Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Սիրիական ճահիճը կամ հետաձգված մահվան հպումը

Սիրիական ճահիճը կամ հետաձգված մահվան հպումը
02.03.2018 | 13:12

Սիրիական Աֆրինում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ «Արևելք» հետազոտական-վերլուծական կենտրոնի թուրքագետ ԿԱՐԵՆ ՍԻՐՈՒՆՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշում է, որ ընթանում է Մերձավոր Արևելքի վերաբաժանում։ Շատ երկրներ (Թուրքիա, Ռուսաստան, Իրան), որոնք հետաքրքրված են տարածաշրջանով, այս կամ այն կերպ ներգրավված են այդ գործընթացներում, քանի որ չեն ցանկանում անմասն մնալ վերաբաժանման գործընթացից։ Ըստ թուրքագետի՝ այս առումով Սիրիան հետաքրքիր ճահիճ է։

«Նայելով տեղի ունեցող զարգացումներին` տեսնում ենք, որ բոլորը մի կետի շուրջ պտտվում են, բայց կետին չեն դիպչում։ Պատմությունը դիտարկելիս կտեսնենք, որ ցանկացած գերտերություն, սկսած Հռոմի կայսրությունից մինչև այս պահը, ինչ-որ տարածաշրջանում իր ազդեցությունը տարածելու համար բազմաթիվ միջոցներ է ձեռնարկում՝ դիվանագիտական, պատերազմական և այլն։ Հատկապես պետք է հաղթահարել տարածաշրջանային երկրների հետ կապված արգելքները։ Գերտերությունը պետք է փորձի նաև տարածաշրջանային երկրների ազդեցությունը չեզոքացնել կամ նվազեցնել։ Այդպես վարվել է Հռոմի կայսրությունը, այդպես վարվել է Անգլիան, այդպես վարվում են ներկայիս աշխարհաքաղաքական կառավարող կենտրոնները։ Բացառություն չէ նաև Միացյալ Նահանգները։ Որպեսզի թուլացնես քեզ հետ հակամարտող երկրները, պետք է ստեղծես մի այնպիսի օջախ, որտեղ բոլորի շահերը կհամընկնեն, և բոլորը բոլորի հետ կմտնեն պայքարի մեջ։ Այդպիսի կետեր գտնելը քարտեզի վրա այնքան էլ դժվար չէ։ Եվ ամենահարմար կետը եղել է Մերձավոր Արևելքը, հատկապես կովկասյան, միջինասիական, հեռավորարևելյան տարածաշրջանները։ Ստեղծվում է պատերազմական թեժ կետ, որի մեջ բոլորը ներգրավվում են, և պայքարն ընթանում է տարբեր հակամարտող կողմերի միջև։ Բնականաբար, այն երկրները, որոնք հետաքրքրված են տարածաշրջանով, միմյանց հետ պետք է պայքարեն սեփական ազդեցությունը տարածելու համար։ Հետաքրքիր է, որ այդպիսի քաղաքականություն վարում էին Հռոմը, Անգլիան։ Գոնե 1877-78 թթ. սկսված ռուս-թուրքական պատերազմը տեղի է ունեցել Անգլիայի հրահրմամբ։ Նա ցանկանում էր տարածաշրջանում տիրապետություն հաստատել, ուստի պետք է թուլացներ և՛ Ռուսաստանը, և՛ Օսմանյան կայսրությունը, ու արդյունքում ինքը շահեր։ Ամբողջ այդ կռիվը ավարտվեց նրանով, որ ռուսներն ու թուրքերը այդ պատերազմում թուլացան, շահեց Անգլիան՝ ուրիշի ձեռքով կրակից շագանակներ հանելով։ Ստեղծվեց ճահիճ, որտեղ մեկ անգամ մտնելուց հետո այլևս դուրս գալ չես կարողանում։ Պատերազմները նման են թղթախաղային ազարտի. խաղում ես մինչև լիակատար սնանկացումը»,- ասում է Կարեն Սիրունյանը, նշելով, որ Թուրքիան այսօր նման իրավիճակում է։


Սիրիական այս տարածաշրջանային պատերազմը նման նշանակություն ունի։ Թուրքիան բարդ իրավիճակում է միջազգային հարաբերություններում և փորձում է աշխարհի բաժանման գործընթացում լուսանցքում չհայտնվել (ի դեպ, բոլորն արդեն նրան գցել էին լուսանցք)։ Բնականաբար, այս իրավիճակում Թուրքիան ասպարեզ պետք է նետվեր վերջին ուժերով։ Եվ ահա այստեղ է, որ, ըստ թուրքագետի, Թուրքիան ընկնում է թակարդը։ «Մեկ անգամ պատերազմում ներգրավված երկիրը այլևս չի կարողանում այնտեղից դուրս գալ, քանի որ ախորժակը բացվում է ուտելիս, ինչը մենք տեսնում ենք Աֆրինում. սկզբնական հաջողություններ, հետո՝ խորացում։ Որքան խորանում ես, այնքան քո մղած պայքարը մոտենում է տրամաբանական վախճանին։ Մեծաթիվ և կանոնավոր բանակ ունեցող երկիրն իր առջև դնում է մեկ խնդիր. եթե ինքը հարձակվող կողմ է, ապա թշնամուն պետք է ներքաշի գլխավոր ճակատամարտի մեջ և հասցնի գլխովին ջախջախել։ Եթե դա տեղի չի ունենում, հարձակվող կողմը պարտվում է։ Աշխարհում չկա մի պետություն (աշխարհի ամենաուժեղ պետություններն անգամ), որ պարտիզանական պայքար է մղել մի երկրում և տոնել հաղթանակ։ Նման պատերազմ չի եղել։ Ցանկացած պարտիզանական պատերազմ դատապարտված է վախճանի։ Թուրքիան հետաքրքիր ռազմավարություն է մշակել՝ բլիցկրիգ։ Նույն այդ ռազմավարությունը մշակել է նաև Ալիևը։ Բլիցկրիգի գլխավոր ճակատամարտ ես տալիս, ոչնչացնում ես հակառակորդին և ազատորեն առաջ ես շարժվում։ Եթե դա քեզ չի հաջողվում, ուրեմն դու պարտված ես։ Էրդողանի խորհրդականները, որոնք քաջածանոթ են պատմությանը, գոնե կտեղեկացնեին իրենց ղեկավարին, որ ոչ մի բլիցկրիգ աշխարհում այդպես էլ հաջողությամբ չի պսակվել»։


Կարեն Սիրունյանը կարծում է, որ Սիրիայում այս ճահիճը ստեղծած կենտրոնները նպատակ չունեին Էրդողանին զիջելու ինչ-որ դիրքեր։ Նրանց նպատակը Էրդողանին երկրի խորքերը ներքաշելն էր։ Որքան Թուրքիան ներքաշվի այդ պատերազմում, այնքան խորանալու է և ավելի է մոտենալու վախճանին։ Քրդերի դեպքում, մասնավորապես, որոնք մինչև ատամները զինված են, ունեն կանոնավոր բանակ, շատ պատերազմներում փորձված են, հակամարտությունն այնքան էլ հեշտ չէ հաղթահարել։ Մեր զրուցակիցը նշում է, որ այնքան էլ չի հավատում թուրքական մամուլի տարածած տեղեկություններին իրենց հաղթական հաջողությունների մասին։ Իրականում եթե տոնել են հաղթանակ, ինչու՞ է պատերազմը շարունակվում։
Կարեն Սիրունյանը նշում է, որ Թուրքիան չի բավարարվի միայն Աֆրինով։ Թուրքիան հետապնդում է ամբողջ Սիրիայի գրավումը։ Միայն Սիրիայի միջոցով նա կարող է իրականացնել իր աշխարհաքաղաքական նկրտումները։ Սակայն երբ Թուրքիան պայմանավորված կարմիր գիծը հատեց, Իրանը և Ռուսաստանն անմիջապես արձագանքեցին։ Այսինքն՝ այն պայքարը, որ հիմա մղում է Թուրքիան Աֆրինում, դուր չի գալիս տարածաշրջանային երկու երկրներին՝ Ռուսաստանին և Իրանին, և նրանք բացահայտորեն ցույց են տվել իրենց բացասական վերաբերմունքը։

«Տեսեք` ՌԴ-ն որևէ լուրջ հարցում աջակցություն չի ցուցաբերում Թուրքիային։ Ռուս-թուրքական հարաբերություններում մենք տեսնում ենք այն խորքային աշխարհաքաղաքական հակասությունների դրսևորումները, որոնք ունեն այս երկու երկրները պատմականորեն։ Ի դեպ, վերջերս միջազգային հարթակում Սերժ Սարգսյանի ելույթին դրական արձագանքը ես կապում եմ նաև այդ հանգամանքի հետ։ Երբ նա բավականին դիվանագիտորեն միջազգային հանրությանը Ադրբեջանն ու Թուրքիան ներկայացրեց որպես ագրեսորներ, ըստ երևույթին դա դուր եկավ միջազգային հանրությանը»։


Մեր զրուցակիցը նշում է, որ բոլորն այսօր Սիրիայում կռվում են բոլորի դեմ։ Ընդ որում` Թուրքիան ոչ միայն կռվում է քրդերի, այլև ռուսների և իրանցիների դեմ։ Եվ Թուրքիայի կացությունն աստիճանաբար ավելի է ծանրանալու, քանի որ ո՛չ Իրանը, ո՛չ ՌԴ-ն թույլ չեն տա, որ Թուրքիան այդ տարածքում ուժեղացնի իր ազդեցությունը։ Ստացվեց այնպես, որ տարածաշրջանի ուժեղ կամ ուժեղացող երկրներն սկսեցին իրար դեմ պայքարել, ու այդ պայքարը նրանց տանելու էր դեպի թուլացում։ Պատմությունը մի բան է ցույց տվել` թե՛ հաղթողը, թե՛ պարտվողը զգալի քանակությամբ մարդկային, նյութական և ֆինանսական ռեսուրսներ են կորցնում, ինչն անխուսափելիորեն ազդում է տվյալ երկրի տնտեսության վրա։ Տեխնոլոգիան շատ հայտնի է. այդպես եղել է ամբողջ պատմության ընթացքում։


Այնպես որ, Սիրիան Թուրքիայի համար թակարդ է։ Երեք երկրներից բացի, հակասություններն ակնհայտ են դարձել Թուրքիայի ակնառու դաշնակցի՝ ԱՄՆ-ի հետ։ Բնական է, որ ԱՄՆ-ը Թուրքիայի այդպիսի քաղաքականությունը չի կարող հանդուրժել։ «Ի դեպ, այստեղ ցրվում են բոլոր առասպելները, թե իրականում ով էր Թուրքիային զսպում ամբողջ պատմության ընթացքում։ Երբ այդ զսպման մեխանիզմները վերացան, Թուրքիան սկսեց ինքնուրույն գործել։ Հիմա այդ մեխանիզմները կսկսեն ուժեղանալ։ Առաջին հերթին ԱՄՆ-ը մինչև ատամները զինել և շարունակում է զինել քրդերին։ Սա նշանակում է, որ եթե ԱՄՆ-ն անմիջականորեն չի պատերազմում թուրքերի դեմ, օժանդակում է Թուրքիայի դեմ պատերազմող քրդերին։ Այստեղից կարելի է ենթադրել, որ ԱՄՆ-ը խոչընդոտում է թուրքական առաջխաղացմանը։ Սա առավել քան ակնհայտ է։ Եվ որ առջևում Թուրքիային որպես այլընտրանք լինելու են քրդերը կամ քրդական պետությունը, կասկածից դուրս է։ Թուրքիան ունի մտավախություն. եթե Սիրիան վերջնականապես իր ձեռքից տանեն, դրանով կավարտվի Օսմանյան կայսրության պատմությունը։ Թուրքիան թերևս միայն Սիրիայով կարող է իրականացնել իր նեոօսմանական կամ նեոպանթուրքական քաղաքականությունը։ Սա շատ լավ հասկանում են բոլոր կողմերը։ Դրա համար այս հակասությունն այնքան է սրվել, որ Թուրքիան վերջերս հայտարարեց, թե պատրաստ է հարվածելու անգամ ամերիկյան զինվորներին։ Կարծում եմ՝ Թուրքիայի նախագահը խոհեմ է, և նման քայլ չի կատարի։ Համար մեկ գերտերության վրա ձեռք բարձրացնելը հեշտ մարսելի արարք չէ։ Թուրքերը դրա բոլոր հետևանքները շատ լավ գիտակցում են։ Հարաբերություններն այնքան են սրվել, որ վերջերս Էրդողանը, ինչպես հաճախ պատահում է, կորցնելով հավասարակշռությունը, հայտարարեց, թե ամերիկացիները դեռևս չեն զգացել օսմանյան բանակի ապտակը։ Իհարկե, ասելուց առաջ չպետք է մոռանալ պատմության մասին. իսկ միգուցե ամերիկացիներն այս գործողությունները սկսելուց առաջ արդեն ապտակե՞լ էին Էրդողանին։ Եվ նրանց ապտակը կարող է այնքան ուժեղ լինել, որ գուցե Օսմանյան կայսրությունը դադարի գոյություն ունենալուց։ Արևելյան մարտարվեստի մեջ մի հետաքրքիր տեխնիկա կա, կոչվում է հետաձգված մահվան հպումը։ Երբ դիպչում ես մարդու համար կենսական նշանակություն ունեցող մի կետի կամ գոտու, մարդն անմիջապես չի մահանում։ Նա դեռևս շարունակում է ապրել և, կախված հարվածի ճշգրտությունից, ուժից, մարդը կարող է մահանալ հետագա շաբաթների, ամիսների ընթացքում։ Ես կարծում եմ, որ մինչև օսմանյան ապտակը տեղ կհասնի ամերիկացիներին, ամերիկացիներն արդեն իսկ կատարել են հետաձգված «մահվան հպումը», պարզապես Էրդողանը դեռևս չի զգում, հարվածի ազդեցությունը կզգա մի քանի շաբաթ կամ ամիս անց»,- ասում է Կարեն Սիրունյանը։


Ըստ պատմաբանի՝ ԱՄՆ-ն ունի նաև երկրորդ սցենարը՝ պատժամիջոցների կամ միջազգային հանրության կողմից օղակի սեղմման տակտիկան։ Այսինքն, զոհին ուղղակի չեն հարվածում։ Եվ եթե այսպես շարունակվի, ապա Թուրքիայի դեմ երկրորդ, երրորդ ճակատի բացումը, պատերազմում խորանալը, քրդերի ապստամբությունը Թուրքիայի ներսում, արտաքին պատժամիջոցները կարող են գործել ցանկացած պահի։ Այս ամենից հետո Թուրքիայում կստեղծվի կատարյալ ճգնաժամ, որի հետևանքով ժողովուրդը կամ կպահանջի Էրդողանի հեռացումը, կամ եթե Էրդողանը շարունակի պաշտոնավարել, կպաշտոնավարի այնպես, ինչպես ցանկանում է Միացյալ Նահանգները։ Թուրքիան ունի ընտրության 2 հնարավորություն։ Հեղափոխությունների այս մարտավարությունը ոչ մեկի համար նորություն չէ։
Ամփոփելով` Կարեն Սիրունյանը նկատում է, որ եթե Էրդողանն այսօր իրեն ուժեղ է զգում, այնուամենայնիվ, երբեք չպետք է մոռանա Սադամ Հուսեյնի կամ Քադաֆիի ճակատագիրը ու հանկարծ չմտածի, թե վերջիններից ավելի ամուր է։ Հեշտ չէ թիվ մեկ գերտերության հետ խաղալը։ Սկզբնական հաջողությունները ոգևորիչ են, բայց չպետք է բացառել, որ հետաձգված մահվան հպումը գուցե արդեն կատարվել է։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 4626

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ