«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

«Պիտի ընդունենք, որ հիվանդ ենք. հայը թուրքի բժիշկը պիտի լինի, թուրքը՝ հայի»

«Պիտի ընդունենք, որ հիվանդ ենք. հայը թուրքի բժիշկը պիտի լինի, թուրքը՝ հայի»
16.03.2018 | 03:04

Զրուցակիցս վտարանդի թուրք գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ ՀԱՍԱՆ ԲՈՒՐԳՈՒՋՈՒՕՂԼՈՒՆ է:

-Պատմեք, խնդրեմ, Ձեր կենսագրությունը՝ որտեղ եք ծնվել, հասակ առել, բայց նախ՝ եթե թարգմանենք, ի՞նչ է նշանակում Ձեր ազգանունը:
-Նավերում բուրգու կոչված գործիք կա, ազգանունս նշանակում է այդ գործիքը սարքող, նորոգող: Ծնվել եմ 1956 թ. արևմտյան սևծովյան շրջանում գտնվող Բարթն քաղաքում: Երկու պապերս փայտյա իրերի վաճառական էին: Մայրս տնային տնտեսուհի էր: Հայրս փոքրիկ կարի արհեստանոց ուներ, որտեղ պատվերով հագուստներ էր կարում: Շաբաթը երկու անգամ գնում էր ուրիշ գյուղաքաղաք՝ վաճառելու իր և ընկեր դերձակների կարած հագուստները: Նախակրթարանից հետո 7 տարի հաճախել եմ Քաստամոլուում գտնվող գիշերօթիկ մանկավարժական դպրոցը: Այնուհետև սովորել եմ համալսարանի մաթեմատիկայի բաժնում և աշխատել որպես մաթեմատիկայի ուսուցիչ, ինչը անում էի մինչև ավարտելս:
Գրականության հանդեպ մեծ սեր ունեմ: Ռացիոնալ մտածողությունս, անշուշտ, գալիս է մաթեմատիկայից: Մաթեմատիկան մեծ դեր ունի իմ կյանքում, բայց և սիրում եմ գրականությունը, գրող եմ:
-Սիրում եք գրականությունը… Ո՞րն է Ձեր կարդացած վերջին գիրքը:
-Սովորություն ունեմ միանգամից մի քանի գիրք կարդալու: Վերջինը հիշատակեմ՝ Մեհմեդ Ֆուաթի «Հիշատակները»: Մեհմեդ Ֆուաթը Նազըմ Հիքմեթի որդին է: Նազըմ Հիքմեթը մի քանի ամուսնություններ է ունեցել, և Մեհմեդ Ֆուաթը թեև նրա կնոջ երեխան էր, բայց իր հորից ավելի Նազըմ Հիքմեթին էր սիրում, և նրա հիշողություններն այդ մասին են՝ մանկան աչքերով ներկայացնել իր հորը: Մյուսը դիարբեքիրցի քուրդ գրող Շեյհմուզ Դիքենի «Դիարբեքիր, ախ ունեմ վրադ» գիրքն է:
-Գիրք կարդալը երջանկություն է: Այն հարստացնում է մարդու էությունը:
-Այո, անշուշտ, սակայն գրքերը նաև դժբախտացնում են: Կարդացածս գրքերի մեծ մասը ինձ խոր մտածումների է մատնում, բայց և առանց գրքերի կյանքս չեմ պատկերացնում:
-Ե՞րբ և ինչու՞ հեռացաք Թուրքիայից:
-1984 թ. կրածս փորձությունների, քաղաքական հալածանքի պատճառով ստիպված էի միայն վրայիս հագուստով հեռանալ իմ երկրից, քաղաքական ապաստան գտնել Գերմանիայում:
-Հե՞շտ էր հարմարվել, ընտելանալ նոր ապրելավայրի կյանքին:
-Մեկ տարի ջանասիրաբար գերմաներեն սովորեցի և սկսեցի զբաղվել քաղաքականությամբ՝ 1980 թ. սեպտեմբերի 12-ին Թուրքիայում կատարված զինվորական հեղաշրջմամբ պայմանավորված:
-Ե՞րբ և ինչու՞, ի՞նչ ազդակ Ձեզ մղեց զբաղվելու Հայկական հարցով:
-Նախ՝ իմ ընտանիքին առնչվող մի պատմություն հիշատակեմ. առաջին անգամ է, որ լրագրողին պատմում եմ այդ մասին: Պատճառը Ձեր անկեղծ հետաքրքրությունն է: Մեծ հորեղբայրս ապրում էր Ստամբուլում: Նա մեր գյուղաքաղաքում չէր եղել, իրեն չէինք ճանաչում: Կինը մահացել էր, և նրա խուլ ու համր երեխաները ապրում էին մեզ հետ: Հորեղբայրս ամուսնացավ, և սկսեց ամեն բայրամի մեզ շնորհավորական բացիկներ ուղարկել, ինչը թուրքերի մեջ ընդունված չէ, եվրոպական սովորույթ է: Եվ ինձ ասացին, որ հորեղբայրս հայուհու հետ է ամուսնացել, նրա հորդորանքով է բացիկներ ուղարկում: Տասներկու տարեկան էի, որ հորեղբայրս մահացավ: Նրան այդպես էլ չտեսա: Հետո գնացի Անկարայի համալսարանում սովորելու և երբ ավարտեցի, ապրեցի Ստամբուլում. արդեն քաղաքական հալածանքների էի ենթարկվում: Երբ փոքր էի, Ստամբուլից եկող բացիկների պատասխաններն ինձ էին գրել տալիս: Հորեղբորս տան հասցեն անգիր գիտեի: Հարցնելով գտա Գումգաբուի նրանց տունը. պատահած մարդկանց հարցրի, պարզվեց՝ հարևաններ են, ձայնեցին, կանչեցին: Եվ Հուրին, այդպես էր հորեղբորս կնոջ անունը, բացեց տան դուռն իմ առջև: Արդեն տարիքն առած կին էր: Հայրս մեծ հարգանք ուներ այդ կնոջ հանդեպ: Ի տարբերություն ուրիշ ընտանիքների, որ հայ լինելու հանգամանքը պետական գաղտնիքի պես էին պահում, հայրս ասում էր. «Այդ կինը հայ է, մենք պետք է սիրենք-հարգենք նրան»: Այսինքն՝ դեռ մանկուց հայի հանդեպ բարի վերաբերմունք կար իմ մեջ: Ամենայն հավանականությամբ՝ Հուրին որբ երեխա էր եղել և ապրել կարողանալու համար իսլամացել էր: Նա այդ մասին երբեք չէր խոսել: Իսկ երբ հանդիպեցինք, ասաց, որ ինքը կանոնավոր հաճախում է հայկական եկեղեցի: Երանի այն ժամանակ հարցնեի նրան. «Ինչու՞ անունդ, կրոնդ փոխեցիր»: Ինչևէ, կարևորն այն էր, որ մանկուց քրիստոնյա հայ ազգականուհի ունեինք, և դա մեր ներաշխարհում խոր տպավորված էր: Սա է հայկական հարցին առնչվելու իմ անձնական դրդապատճառը: Հիմա քաղաքական կողմի մասին: Ինչպես գիտեք, 1970-1980 թթ. ԱՍԱԼԱ-ն սկսեց զինյալ քարոզչությունը: Թուրքիայում կատարված գործողությունը մեծ ցնցում էր բոլորի համար: Ազգայնամոլության ալիք բարձրացավ: Նույնիսկ ձախակողմյան դեմոկրատ լինելով՝ խնդրին անտեղյակ էի: 1980 թ. հուլիսին կազմակերպությունը, որի անդամ էի, հրավիրեց համագումար, և ես, որպես երիտասարդական բաժնի ներկայացուցիչ, մասնակցեցի համագումարին: Մասնակցում էր նաև Գերմանիայից եկած մի ասորի: Հենց նա էլ մեզ ներկայացրեց Հայոց ցեղասպանության թեման, ասելով, որ ասորիներն էլ են տուժել այդ ժամանակ: Դրանից հետո մեր կազմակերպությունը բարձրաձայնեց Հայոց ցեղասպանության հարցը՝ կատարվածը համարելով մեծ սխալ: Այսպիսով, 1980 թ. հուլիսին ձախակողմյան մեր ֆրակցիան տեղեկացավ կատարվածին: Սկսեցի հետաքրքրվել այդ ուղղությամբ, նաև գրքեր կարդալ, ինչ ձեռքս ընկներ՝ մինչև որ Ռագըբ Զարաքոլուի գրքերը տպագրվեցին: 1984 թ. մեկնելով Գերմանիա՝ սկսեցի ուսումնասիրել տեղի արխիվները:
Մեր ընկեր հետազոտող գրող Ռեջեբ Մարաշլըն ուսումնասիրությունների հիման վրա գիրք է տպագրել այն մասին, թե Թուրքիայում ձախակողմյան շարժումը երբ և ինչպես սկսեց հետաքրքրվել 1915 թվականով: Իմ պատմած փաստն այնտեղ կա:
Առաջին անգամ 2009 թ. մի քանի դասախոսությամբ հանդես եկա ապրիլի 24-ի օրը: Հրավիրել էինք Ռեջեբ Մարաշլըին և Համբուրգ քաղաքից մի ընկերոջ, որն առաջին անգամ թուրքերեն Հայոց ցեղասպանության մասին գիրք գրած Դողան Աքանլըի հետ բանտ է նստել: Այն ժամանակ մի ասորի ընկեր կար: 2009-ից սկսյալ՝ մենք տարվա մեջ մի քանի անգամ Հայոց ցեղասպանության կամ հայերի մասին դասախոսություններով հանդես էինք գալիս, հանդիպումներ կազմակերպում: Անցյալ շաբաթ, օրինակ, նախքան Երևան գալը, Համբուրգի մեր կազմակերպության ընկերների հետ Հրանտ Դինքին նվիրված միջոցառում կազմակերպեցինք, որին մասնակցեցին Համբուրգի քաղաքապետի տեղակալը, «Ակօսի» նախկին խմբագիր Արիս Նալջընը, որը հալածանքներից խույս է տվել և ապրում է Բելգիայում, միջազգային «Ամնիստի ինտերնացիոնալ» կազմակերպության անունից Գերմանիայի Բունդեսթագի նախկին պատգամավորուհի:
Հիմա մի հարց Ձեր փոխարեն կտայի ինձ՝ ինչու՞ ենք կազմակերպում այս հանդիպումները, ի՞նչ նպատակով: Պատասխանեմ. տասը տարի առաջ իմ տուն հյուր էր եկել իմ շատ սիրելի թուրք ընկերը: Զրույցի ընթացքում այդ սիրելի ընկերս հանկարծ ասաց. «Այս հայերի ցեղասպանության ճանաչումն իրականում Թուրքիայից փող պոկելու պատրվակ է»: Եվ մեր զրույցը վերածվեց սուր վեճի: Ես նրան ասացի. «Դեռ Թուրքիան պաշտոնապես չի ընդունել ցեղասպանությունը, դու արդեն պահանջ ունենալ-չունենալու հարց ես քննարկում: Դու ձախակողմյան չե՞ս, ինչու՞ է քեզ հետաքրքրում, թե հայերն ի՛նչ կպահանջեն: Եթե իմ ամենամոտ ընկերն է այդպես մտածում, ուրեմն ես գործ ունեմ անելու»: 2009-ից սկսեցի աշխատանք տանել՝ թուրքերին այդ խնդիրը լուսաբանելու համար: Դուդուկահար Սուրեն Ասատրյանը երկու անգամ մասնակցել է իմ կազմակերպած միջոցառումներին: Դուդուկը նույնպես միջոց է պատմությունը մարդկանց սրտերին հասցնելու:
-Ի՞նչ է Ձեր մտերիմ ընկերոջ անունը, որի հետ վիճեցիք:
-Անունը չեմ հնչեցնի: Նա Գերմանիայի ձախ կուսակցության անդամ է, կուսակցության շրջանային պատգամավոր, քաղաքապետարանի արվեստի և մշակույթի հանձնաժողովի անդամ:
-Ձեր ո՞րերորդ այցն է Հայաստան:
-Չորրորդ: Առաջին անգամ, ինչպես շատերը, եկա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, այնուհետև՝ 2016-ին: Ամեն տարի մայիսին եմ գալիս, որովհետև ուսուցիչ եմ և ապրիլի 24-ին արձակուրդային օր չունեմ: Արդեն 26 տարի է, որ դասավանդում եմ:
-Ի՞նչ է Ձեզ համար հայկականը: Ի՞նչ զգացողություններ եք ունենում Հայաստանում:
-Եթե անկեղծ՝ աշխարհում ինձ ամենից լավ զգում եմ Հայաստանում: 2016 թ. Երևանում քունս չէր տանում: Առավոտյան ժամը հինգն անց երեսունին ինձ գցեցի դուրս, սկսեցի շրջել դատարկ փողոցներում և... որևէ տարօրինակ բանի չհանդիպեցի: Ակամա միտք ծագեց. ես՝ թուրք, քայլում եմ հայկական փողոցում, ճակատիս գրած հո չէ, որ անկախ դեմոկրատ եմ, և ինձ չեն անհանգստացնում, չեն սպառնում, մի բան, որ Գերմանիայի և Թուրքիայի համար չեմ կարող ասել: Եվրոպայում էլ խնդիր կա, Ամերիկայում՝ նույնպես: Որպես թուրք՝ ես Հայաստանն ինձ համար համարում եմ ամենաապահով երկիրը: Եվ հույս ունեմ, որ այդպես էլ կմնա:
ՈՒրիշ բան էլ պիտի ասեմ, որ ինձ հմայել է. Երևանի նախագիծը շատ հետաքրքիր է, կանաչը շատ է, որ Եվրոպայում արդեն կորչում է: Երևանը արվեստի, մշակույթի քաղաք է, մշակույթը, չեմ վարանի ասել, աչքի է զարնում ամենուր: Երևանը լցված է արվեստի շնչով: Չորս տարի է, որ գալիս եմ Հայաստան և մեծ փոփոխություն եմ զգում իմ ջղերի, իմ մտքի վրա: Առաջ լարված էի:
-Ի՞նչ կավելացնեիք մեր զրույցի ավարտին:
-Հրանտ Դինքն ասում էր. «Հայը թուրքի բժիշկն է, թուրքը՝ հայի բժիշկը»: Եվ միայն առերեսումը կհանգստացնի՝ Թուրքիայի առերեսումը: Պիտի ընդունենք, որ հիվանդ ենք. հայը թուրքի բժիշկը պիտի լինի, թուրքը՝ հայի:

Զրուցեց Ասպրամ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ

Դիտվել է՝ 7793

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ