Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Սիրիայի և նրա դաշնակիցների դեմ խորքային առումով պատերազմում են ԱՄՆ-ն ու Իսրայելը

Սիրիայի և նրա դաշնակիցների դեմ խորքային առումով պատերազմում են ԱՄՆ-ն ու Իսրայելը
02.03.2018 | 13:09

Անժխտելի իրողություն է, որ Սիրիայի, ինչպես նաև այդ երկրի դաշնակիցների (Ռուսաստանի, Իրանի և Լիբանանի «Հըզբոլլահի») դեմ խորքային առումով պատերազմում են հենց ԱՄՆ-ն ու Իսրայելը: Պատերազմում են ահաբեկիչների և Բաշար Ասադի վարչակարգի հակառակորդների` զինյալ ընդդիմության միջոցով, նրանց զենք-զինամթերք, հետախուզական տեղեկություն տրամադրելով և այլ կերպ օգնելով: Չբավարարվելով դրանով, որոշ դեպքերում հենց իրենք են ուղղակիորեն օդային և հրթիռային հարվածներ հասցրել սիրիական և իրանական թիրախներին, իսկ վերջերս նաև` հիմնականում ռուս, ՌԴ քաղաքացի հանդիսացող զինծառայողներից բաղկացած Վագների մասնավոր ռազմական կազմակերպությանը:


Օրերս Սիրիայում կռվող ահաբեկիչներին օգնելու առումով ԱՄՆ-ի համար խայտառակ, իր գայլային մռութին քաշած գառան դիմակը պատռող, երկդիմի քաղաքականությունը մերկացնող մի սկանդալ է պայթել: Ահաբեկիչներին գումար է պետք եղել, և նրանք գումարը ԱՄՆ-ից խնդրելու փոխարեն (հավանաբար մինչ այդ զզվեցնելու աստիճանի շատ են խնդրել ու ստացել), այդ գումարը ձեռք բերելու համար իրենց պատկանող կայքերում վաճառքի են հանել ԱՄՆ-ի առաքած զենքերը` թքելով այն բանի վրա, որ դրանով բացահայտում ու խայտառակում են իրենց աջակցին:


Ընդգծենք, որ Սիրիա առաքված և համացանցում վաճառքի հանված այդ զենքերի մասին հայտնել են ոչ թե ռուսական լրատվամիջոցները, այլ հենց ամերիկյան CNN լրատվական գործակալությունը: Ճիշտ է, վերջինիս հաղորդման համաձայն, այդ զենքերը ոչ թե ահաբեկչական կազմակերպություններին, այլ Սիրիայի կառավարության դեմ պատերազմելու համար Սիրիայի «չափավորական ընդդիմադիրներին» ԱՄՆ-ի առաքած զենքերն են, որոնք հայտնվել են ահաբեկիչների ձեռքում: Թե զենքով իրենց իսկ երկրի (ոչ միայն կառավարության) դեմ պատերազմող ընդդիմադիրների չափավորականն այդ դեպքում ո՞ւր է մնում, թերևս միայն CNN-ին, Սպիտակ տանը և պետդեպարտամենտին է հայտնի: Այնուհանդերձ, եթե CNN-ի հաղորդած տեղեկությունը, որ զենքերը «չափավորական ընդդիմադիրներին» են առաքվել, նույնիսկ ճիշտ է, ինչը կասկածի տակ դնելու հիմքեր կան, դրանից վերոնշյալի առումով բան չի փոխվում, այսինքն` Սիրիայի ու նրա դաշնակիցների դեմ խորքային առումով պատերազմող երկրներից մեկը Միացյալ Նահանգներն է:


CNN-ի տեղեկատվության համաձայն, վաճառքի հանված հրազենների համարները վկայում են, որ դրանք Հարավային Կարոլինայի FN ընկերության արտադրանք են, որը Պենտագոնը 2015 թ. առաքել է սիրիացի «չափավորական ընդդիմադիրներին»: Մի պահ համարենք, թե ԱՄՆ-ը դրանք Սիրիայի «չափավորական ընդդիմադիրներին» էր ուղարկել: Բայց չէ՞ որ կան նաև ԱՄՆ-ի կողմից հենց ահաբեկիչներին զենքեր ուղարկելու փաստեր: Մասնավորապես` այս տարվա հունվարին Սիրիայի անվտանգության ծառայությունները մայրաքաղաք Դամասկոսի Արևելյան Ղութա շրջանում առգրավել են «Ալ-Նուսրայի ճակատ» ահաբեկչական խմբին պատկանող և ամերիկյան զենքով բեռնված բեռնատարը: «Ալ-Մայադին» հեռուստաընկերության տեղեկացմամբ, սիրիական աղբյուրները հայտարարել են, որ այդ բեռնատարը Սիրիա էր մտել Հորդանանից:


Ավելի վաղ, 2017 թ. սեպտեմբերին բալկանյան հետազոտական մի կենտրոն բացահայտել էր, որ Միացյալ Նահանգները քայլեր է կատարում Սիրիայում ահաբեկիչներին սպառազինելու համար: Ըստ «Ալ-Ահդ» կայքի հրապարակման, բալկանյան մամուլի հետազոտական ցանցը և կազմակերպված հանցագործությունների կենտրոնի փորձագետները բացահայտել են, որ Պենտագոնն ավելի քան մեկ միլիարդ դոլար է հատկացրել Սիրիայում ահաբեկիչների համար զենքեր գնելու համար:
Ըստ աղբյուրի, Բալկաններում և Եվրոպայի արևելքում զենքի գործարաններն անկարող են բավարարելու զենքի մեծ պահանջարկը, դրանց պատրաստման համար տրվող պատվերները, ուստի ԱՄՆ պաշտպանության նախարարությունը զենք-զինամթերքի պատրաստման համար դիմել է ՈՒկրաինային, Ղազախստանին ու Վրաստանին: Նշվել է նաև, որ Պենտագոնը ԱՄՆ զինված ուժերի հատուկ օպերացիայի հրամանատարության և Նյու Ջերսիի նահանգում գիտական ու ռազմական հետազոտությունների հատուկ կառույցների միջոցով է զենքեր հայթայթում ահաբեկիչների համար:


Վերոնշյալ տեղեկության հրապարակումից 3 ամիս անց, 2017 թ. հունվարին Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ «ԱՄՆ-ը Սիրիայի հարավային Էլ-Թանաֆ բազայում պատրաստում է ահաբեկիչներին»: ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի հրամանատարը, «Ռուսիա Ալ-Յոմ» հեռուստակայանի տեղեկացմամբ, ասել է, որ ԱՄՆ-ը շարունակում է հովանավորել ահաբեկիչներին, և ԻՊ ահաբեկչական խմբի մնացած զինյալներին տեղափոխել է Լիբիա:
Սիրիայում միջազգային իրավունքի խախտմամբ գտնվող օտարերկրյա ուժերի ներկայության առնչությամբ ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովն ասել է. «Մոսկվան չի ընդունում ԱՄՆ-ի ուժերի ներկայությունը Սիրիայում»:
ԱՄՆ-ից բացի, Սիրիայում այդ երկրի ու նրա դաշնակիցների դեմ կռվող ահաբեկիչներին զինում է նաև Իսրայելը, և այդ իրողությունը, որքան էլ տարօրինակ է, խոստովանել է հենց սիոնիստական «Հաարեց» օրաթերթը:


Ավելի վաղ Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ Սիրիայում վիրավորված ավելի քան 1400 ահաբեկիչներ բուժվել են Իսրայելի հիվանդանոցներում:
Բացահայտված փաստաթղթերը ցույց են տալիս, որ Իսրայելի սիոնիստական ռեժիմը մշտապես աջակցել է Սիրիայի ահաբեկիչներին, վիրավորված ահաբեկիչները բուժվել են նույնիսկ օկուպացված Պաղեստինի հիվանդանոցներում:
Սիրիայի դեմ շարունակվող Իսրայելի օդային և հրթիռային հարձակումները, այդ երկրի պաշտպաններին ու խաղաղ բնակիչներին սպանելու, ռազմական ու քաղաքացիական կառույցներին վնաս տալու, Սիրիայի բնակչության շրջանում անպաշտպանության զգացում առաջացնելու, Բաշար Ասադի վարչակարգը թուլացնելու ու տապալելու նպատակ հետապնդելուց բացի, ըստ էության, միաժամանակ ահաբեկիչներին ցուցաբերվող աջակցություն են:


Հիշենք նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի անցյալ տարվա հայտարարությունը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը 2017 թ. հունիսին բացեիբաց ասել է. «Իսրայելը հովանավորում է Սիրիայում ահաբեկչական խմբերին, այդ թվում՝ Ալ-Նուսրա ճակատին»: Ըստ ՍԱՆԱ լրատվական գործակալության հաղորդման, Անտոնիո Գուտերեշն ասել է նաև. «Բռնագրավված Գոլանի բարձունքներում տեղակայված ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի զեկույցի համաձայն, սիոնիստական ռեժիմը զենք և այլ տեսակի օգնություններ է առաքում ահաբեկչական խմբերին Սիրիայում»:
Նույն հաղորդման համաձայն, Գոլանի բարձունքներում տեղակայված ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերն այդ պահի դրությամբ 16 դեպք են գրանցել Իսրայելի կողմից ահաբեկչական խմբերին օգնություն հասցնելու վերաբերյալ: Ավելի վաղ սիրիական ուժերը նույնպես տեղեկացրել էին Իսրայելի կողմից ահաբեկչական խմբերին բժշկական օգնության ու նույնիսկ զինամթերքի մատակարարման մասին:
ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, «ԽՏՎՎպՐրՈվՑՕ» պարբերականի փոխանցմամբ, հայտարարել է, որ պատժամիջոցները, որոնք Արևմուտքը սահմանել է Ռուսաստանի նկատմամբ, կմնան հավերժ:


Քանի որ այս արևի տակ հավերժ ոչինչ չկա, Արեգակն ինքն էլ, որպես աստղ, հավերժ չէ, ապա պարզ է, որ Դմիտրի Ռոգոզինը նկատի է ունեցել Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի սահմանած պատժամիջոցների շարունակվելը մինչև Երրորդ համաշխարհային պատերազմ կամ աշխարհի վերջ: Պարզապես ՌԴ փոխվարչապետը չէր կարող այսպես արտահայտվել, քանի որ դա կարող էր տեղիք տալ տագնապի ու միգուցե դատապարտվածության զգացման ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Ռուսաստանից դուրս:
«Պատժամիջոցները մեր հին և երդվյալ թշնամու արձագանքն են մեր ամրապնդմանը,- «Կոմերսանտին» տված հարցազրույցում ասել է Ռոգոզինը:- Դրանք դարձյալ կհանվեն, երբ մենք կրկին թուլանանք»:


Սա նշանակում է, որ Ռուսաստանը քաջ գիտակցում է, որ իր հին և երդվյալ թշնամին Միացյալ Նահանգներն է` Մեծ Բրիտանիայի ու մյուս դաշնակիցների հետ, և որ պատժամիջոցները կհանվեն կամ կարող են հանվել միայն այն ժամանակ, երբ Ռուսաստանը ոչ միայն ձեռք կքաշի Սիրիայից և Դոնբասում ապրող ռուսներին պաշտպանելուց, այլև կրկին թուլանալով, կհայտնվի Արևմուտքի հանդեպ այն ծնկաչոք վիճակում, որում գտնվում էր շատ ռուսների կողմից հարբեցող և ազգի դավաճան համարվող Ելցինի նախագահության տարիներին:
ՌԴ փոխվարչապետի հավաստմամբ, Ռուսաստանի համար Արևմուտքի պատժամիջոցները շանս են` ազգային բնավորության լավագույն գծերը ցուցաբերելու:
Պատասխանելով այն հարցին, թե պատժամիջոցներն արդյոք չե՞ն խոչընդոտում բանակի վերազինմանը, Ռոգոզինն ասել է որ դժվարություններ կան, բայց նաև համապատասխան միջոցներ են ձեռնարկվում:


«Ստեղծվել է, օրինակ, ռազմարդյունաբերական համալիրի կոլեգիայի հակապատժամիջոցային շտաբ, որի հիմնական խնդիրն է թույլ չտալ ժամկետների խախտումներ ներքին և արտաքին պատվիրատուներին ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների գործում»,- տեղեկացրել է ՌԴ փոխվարչապետը:
Կասկածից դուրս է, որ ԱՄՆ-ը Սիրիայում հեռուն գնացող նպատակներ ունի, և նկատի ունենալով ՌԴ առաջիկա նախագահական ընտրությունները և այն, մեղմ ասած, «հարամելու» ԱՄՆ-ի նպատակն ու ձգտումը, միանգամայն հնարավոր է, որ Միացյալ Նահանգներն այս ամսվա ընթացքում ուղղակի հարված հասցնի Սիրիային: Դրանից հետո իրադարձությունների զարգացումն ու՞ր կտանի աշխարհը… Այո, դատելով ամենից, ԱՄՆ-ը Սիրիայում պատրաստվում է շատ վտանգավոր գործողությունների, որոնք կիրականացվեն, եթե Սպիտակ տանը չսթափվեն ու չմտածեն սառը գլուխներով: Սիրիայի իշխանությունները Միացյալ Նահանգների ղեկավարությանը դեռ 5 տարի առաջ են զգուշացրել, որ Սիրիայի նկատմամբ ԱՄՆ-ի ագրեսիան ամբողջ Միջին Արևելքն է հրկիզելու: Հավելենք՝ գուցե նաև ողջ աշխարհը…


Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Արևելյան Ղութա արվարձանն ահաբեկիչներից, ծայրահեղականներից և զինյալ ընդդիմությունից մաքրագործելու Սիրիայի բանակի ծրագիրը տապալելու նպատակով, ամերիկացի զինվորականները վերջերս փորձել էին նույնիսկ ԻՊ-ի ահաբեկիչներին տեղափոխել Արևելյան Ղութա: Այս իրողությունը խոստովանել են հենց իրենք՝ Սիրիայի ընդդիմադիր աղբյուրները:
Արևելյան Ղութան ահաբեկիչների, ծայրահեղականների և Սիրայի նախագահ Բաշար Ասադի զինված հակառակորդների հիմնական պատվարներից մեկը լինելով, դրանցից Դամասկոսի կենտրոնական մասին ամենամոտ գտնվողն է:


ԻՍՆԱ գործակալությունը, հղում կատարելով «Ռիա Նովոստի»-ին, հաղորդել է. «Մարդու իրավունքների սիրիական կենտրոնի ղեկավար Ահմեդ Խազեմը խոստովանել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է ԻՊ-ի և թաքֆիրական այլ խմբերի ահաբեկիչներին փոխադրել Ալ-Թանեֆ, ապա Արևելյան Ղութա, որպեսզի խափանի տարածաշրջանը մաքրելու՝ Սիրիայի բանակի նախագիծը»:
Լիբանանի «Ալ-Մայադին» հեռուստաընկերությունն անդրադարձել է Դամասկոսի արվարձանային Արևելյան Ղութայի իրավիճակի մասին Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի լրատվամիջոցների աղմկահարույց հաղորդումներին, նշելով, որ ԻՊ-ի ոչնչացումից հետո Սիրիայում ԱՄՆ-ի նպատակներն ամփոփվում են Եփրատի արևելյան ափերում մնալու, պատերազմը շարունակելու և այդ երկրի մասնատմանն ուղղված ծրագրերի մեջ:
Հիշենք, որ Հալեպի «Գանձասար» պարբերականի տեղեկացմամբ, փետրվարի 20-ին Դամասկոսի Արևելյան Ղութա արվարձանում Թահրիր և ՈՒմաուիին հրապարակներն ու շրջակա թաղամասերը ահաբեկչական խմբավորումների հրթիռակոծումից զոհվել է 5, վիրավորվել 20 քաղաքացի:


Բացի այդ, ՍԱՆԱ-ի հաղորդման համաձայն, ահաբեկիչները հրթիռակոծել են նաև Դամասկոսի Ապպասիին շրջանը, վիրավորվել է 9 քաղաքացի: Ճարամանայի գյուղատնտեսական հողատարածքների ուղղությամբ կատարված հրթիռային հարվածների պատճառով խոշոր վնասներ են կրել շրջանի ցանքերն ու գյուղացիների հողագործական մեքենաները:
Պատասխանելով վերոնշյալ ահաբեկչությանը, սիրիական բանակը հարվածել է ահաբեկիչների հրթիռարձակման կենտրոններին:
Գերմանիայի կանցլերը և Ֆրանսիայի արտգործնախարարը, կրկնելով Դամասկոսի Արևելյան Ղութա արվարձանում տիրող իրավիճակի մասին սադրիչ նպատակ հետապնդող ԱՄՆ-ի անհիմն հայտարարությունները և այս կերպ սատարելով ՆԱՏՕ-ի անդամ իրենց դաշնակցին, Եվրամիությանը կոչ են արել դեմ կանգնել Իրանին և Ռուսաստանին:


Մասնավորապես` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Associated Press լրատվական գործակալության տեղեկացմամբ, փետրվարի 22-ին ԵՄ-ին կոչ է արել մեծ ճնշում գործադրել Ռուսաստանի և Իրանի վրա՝ Սիրիայում, մասնավորապես՝ Դամասկոսի Արևելյան Ղութա արվարձանում իրադարձությունների ընթացքը փոխելու նպատակով:
Իր հերթին, Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ լը Դրիանը հայտարարել է. «Դամասկոսի Արևելյան Ղութա արվարձանի վրա Սիրիայի կառավարության իրականացրած հարձակումը, որ հանգեցրեց հարյուրավոր մարդկանց զոհվելուն, ցույց է տալիս, որ Բաշար Ասադն իր երկրի ժողովրդի թշնամին է: Նա պետք է հեռանա իշխանությունից»:
Սիրիայի բանակի գործողությունները, որոնք Սիրիայում հրադադարը երաշխավորող երկրներ Իրանի, ՌԴ-ի ու Թուրքիայի կողմից 2017 թվականի մայիսի 4-ին ստորագրված հրադադարի համաձայնագրի շրջանակում կատարվել են Արևելյան Ղութա արվարձանում ահաբեկիչների և Ասադի վարչակարգի դեմ զենքով կռվող ընդդիմադիրների ներկայությանը վերջ դնելու նպատակով, առաջացրել են վերջիններիս արևմտյան աջակիցների՝ ԱՄՆ-ի ու նրա գլխավորությամբ Սիրիայում ահաբեկիչների դեմ իբր թե պայքարող ռազմական կոալիցիայի անդամ պետությունների խիստ անհանգստությունը:


Միացյալ Նահանգները փորձելով ավելի պատճառաբանված ներկայացնել Սիրիայի նկատմամբ իր իսկ «ձեռամբ» նախապատրաստվող ռազմական ագրեսիան, քիմիական զենք օգտագործելու անհիմն, շինծու մեղադրանքներից բացի, Սիրիայի կառավարությանը մեղադրել է Արևելյան Ղութա արվարձանին օդային հարված հասցնելու, 100-ից ավելի մարդկանց սպանելու մեջ՝ բացարձակապես անտեսելով, որ Սիրիայի բանակը հարկադրված է եղել պատասխան քայլ կատարել՝ Սիրիայի մայրաքաղաքի կենտրոնական մասերի ուղղությամբ Դամասկոսի Արևելյան Ղութա արվարձանից ահաբեկիչների հասցրած հարվածներին վերջ տալու նպատակով: Զոհի ու դահիճի տեղերը «շփոթելու» հայերիս ծանոթ ձեռագիր է, իր քարոզչական խոսափողներով այդպես էր վարվում Խորհրդային Միությունն իր գոյության վերջին շրջանում՝ շուռ տված ներկայացնելով Ադրբեջանի և հայկական կողմի միջև սկիզբ առած հակամարտությունը:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2828

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ