Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը մեր կոմպոզիտորական դպրոցի յուրահատուկ խտացում է

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը մեր կոմպոզիտորական դպրոցի յուրահատուկ խտացում է
20.03.2018 | 00:57

Երևանի երաժշտասեր աշխարհը 20-րդ դարի հայ անվանի կոմպոզիտոր Գրիգոր Եղիազարյանին նվիրված Հայ կոմպոզիտորական արվեստի 9-րդ փառատոնի շրջանակներում մի քանի օր վայելում էր հայ կոմպոզիտորական արվեստի մի քանի սերունդների ստեղծագործությունները։ Փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։


Նվագախմբի և փառատոնի գեղարվեստական մասի պատասխանատու ՍԱՐԳԻՍ ԲԱԼԲԱԲՅԱՆԸ տեղեկացրեց, որ փառատոնը յուրաքանչյուր տարի նվիրվում է մեր կոմպոզիտորական դպրոցի երախտավորներից մեկին, որի հոբելյանը նշվում է այդ տարի։ Մասնավորապես, 2018 թ. լրանում է Գրիգոր Եղիազարյանի 110-ամյակը։ Փառատոնային համերգների ընթացքում որպես կանոն, հնչեցվում են ինչպես տվյալ կոմպոզիտորի ստեղծագործությունները, այնպես էլ պրոպագանդվում է մեր դասական և ժամանակակից ստեղծագործողների արվեստը։ Փառատոնի ծրագիրը, քննարկումներից հետո, առաջարկում և հաստատում է գեղարվեստական խորհուրդը։


Սարգիս Բալբաբյանը նկատում է, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ամբողջ տարվա համերգային ծրագրերում հնչեցնում է մեր կոմպոզիտորների ստեղծագործությունները, իսկ փառատոնը հայ կոմպոզիտորական արվեստի յուրահատուկ խտացում է, որի շրջանակներում կատարվում է կարևորագույն մի աշխատանք. թվայնացվում են այն ստեղծագործությունների նոտաները, որոնք գտնվում են ձեռագիր վիճակում։ Շատ դեպքերում մեծ դժվարությամբ են կարողանում գտնել նոտաները, քանի որ արխիվները ցիրուցան են, անհայտ վայրերում։ Փառատոնի առաքելությունն է պահպանել մեր կոմպոզիտորական ժառանգությունը։ Այժմ նվագախմբի թվային գրադարանում պահպանվում են հայ կոմպոզիտորների 60-ից ավելի մեծակտավ ստեղծագործությունների նվագաբաժիններ, որոնք անհրաժեշտության դեպքում տրամադրվում են արտասահմանյան նվագախմբերին՝ իրենց երկացանկում ընդգրկելու համար: Բանն այն է, որ նվագախումբը հաճախ է ստանում եվրոպական նվագախմբերից խնդրանքներ՝ տրամադրել հայ կոմպոզիտորների այս կամ այն ստեղծագործության նվագաբաժինները՝ իրենց երկրներում հնչեցնելու համար: Սակայն այդ նվագախմբերը, իմանալով, որ նվագաբաժինները ձեռագիր են, հրաժարվում են կատարելուց այդ ստեղծագործությունները, և հայ կոմպոզիտորների շատ ստեղծագործություններ անհասանելի են դառնում արտասահմանյան նվագախմբերի համար:
Մեր զրուցակիցը նշում է, որ 20-րդ դարի շատ կոմպոզիտորների արխիվներ կամ չկան, կամ էլ ձեռագիր վիճակում են և պահպանվում են հիմնականում Եղիշե Չարենցի թանգարան-ինստիտուտում։ ՈՒնենք մեծ ժառանգություն, և անհրաժեշտ են մեծ ֆինանսական միջոցներ թվայնացման համար։ Շատ դեպքերում կան ստեղծագործությունների ձեռագրերը, սակայն դրանք չեն կատարվում, քանի որ չկան նվագաբաժինները կամ էլ շատ հաճախ այդ նվագաբաժինները խունացած են, մաշված կամ էլ կիսատ, ինչն էլ անհնար է դարձնում սիմֆոնիկ ստեղծագործությունների հնչեցումը: 20-րդ դարի հայ դասական կոմպոզիտորների սիմֆոնիկ ստեղծագործությունների մեծ մասը գտնվում է այս վիճակում:


«Գրիգոր Եղիազարյան ֆեստի» շրջանակներում համերգների ընթացքում ներկայացվել են կամերային ստեղծագործությունները, վերջինիս ավագ սերնդի կոմպոզիտոր-սաների ստեղծագործությունները, սփյուռքում ծնված և ստեղծագործող կոմպոզիտորների կամերային գործերը։ Դրանց մեջ կային այնպիսիք, որոնք ուղղակի չէին կատարվել մի քանի տասնամյակ՝ նոտաների ձեռագիր լինելու պատճառով:
Սարգիս Բալբաբյանն ընդգծում է, որ Գրիգոր Եղիազարյանն առաջին հերթին սիմֆոնիկ ժանրի ստեղծագործող է։ Մեր զրուցակիցը ցավով նշում է, որ շուրջ մեկ տարի փնտրելուց հետո Գրիգոր Եղիազարյանի շատ քիչ ձեռագրեր են հայտնաբերվել։ Այս պահին ընթացքի մեջ են նրա «Հրազդան» սիմֆոնիայի և «Հայաստան» սիմֆոնիկ պոեմի թվայնացման և վերականգնման աշխատանքները։ Թվայնացման ընթացքում առաջ են գալիս մի շարք հարցեր և խնդիրներ, որոնք մասնագիտական լուծման կարիք ունեն: Այդ պատճառով էլ թվայնացման և վերականգնման աշխատանքները բավական երկար են տևում: Թվայնացման ընթացքում իրականացվում են նաև պարտիտուրների և ձեռագրերի որոշակի մասնագիտական ճշգրտումներ, քանի որ զուտ պարտիտուրի մուտքագրումից բացի, անհրաժեշտ է լինում համեմատել այն կոմպոզիտորի ձեռագրի, պահպանված ձայնագրությունների հետ, ինչպես նաև համեմատություններ իրականացնել առկա ձեռագիր պարտիտուրների տարբերակների միջև, խորհրդակցել մասնագետների և երաժշտագետների հետ:


Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի ընթացքում հանդես են գալիս ինչպես կայացած, անվանի երաժիշտներ, այնպես էլ երիտասարդ և ավելի կրտսեր սերնդի կատարողներ։ Կազմակերպիչները կարևորում են այն հանգամանքը, որ պատանի շնորհաշատ երաժիշտների երկացանկում անպայման ընդգրկվեն հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, և նրանք հետագայում դրանք պրոպագանդեն արտասահմանում համերգների և միջազգային մրցույթների ընթացքում։
Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը ստեղծման օրից՝ 2010 թվականից, անցկացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո և մշակույթի նախարարության հովանավորությամբ։ Սա վկայությունն է այն բանի, որ պետությունը կարևորում է մեր դասական արվեստը, մեր երաժշտական ժառանգության պահպանումն ու հանրահռչակումը։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 4294

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ