Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Կաքավների պորտապարը` եռագույն ծիածանի ներքո (երիվարը սարից անդին)

Կաքավների պորտապարը` եռագույն ծիածանի ներքո (երիվարը սարից անդին)
16.03.2018 | 02:57

ՆԱԽԵՐԳ


Ցնծա, Երկիր իմ Նաիրի, Թալիշ սահմանամերձ ավանից մինչև քաղաքամայր Երևան կապեք եռագույն ծիածան, հայոց այրեր և տիկնայք իշխանազուն։ Զի գարնան սկզբին ավետաբեր կաքավները թռչկոտեցին ԱԺ-ում, և ընտրվեց 3-րդ հանրապետության նախագահը 4-րդ։
Ցնծա, Երկիր իմ Նաիրի, զի 14-րդ վարչապետդ արագընթաց ռուսական էլեկտրագնացքով ճանապարհ բռնեց դեպի սահմանամերձ քաղաք Գյումրի և անգամ վերադարձավ։
(Ավետաբեր կաքավները սույն գնացքն ուղեկցում էին աջից և անգամ ձախից)։
Ցնծա, Երկիր իմ Նաիրի, կաքավները խելակորույս վեր ճախրեցին, զի, համաձայն «World vision Հայաստան» մարդասիրական կազմակերպության զեկույցի, ՀՀ-ում մինչև 5 տարեկան երեխաների 9 տոկոսը մշտապես թերսնված է (այրեր և տիկնայք իշխանազուն, գուցե իշխանակառավարական աննախադեպ դրամահավաքով բարեգործական ճաշարաննե՞ր բացեք Երևանում և Հայաստանի մարզերում ահա այս նշանաբանի տակ. «Մինչև 2040 թվականը ո՛չ մի թերսնված երեխա Մայր Հայաստանում»)։


Ցնծա, Երկիր իմ Նաիրի, զի երկրի քաղաքական վերնախավի խիղճն ու միտքը, իմաստնազարմ այր տիար Գալուստը Սահակյան գարնան սկզբին չզլացավ և ավետեց. «Երբեք չմտածեք, որ իշխանությունները նրա համար են, որ ժողովրդի համար ամենահստակ ճանապարհը բացեն»։ Սպասենք և հուսանք, որ տեսանելի ապագայում տիար Գալուստը և այլք կիրազեկեն հայ հանրությանը, համայն հայությանը և թերսնված մանուկներին, թե, այդուհանդերձ, ինչի համար են իշխանությունները։

Ինչի՞ համար են իշխանությունները, ինքներս փորձենք լավատեսական տեսլականների հուռռա՜-նվիրական նվագների ներքո պարզել դարակազմիկ թնջուկը։ Գարնան առաջին օրերն էին, բայց ոչ գարնանային տրամադրությամբ ֆինանսավարչական չարաշահումներում կառավարությանը մեղադրեց ուղղամիտ և հանդուգն երեսփոխան տիար Սերգեյը Բագրատյան։ Նրան խիստ անհանգստացրել էր, ի թիվս այլ աղետալի չարաշահումների, ահա սույն ֆարս մաժորը. կառավարության բարձրաստիճան պետական ծառայողների արգո տիկնայք անգամ սեփական տան կենցաղային աղբը մոտակա հանրային աղբաման են հասցնում ծառայողական մեքենայով։ Ընդ որում` նշյալ (թվով 915) մեքենաներն աշխատում են բենզինով, ինչը ինքնին թանկ հաճույք է։ Տիար Բագրատյանի խոսքի ենթատեքստում ասկետական խնայողությունն է, խնայողությունը մի երկրում, ուր ահռելի լեռնացել են սոցիալական թնջուկները և հաշմված զինվորի առողջության վերականգնման նպատակով դրամահավաք է կազմակերպվում։ Եվ ահա թե ինչ հնչեց ի պատասխան ՀՀ ֆինանսների նախարար տիար Վարդան Արամյանի բոց շուրթերից. «...փող խնայելը նպատակ դարձնելը սխալ մոտեցում է, նպատակը պետք է լինի այն, որ այդ մեքենայի վրա կատարվող միավոր ծախսը բերի նոր արժեքի ստեղծման»։ Այսինքն` ներկա իշխանությունները միայն և միայն մեկ խնդիր ունեն` ժողովրդի համար փակել ամենահստակ ճանապարհները և նոր արժեքներ ստեղծել իրենց համար։ Սա մի՞թե հայեցի է։ Հազիվ թե։ Այնուամենայնիվ, վերոնշյալ հայտարարագրերը, որոնք նաև խոստովանագրեր են, հաստատում են անհնարինը, մերոնք (խմբիշխանները և նրանց միակցված խմբիկները) ժողովրդի և պետության առաջ բետոնե արգելապատնեշներ են կառուցել, կառուցիկ հարաբերություններ կերտելով աշխարհի հզոր (և հայաստանասեր) երկրների, ի մասնավորի` ԱՄՆ-ի և ՌԴ-ի հետ։ Այսպես ահա, ԱՄՆ-ը մեզ միլիարդավոր դոլարների վարկեր է տրամադրում, որ զարգացնենք մեր տնտեսությունը։ Սա մեկ։ Որպեսզի վերանորոգենք երկրի ենթակառուցվածքները, այդ թվում` կոյուղագծերը։ Սա երկու։ Որպեսզի նաև վարկերի հաշվին Հայաստան ներկրված ընտրյալ ցորյանի սերմացուն ամռան տապին որդնած հասկեր ընձյուղի։ Սա էլ երեք։ Սակայն նման օրինակները երեքը չեն, երեսուներեքը չեն, 3 հազարից շատ ավելի են, և, ահավասիկ, ամերիկյան վարկերը տառացիորեն թլպատել են երկրի տնտեսությունը և թլպատել-բարոյազրկել են վարկասուն վերնադասին, նրանց վերածել են կոռումպացված տարրերի և հարկ եղած դեպքում յուրյանց դեսպանների բերանով հորդորում-խրատում, ի վերջո սպառնում են` իսկույն ևեթ հակակոռումպացվեք, հակառակ պարագայում վարկազրկման կենթարկվեք... Իսկ օրեր անց Հայաստանը մի հսկայածավալ վարկի է արժանանում... համապետական կոռուպցիայի դեմ պայքարելու նպատակով։ Քմծիծաղով վերամբարձ երկրի տնտեսակարգը թլպատում-բարոյազրկում են մեր չինովնիկները։ Ամեն բան, այն է` բարեփոխումների հետ կապված մեր հույսն ու հավատը, հօդս ցնդեց, զի նրանց իրական ներդրումները հայկական իրականությունում վարչաբյուրոկրատական երիտասարդ արդուկած-սղալածներն են…

Նրանցից մեկն էլ 25-ամյա Ավագ Ավանեսյանն է, որը ներդրվեց հենց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում` փոխնախարարի կարգավիճակով։ Շատ կուզեի իմանալ, թե այս նորելուկն ինչ է ասելու աշխատանքային 25-30 տարվա փորձ ունեցող իր ենթակա-պրոֆեսիոնալներին։ Մեր երկրում իրականացված մյուս բարեփոխումներն անհայտ չեն. դրանց արդյունքում աղքատ խավը գերաղքատացել է, հարուստ խավը, ինչ խոսք, գերհղփացել է։ Բայց սա, անշուշտ, առանձին և հիմնավոր քննարկման նյութ է։

Աշխարհաքաղաքական խառնամուսնությունը ՀՀ իշխանությունների (անցած և ներկա) և վարկատու երկրների միջև փոխշահավետ-գերարդյունավետ է, զի շահում են և՛ արտաքին գիշանգղները, այն է` վարկատուները, և՛ ներքին կաքավները։ (Գիշանգղը մուղամ է սուլում, կաքավը նազանքով-զմայլանքով կաքավում է)։ Այսուհանդերձ ի՞նչ է վերջապես ՀՀ իշխանաց պարտավորությունը մեր առաջ։ Ըստ ամենայնի, միայն մի բան է` մեզ իշխելը և խոնարհումները վարկատուների առաջ։ Սահմանադրության անխտիր բոլոր գլուխների պահանջները գլխատվում են առաջին իսկ անհրաժեշտության պահին (զորօրինակ, երբ անհրաժեշտ է բացառապես ի հաշիվ պետական միջոցների դղյակ կառուցել Միջերկրական ծովի ամենագեղատեսիլ ծովածոցում կամ էլ դառնալ աշխարհահռչակ որևէ ընկերության համասեփականատերը)։ Եվ եթե այսօր 3-րդ հանրապետությունը մի պահ դիտենք գիշանգղի թռիչքի բարձրությունից, ապա, կասկած չկա, կառերեսվենք Չարենցի «Դանթեական առասպելի» նորհայաստանյան պատկերագրմանը. անտառները օր առ օր նոսրանում են, հանքերը ծծումբ են արդյունահանում ու պղծում են բնաշխարհը, որը լքում- արտագաղթում են կենդանիներն ու գազանները, բնազդաբար կռահելով, որ 2017-ի հրդեհները երկրի անապատացման ահազանգն էին, որ չարժե երբեմնի կենսաբեր հայոց լեռնաշխարհում ձագեր ծնել և բույն հյուսել։


Սակայն այստեղ շատ կարևոր մի բան կա. ի հաշիվ պետական միջոցների տնտեսա-քաղաքական վերնախավը շեյխացվում-սուլթանանում է... օրենսդրորեն։ Ահավասիկ մի քանի գերդիպուկ օրինակ։ X սուբյեկտը պետական բյուջեի հաշվին և աշխատանքի ժամին, հաստատված կանոնակարգի համաձայն, ըմպում է ֆրանսիական կոնյակ, ծամում է բելգիական շոկոլադ, ծխում է հավայական սիգար և, բնականաբար, նրան մատուցվող հիգիենայի պիտույքները ևս թանկարժեք են, զի մի՞թե պատիվ կբերի մեր երկրին, եթե նրա պետծառայողը ֆրանսիական կոնյակ և բելգիական շոկոլադ վայելելով ձեռքը լվանա տեղական օճառով։ Եվ այս ամենը հաստատագրված է ԱԺ-ի օրենքով, կառավարության որոշումներով, վարկավորողների քմծիծաղով։

ԵՐԻՎԱՐԸ ՍԱՐԻՑ ԱՆԴԻՆ
Եկեք մի պահ շունչ քաշենք և հանդարտվենք մի գունագեղ բանաստեղծական շնչով լեցուն կարմիր, կապույտ, ծիրանագույն զրուցարանում։ Առաքինի ու թունդ պոետ Ռազմիկ Տոնյանը զրուցարանում ընթերցեց այս գեղաշունչ քառատողը.
Աղջիկները գնացին անտառ,
Որ ծոցերի մեղուները թողնեն
Բացատներում
Եվ վագրերի դեղին ցատկը
տեսնեն։

Եկեք ընկնենք երազանքների գիրկը, անտառ գնանք, հետևենք, թե դեպի ուր են թռչում մեղուները, և զմայլվենք վագրերի դեղին ցատկով։ Զմայլվեցի՞նք, հարկավ, այժմ պատմական պահն ու ժամն է, որ բարձրաստիճան պետծառայողներին (հատկապես նրանց երիտասարդ տեղապահներին) ենթարկենք պայմանական քաղհանի, շաբաթօրյակների շարակարգով։ Թե չէ վերջնականապես կկորցնենք մեր եղած-չեղած ներկա պետականությունը։ Եվ խնդիրը բնավ էլ վարչարար-մոլախոտային համակարգի հանդեպ վրիժառությունը չէ, նրանց կարեկցել է պետք, քանզի կամա-ակամա պարզապես գոյատևում են, ոչինչ էական չտալով պետությանն ու ժողովրդին` երանության մեջ վատնում են ժողովրդի ինչքը, գույքն ու կայքը և քամում են պետականության ոսկրածուծքը։ Իսկ թե ոսկրածուծքի տեղը ինչ է լցվելու, նրանց համար միևնույնն է, զի պետությունը, հայրենիքն ու հայությունը նրանց համար ընդամենը (շատ կներեք) այն երիվար-ավանակն է, որին հեծնում են այնքան ժամանակ, քանի դեռ վերջինիս ոտքերը ձիգ ու կանգուն են։ Հետո երիվարը քշում են սարից անդին, ի կեր գայլերի, զի վերջինիս ոչ միսն է ուտելի, ոչ էլ մորթին է հագնելի։


Միով բանիվ, քրեաբյուրոկրատական այս համակարգը քանդարար մի ական է պետության տակ։ Է՞, օրենքի ուժով, որոշումների ճնշումներով չքաղհանե՞նք մոլախոտի այս անտառը։ Վասն մեր, նաև հենց իրենց փրկության։ Արժե, կասկած չկա։ Քանզի մոլախոտը մեր թատերախաղային հինավուրց պատմության գրեթե բոլոր արարներում զեռունապատել և անապատացրել է Հայկական լեռնաշխարհում ելուստվող պետականությունները։ Հաճախ հայկական պետությունները ծովից ծով էին տարածվում, բայց և այնպես անսպասելի փլուզվում էին։ Միով բանիվ, 3-րդ հանրապետության վարչաբյուրոկրատական վերնադասն այսօր ականջ չի դնում իմաստուն Իսահակյանի այս խոսքին. «Երկրի սահմանները ընդարձակվում են ներսից»։ Իսկ, կներեք, պատմությունը ինչպե՞ս է վարվում ականջ չդնողների հետ։ Երիցս ճիշտ եք, քոքահանում է ականջները։

ՎԵՐՋԵՐԳ
Նախ անհրաժեշտ է, որ ԱԺ խոհեմ երեսփոխանները, դիցուք տիարք առնական Արարատը Միրզոյան և Սերգեյը Բագրատյան, Արմանը Սաղաթելյան և Սեյրանը Սարոյան, Արտակը Զեյնալյան, նաև տիկնայք հեզանազ Կարինեն Աճեմյան և Իվետան Տոնոյան, Լենան Նազարյան և Մանեն Թանդիլյան օրենք ընդունեն և արմատապես նվազեցնեն պետծառայողների վրա կատարվող ծախսերը։ Հավատացեք, եթե վարչաչինովնիկական այս համակարգը ապրի գոյապահպանվի ընդամենը նվազագույն զամբյուղի կրկնապատիկով, ապա կշահի մեծապես, զի կծառայի պետությանն ու հանրությանը, այսինքն։ Ամեն։
Ցնծա՛, Երկիր իմ Նաիրի...


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 4677

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ