Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Յուրաքանչյուր երկրի համար արդիական է, թե որ քաղաքակրթական համակարգում է իրեն տեսնում»

«Յուրաքանչյուր երկրի համար արդիական է, թե որ  քաղաքակրթական համակարգում է իրեն տեսնում»
13.03.2018 | 02:24

«Իրատեսի» հյուրն է ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն ՎԼԱԴԻՄԻՐ ԼԵՊԵԽԻՆԸ:

-Ինչի՞ն է նվիրված Ձեր այս այցը Հայաստան:
-Համալսարանական զարգացման կենտրոնը դարձավ ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի համար շատ կարևոր նախաձեռնության հեղինակ` նվիրված Թուրքմենչայի պայմանագրի կնքման 190-ամյակին: Սա իսկապես պատմական իրադարձություն է: Պայմանագրի կնքմանը մասնակցել է անձամբ Ալեքսանդր Գրիբոյեդովը, որ Հայաստանի ու Ռուսաստանի համար առանցքային անձ է: Մեր ժամանակներում, երբ իրենց ու այլ երկրների հերոսների արձանները քանդելը տրենդ է, Հայաստանը օրինակ է` ինչպես պահպանել պատմությունը: Եվ Գրիբոյեդովը դարձել է ռուս ու հայ ակտիվիստների հանդիպման վայր: Ընդհանրապես այստեղ թվերի մոգություն կա: Պայմանագիրը կնքվել է փետրվարի 10-ին: Փետրվարի 10-ը դիվանագետի օրն է Ռուսաստանում դեռ Պետրոս Մեծի ժամանակներից, դիվանագետի օրն է նաև Հայաստանում: Այդ երեք փաստերի համընկնումը շատ խորհրդանշական է: Այս տարի մենք նշելու ենք նաև Հայաստանի անկախության 100-ամյակը, Բուլղարիայի անկախության 140-ամյակը, Գյուլիստանի պայմանագրի 205-ամյակը, որ նախորդել է Թուրքմենչայի պայմանագրին: Առանց Գյուլիստանի պայմանագրի Թուրքմենչայի պայմանագիրը չէր լինի: Այս փաստերին կարելի է վերաբերվել և պատմաբանի, և քաղաքական-փիլիսոփայական տեսակետից:
-ՀՀ նախագահը չեղարկեց հայ-թուրքական արձանագրությունները, դա 2009-ի՞ց էր կանխատեսելի, թե՞ հետևանք էր աշխարհաքաղաքական իրավիճակի:
-Աշխարհում շատ փոփոխություններ են եղել, և փոխվել է Թուրքիան: Արմատական փոփոխություններ են եղել Թուրքիայի քաղաքականության մեջ: Եթե նրանք լինեին զուտ ասիական, իսլամական պետություն, դա մի պատմություն է: Թուրքիան փորձում է հենվել իսլամիստական տրամադրությունների վրա, գործարկել հետկայսրական ինչ-որ մեխանիզմներ, միաժամանակ ՆԱՏՕ-ի անդամ է և երկար ժամանակ փորձում էր ԵՄ-ին անդամակցել: Թուրքիայի էլիտաները միշտ եվրոպական, արևմտյան են եղել:
-Թուրքիան արաբական աշխարհում համարվել է արևմտյան աշխարհիկ պետության տիպ, հիմա փոխու՞մ է քաղաքականությունը:
-Թուրքիայի հարևանները, օրինակ, Իրանը, ևս ժամանակ առ ժամանակ արևմտյան են եղել, դա հասկանալի էր: Բայց դա արևելյան երկիր է և բոլորովին էլ ոչ արևմտյան քաղաքակրթության կրող, դավանելով իսլամ ու լինելով Ասիայում: Թուրքիան, որ սկսել էր եվրոպական ինտեգրում ու եվրոպական աշխարհահամակարգ էր ներմուծում, ձեռք բերեց Օսմանյան կայսրությանը ոչ բնորոշ հատկանիշներ` առաջին հերթին ինքն իր նկատմամբ երեսպաշտությամբ, հնարավոր չէ վերադարձնել իսլամական ավանդույթներով պետական կառավարումն ու քաղաքականությունը և միաժամանակ հավակնել քաղաքակրթական գործառնությունների, փորձել մաս կազմել համակարգի, որ ռասիստորեն է վերաբերվում ասիական պետություններին: Նրանց չվերցրին, չէ՞, ԵՄ, թեպետ բարեփոխումներ էին անում, ջանքեր էին գործադրում: Արևմտյան քաղաքակրթությունը կամ օգտագործում է, կամ շահագործում: Արևմուտքում ոչ ոք հետաքրքրված չէ, որ Թուրքիան ու Հայաստանը ընդհանուր լեզու գտնեն: Դա նրանց պետք չէ:
-Իսկ Ռուսաստա՞նը:
-Իսկ Ռուսաստանին պետք չէ, որ անկախացած պետություններն իրեն ենթարկվեն, պետք է, որ մեր աշխարհաքաղաքական հակառակորդներին չենթարկվեն: Մենք աջակցում ենք նրանց ինքնիշխանությանը: Մենք ասում ենք` դուք խոսում եք ձեր ինքնիշխանության մասին, բայց այդ ինքնիշխանությունը շատ առանձնահատուկ է` դուք մեզ ընդունում եք իբրև կայսերական ու օկուպանտ պետություն, բայց ինքներդ մեր հակառակորդների հետ եք խաղեր տալիս:
-Որտե՞ղ է սահմանը:
-Սահմանը քաղաքակրթական ընտրությունն է: Եթե պետությունն անկախ է, չպիտի կախում ունենա ոչ Մոսկվայից, ոչ Բրյուսելից, ոչ Վաշինգտոնից ու իր քաղաքականությունը մշակի: Եթե ընտրվում է եվրոպական ճանապարհը, չի նշանակում Բրյուսելի, առավել ևս Վաշինգտոնի տակ պառկել: Ի՞նչ ինքնիշխանություն ունեն մերձբալթյան երկրները, որոնց ղեկավարները Շվեդիայից կամ ԱՄՆ-ից են գալիս, կամ Մոլդովան, որտեղ ունիատները երկիրն ուզում են Ռումինիային միացնել: ՌԴ արտաքին քաղաքականությունը Հարավային Կովկասում կամ Մերձավոր Արևելքում շատ հստակ է` պետությունները պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները` առանց հեռավոր երկրների միջնորդների: Ի՞նչ կապ ունեն Վաշինգտոնն ու Բրյուսելը Լեռնային Ղարաբաղի կամ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հետ: Նրանք շահագրգռված չեն փոխզիջում գտնելու կամ հարաբերություններ հաստատելու մեջ: Մինսկի խումբը մշտապես գալիս է տարածաշրջան` Հայաստանում ասում է` պետք է միմյանց ընդառաջ գնալ, գնում է Ադրբեջան` նույնը, ու դա շարունակվում է քառորդ դար: Եվրոպական քաղաքակրթությանը պետք է, որ իր ծայրամասերն իրենից կախման մեջ լինեն: Նրանք բոլորին ամեն ինչ խոստանում են ու ոչինչ չեն անում:
-Ի՞նչ է անում Ռուսաստանը:
-Ռուսաստանը շահագրգռված է զարգացումով: Ռուսաստանը Ղարաբաղի կոնֆլիկտին չի մասնակցում:
-Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, ու փորձը ցույց է տալիս, որ երկու կրակի արանքում է` չկողմնորոշվելով` Հայաստա՞ն, թե՞ Ադրբեջան` ո՞ր երկիրն է իրեն ավելի պետք:
-Այդպես չէ: Ո՞րն է քաղաքակրթական տարբերությունը քրիստոնեական աշխարհի ու Չինաստանի միջև: Կոնֆուցիականությունը ենթադրում է հարաբերությունների այլ տեսակ: Չինաստանում ընդունված է, որ նույնիսկ առևտրական գործարքները կնքվում են անպայման միջնորդի միջոցով, էթիկան ենթադրում է, որ միջնորդը չեզոք է ու օգնում է երկու կողմերի շահերի պաշտպանությանը: Արևմտյան քաղաքակրթության բանակցային տեխնիկան մրցակցից առաջ անցնելու մեջ է` գործարք կնքել, որտեղ կա իր օգուտը առաջին հերթին: Տարածաշրջանային ինքնիշխանության պահպանման համար կոնֆլիկտների միջնորդ կարող է լինել պետությունների խումբը` Իրան, Թուրքիա, Ռուսաստան:
-Դա երբեք ընդունելի չէ Հայաստանի համար` շատ հայտնի պատճառով:
-Եթե ինչ-որ պահի տարածաշրջանից դուրս գան ավելորդ խաղացողները, որ խանգարում են խաղաղության հաստատմանը, ոչնչացնում են սիրիացիներին, հայերին Սիրիայում, կործանեցին Իրաքը, և երկրներն իրենք իրենց ճակատագիրը որոշեն ու պայմանավորվեն միմյանց հետ, կհաստատվի խաղաղություն: Կան միմյանց հետ կոնֆլիկտ ունեցող երկու պետություններ` բնականաբար Ադրբեջանը կարիք ունի ինչ-որ երաշխավորի, որ ավելի բարձր մակարդակներում իր շահերը կներկայացնի, դա Թուրքիան է, Հայաստանը, որ կոնֆլիկտում իր շահերը ներկայացնող երաշխավորի կարիք ունի, դա Ռուսաստանն է: Իրանը այդ ամենին օբյեկտիվ վերաբերմունք ունեցող պետություն է, որ ինչ-որ հավասարակշռություն է ապահովում: Հարևան երեք մեծ պետությունները կարող են լինել Հայաստանին ու Ադրբեջանին ինչ-որ փոխադարձ պայմանավորվածությունների մղող երկրներ, որ թույլ չեն տա իրավիճակը փլուզվի և դրսից սադրանքներ լինեն: Դա երկար գործընթաց է, բայց հեռանկար է ցույց տալիս: Կա մյուս ճանապարհը, երբ այդ տարածաշրջանի հետ ոչ մի կապ չունեցող խաղացողը գալիս է տարածաշրջան ու փորձում է շախմատային խաղատախտակից դուրս նետել մյուս պետություններին ու ասում է` այսպես է լինելու: ԱՄՆ-ը, իհարկե, ինչ-որ ժամանակ առաջ դա կարող էր անել Սիրիայում` Բաշար Ասադին իշխանազրկելով ու իր ռազմաբազաները տեղակայելով: Կարող էր ասել` հայեր, սահմանը այսպես է լինելու` մի կտոր կպոկենք Իրանից, մի կտոր Թուրքիայից ու վերջ: Նրանք կարող էին դա անել հիպոթետիկ` 90-ականների վերջին: Հիմա դա չի ստացվի, նրանք ոչինչ չեն կարող, ընդամենը փող են աշխատում` դեմագոգիայով, իմիտացիայով և այլն, և այլն: Նրանք ոչինչ որոշող չեն, որովհետև դրդապատճառ չունեն: Հնարավորություններ չունեն: Թուրքիան հիմա բարդ վիճակում է` նրանք փորձում են գոնե տարածաշրջանային մակարդակով ինքնուրույն խաղացող լինել ու պետությունը պահել: ԱՄՆ-ը փորձեց Թուրքիայում հեղաշրջում անել ու իր վերահսկողության տակ վերցնել, բայց ձախողվեց: Դա զայրացրեց Թուրքիայի ղեկավարությանը, նրանք փորձում են ինքնուրույն քաղաքականություն վարել, բայց ամերիկացիներից չեն կտրվել ամբողջությամբ: Թուրքիան մի կողմից Ռուսաստանի ու Իրանի հետ տարատեսակ համաձայնություններ է կնքում, մյուս կողմից շարունակում է թշնամաբար վերաբերվել Ասադին: ԱՄՆ-ը փորձում է Թուրքիային վերադարձնել իր վասալի վիճակին: Քրդերին օգտագործելը շանտաժ է Թուրքիայի նկատմամբ: Եթե Էրդողանը վերադառնա, դա կնշանակի Թուրքիա-Ադրբեջան միության ուժեղացում ու այդ ուժերը կզբաղվեն Ղարաբաղի պատերազմով: Հայաստանին ձեռնտու չէ, որ Թուրքիան ԱՄՆ-ի տակ պառկի, այլ լինի տարածաշրջանային խաղացող, որ կախված է Իրանի, Ռուսաստանի հետ պայմանավորվածություններից:
-Թուրքիան բոլորին գցում է իր շահի համար, ի՞նչ պայմանավորվածություններ:
-Գցում է, խոստումներ փոխանակելը շատ հեշտ է, բայց բոլոր դեպքերում Թուրքիան կարող է քաղաքական մակարդակով բացարձակապես հակահայկական քաղաքականություն վարել, իսկ երբ ԱՄՆ-ից կախված չէ, կարող է և փոխվել: Պետք է հաշվարկել ռեսուրսներն ու դրդապատճառները: Դրանք խորքային փոփոխություններ են, տրամադրություններ ու հռետորաբանություն չեն, դա կախված չէ ներկա քաղաքականությունից:
-Դուք կարծում եք` 2019-ի նախագահական ընտրություններից հետո Էրդողանը իշխանությունը կպահպանի՞:
-Նա, իհարկե, մինչև վերջ կձգտի և ամեն ինչ կանի: Եթե մենք իմանայինք, ով կլինի նրա մրցակիցը, կարող էինք քննարկել` ձեռնտու՞ է մեզ, թե՞ ոչ:
-Ասենք, Աբդուլլա Գյուլը:
-Խոսքը խմբավորումների մասին է: Էրդողանի հետ ամեն ինչ շատ-քիչ հասկանալի է, մարդ, որ խիստ վիրավորված է ԱՄՆ-ից: Իսկ ո՞վ է ուրիշ վիրավորված: ՈՒրիշ մեկը կարող է վաճառվել ԱՄՆ-ին, որովհետև վիրավորված չէ և ուզում է ձեռքբերումներ ունենալ: Ձեռքբերումը կարող է լինել ԱՄՆ-ի հետ լավ հարաբերությունները: Մեզ դա ձեռնտու չէ: Նա, կրկնում եմ, իր ընտրած ճանապարհով գնալու է մինչև վերջ: Հետխորհրդային տարածքում այդ առումով Հայաստանը եզակի երկիր է, միակ երկիրը, որ նախագահական մոդելից անցավ խորհրդարանական կառավարման: Ինչպես դա անել, օրինակ, Ղազախստանում: Կամ` Բելառուսում: Հետաքրքիր քայլ արեց Ղրղզստանում Ատամբաևը` հեռացավ իշխանությունից առանց կռիվների: Ի՞նչ կլինի Էրդողանից հետո, հասկանալի չէ: Պետք է մարդ, որ անձնական հաշիվներ ունի ամերիկացիների ու եվրոպացիների հետ, այլապես քաղաքականությունը դառնալու է կախյալ:
-Այդպիսի «հաշիվներ» ունի՞ Իլհամ Ալիևը:
-Մի քիչ ունի` նախ ամերիկյան ընկերությունները վերահսկում են նավթային բիզնեսը, արդեն ճնշում է, եվրոպական քաղաքականությունն Ադրբեջանի նկատմամբ իրեն շատ հանդուգն պահեց, պատահական չէ, որ Ալիևը հրաժարվեց ՎՈՒԱՄ-ից` դա բողոքի նշան էր: Եվրոպացիներն անընդհատ պահանջում են` այսպես արեք, այնպես արեք:
-Իսկ Ռուսաստանից Ալիևն ալերգիա չունի՞:
-Կարծում եմ` ոչ: Ռուսաստանի համար կան տնտեսապես ձեռնտու պետություններ և քաղաքակրթորեն ձեռնտու պետություններ: Կարող է լինել հարկադրված համագործակցություն: Օրինակ` մենք համագործակցում ենք Պորոշենկոյի հետ, որին ստիպված ենք հանդուրժել: Հասկանալի է, որ վաղ թե ուշ դա վերջ կունենա, երբ գազի հարցերը լուծվեն: Մի կողմից` մենք պիտի պահենք Դոնբասը, որ ռուսալեզու բնակչության ցեղասպանություն չլինի, մյուս կողմից՝ ստիպված ենք տնտեսապես համագործակցել, գազ ու ածուխ մատակարարել: Այդպես է շատ տարածքներում: Չկա երկիր, որի հետ հեշտ հարաբերություններ են:
-Ինչպիսի՞ն կլինի 2018-ից հետո Պուտինի Ռուսաստանը:
-Առաջիկայում ոչինչ չի փոխվի` կարծում եմ:
-Առաջիկան որքա՞ն կտևի:
-Դա առաձգական հասկացություն է: ՌԴ ներքին քաղաքականությունը պայմանավորված է արտաքին քաղաքականությամբ ու բազմաբևեռ աշխարհի ստեղծմանն է նպատակաուղղված: Եթե հանկարծ աշխարհաքաղաքականությունը փոխվի, կփոխվի և ներքին քաղաքականությունը: Այն քաղաքականությունը, որ իր ելույթում Պուտինը ուրվագծեց Մյունխենի անվտանգության հարցերի համաժողովում, շարունակվում է և հիմա անգամ Ռուսաստանի համար դժվար տնտեսական իրավիճակում: Առանցքային հարցը արտաքին սպառնալիքներն են:
-Միջուկային սպառազինության նո՞ր մրցավազք է սկսվում, թե՞ հնարավոր է այս մակարդակում կանգ առնել:
-Եթե ԱՄՆ-ը ստիպում է զարգացնել միջուկային սպառազինությունը, զարգացնելու ենք: Արևմուտքը մշտապես ագրեսիվ է, և քանի դեռ ներսից ոչինչ չի ստիպում փոխել մոդելը, Ռուսաստանը ստիպված է լինելու միշտ պատասխանի պատրաստ վիճակում լինել:

Զրույցը՝
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 4445

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ