Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Ռուս-ամերիկյան հակամարտության հիմքում միաբևեռ աշխարհին իշխելու գաղափարն է»

«Ռուս-ամերիկյան հակամարտության հիմքում միաբևեռ աշխարհին իշխելու գաղափարն է»
16.03.2018 | 01:01

Մինչ Ռուսաստանն իր հզոր զենքերն է ցուցադրում, ԱՄՆ-ում բարձրաստիճան պաշտոնյաների փոփոխություններ են տեղի ունենում, մասնավորապես արտաքին հարցերի պատասխանատու Ռեքս Թիլերսոնը հրաժեշտ տվեց պետքարտուղարի պաշտոնին: Սա ուղղակիորեն նշանակում է, որ ԱՄՆ-ի ղեկավարը դժգոհ է արտաքին քաղաքականությունից, որը վերջին շրջանում ընդգծված հակառուսական միտումներ ուներ: Այս պահին ռուս-ամերիկյան հարաբերություններն ի՞նչ երանգներ ունեն, ի՞նչ կարելի է սպասել այդ հակադրությունից. այս և այլ հարցերի շուրջ զրուցեցինք ՀԴԿ ղեկավար ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:

-ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցուցադրեց գերժամանակակից ռուսական զենքը, ԱՄՆ-ը հայտարարեց, որ ավելացնում է ռազմական բյուջեն: Սա նշանակու՞մ է, որ աշխարհում սկսվել է սպառազինության նոր մրցավազք, և ու՞ր կարող է տանել այս ճանապարհը:
-Մարդկությունը սխալներից դասեր չի քաղում: Բոլորը հասկանում են, որ աշխարհը կանգնած է մեծագույն վտանգի առջև, մասնավորապես բնապահպանական: Էկոլոգիական աղետը կախված է մարդկության գլխին, հարկավոր է շատ լուրջ միջոցներ ձեռնարկել: Հաջորդը. սոցիալական բևեռացումը հանգեցրել է սովի, որի պատճառով միգրացիոն հոսքերն ահռելի քանակության են հասել: Սրան զուգահեռ սկսվել է տեռորիզմի զարգացումը: Տեռորը հենց այնպես չի ծնվել, դրա պատճառն այն մտածողության սերմանումն է, թե դուք սխալ եք, մենք ենք ճիշտը, և մենք պետք է իշխենք: Բոլոր տեռորիստական կազմակերպությունները, սկսած ԻՊ-ից, այսօրվա «քաղաքակրթության» ծաղրանկարն են: Միայնակ ողջ աշխարհին իշխելը նախ շատ բարդ է, հետո էլ՝ անարդյունավետ: 90-ականներին, երբ ԱՄՆ-ը նման փորձ արեց, հանգեցրեց այն իրավիճակին, որ աշխարհում հավասարակշռությունը խախտվեց: Ահռելի քանակությամբ հակամարտություններ, պատերազմական գործողություններ, զանգվածային մարդկային կորուստներ: Սա նշանակում է, որ աշխարհը դեռ պատրաստ չէ, որ ինչ-որ մեկը թելադրի ընդհանուր խաղի կանոններ, միևնույն ապրելակերպը: Բևեռացումը թույլ չի տալու այդպես վարվել: Ոսկի միլիարդի գաղափարախոսությունն աշխարհ եկավ, այսինքն՝ մեկ միլիարդը պետք է գոյատևի, իսկ մյուսները կամ պետք է ոչնչանան, կամ սպասարկեն այդ մեկ միլիարդին: Սա ևս անընդունելի է: Մենք արդեն անցել ենք մի դարաշրջան, երբ մարդկությունը չի ենթարկվել այսպիսի ճնշման, ստրկական մոտեցումների: Հիմա արդեն փոքր երկրներն են հակադրվում ԱՄՆ-ին, չուզեցին նրանց նման տեր ունենալ ու խաղալ նրանց կանոններով: Չնայած այս ամենին, ԱՄՆ-ի թելադրելու քաղաքականությունը շարունակվում է:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններին, Խորհրդային Միության փլուզումից հետո, ինչն աշխարհն ընդունեց հրճվանքով, կամաց-կամաց սկսեցին հասկանալ, որ մեծագույն ողբերգությունը կատարվեց, քանի որ դա բերեց ինվերսիոն իրավիճակների: Մինչ օրս աշխարհը չի կարող մարսել այդ վիճակը: Հետո ուրախացան, թե Ռուսաստանն այնքան է թուլացել, որ չի կարող ծնկներին բարձրանալ, և կա Ելցինի նման մեկը, որն իրենց ասածներն անում է՝ թքած ունենալով շատ բաների վրա: Պուտինի ղեկավարման առաջին հնգամյակում նույնիսկ այդքան էլ ուշադրություն չէին դարձնում, թե ինչ է անում: ԱՄՆ-ը մոռացավ նաև պատմությունն ուսումնասիրել: Ռուս ազգն անցել է դժվար փորձություններով ու միշտ ոտքի է կանգնել, պարզապես պետք էր հասկանալ, որ հարկավոր չէ ռուսներին դնել անելանելի իրավիճակների մեջ, նրանք անպայման մի այլ ճանապարհ կգտնեն: Ռուսներն այդպիսի ազգ են: Հանկարծ աշխարհը զարմացավ, որ Ռուսաստանն ուշքի է եկել և նորագույն զենքեր է արտադրում, լուրջ ռազմական փոփոխություններ է անում: Սա բերեց շոկային վիճակի: Սկսվեցին պատժամիջոցները, նրանց պախարակելու քաղաքականությունը, օլիմպիական խաղերը նվաստացնելը: Եվ ի՞նչ: Դուք պետք է հասկանաք այդ ժողովրդի հոգեբանությունը, որ նրանք չեն ենթարկվելու, միգուցե գնան կործանվեն էլ, բայց մինչև վերջ գնալու են: Ի՞նչ արեց Կիմ Չեն Ինը: Ասաց. «Չեմ ենթարկվելու ձեզ, դուք ուզում եք ինձ ոչնչացնել, ես դրա դեմ միջոց կձեռնարկեմ»: ՈՒ սկսեց արտադրել միջուկային զենք: ԱՄՆ-ը վախեցա՞վ, որ դա կարող է իր դեմ օգտագործվել, պատասխանն ակնհայտ է: Թրամփը հայտարարեց, որ ինքն է ստիպել, որ նստեն բանակցությունների սեղանի շուրջը:
Ռուս-ամերիկյան հակամարտության հիմքում ընկած է միաբևեռ աշխարհին իշխելու գաղափարը: Հիմա Եվրոպան էլ է սկսել ԱՄՆ-ի հանդեպ վերաբերմունքը փոխել, որովհետև եթե վերջինս ասում է, թե միայն ինքը պետք է իշխի, Եվրոպան էլ ասում է՝ բա ես ո՞վ եմ: Եվրոպան թաղվել է իր հիմնախնդիրների մեջ և պետք է դրանց դեմ միջոցներ ձեռնարկի: Ենթադրենք, պարտադրեցիք Ռուսաստանին պատժամիջոցներ, որովհետև ՈՒկրաինան այս վիճակում է: Բայց մեկդ հարցրե՞ց, որ եթե իրենք լինեին Ռուսաստանի տեղը, և Ռուսաստանը ՆԱՏՕ-ի ուժով մտներ իրենց տարածք, իրենք ի՞նչ էին անելու: Ինչու՞ Ղրիմը վերցրին, որովհետև Սև ծովն անցնում էր ամբողջովին ՆԱՏՕ-ի վերահսկողության տակ: Ինչու՞ Դոնբասն ապստամբեց, որովհետև այնտեղ ռուսներ էին ապրում և ասում էին, որ իրենց շահերն են ուզում պաշտպանել: Ժամանակին այդ մարզերը տրվել են ՈՒկրաինային, բայց բնակչությունը նույնն է մնացել: Այնպես, ինչպես մեր Ղարաբաղն է, որը հայաբնակ է ու հայկական տարածք է, բայց եղել է Ադրբեջանի կազմում: Հիմա ի՞նչ, համաձայնենք, որ նրանք ինչ ուզենան անեն հայերի հանդեպ ու մենք էլ սու՞ս մնանք: Ես ոչ մեկին արդարացնելու կամ մեղադրելու խնդիր չունեմ, պարզապես պետք է բացատրել, թե հիմքում ինչ կա: ԱՄՆ-ն ուզում է իր տնտեսությունն առաջատար դարձնել, որովհետև Չինաստանն արդեն նրանց կոկորդին է նստած, սրա համար դիմում է տարբեր միջոցների, նրանց անգամ չի հուզում, թե այդ ամենն աշխարհում ինչպես կընկալվի: Այդ դեպքում նույն իրավունքը տվեք մյուսներին, որ նրանք էլ անեն այն, ինչ իրենց շահից է բխում: Այսպիսի իրավիճակում է ծնվում նորագույն զենքը, որը, անշուշտ, շատ վտանգավոր է:
-Պատժամիջոցնե՞րը, առկա ճնշումնե՞րն են պատճառը, որ Ռուսաստանը դիմեց այդ քայլին՝ ցուցադրելով իր ռազմական հզորությունը և ասաց, թե նրանք ժամանակին զգուշացնում էին, բայց իրենց չլսեցին:
-Ոչ, հակառակը, Պուտինն ասաց, որ ուզում են գնալ երկխոսության, բայց ԱՄՆ-ը երկխոսության ճանապարհով չի գնում, այլ պատժելու: Մանկապարտեզ չէ. եթե ինձ չես լսում, ուրեմն քեզ պատժելու ենք: Նախ սկսենք նրանից, թե դուք ով եք: Ի միջի այլոց, Պուտինը շատ լավ օրինակ բերեց NBC հեռուստաալիքին տված վերջին հարցազրույցում, որը վարում էր Մեգան Քելլին: Պուտինն ասաց, որ երբ իրենք են ասում, թե ԱՄՆ-ն ինչ-որ բան այնպես չի արել, լրագրողը հակադարձեց, թե դրա իրավունքն ունեն, քանի որ իրենք ժողովրդավարություն են տարածում: Այդ «ժողովրդավարությամբ» քարուքանդ արեցիք տարբեր երկրներ՝ Իրաքից սկսած: Եկեք հասկանանք, քաղաքակրթություն ասածն այսօր սա՞ է: Սա ցիվիլիզացիա չէ, սա ուրիշ բան է:
-Այդ դեպքում ո՞րն է ամերիկյան ժողովրդավարությունը, քաղաքակրթությունը:
-ԱՄՆ-ն իր երկրի ներսում ինչպես ուզում է, թող անի, օրենքի երկիր է, շատ լավ է: Բայց այդ օրենքի երկրում շաբաթը մեկ երեխաներ են զոհվում մի հիմարի պատճառով, որը մտնում է դպրոց ու սկսում է բոլորին գնդակահարել: Հիմա սա ի՞նչ ձևով գնահատենք: Եթե իրենք զենքը չեն արգելում, դա ժողովրդավարությու՞ն է: Սա իրենց ներքին խնդիրն է, իրենք պետք է որոշեն: Բայց ԱՄՆ-ն իրեն իրավունք է վերապահում մյուս երկրների համար որոշել, թե նրանք ինչպես պետք է ապրեն: Ես ձեր տան ադաթները քննարկե՞լ եմ՝ չէ: Այլ հարց է, երբ դու գալիս ու ասում ես. «Իմ օրինակը միգուցե ձեզ հետաքրքրի, քանի որ ունի այս-այս առավելությունները»: Եթե ես այնքան հիմար եմ, որ չեմ ուզում այդ առավելություններն ընդունել, էլի իմ գործն է ու իրավունքը: Եթե դուք դրանք պետք է ուժով պարտադրեք, ես սկսում եմ դիմադրել: Սրանք գուցե մանրուք են, բայց կուտակվելով հանգեցնում են մի վիճակի, երբ հրաբխի նման ամեն ինչ պայթում է:
-Հնարավո՞ր է ռուս-ամերիկյան հարաբերություններում էլ ինչ-որ պահի նման պայթյուն լինի:
-Աստված չանի, բոլորը հասկանում են, որ դա կլինի աշխարհի վերջը: Դա մեծագույն վտանգը կարող է լինել: Միգուցե սթափ մտածող ժողովուրդների շարժում է պետք, որոնք պարտադրեին իրենց կառավարողներին անել այն, ինչ անհրաժեշտ է: Եթե հավատանք խոսակցություններին, թե Բիլդերբերգյան ակումբն է որոշում ինչ ձևով պետք է զարգանա աշխարհը, նշանակում է, որ այնտեղ հավաքված են մարդիկ, որոնք մարդկության դեմ են աշխատում: Աշխարհի միլիտարիզացիան միայն վտանգի առաջ է կանգնեցնում մարդկությանը: Տեխնիկական սրընթաց զարգացման ճանապարհին ենք կանգնած: Հազարամյակներ են եղել, որ իրարից գրեթե ոչնչով չեն տարբերվել: 5 հազար տարի միայն անիվ են օգտագործել, ընդամենը եղել են մոդիֆիկացիաներ, հետո միայն ստեղծվեց շոգեքարշը: 18-րդ դարի վերջից սկսվեց տեխնիկական զարգացումը: Մարդկային բարոյականության նորմերը մնացին նույնը, տեխնիկան թռիչքաձև զարգացավ: Կարծես այս զարգացմանը զուգահեռ պետք է բարոյական նորմերն էլ առաջ գնային, սակայն եղավ ճիշտ հակառակը: ՈՒր կհասցնի այս տեխնիկական զարգացումը, եթե բարոյական նորմերն էլ անկում են ապրում ու զսպանակ չեն դառնում: Սա այս «քաղաքակրթության» լրջագույն խնդիրն է: Չնայած ինչ քաղաքակրթության մասին կարող է խոսք լինել, եթե մարդիկ իրար են ոչնչացնում:
-Գանք աշխարհի մեր փոքրիկ անկյունը. գերտերությունների ցանկացած խաղի կանոն նաև մեզ է հարվածում: Եթե ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի նկատմամբ, դրանից մենք էլ ենք տուժում, Կրեմլյան ցուցակում հայտնվում են Հայաստանում ներդրումներ անող ռուսաստանաբնակ հայ գործարարներ: Խոսակցություն եղավ, որ ռուսական ռազմարդյունաբերական համալիրների հետ խոշոր գործարքների պարագայում Հայաստանն էլ կարող է պատժվել: Մյուս կողմից՝ ունենք ղարաբաղյան հակամարտությունը, որը շատ զգայուն է ու կարող է ԱՄՆ-Ռուսաստան խաղերի արանքում կուլ գնալ: Եթե, այնուհանդերձ, այս տերությունների միջև առճակատումը սրվի, ի՞նչ կարող է սպառնալ Հայաստանին և Ղարաբաղին:
-Պատժամիջոցների մասին հայտարարվեց այն բանի համար, որ զգոն լինենք, նրանք այն ուժն են, որ կարող են այս հարցում էլ նեղել: Սա քաղաքականությունում ընդունված ձև է: Իսկ ռազմական համալիրների հետ գործարքի առնչությամբ իրենք էլ հասկանում են, որ դա անհնար է: Մենք հակամարտության մեջ ենք մի երկրի հետ, որը զենք է գնում ոչ միայն Ռուսաստանից, նաև այլ երկրներից: Իսկ Հայաստանը միայն Ռուսաստանից է զենք գնում, քիչ քանակությամբ էլ Չինաստանից: Այս պարագայում պետք է էմբարգո դրվի, բոլոր պետությունները և Հայաստանին, և Ադրբեջանին զենք չվաճառեն: Ժամանակին ես էլ էի առաջարկում այս տարբերակը որպես նաև հակամարտության լուծում, որովհետև եթե տարածաշրջանը միլիտարիզացվի, զենքն անպայման կրակելու է: Մյուս վտանգն էլ կա. եթե էմբարգո դրվի Հայաստանի և Ադրբեջանի վրա, Թուրքիան ավելի կհզորանա, իսկ մենք անպաշտպան կդառնանք: Ցավոք, խնդիրն այնքան բազմաբնույթ ու բարդ է, որ դժվար է միանշանակ լուծում տալ: Ամերիկացիներն էլ են հասկանում, որ այս պարագայում թուլանալու է հայկական գործոնը և ուժեղանալու է թուրքականը: Ռուսաստանը, լինելով պատժամիջոցների տակ, ՀԱՊԿ-ի անդամ է և պետք է իր պարտավորությունները կատարի: Այս առումով լուրջ վտանգ չեմ տեսնում: Վտանգն այն է, որ չպետք է թույլ տալ նոր պատերազմ հրահրել թուրքական աշխարհի և Հայաստանի միջև: Իսկ այս ողջ իրավիճակի լավագույն լուծումը սեփական տնտեսության զարգացումն է, արտադրություն ունենալն է, այդ թվում՝ ռազմական: Չեմ ասում, թե «Սմերչ», «ՈՒրագան» պետք է արտադրել, բայց մեր մտավոր ներուժը կարող ենք օգտագործել և այնպիսի զենք արտադրել, որը չի պահանջում մեծ ծախսեր: Ժամանակին լուսահոգի Ռաֆայել Ղազարյանն էր այս գաղափարն առաջ տանում ու փորձում լուծել: ՈՒնեինք ֆիզիկայի ճյուղավորված դպրոց, հիմա չգիտեմ ինչ վիճակում է դա: Ժամանակին առաջարկում էի ստեղծել մտավոր սեփականության նախարարություն, սա լուրջ գաղափար է հայերի համար: Հիմա մեր ուղեղները վաճառվում են ջրի գնով: ՈՒնենք հիանալի, տաղանդավոր մարդիկ, որոնց եթե 5 հազար դոլար են առաջարկում, հեշտությամբ գնում, ծառայում են օտարին: Եթե ունենայինք այդպիսի կենտրոն, կկառավարեր այս գործընթացը: Սա կլիներ կրթության, գիտության կազմակերպման այնպիսի համակարգ, որը կհանգեցներ լուրջ զարգացման: Այդ «Սորոսը» ինչպե՞ս հայտնվեց. հավաքեց ազգի ուղեղի արտադրանքի սերուցքը և դուրս տարավ, միլիարդներ աշխատեց: Իսկ ինչու՞ դուք չեք անում դա: Հիմա մեծ-մեծ խոսում են, թե պահում ենք մեր բանակը, ու՞մ հաշվին եք պահում: Միայն մարդկային ռեսուրսը բավարար չէ, հարկավոր է նյութական, տեխնիկական, ռազմական համապատասխան ռեսուրս: Եթե այսօր մտածում ենք պատժամիջոցների մասին, ուրեմն պետք է սեփական տնտեսությունը զարգացնել ու այնպես անել, որ պատժամիջոցների տակ չհայտնվենք: Ռուսաստանն այսօր այդ ճանապարհով է գնում, տնտեսություն են սկսել զարգացնել: Եթե կարողանան նորագույն զենք արտադրել, ուրեմն կհաջողեն նաև տնտեսությունում: Ժամանակին մեր երկիրը կառավարող տխրահռչակ մարդ կար, որն ասում էր, թե Սիրիան, ինչ է, առանց ակադեմիայի չի ապրու՞մ:
-ՈՒմ մասին է խոսքը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի՞:
-Այո, այն դեպքում, երբ ինքը գիտնական է: Այս նախադասությամբ մարդկանց հոգեբանության մեջ շեղում սկսվեց: Դրա համար հիմա ավելի շատ ձգտում են բիզնեսով զբաղվել, քան գիտությամբ, քանի որ առաջինի պարագայում հաջողությունն ավելի մեծ է: Ո՞վ է երիտասարդության այսօրվա իդեալը: Լավ կլինի անուններ չտամ:


Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 4677

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ