Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Առանց տեսլականի ժողովուրդը կխոտորվի».

«Առանց տեսլականի ժողովուրդը կխոտորվի».
06.03.2018 | 11:49

Հայ ժողովրդի պատմության ընթացքում մեր ժողովրդին շարունակ տրվել են հայտնություններ, այդ թվում` տեսիլքներով: Այս համոզմանն է «Տեսիլքներ և մարգարեություններ ի հայս» գրքի (Երևան-2017) հեղինակ Աշոտ Հունանյանը, որն իր այս չափազանց ուշագրավ աշխատության մեջ այդ կապակցությամբ իրավացիորեն գրել է.
«Հայաստանը քրիստոնյա դարձավ տեսիլքով, հայոց ճարտարապետությունն իր ուրույն ոճն ու առանձնահատկությունը ստացավ տեսիլքով, մեր գիր-գրականությունը ունեցանք տեսիլքով, մեր բոլոր դարերի նահատակներից շատերը սրբացան տեսիլքներով»:


«Տեսիլքներ և մարգարեություններ ի հայս» գրքում հեղինակն ի մի է բերել հայերի և Հայաստանի մասին այն բոլոր տեսիլքներն ու մարգարեությունները, որոնք կարողացել է հայթայթել տարբեր աղբյուրներից: Իսկ ի՞նչ է տեսիլքը. բոլորը չէ, որ գիտեն ինչ է այն: Եթե այդ հարցը տաք տարբեր մարդկանց, կլսեք շատ տարբեր պատասխաններ, այդ թվում` իրականությունից բավական հեռու: Նկատի ունենալով սա, հեղինակը տվել է տեսիլքի բացատրությունը.
«Տեսիլքը սովորական ֆիզիկական աչքի համար աննկատ ու անտեսանելի երևույթները շնորհական հոգևոր տեսողությամբ տեսնելն ու ապագայի մասին ճշմարիտ գիտություն և զգուշացում ստանալն է: Աստված Իր բոլոր մեծ ու սքանչելի ճշմարտությունները մարդկանց ու ժողովուրդների թե՛ մտքին և թե՛ հոգուն հայտնում է երբեմն երազների, երբեմն մարգարեությունների և երբեմն էլ տեսիլքների միջոցով, որոնք էլ հետագայում իրականանում են»:


Աշոտ Հունանյանի տեղեկացմամբ, մարգարեական շնորհը լայնորեն տարածվել է նաև քրիստոնեական համայնքներում: Մարգարեները մեծ հարգանք են վաստակել քրիստոնեության մեջ և դասվել անմիջապես առաքյալներից հետո: Իհարկե, եղել են նաև կեղծ մարգարեներ, սակայն առաջին դարերում նրանք խիստ սակավաթիվ են եղել, ու ճշմարիտ մարգարեների հեղինակությունը նրանց ստվերում է թողել:
«Քրիստոնյա մարգարեները ոչ միայն հայտնում էին Աստվածային ճշմարտություններ, այլև նրանք եղան այդ ճշմարտությունները մարդկային սրտերի մեջ սերմանողները, որով կատարում էին մի հույժ կարևոր աշխատանք` մարդկանց մեջ աստվածային պատկերի վերականգնման համար,- գրված է «Տեսիլքներ և մարգարեություններ ի հայս» գրքում:- Մարգարեները խոսում էին իբրև Սուրբ Հոգու անոթներ` ուսուցանելով, խրատելով, հանդիմանելով, սրտապնդելով և մխիթարելով: Նրանք նաև Աստծո Ճշմարիտ Խոսքի քարոզիչներն էին, նրանց ասած` սրտերը թափանցող և ներշնչյալ խոսքը հասկանալի էր լսողի համար:


Հետագա դարերում, երբ քրիստոնեությունն արդեն լայնորեն տարածվել էր, երևան եկան կեղծ մարգարեները, որոնք ստի ու չարության իշխանի կամքով առաջնորդված և հանուն նրա շահի ու իրենց սնոտի, եսասիրական փառքի, ինչպես նաև հետևորդներ ձեռք բերելու նպատակով Տիրոջ Օրվա գալու մասին թվականներ և մոլար գաղափարներ էին քարոզում:
Կեղծիքն ու սուտը ճշմարտության հետ խառնվելով առաջացան խառնաշփոթ ու անվստահություն նաև նրանց հանդեպ, ովքեր չէին կեղծում և խոսում էին Ճշմարտության Հոգու թելադրանքով»:
Եկեղեցին այդպիսի կեղծ մարգարեների և մարգարեությունների դեմ, ըստ Աշոտ Հունանյանի, մղել է վճռական ու դարավոր պայքար` իր մեջ ունենալով մարգարեական շնորհի էական ու կառուցողական հատկանիշները, և առավել կարևորը` ներշնչյալ խոսքը հավատավոր սրտերին հասցնելու շնորհը:


«Առաքելական եկեղեցու մեջ առաքելականը մարգարեական շնորհից գերակա է և գլխավոր, այդ իսկ իրավունքով եկեղեցին իր տեսչության ներքո է վերցնում մարգարեությունները, տարբերակում դրանց սուտ ու ճշմարիտ լինելը»,- գրել է հեղինակը:
Գրքում Աշոտ Հունանյանն այն համոզմունքն է արտահայտում, որ ամեն ազգ, որ ճշմարիտ մարգարեներ ունի և տեսլական ունեցող առաջնորդներով է ղեկավարվում, չի աղավաղի իր ազգային նկարագիրն ու կոչումը, չի կորցնի իր ազգային գիտակցությունն ու նվիրական գաղափարները, չի շեղվի արդարության, ճշմարտության ուղուց: Այդպիսի ազգը կպահպանի իր հավատը, կորովը, կենսունակությունը, և կփոխանցի այդ ամենն իր գալիք սերունդներին: Հայ ազգը կապրի այնքան ժամանակ, քանի դեռ կհետևի Մեծն Ներսեսի, Սահակ Պարթևի, Մեսրոպ Մաշտոցի, Նարեկացու, Շնորհալու, Վարդանի և տեսլական ունեցող այլ առաջնորդների ոգուն և բարձր ու վեհ գաղափարներին:


«Առանց տեսլականի ազգին, որն Աստծուց չի երկնչում և Նրա առաջնորդությունը չի ընդունում, ոչ մի մարդկային դաստիարակություն և ուսմունք չի կարող փրկել կորստից, դրանք այդ ազգի համար անեծք կարող են դառնալ,- գրել է հեղինակը:- Հիշենք խորհրդային հասարակարգը, որն իր համար իբրև գաղափարախոսություն էր հռչակել Աստվածաշնչյան ճշմարտությունները, սակայն առանց Աստծո գիտակցումի, ուստի և ի սկզբանե դատապարտված էր փլուզման: Չի կարող փրկել նաև ոչ մի նյութական հարստություն, չէ որ հայտնի խոսք է` փողը լավ ծառա է, բայց շատ վտանգավոր տեր: Նմանապես էլ ոչ մի բանակ չի կարող պահել ազգին, եթե Աստված չպահի այդ ժողովրդին:
Որևէ ազգ ոչ իր ճարպկությամբ, ոչ խորամանկությամբ և ոչ էլ ճկունությամբ չի կարող ի վերջո խուսափել կործանումից ու մարդկային պատմության ասպարեզից անհետանալուց: Երբ ազգը կորցնում է իր հոգևոր գաղափարները, թուլանում է նրա հոգևոր տեսողությունը, և որպես հետևանք դադարում է պահել ու հարգել բարոյական արժեհամակարգը, ընտանեկան սրբություններն ապականվում են, արդարությունն ու ճշմարտությունը չեն պահպանվում, անիրավությունն ու խարդախությունն են տիրում նրա ներսում: Վերջին հաշվով, ֆիզիկապես էլ այլասերվելով այդ ազգը կփորի իր իսկ գերեզմանը»:


«Աստծուն գտնում են նրանք, ովքեր չեն փորձում Նրան, և երևում է նրանց, ովքեր թերահավատ չեն Նրա նկատմամբ» (Սողոմոն. 1. 2):
Մեղքը, ի հայտ գալով մարդու և Աստծու միջև, նրան զրկում է Տիրոջ Երեսը տեսնելու հոգևոր տեսողությունից: Անհատները տեսլական են ունենում միայն այն ժամանակ, երբ ուղիղ և ճշմարիտ հարաբերություններ են պահպանում Աստծու հետ:
Որպեսզի Աստված բնակվի մեր մեջ, և մենք էլ կրկին ձեռք բերենք մեր կորցրած հոգևոր տեսողությունը, անհրաժեշտ է, որ անհատ առ անհատ և ազգովին դարձի գանք, հեզությամբ և բեկյալ սրտով Փրկչի Խաչի առջև խոնարհվենք և մեր ողջ էությամբ Նրան հանձնվենք ու ապավինենք: Ճշմարիտ հավատը ի լուր ամենքի, առանց որևէ մեկից կամ որևէ ժողովրդից ակնածելու և ամաչելու` հրապարակային և արիաբար այդ մասին ազդարարելն է, որի համար մեր նախնիները նահատակվեցին, եղան մեր Տիրոջ վկայողներն ու խոստովանողները: Հավատալ է պետք նախ սրտով, ապա բերանով խոստովանել մեր Ամենազոր Աստծուն: «Որովհետև ով որ Ինձ ու Իմ խոսքերն ամոթ համարի, Մարդու Որդին էլ նրան ամոթ կհամարի, երբ գա Իր Հոր և սուրբ հրեշտակների փառքով» (Հովհ. 9.26):


Պողոս առաքյալը երբ դարձի եկավ և Տիրոջը հանձնվեց, նրա հոգու աչքերը բացվեցին և սկսեց երևույթները ճշմարտացի տեսնել: Նա, հավատարիմ մնալով երկնային տեսիլքներով իրեն տրված պատգամներին, կարողացավ մեծագույն ծառայություններ մատուցել քրիստոնեական եկեղեցու հիմնադրմանը: Հիսուսի աշակերտները, Պենտեկոստեի օրհնություններին արժանանալով, Սուրբ Հոգու շնորհներով օծվեցին և տեսանողներ դառնալով աշխարհը հեղաշրջեցին Ճշմարտության բանականության լույսով: «Իրենից ակնածողների կամքը կատարում է Տէրը, լսում է նրանց աղոթքն ու փրկում նրանց» ¥Սաղմ. 144.19):
Այսօր մեզ հայտնի են մեր նախնիներին, ինչպես նաև մեր ժամանակակիցներից ոմանց տրված մի շարք տեսիլքներ, հայտնություններ և վկայություններ գալիք բաների մասին, սակայն, որպեսզի այդ հուսադրող ամեն ինչն իրականանա, անհրաժեշտ են մեր գործերով վկայված բանական հավատը և մեր մշտարթուն հսկումն ու աղոթքը: Այդպիսի աղոթական վիճակն է, որ Աստված չի անտեսում և Իրեն ի սրտե հուսացող և անկեղծ աղաղակով դիմող ժողովրդին ամոթով չի թողնում:


Գրքում Աշոտ Հունանյանն իր և այլ քրիստոնյաների այն համոզմունքն է արտահայտում, որ միայն Տիրոջն ապավինելով, նրան հավատալով ու հավատարիմ մնալով, մենք կարող ենք վստահ լինել, որ մի օր Նրա զորությամբ կվերադառնանք ու կվերականգնենք մեր կորցրած, ավերված հայրենիքը, և մեր վերակառուցված եկեղեցիների գմբեթների վրա նորից վեր կխոյանան Տիրոջ խաչի նշանները, աշխարհասփյուռ հայությունը կհավաքվի իր Սուրբ Լեռան` Մայր Արարատի չորսբոլորը և միասին, ուս ուսի տված, կօրհնենք ու կփառաբանենք Ամենասուրբ Երրորդությունը:


«Աղաղակենք առ Աստված, որ Նա հաշտվի մեզ հետ և ների մեր նախնիների ու մեր մեղքերը,- գրել է հեղինակը:- Աղաղակենք, որ Տէրը խափանի չարի բոլոր ծրագրերն ու դավերը, որ փորձում է իրականացնել մեր դեմ, մեզ չթողնի չարի ու նրա` թե՛ մեզ արյունակից, թե՛ մեզ օտար կամակատարների ձեռքին խաղալիք ու գործիք և նրանց ոտքերի կոխան: Աղաղակենք, որ մեր հոգևոր և աշխարհիկ առաջնորդներին արժանացնի Սուրբ Գրիգոր Լուսավորչի և Սուրբ Տրդատ Մեծի ճշմարիտ ժառանգները լինելու, որպեսզի նրանք իրենց խնամքին հանձնված Տիրոջ այս փոքրիկ հոտի հետ չվարվեն ինչպես անիրավ տնտեսներ, անհավատարիմ ծառաներ, վարձկան հովիվներ, կորստյան չտանեն ու աշխարհով մեկ ցաքուցրիվ չանեն: Աղաղակենք, որ Տէրը պահի Իր փոքրիկ հոտի այս վերջին մնացորդի սահմանները պաշտպանող մեր մատղաշ, բայց Տիրոջով` առյուծասիրտ զինվորներին և նրանց հրամանատարներին:


Աղաղակենք, որ Տիրոջ կամքը գործի մեր Հայոց երկրում և Նա բնակվի ամեն մի հայ մարդու սրտում: Աղաղակենք, որ Նա մեզ հետ վարվի ինչպես Իր մոլորված ոչխարի հետ: Աղաղակենք, որ Իր Հովանավոր Աջը մեր վրայից չհեռացնի և մեզ նորից արժանացնի Իր օրհնություններին, որից ինքներս ենք մեզ զրկել դարեդար կուտակած մեր մեղքերով: Եվ մեր ողջ պատմական հայրենիքում, մեր բնօրրանում նորից կշողարձակեն, ինչպես Վարագա Սուրբ Խաչի պատմության մեջ է նկարագրված, բոլոր այն սուրբ մասունքները, որոնք առայժմ, ավաղ, մեր նախնիների ու մեր սեփական մեղքերի պատճառով մնացել են օտարների մոտ` գերության մեջ և թաքցված են մարդկային տեսողությունից»:
Ժողովածուի մեջ ընդգրկված են քրիստոնեության ակունքներից առայսօր մեր նվիրյալ, սուրբ նախնիներից մինչև մերօրյա գործիչները եղած ամենանշանակալից վկայությունները: Ժողովածուի հրատարակման հիմնական նպատակն է ընթերցողներին ծանոթացնելը հայոց բազմադարյան պատմության ընթացքում տեղի ունեցած բյուրավոր հոգևոր հրաշքների գոնե մի փոքր մասին:


Աշխատության 1-ին մասում հավաքված են մեր ժողովրդի և երկրի անցյալին, ներկային և ապագային վերաբերող նյութերը, իսկ 2-րդ մասում` զանազան այլ տեսիլքների և հայտնությունների նկարագրություններ:
Ժողովածուն կազմելիս օգտագործվել է մեծաքանակ գրականություն, հղումներ կան 45 աղբյուրի վրա, նրանց թվում` հայ միջնադարյան հոգևորական, քրիստոնյա աստվածաբան, միստիկ բանաստեղծ, փիլիսոփա, Տիեզերական եկեղեցու վարդապետ, սուրբ Գրիգոր Նարեկացու, Հայ առաքելական եկեղեցու վարդապետ, սուրբ Գրիգոր Տաթևացու, ինչպես նաև մեր պատմիչներից Ագաթանգեղոսի, Մովսես Խորենացու, Առաքել Դավրիժեցու, Եղիշեի, Կորյունի, Ղազար Փարպեցու, Ղևոնդ Ալիշանի, Թովմա Մեծոփեցու, Կիրակոս Գանձակեցու և շատ ուրիշների աշխատությունների, գրքերի վրա:


«Տեսիլքներ և մարգարեություններ ի հայս» գրքում ներկայացված են սուրբ Գրիգոր Տաթևացու քարոզը տեսիլքների և երազների մասին, Տիրոջ խոստումը սուրբ Թադեոս առաքյալին, սուրբ Հուսիկի տեսիլքը, սուրբ Ներսես Մեծի երազը և հանդիմանությունը Արշակ 2-րդ թագավորին, սուրբ Սահակ Պարթևի տեսիլքը, Մովսես Խորենացու մարգարեական խոսքերը, բազմաթիվ ուրիշ տեսիլքներ ու մարգարեություններ, որոնց մի մասով, ըստ հեղինակի, կարելի է պատկերացում կազմել հայ ժողովրդի ապագայի մասին, ընդհուպ մինչև Հիսուսի երկրորդ գալուստ:


Բոլոր նրանց, ովքեր կհետաքրքրվեն «Տեսիլքներ և մարգարեություններ ի հայս» գրքով, տեղեկացնենք, որ այն վաճառվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գրախանութների ցանցում, «Շողակաթ» գրախանութում, Մաշտոցի պողոտայում գտնվող «Բուկինիստ» գրախանութում:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 5495

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ