«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

«Կինոգետը» և՛ ճանաչողական է, և՛ ուսուցողական, և՛ ինտելեկտուալ, և՛ ժամանցային»

«Կինոգետը» և՛ ճանաչողական է, և՛ ուսուցողական, և՛ ինտելեկտուալ, և՛ ժամանցային»
27.02.2018 | 13:04

Արդեն վաճառքում է հայկական կինոյի վերաբերյալ առաջին ինտերակտիվ, ինտելեկտուալ սեղանի խաղը՝ «Կինոգետը», որը երաշխավորված է ՀՀ մշակույթի նախարարության կողմից։
Խաղը պարունակում է առավել հայտնի հայկական 70 կինոնկարից կազմված 328 խաղաքարտ, ֆիլմացանկերի գրքույկ (2 օրինակ), ինչպես նաև խաղի կանոնները։ Խաղաքարտերում հետևյալ պահանջներն են՝ գուշակել ֆիլմը, ըստ նշված արտահայտության, շարունակել հանրաճանաչ դարձած թևավոր խոսքը, ըստ ներկայացված նկարի գուշակել կերպարն ու ֆիլմը (30 հատ), ըստ ներկայացված երաժշտության գուշակել ֆիլմը, ըստ բանալի-բառերի (keyword)՝ ֆիլմը հուշել թիմակիցներին, թվարկել դերասանի մասնակցությամբ ֆիլմերը: Խաղի նպատակն է հետաքրքիր, մատչելի և նորարարական եղանակով հատկապես դեռահասների և երիտասարդների շրջանում հետաքրքրություն առաջացնել հայկական ֆիլմերի նկատմամբ, դրանով նպաստել ֆիլմերի տարածմանը։
«Իրատեսի» զրուցակիցն է «Կինոգետ» նախագծի հեղինակ ԶԱՎԵՆ ՀԱՐՈՅԱՆԸ:

-Ինչքա՞ն ժամանակ պահանջվեց, որ խաղը ներկայացնեք հանրության դատին:
-Մոտ երկու տարի, իհարկե, ոչ անընդմեջ աշխատանքի արդյունքում: Ֆիլմերը նայել ենք, դուրս գրել ուշագրավ արտահայտութունները, հետո զտել ենք, մի քանի ամիս անց նորից վերանայել: Մեծածավալ աշխատանք է կատարվել:
-Ինչու՞ ընտրեցիք կինոոլորտը:
-Երբ ընդհանուր խոսակցությունների ժամանակ գործածում էի ֆիլմերից քաղված մեջբերումներ, թևավոր խոսքեր, զգում էի, որ մարդիկ չեն հասկանում՝ խոսքն ինչի մասին է: Հետևություն արեցի, որ շատերը մեր կինոժառանգությանը ծանոթ չեն, կարելի է մատչելի ձևով ներկայացնել, տեղեկություններ տրամադրել:
-Ի՞նչ սկզբունքով է կատարվել ֆիլմերի ընտրությունը:
-Ընտրել ենք շուրջ 70 ֆիլմ՝ սկսած Համո Բեկնազարյանից մինչև մեր օրերը: Ընտրությունը կարող է փոքր-ինչ սուբյեկտիվ լինել: Հիմնականում հաշվի ենք առել Youtube-ում դիտումների քանակը, այսինքն, ֆիլմի հայտնիությունը և սյուժեի առանձնահատկությունը:
-Կինոգետների հետ խորհրդակցե՞լ եք նախագիծն իրականացնելիս:
-Կինոոլորտի մարդիկ վերջում նայել են՝ ի դեմս Մարտին Հուրիխանյանի, որը նաև «Հայ կինոն... գրավոր» գրքի հեղինակն է: Նախագծի վերջում եմ իմացել գրքի մասին ու հաճելիորեն զարմացել, որ նման աշխատանք է արվել գրքի տեսքով:
-Կարծում եք՝ խաղը հետաքրքրությա՞մբ կընդունվի, արդեն կա՞ն արձագանքներ:
-Այո, խաղի հաջողություններից մեկն էլ այն է, որ ինտերակտիվ է, QR կոդ կարդացող հեռախոսային հավելվածի միջոցով երևում են խաղաքարտի պահանջն ու պատասխանը: Ինտերակտիվ խաղի մասնակիցը հնարավորություն է ունենում միանգամից տեսնել, լսել, մտածել, մեթոդիկան այնպես է ընտրվել, որ հնարավորինս մատչելի լինի և հետաքրքիր:
-Արտասահմանյան ֆիլմերին անդրադառնալու նպատակ ունե՞ք:
-Հեռանկարում կա նման նախագիծ, բայց հեշտ չէ՝ սկսած ֆիլմերի ընտրությունից, հեղինակային իրավունք ձեռք բերելուց: Շատ են դժվարությունները:
-Ոլորտի փոփոխություն հնարավո՞ր է՝ երաժշտություն, գրականություն...
-Այո, անկեղծ ասած, նպատակ ունեմ շարունակելու նախագիծը՝ ընդգրկելով մշակույթի բոլոր ոլորտները: Հաջորդիվ պոեզիայի մասին եմ մտածում: Մատչելի, ամփոփ կարելի է ներկայացնել մեր գրական ժառանգությունը:
-Ի՞նչ եք կարծում՝ «Կինոգետը» առիթ կդառնա՞, որ խաղով հետաքրքրվողը նաև ամբողջությամբ դիտի ֆիլմը:
-Իհարկե, խաղի առանցքային նպատակներից մեկը դա է: Այնպիսի արտահայտություններ եմ առանձնացրել, որ հետաքրքիր, բնութագրիչ լինեն և ցանկություն առաջացնեն ֆիլմը դիտելու: Ցանկի բոլոր ֆիլմերը պարունակում են QR կոդեր, որոնք կրում են հայկական կինոնկարների վերաբերյալ կարևոր տեղեկություններ։
-Կարծում եմ՝ դաշտին ծանոթ եք, ուսումնասիրել եք: Կա՞ն ինտելեկտուալ խաղեր, հետաքրքրության արժանանու՞մ են:
-Դա մի քիչ անհատական է, կախված է մարդու նախասիրություններից: Կան հաջողված ինտելեկտուալ խաղեր, որոնք, սակայն, ուսուցողական նպատակ չունեն, իսկ այս առումով՝ «Կինոգետը» և՛ ճանաչողական է, և՛ ուսուցողական, և՛ ինտելեկտուալ, և՛ ժամանցային: Չորս բաղադրիչ է ներառում:
-Եվ աննախադեպ է:
-Այո, ինտերակտիվության առումով իսկապես աննախադեպ է: Կինոն երբեք այսքան մոտ չի եղել, դու կարողանում ես միանգամից մի մասնիկը դառնալ կինոաշխարհի: Հարցերն էլ այնպես են կազմված, որ արտահայտությունները կարող եք շարունակել տրամաբանորեն, եթե նույնիսկ չեք դիտել ֆիլմը:
-Թիրախային խումբը երիտասարդնե՞րն են:
-Բնականաբար՝ երիտասարդները: Նոր սերունդը մտածում է, որ այն, ինչ հին է, նաև անորակ է, անճաշակ, չեն նայում մեր հին ֆիլմերը, չմտածելով, որ այսօրվա ֆիլմերը շատ առումներով կարող են զիջել հին հայկական ֆիլմերին:
-Մշակույթի նախարարությունը խրախուսե՞լ է նախաձեռնությունը:
-Ես դիմել էի նախարարությանը՝ «Հայֆիլմից» օգտվելու իրավունք ստանալու համար: Սիրով ընդառաջեցին:


Զրուցեց
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 8259

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ