Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Սիրիայում և Իրաքում խաղաղության բանալին քրդերի և շիաների գործակցությունն է

Սիրիայում և Իրաքում խաղաղության բանալին քրդերի և շիաների գործակցությունն է
20.03.2018 | 00:47

Իրադրությունն ստիպում է վերստին անդրադառնալ Հյուսիսային Սիրիայում՝ Աֆրինի շուրջ տեղի ունեցող, ուրեմն՝ Քրդական հարցին վերաբերող իրադրությանը: Եթե որևէ մեկը ուշադրությամբ լսեր փետրվարի վերջին օրերին թուրքերի ու «սիրիական չափավոր ընդդիմության» խուճապային ճղճղոցը, կարող էր ակնբախորեն համոզվել, որ «Վախի աչքերը մեծ են» ասացվածքը ճիշտ է: Թուրքիայի և նրա խնամարկյալների՝ տխրահռչակ «սիրիական ազատ բանակի» (ՍԱԲ) կազմի մեջ մտնող թուրքմենների աչքին ամենուրեք երևում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Կոդս» հատուկ նշանակության ջոկատի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Քասեմ Սոլեյմանին: Ճիշտ է, Թուրքիայի պաշտոնական անձինք, սկսած արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուից, զգուշանում էին առհասարակ Իրանի և մասնավորապես ԻՀՊԿ-ի այդ գեներալի անունը տալուց: Անկարան սոսկ «մեկնաբանում» և տարածում էր Սիրիայի և Սիրիական ժողովրդական ուժերի հասցեին հնչող սպառնալիքները (այդ ուժերի կազմավորումները, չնայած Թուրքիայից հնչող բիրտ բղավոցներին և ակնարկներին, այնուամենայնիվ, եկել են Աֆրին, ընդ որում` ոչ միայն տարածաշրջան, այլև հենց համանուն քաղաքավան, թեև թուրքերն ու նրանց խամաճիկները առայժմ շարունակում են պնդել, թե, իբր, իրենց գնդակոծությունները «սիրիական ուժերին ստիպել են նահանջել 10 կիլոմետր»: Սակայն համացանցային կայքերում քիչ չեն տեսանյութերը, որոնցում երևում է, որ աշխարհազորայինները հենց քաղաքում են, հենց կենտրոնական հրապարակում և սիրիական պետական դրոշի ներքո: Խուճապային տրամադրությունների գագաթնակետը փետրվարի 20-ին էր, ըստ էության այն բանից մեկ-երկու ժամ առաջ, երբ սիրիական ժողովրդական ուժերի ջոկատները ակնբախորեն ցույց տվեցին, որ իրենք Աֆրինում են: Անկարայից լսվում էր, որ դա «իրատեսական չէ» (փոխվարչապետ Բեքիր Բոզդաղ), և որ «դա քարոզչություն է» (Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալըն):


Պարզվեց, քարոզչություն չէ. փետրվարի 21-ի առավոտից, ինչպես հաղորդեց բրիտանական Reuters գործակալությունը, «շիական աշխարհազորայինների զորասյունը Զահրա քաղաքի շրջանում անցավ անցակետով և ուղղություն վերցրեց դեպի Աֆրինի վարչական կենտրոն՝ այնուհետև ռազմաճակատի տարբեր մասերում տեղաբաշխվելու համար»: Հայտնի դարձավ, որ փետրվարի 20-ին Աֆրին հասած աշխարհազորայինների առաջին խմբի առնվազն մի մասը տեղակայվել է առավել դժվարին ուղղությունում՝ Ջինդերես քաղաքավանի մատույցներում (Աֆրինի ռազմաճակատի հարավ-արևմտյան տեղամաս): Հենց այստեղ էին մեկ-երկու օր շարունակ առավել ակտիվ մարտական գործողություններն ընթանում, որովհետև թուրքերն ու ՍԱԲ-ի զինյալները ձգտում էին անպայման գրավել Ջինդերեսը, հուսալով, երևի, «օղակի» մեջ առնել Աֆրինը: Reuters-ը հաղորդել է նաև. «Սիրիական զինվորական հրամանատարության հետ ձեռք բերված համաձայնության շրջանակներում քրդերը խոստացել էին նաև փոխանցել Հալեպ քաղաքի՝ իրենց հսկողության տակ գտնվող շրջանները: Ենթադրաբար, իշխանություններին կհանձնվեն Բուստան ալ-Բաշայի, Ալ-Խալկի, Բայդենի, Հայդարիայի և Այն ալ-Աբյադի շրջանները: Քրդերի հսկողության տակ կմնա միայն Հալեպի հյուսիսային Շեյխ Մաքսուդի խոշոր շրջանը»: Եվ դա համապատասխանում է Reuters-ի փետրվարի 20-ին տարածված հաղորդագրությանը. «Զինված կազմավորումները Հալեպից եկել են Աֆրին: Պաշտոնական Դամասկոսը առայժմ չի մեկնաբանել կատարվածը»: Երկու դեպքում էլ բրիտանական գործակալությունը վկայակոչում է «շիական «Հըզբոլլահ» կուսակցության աղբյուրները: Ենթադրում ենք, որ խոսքը լիբանանյան «Հըզբոլլահի» մասին է. հիմա նման վերապահությունն անհրաժեշտ է, որովհետև փետրվարի 14-ին հայտնի էր դարձել, որ գոյություն ունեն և գործում են «Հըզբոլլահի» իրաքյան ինչ-որ բրիգադներ, որոնց ներկայացուցիչ Մոհամմադ Մոհին մերկացրել է Իրաքում ամերիկյան ռազմաբազաների ճիշտ քանակը թաքցնելու և տարածաշրջանում ԱՄՆ-ի նոր բազաներ ստեղծելու ԱՄՆ-ի պլանները: Այսինքն, տարածաշրջանում կա արդեն երկու «Հըզբոլլահ» կուսակցություն, առնվազն՝ Լիբանանում և Իրաքում:


Թե ինչու են Թուրքիան և թուրքամետ «սիրիական ընդդիմությունը» վախեցած իրանցի գեներալ-մայոր Քասեմ Սոլեյմանիի՝ «օդում պտտվող» անունից, պարզ է դառնում ոմն Մուհաննա Ջաֆալայի խոսքից, որը հորջորջվում է վերոհիշյալ ՍԱԲ-ի կազմի մեջ մտնող «Աբու Ամարա» գումարտակի հրամանատար: Իսլամական զինյալների այս հրամանատարը պատմել է, որ Իրանի աջակցությունը վայելող ասադյան աշխարհազորների փաստացի նպատակն է հասնել շիական Ֆուա և Քֆարիա քաղաքներ` փետրվարի 22-ին հաղորդել է թուրքական «Yeni Safak» լրատվական գործակալությունը: Ջաֆալայի խոսքով, իբր Իրանի կողմից գլխավորվող, Ասադի հետ մեկտեղ Իրանի աջակցությունը վայելող զինյալներից բաղկացած պահակախումբը կազմակերպել է իրանցի գեներալ Քասեմ Սոլեյմանին: Շիական Ֆուա և Քֆարիա քաղաքները նույնպես Աֆրինի շրջանի տարածքում են, նրանք «գտնվում են քառամյա պաշարման մեջ», շարունակում է Ջաֆալան և բաց է անում Անկարայի խուճապային տրամադրության «տուփի բերանը». պարզվում է, որ աֆրինցի շիաները պաշտպանվում են վահաբականներից ու «ընդդիմությունից», «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և Սիրիայի «Ժողովրդավարական միություն» կուսակցության մեջ մտնող ահաբեկիչներին որպես վահան օգտագործելով ասադյան «Շաբիհա» (ալավիական ժողովրդական միլիցիա) ստորաբաժանումների համար: Աֆրինի պահակախումբը բաղկացած է ասադամետ շիականների խմբերից, ինչպիսիք են «Ալ-Նուջաբան», «Լիվա ալ-Քուդսը» և «Լիվա Մոհամմադ Բաքիրը», հայտարարել է Ջաֆալան, իսկ պահակախմբի ղեկավարը «Շաբիհա» ստորաբաժանման հրամանատար Խալեդ Հասան Ալուշն է (ալավի), հաղորդումը եզրափակում է «Yeni Safak» գործակալությունը:


«Ընդդիմության» զինյալների թուրքամետ հրամանատարը թույլ է տվել առնվազն երկու-երեք կոպտագույն սխալ՝ թուրքական գործակալությանը տեղեկություն հրամցնելով այն մասին, թե հատկապես որ ստորաբաժանումներն են առաջինը մտել Աֆրին և զբաղեցրել իրենց հատկացված դիրքերը: Նա, նախ, բացարձակապես «մոռացել է» որևէ բան ասել Աֆրինի քրդերի, մասնավորապես քրդական ժողովրդական ինքնապաշտպանության (YPG) ջոկատների մասին, որոնք ավելի վաղ իրենք էլ էին հերքում Սիրիայի տարածքների հանձնումը: Բայց չէ՞ որ Աֆրինում YPG-ի ներկայացուցիչ Ռեյզան Հեյդուն էր հենց, որ փետրվարի 20-ին քրդերից առաջինը «Ռիա նովոստի» գործակալությանը հավաստեց. «Էրդողանը վատ ճանապարհային ոստիկան դուրս եկավ, հայտարարելով, թե ինքը կասեցրել է սիրիական ուժերի ընթացքը, որոնք շարժվում էին դեպի Աֆրին: Այդ խոսքերը ճիշտ չեն. ուժերն արդեն Աֆրինում են»: Ճիշտ է, փետրվարի 22-ին թե՛ ռուսական, թե՛ բրիտանական աղբյուրները նշում էին, որ «առայժմ աշխարհազորայինների ժամանումը որևէ կերպ չի ազդել տարածաշրջանում տիրող ընդհանուր իրադրության վրա, թեև կառավարամետ աղբյուրները հաղորդում են, այսպես կոչված, «Սիրիական ազատ բանակի» թուրքամետ զինյալների ակտիվության թուլացման և թուրքական անօդաչու հետախուզական սարքերի թռիչքների թվի ավելացման մասին»: Այսպիսով, քուրդ հրամանատարներն անուղղակիորեն խոստովանել են, թե վերջապես հասկացել են, որ Աֆրինում խոսքը ոչ միայն քրդերի, այլև Ֆուա և Քֆարիա քաղաքների շիաների փրկության մասին է: Ջաֆալան փաստորեն «քաշել է» Թուրքիային, խոստովանելով, որ ամեն ինչ այդպես է, որ կա, միաժամանակ թույլ տալով երկրորդ սխալը. չի մոռացել կամ չգիտե, որ Սիրիայում ուղղակի չեն կարող լինել ոչ ասադամետ շիաներ և ալավիներ: Եվ դրանում մեղավոր են իրենք՝ «սիրիական ընդդիմությունն» ու նույն Թուրքիան, որոնք համարյա ութ տարի շատախոսում են բացառապես ժողովրդավարության և այլնի մասին, լիովին անտեսելով այն փաստը, որ Սիրիայում, ինչպես և Մերձավոր Արևելքի շատ երկրներում, արդեն մի քանի տասնամյակ մեծանում է շիական համայնքների թիվը:
Մուհաննա Ջաֆալայի երրորդ սխալն այն է, որ նա, խնամակալների թելադրանքով, առանց ապացույցներ ներկայացնելու, «Quawat ad-Difa al-Watani»-ի պահակախմբի անցումը Աֆրին կապում է իրանական «Կոդս» հատուկ նշանակության ջոկատի, մասնավորապես գեներալ-մայոր Սոլեյմանիի հետ: Բայց միաժամանակ մատնանշում է (և դա, կարելի է ասել, առաջին անգամ), որ պահակախմբի ղեկավարն է ոչ պակաս հայտնի (նաև իսլամականների հանդեպ անհանդուրժողականությամբ) ալավի հրամանատար Խալեդ Հասան Ալուշը: Եվ թվարկված շիական միլիցիաների մեջ չկա ոչ մի ոչ սիրիական: Այսինքն, անգամ Թուրքիայում ալավիները, իսկ նրանք բնակվում են Սիրիայի հետ սահմանի հենց մյուս կողմում, տեսնում են, որ բացահայտ «իրանական հետք» չկա: Մյուս կողմից, Մուհաննա Ջաֆալայի վկայություններն օգտակար են ու բովանդակալից. պարզվում է Ֆուա և Քֆարիա փոքր քաղաքները պաշտպանելիս տեղաբնակ սիրիացի շիաները չորս տարի սերտորեն համագործակցում են PYD-ի ջոկատների շարքերում գտնվող սիրիացի քրդերի և անգամ Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) փեշմերգայի ջոկատներում գտնվող «թուրքական» քրդերի հետ:


Մի քանի խոսք այն մասին, թե ինչ են «Quawat ad-Difa al-Watani»-ի ուժերը: 2013 թ. սկզբներին Սիրիայի նախագահը քայլեր ձեռնարկեց հարյուրավոր աշխարհազորայինների միավորման ուղղությամբ: Նորաստեղծ կազմավորումն ստացավ «Quawat ad-Difa al-Watani» անվանումը: Այդ կազմակերպության աշխարհազորայինները, ի տարբերություն ալավիների «Շաբիհա» ուժերի, աշխատավարձ ու ռազմական տեխնիկա են ստանում կառավարությունից: Ընդ որում` Իրանը շատ քիչ ավանդ է ներդրել այդ կազմակերպության ստեղծման գործում: Սկզբում այդ կազմակերպությանը հարում էին երիտասարդ և գործազուրկ տղամարդիկ: Նորակոչիկներից շատերը միանում էին խմբին, որովհետև նրանց ընտանիքների անդամները սպանվել էին զինյալների կողմից կամ իսլամական ահաբեկիչներին ոչնչացնելու համար, որոնք դաժանորեն շահագործում, խոշտանգում ու սպանում էին ոչ մուսուլմաններին, և զարմանալի չէ, որ, բացի շիաներից, կազմակերպությանն անդամագրվում էին քրիստոնյաների (այդ թվում` հայերի) ու դրուզների աշխարհազորեր: Աշխարհազորի մեջ էին մտնում գրեթե բոլոր տղամարդիկ այն գյուղերից, որոնք առավելապես բնակեցված էին ալավիներով: Նույնիսկ թուրք և արևմտյան դիտորդներն էին ընդունում, որ «Quawat ad-Difa al-Watani»-ի ստորաբաժանումները մեծ ժողովրդականություն են վայելում նաև Սիրիայում, որովհետև «գործում են իրենց տեղերում», այսինքն, առավելապես իրենց մշտական բնակության վայրերում: 2016 թ. փետրվարի տվյալներով, «Quawat ad-Difa al-Watani»-ի մեջ մտնող ռազմականացված տարբեր կազմակերպությունների աշխարհազորայինների ընդհանուր թվաքանակը հասնում էր 150000-ի: Աշխարհազորն ունի կանանց թև՝ «Ազգային պաշտպանության առյուծներ» անվանումով, բաղկացած է 500 կանանցից, որոնք աշխատում են անցակետերում: Նրանք հիմնականում գտնվում են Հոմսի շրջաններում: Կանայք ազատորեն տիրապետում են Կալաշնիկովի ավտոմատին, խոշոր տրամաչափի գնդացրին ու նռնակին:


Ընդհանուր առմամբ հայտնի է «Quawat ad-Difa al-Watani»-ի մեջ մտնող առնվազն 17-20 զինված կազմավորում: Օրինակ, «Եփրատի բազեներ» խումբը զինված ստորաբաժանում է, ստեղծված 2017 թ. սեդվինական (սուննիներ) «Շայթատ» ցեղի ներկայացուցիչներից, որոնք ապրում են Հոմսի և Դեյր-էզ-Զորի նահանգներում, «Երուսաղեմյան բրիգադ» զինված կազմավորման մարտիկները պաղեստինցի փախստականների «Նայրաբ» (Հալեպի նահանգ) ճամբարից են, «Փոթորկի բազեները» սիրիական սոցիալ-ազգայնական կուսակցության (ՍՄԱԿ) անդամների զինված կազմավորումներն են, հիմնականում սիրիացի քրիստոնյաներ, «Մոլեգին ուժերը» կամ այլ կերպ՝ «Քրիստոսի զինվորները», Համայի նահանգում ապրող սիրիացի քրիստոնյաների՝ 2013 թ. ստեղծված զինված ստորաբաժանումն է, «Լուսաբացի պահապանները» սիրիացի քրիստոնյաների տարբեր աշխարհազորերի 2015 թ. ստեղծված կոալիցիան է, «Կունեյտրայի բազեներ» բրիգադը դրուզների ու սուննիների՝ Կունեյտրայի նահանգի տեղաբնիկների զինված կազմավորումն է, «Միաստվածության կողմնակիցների բանակը» Սուվեյդայի նահանգի դրուզների կողմից 2013 թ. ստեղծված զինված կազմավորում է, «Հայրենիքի վահանը» Սուվեյդայի նահանգում 2015 թ. դրուզների ստեղծած զինված կազմավորում է, «Լեռնային առյուծները» Սուվեյդայի նահանգի դրուզական համայնքի կանանց զինված կազմավորում է, «Գոզարտոյի պաշտպանության ուժերը» Էլ-Ղամըշլիում ու Էլ-Հասեկեում բազավորված և առավելապես տեղացի քրիստոնյա ասորիներից, Սիրիայի քրիստոնյա արամեական բնակչությունից և հայ համայնքի ներկայացուցիչներից բաղկացած տարածաշրջանային աշխարհազորի ջոկատներն են, և այսպես շարունակ։


Եթե նկատի ունենանք, որ պատերազմի տարիներին Սիրիայի կանոնավոր բանակի թվակազմը գրեթե կիսով չափ նվազել է և այժմ, մոտավոր հաշվարկներով, 130-140 հազարից չի անցնում, ապա պետք է խոստովանել, որ «Quawat ad-Difa al-Watani» աշխարհազորի ռազմականացված կազմավորումները, ըստ էության, պարզապես համալրում են սիրիական բանակի կազմը, քանի որ պատերազմի պայմաններում պաշտոնական զորակոչ, փաստորեն, չի անցկացվում: Իհարկե, ԱՄՆ-ն Իրանին բազմիցս մեղադրել է իրանական «Բասիջ» միլիցիայի օրինակով աշխարհազոր ստեղծելու հարցում Սիրիային օգնություն ցուցաբերելու համար, ինչը, երևի, ամերիկացիները վերագրել են հենց «Quawat ad-Difa al-Watani»-ին: Այո, պարբերաբար հաղորդվում էր, թե սիրիական այդ աշխարհազորի որոշ անդամներ մեկնել են Իրան ուսանելու: Սակայն նույն ԱՄՆ-ին, Թուրքիային, «սիրիական ընդդիմությանը» սպառնացող «Quawat ad-Difa al-Watani»-ի գլխավոր վտանգն այն է, որ հենց այդ կազմակերպության մարտիկներն են ակնբախորեն ապացուցում, որ դա հիրավի Սիրիայի ժողովուրդն է, քանի որ «Quawat ad-Difa al-Watani»-ի մեջ մտնող աշխարհազորերի շարքում միավորված են Սիրիայի բոլոր ազգային ու կրոնական համայնքները, այդ թվում` սուննիներ, որոնց իբր «ոտնահարված իրավունքների» օգտին հանդես էին գալիս Արևմուտքը, Թուրքիան, Սաուդյան Արաբիան և այլն: Բացի այդ, Թուրքիային և «սիրիական ընդդիմությանը» առանձնապես վախեցնում է, բացի շիաներից ու ալավիներից, նաև քրիստոնյա աշխարհազորայինների Աֆրին մտնելու հեռանկարը. զուր չէ, որ 2014-17 թթ. Հալեպում ընթացող մարտերի կապակցությամբ սիրիական և միջազգային լրատվամիջոցները բազմիցս նշում էին, թե «այնտեղ, ուր իսլամիստներին դիմակայել են քրիստոնյաները, ահաբեկիչները չեն կարողացել առաջ շարժվել»:

(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3622

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ