվողներն ու գերսնուցվողները փոխառնչվում են, դուք սա գիտեք, թշվառության և պերճանքի կիզակետում, երբ գերսնուցվող երեխան, հոր թիկնազորի ուղեկցությամբ, հայտնվում է թերսնուցվող իր հասակակցի խրճիթում և նրան է նվիրաբերում առաջին անհրաժեշտության ապրանք` դիցուք, փուչիկ, մաստակ, բջջային հեռախոս և, իհարկե, սեփական ընկերության արտադրանքը։

ԱԶԳԱՅԻՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՅՈՑ ՆԵՐԿԱՆ
Մեզ դարակազմիկ մի քննարկում է սպասում, զի առնչվելու ենք 4-րդ հանրապետության 1-ին նախագահի գերհավանական թեկնածու տիար Արմեն Սարգսյանի մի շրջաբերականին։ Դարակազմիկ քննարկումից առաջ, ինչ խոսք, արժե պոեզիայի բերկրանքին տրվել։ Ահա թե ինչպես է տեսել մեր ներկա օրը զարմանալի բանաստեղծ Նորայրը Ենգիբարյան յուր զարմանահրաշ «Բաղնիքում» ստիխում։

Այս տղամարդը
փաթաթված
ճերմակ
սավանի մեջ
ինչպես դեռ չբացված արձան -

այն ինչ մտքի մեջ է,
կյանքի մեջ է արդեն-
կուռքերի
ժամանակները
վերադարձան...

Ահա հարգարժան տիար Արմեն Սարգսյանի շրջաբերական-հրովարտակից մի հատված. «Եթե մենք մեր քաղաքացիներին, անհատներին, քաղաքական ղեկավարներին, ապագա նախագահին, վարչապետին, նախարարին կամ գյուղապետին բաժանենք յուրայինների և ոչ յուրայինների, տեղ չենք հասնի։ Ես կարծում եմ, որ ազգային երկխոսությունը շատ էական է»։ «Այս տղամարդը», հարկավ, հավաքական կերպար է և մարմնավորում է 3-րդ հանրապետության հայ իշխանավորին և հայ կառավարչին։ (Նմանապես` հայ գեներալին, բանկիրին, ընդդիմադիր առաջնորդին և այլոց)։ Բայց քանի որ հենց տիար Սարգսյանն է մեր ներկա հեղհեղուկ օրերի արգոնավորդ-հերոսը և հենց նա է վերոնշյալ շրջաբերական-հրովարտակ-հռչակագրի հեղինակը, փորձենք նրա (նմանապես հայ իշխանավորի և նույնքան հայ կառավարչի) հետ ծավալել մի ամփոփ ազգային երկխոսություն։ Տիարք պատվարժան, մենք դեպի ու՞ր ենք ուղևորվում քաղցից մահացող երեխաներին և հղփանքից պայթող վերնախավային մանուկներին գրկներս առած։ Եվ ո՞վ կամ ովքե՞ր են անդնդախոր կիրճեր բացել ՀՀ քաղաքացիների` մի կողմից, և ՀՀ ապագա նախագահի, վարչապետի, նախարարի կամ գյուղապետի միջև` մյուս կողմից։ Կիրճերի վրա կամուրջներ չկան։ Զի հենց որ ՀՀ քաղաքացիներն ազգային երկխոսության վեհաշունչ նպատակով մի ճոպանահյուս կամուրջ են կապում, նախագահն ու վարչապետը, նախարարն ու գյուղապետը իսկույն ևեթ այրում են կամուրջը։


Մի փոքր վերամբարձությու՞ն կա վերոնշյալ ուղերձում, երևի թե, և ահա ես` ծառան ձեր հեզ, քարագրում եմ ներքոնշյալ հաղորդագրությունը, որն օրեր անց հաջորդել է Ձեր հռչակագրին. «Գյումրու «Կումայրի» պատմական միջուկի վերականգնման համար այս տարի 2 մլն դոլար կտրամադրվի։ Դեկտեմբերի 7-ին` երկրաշարժի 30-րդ տարելիցի օրը, տեղի կունենա նորոգված փողոցների բացումը։ Նոր փողոցներում բոլոր գծերը լինելու են ստորգետնյա` Ռուսթավելի փողոցի օրինակով։ 2 մլն դոլար տրամադրվելու է ՀԲ-ի վարկի շրջանակում, պարտավորությունը ստանձնելու է կառավարությունը»։
«Կումայրին» Գյումրի քաղաքի պատմական միջուկն է, իսկ տնակային թաղամասերը բազմաչարչար, բայց և այնպես շնորհի և արժանապատվության պատվար այս խաս բնակավայրի ի՞նչն են։ Բարձրաձայնեք այս մասին, հարգարժան գալիք նախագահ։ Միաժամանակ ցանկալի է, որ պատասխանեք երկու հարցի. ա) Դուք արդյոք պատրաստվու՞մ եք այցելել Գյումրու տնակային թաղամասեր և մի՞թե չեք կամենում հորդորել ՀՀ կառավարությանը մի 100 մլն դոլար վարկ ձեռք բերել և իսկույն ևեթ սկսել տնակային թաղամասերի վերականգնումը։
Հյուծախտ-ելք-եռք-երկունք։


Երկրաշարժի 30-րդ տարելիցի օրը 3-րդ հանրապետության ողջ վերնախավը «Կումայրի» զբոսաշրջային միջուկում կխոնարհվի, աղոթք կմրմնջա և մոմեր կվառի։ Տնակային թաղամասեր այցելելու կարիք չկա։ Եթե լինենք անկեղծ, վերնախավն այնտեղ անելիք պարզապես չունի։ Զի այնտեղ դեգերում են 30-ամյա ահարկու մղձավանջի տեսիլքները։

ՎԵՐՋԵՐԳ


Հանրապետությունը նախընտրական եռքի մեջ է։
Եվ այս պահին ելքը մեկն է` հայ հանրության և համայն հայության միաբանումը հանուն «Համահայկական ազգ-պետության» երկունքի։

Խոստովանենք, որ, այո՛, հյուծախտի մեջ է հայտնվել հայկական 5-հազարամյա պետականությունների զավակ 3-րդ հանրապետությունը։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 5770

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ