Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ասա՛, դու լավ ես ասում, ասա՛

Ասա՛, դու լավ ես ասում, ասա՛
06.03.2018 | 11:41

Այն, որ մեր պաշտոնատար անձինք մարդուն կարող են խելագարության հասցնել իրենց անհեթեթ, անհոդաբաշխ, անկապակցված, բովանդակազուրկ մտքերով, իսկ եթե վերադասին շողոմելու, քծնելու առիթն էլ ավելի քան պատեհ ներկայացել է՝ նրան սեփական դատարկագլխության դիրքերից գործողությունների օրենսդիր ու մտքի տիտան հռչակելով, ցավոք, մեր իրականության համար նորություն չէ, վաղուց անցել է զավեշտալից նորությունների կարգ:

Իմունիտետ ձեռք բերածի կարգավիճակով կարելի էր վերաբերվել և 2018-ի փետրվարի 18-ի թվագրումն ունեցող, «Հայկական ժամանակում» «Անավարտ մնացած երկու ֆիլմի կտրամադրվի լրացուցիչ ֆինանսական աջակցություն. Միրզախանյան» վերտառությամբ տպագրված հարցազրույցին՝ համարելով չեղածի հաշիվ, սակայն, կներեք, խոսքն այս դեպքում վերաբերում է ոչ «ֆինանսական աշխատավարձ» ցնդաբանությանը, ոչ էլ «չէ-ն չէ չէ, ոչը՝ չէ» մտագարությանը: Խոսքն այս դեպքում վերաբերում է մեր սրբություն սրբոց մշակույթի ոլորտին, որը դեռևս ջանքեր է գործադրում դեմք ու դիմագիծ, ազգային նկարագիր պահպանելու ուղղությամբ համբակների կազմակերպած գրոհների գոնե դեմն առնելու համար:


Անցած տարվա հունիսին մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցնողի թեթև ձեռամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Շուշանիկ Միրզախանյանը, որը, չգիտես ինչ տրամաբանությամբ, ընթերցողին ներկայացվում է որպես «Ազգային կինոկենտրոնի խորհրդի նախագահ» (պարզվում է՝ սրանց տնօրենի պաշտոնն էլ արդեն ձեռք չի տալիս, միանգամից «սամալյոտի միս» են ուզում), հարցազրույցում փորձ է հանում հանրությանը իրազեկել կինոյի ոլորտում իրականացվող քաղաքականությանը, ի մասնավորի նշելով, որ, կինոկենտրոն իր գալով, նոր կազմավորված գեղխորհրդի հանգամանալից քննարկման արդյունքում որոշվել է նախորդ տարիներից «անավարտ մնացած կինոնախագծերից երկուսը` Միքայել Դովլաթյանի «Սողանքն» ու Արամ Շահբազյանի «Չնչիկը», ավարտին հասցնելու համար պետության կողմից լրացուցիչ ֆինանսական աջակցություն տրամադրել»:


Հենց այստեղից էլ սկսվում է անհեթեթությունների կամ անիմացությունների շարանը: Նախ՝ տիկին Միրզախանյանին ու գեղխորհրդի անդամներին (եթե նրանք էլ տնօրենի հետ հանցավոր անիմացության մեջ են) բարեկամաբար տեղեկացնենք, որ իրենք պետության կողմից ֆինանսական աջակցություն տրամադրելու լիազորություն չունեն ու չեն էլ կարող ունենալ, որովհետև դա նախարարի ներկայացմամբ բացառապես կառավարության որոշելիք բանն է: Չհասկանալ այս տարրական ճշմարտությունը ու փորձել ներկայանալ ավելին, քան կաս, նշանակում է տարրական գրագիտության հետ սկզբունքային խնդիրներ ունենալ, իսկ սա, կներեք, շատ լուրջ բան է, հրատապ քննություն պահանջող:


Սեփական լիազորությունների գերագնահատումով տառապող սույն տիկինը մեզ այստեղից թրմփալով տանում է իր ունեցած բացառիկ «գրագիտության» բավիղները, սակայն որպեսզի հնարավոր որևէ բանի նենգափոխման մեջ մեզ չկասկածեն, լրագրողի հետ ունեցած երկխոսության ներքոհիշյալ հատվածը մեջբերենք ամբողջությամբ, ապա նոր դատողություններ անելու իրավունք վերապահենք մեզ:


Եվ այսպես.
-Ինչու՞ որոշվեց, որ հենց այդ երկու ֆիլմերը պետք է ավարտին հասցվեն:
-Իրականում շատ կարևոր է ֆիլմերում պահպանել ազգայինը, որը համամարդկային արժեք ունի, և մանավանդ լավ է, երբ դրանք արժևորվում են միջազգային կինոփառատոներում, դառնում են եկամտաբեր` մտնելով տեղական և արտասահմանյան կինովարձույթ: Այս դեպքում երկու ֆիլմերն էլ իդեալական տարբերակ են, և հուսով եմ, որ մեր գեղխորհուրդը հետագայում էլ կաշխատի հենց այս սկզբունքով: «Չնչիկ» ֆիլմի հիմքում իրական մի դեպք է, որը պատահել է Հայաստանի գյուղերից մեկում: Երիտասարդ աղջկա հայրը սպանել էր իր դստերը, որը համարձակվել էր առանց օրինական ամուսնանալու հղիանալ: Վախենալով, որ իր ընտանիքը կարող է ադաթով ապրող համագյուղացիների ծիծաղին արժանանալ, ընտանիքի հայրը գերադասել էր առանց ավելորդ աղմուկի «ջնջել» իր դստեր հետքը: Իսկ «Սողանքը» գրավիչ արտաքինով 40-ամյա երիտասարդի մասին է, որը ցանկանում է ընտանիք կազմել հետաքրքիր ու հմայիչ կնոջ հետ, ցանկալի է օտար լեզվի իմացությամբ: Թերթին տված հայտարարությունն էլ այն անկյունաքարն է, որի շուրջ զարգանում է «Սողանք» ֆիլմի սյուժեն:
Նախ դառնանք «Չնչիկին»:


Շատ կներեք` մեջբերված հատվածում «առանց օրինական ամուսնանալու հղիանալու» փա՞ստն են տնօրենն ու գեղխորհուրդը տեսել որպես համամարդկայինի արժեք ունեցող ազգային, թե՞ ազգայինին ավելի մեծ կարևորություն է տրված այն մեկնաբանությունում, որտեղ ասվում է. «Վախենալով, որ իր ընտանիքը կարող է ադաթով ապրող գյուղացիների ծիծաղին արժանանալ, ընտանիքի հայրը գերադասել էր առանց ավելորդ աղմուկի «ջնջել» իր դստեր հետքը»:


Նկատենք, որ «առանց ավելորդ աղմուկի» ջնջելու տակ հասկացվում է աղջկան սպանելը: Կինոկենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի ու նոր գեղխորհրդի կողմից ազգայինի ու համամարդկայինի ահա այսպիսի՛ ընկալում հայ կինոյում, որին կարելի է արձագանքել միայն մեծն Խորենացու բառերով. «Ողբամ զքեզ, Հայոց աշխարհ»։
Ինչ վերաբերում է ազգայինից համամարդկայինի վերաճած գաղափարների պրոպագանդմանն ու ապագա «Սողանք» ֆիլմի կինոփառատոնային, կինովարձութային լինելուն (հիշեցնենք, որ վերջինիս հետ համահավասար ենթադրվում է և «Չնչիկը»), այդ դատողությունները հիշեցնում են ջուր չտեսած բոբիկացողի: Զարգացումներից տիկին Միրզախանյանի նմանօրինակ պոկվածությունը ակամայից պարտադրում է հիշել Հովհաննես Թումանյանին, նրա իսկապես անմահ «Կիկոսի մահը», որը լինելու է բոլոր ժամանակների համար գրված ստեղծագործություն, քանի դեռ կան միրզախանյաններ:


Լա՜վ, հաշվենք, թե կինոկենտրոնի տնօրենի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնողի համար կրթվածության, ընդհանուր զարգացածության առումով սկզբունքորեն կարող են առանձնապես ընկալելի չլինել ազգայինի ու համամարդկայինի, կինոնկարի գեղարվեստական արժանիքի, ֆիլմի կինոփառատոնային, կինովարձութային լինելու կամ չլինելու մասին պատկերացումները, սակայն սրանց գալիս են գումարվելու ոչ պակաս տարօրինակ փաստեր:
Հարցազրույցից, անկասկած, դժվար է գլխի ընկնել, որ կինոկենտրոնն ունի գործունեության 2018-ի հաստատված ծրագիր: Եթե այն իրականում չկա, բոլորովին այլ խնդիր է առաջանում, իսկ եթե կա, վավերացված է կառավարության կողմից, այս դեպքում ինչպե՞ս հասկանալ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի այն միտքը, թե «2018-ին պետական աջակցություն ստացող ֆիլմերի ցանկը կլրացվի նոր կինոնախագծերով»։


Բարեկամներս, եթե կինոկենտրոնի գործունեության 2018-ի ծրագիրն արդեն իսկ հաստատված է, ապա այն ինչպե՞ս, ի՞նչ ծայր հրատապությամբ է լրացվելու նոր կինոնախագծերով ու մի՞թե դրանց միս ու արյուն տալու համար չի կարելի սպասել, դիցուք, մինչև 2019 թիվը: Ի վերջո, կառավարությունը հո Հայաստանի ազգային կինոկենտրոնին կից գործող կառույց չէ՞, որ ամեն փռշտացողի «առողջություն» ասի:
Սույն խնդրում կան հետաքրքրություն ներկայացնող նաև այլ պարամետրեր, սակայն տիկին ժ/պ-ն դրանք վարպետորեն ծալում, դնում է մի կողմ ու սահուն անցում կատարում մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին դիֆիրամբների ձոնմանը, որը նույն անձի ջանադիր հիշատակմամբ դեռևս 2016-ի տարեվերջին էր հայտարարել կինոոլորտի գլոբալ բարեփոխումների մասին (ինչ լավ է, որ «գլոբալ» բառը կա՝ չհաշված «աննախադեպը», մշակույթի նախարարի բառամթերքի երկու առանցքային բառերը):


Հիշողները պիտի որ հիշեն. ամեն ինչ աննախադեպության դիրքերից ներկայացնող նախարարը (ի միջի այլոց այն, ինչ Արմեն Ամիրյանն աննախադեպ է որակում, չիմացության կամ նրա կողմից իրականությունն աղավաղված ներկայացնելու արդյունք է. դրանք բոլորն էլ վաղուց իրականացվող ծրագրեր են, պարզապես բերվել, «Մշակութային կանգառ» մեկ ընդհանրական անվան տակ են հանրությանը ներկայացվում) մեկ տարի հետո խոստացել էր որակապես նոր կինոմթնոլորտ, նոր կինոարտադրություն: Աչք փակենք այն բանի վրա, որ նման հայտարարություն անելը նշանակում էր գործից կատարյալ անտեղյակություն (կինոն գործունեության այն ոլորտներից է, որն ապրում ու շնչում է առնվազն մեկ տարվա առաջընթաց գրաֆիկով) ու միամտորեն հավատանք, որ կինոյի առնվազն մեկ տասնամյակ առաջ խոստացված, նույնքան ժամանակ մշակվող ու այդպես էլ խելքի չեկող հայեցակարգն ու ռազմավարությունը վերջապես միս ու արյուն կստանան, ինչի արդյունքում էլ, ինչպես հավատացնում է տիկին Միրզախանյանը, սպասվում են «կառուցվածքային փոփոխություններ ու գլոբալ բարեփոխումներ»: Սակայն, հավատացնելով հանդերձ, տիկինն ինքնապաշտպանական բնազդով շտապում է հայտարարել, որ «այս ամենը դեռ չի ավարտվել, ընթացքի մեջ է»՝ խրոխտաբար շարունակելով, որ բարեփոխումների ընթացքը չի խանգարում կինոկենտրոնի աշխատանքներին:


Հանրային կյանքում ունեցած մեր փորձառությունը քիչ չի տեսել նման կուրծք ծեծողների ու կոկորդ պատռողների, որոնց գազը քանի դեռ չէր (չի) թողել, կարելի էր (է) պատասխանել միայն այսպես` ասա՛, դու լավ ես ասում, ասա՛:
Ինչ վերաբերում է կինոկենտրոնի աշխատանքներին բարեփոխումների ընթացքի չխանգարելուն, տա Աստված, որ այդպես լինի: Սակայն վախենանք, թե «ասա՛, դու լավ ես ասում, ասա՛»-ն լինի ճշմարտությանն առավել մոտ կանգնածը:


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 5308

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ