Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արցախի նախագահին պետք է հրավիրել Մոսկվա

Արցախի նախագահին պետք է հրավիրել Մոսկվա
21.03.2018 | 10:38

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի աշխատանքային այցը ԱՄՆ քաղաքական մեծ աղմուկ հարուցեց Բաքվում: Նախ և առաջ այն պատճառով, որ Բակո Սահակյանը ներկայանում էր իբրև պետության ղեկավար, թեկուզև ԱՄՆ-ը չի ճանաչել Արցախը: Նրա հանդիպումների ու բանակցությունների մակարդակը Կոնգրեսում օրենսդիրների, ուղեղային կենտրոնների ղեկավարների հետ, որի ընթացքում տարածաշրջանի իրավիճակի ու Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի հեռանկարների վերաբերյալ տեսակետներ էին փոխանակվում, վկայում է, որ դեֆակտո այցն ուներ պաշտոնականի կարգավիճակ: Առավել ևս, որ Սահակյանը հատուկ ուշադրություն էր դարձնում Արցախի Հանրապետության ու ԱՄՆ-ի փոխհարաբերությունների զարգացմանը: Հաշվի առնելով, որ Կոնգրեսը լուրջ ազդեցություն ու սահմանադրական լայն լիազորություններ ունի, կարող է ճնշում գործադրել գործադիր իշխանության վրա և ակտիվորեն մասնակցել արտաքին քաղաքականությանը, Բաքվում լրջորեն նյարդայնացած են: Իհարկե, ԱՄՆ պետքարտուղարությունը կարող էր Սահակյանին երկիր մտնելու իրավունք չտալ, բայց կամ չցանկացավ, կամ չկարողացավ: Արցախի նախագահի այցից մեկ օր առաջ ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան հրավիրվեց Ադրբեջանի ԱԳՆ և նրան բողոքի նոտա հանձնեցին:

Այդպես էր և նախկինում, երբ Բաքուն Վաշինգտոնին իր բողոքն էր արտահայտում ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության աշխատանքի վերաբերյալ, երբ ԱՄՆ-ը ֆինանսական օժանդակություն էր հատկացնում Արցախին` շրջանցելով Ադրբեջանը, երբ Արցախի Հանրապետություն էին մեկնում ԱՄՆ կոնգրեսականները, քաղաքական գործիչները, լրագրողները: Այդ բողոքները միշտ անտեսվում էին: Այդ պատճառով` Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ՄԽ նախկին համանախագահ Մեթյու Բրայզան խորամանկում է, երբ հայտարարում է, որ ԱՄՆ կառավարությունը Սահակյանի այցը դիտարկում է մասնավոր և դա «չպետք է որևէ ազդեցություն ունենա Բաքվի ու Վաշինգտոնի ռազմավարական հարաբերությունների վրա»: Պատահական չէ, որ Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Բահար Մուրադովան հայտարարեց. «Մենք տեսնում ենք ԱՄՆ վերաբերմունքը այլ երկրներին այդպիսի հարցերում, սակայն Ադրբեջանի վերաբերմամբ տեսնում ենք միանգամայն հակառակ վերաբերմունք»: Թարգմանաբար դա նշանակում է ամերիկյան ուղղությամբ ադրբեջանական դիվանագիտության լիակատար ձախողում և վկայում է, որ ԱՄՆ-ը, լինելով Մինսկի խմբի համանախագահ, իր գնահատականներն ու տեսակետներն ունի Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի պատճառների ու բնույթի, կարգավորման հեռանկարների վերաբերյալ: Այդ տրամադրություններն արտահայտվեցին և Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի The National Interest-ում տպագրված հոդվածում: Էվանսը գրում էր. «Ժամանակն է, որ միջազգային հանրությունը ողջունի Լեռնային Ղարաբաղին ժողովուրդների ընտանիքում»: Բաքուն ըստ սովորության հիմա փորձում է «համոզել» ու իրավիճակը բացատրել բացառապես ԱՄՆ-ում հայկական լոբբիի գործունեությամբ, որ միշտ կողմնորոշված է եղել դեպի Կոնգրես: Հայկական լոբբին իրոք ուժեղ է, բայց ոչ այնքան, որ իր վերահսկողության տակ պահի օրենսդիրներին, առավել ևս` ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը: Նրա արդյունավետությունը դրսևորվում է, որպես կանոն, միայն այն դեպքերում, երբ լոբբիստների ու Վաշինգտոնի իսթեբլիշմենտի որոշակի մասի շահերը համընկնում են: Հենց այդ գործոնն է ստիպում մտածել, որ ԱՄՆ-ը սկսում է փոխել Ադրբեջանի նկատմամբ իր քաղաքականությունը:

Գուցե այդ պատճառով ադրբեջանցի որոշ փորձագետներ Սահակյանի այցը փորձում են մատուցել իբրև «տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը խարխլող գործողություն» և «Հայաստանին իր կողմը քաշելու Արևմուտքի ձգտում»: Շեշտադրվում է, որ Երևանը Մոսկվայի ռազմավարական գործընկերն է, որ, մեղմ ասած, այդքան էլ լավ հարաբերություններ չունի ԱՄՆ էլիտայի մի մասի հետ: Ռուսաստանի շահերով Բաքվի «մտահոգությունը» տարօրինակ է և հիմնականում բացատրվում է այն փաստով, որ Ադրբեջանի ռազմավարական գործընկեր Թուրքիան, ամերիկացիների հետ հակասություններ ունենալով քրդերի հարցում, այլևս չունի անհրաժեշտ քաղաքական վստահություն ԱՄՆ-ում և դադարել է լինել Ադրբեջանի շահերի առաջ մղողը արևմտյան ուղղությամբ: Այդ իրավիճակում Լեռնային Ղարաբաղի` իրեն միջազգային քաղաքականության ոչ թե օբյեկտ, այլ սուբյեկտ դրսևորելու ձգտումը տրամաբանական ու լիովին բացատրելի է: Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը բազմիցս է հայտարարել, որ բացի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցություններին մասնակցելուց` պետք է հասնել Ղարաբաղի անկախության ճանաչման:
Այո, ԱՄՆ-ն ունի իր ակնհայտ մեծ հետաքրքրությունն այդ հարցին, որ բացատրվում է ձեռքը իրադարձությունների զարգացման զարկերակին պահելու ձգտումով կոնֆլիկտի գոտում, որ կարող է ապակայունացնել իրավիճակն Անդրկովկասում ու ոչ միայն այնտեղ: Տարօրինակ է Ռուսաստանի դիրքորոշումը` տեղավորվել Ադրբեջանի տանուլ տված դիվանագիտության ուղեգծում: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` պատասխանելով հայ լրագրողի հարցին` Ռուսաստանը կհրավիրի՞ Բակո Սահակյանին, ասաց, որ ինքը «այդպիսի այցի մասին տեղեկություններ չունի» և «մենք հավատարիմ ենք Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման մեր պարտավորություններին ու ակտիվորեն օգնում ենք լուծել այդ բարդ խնդիրը»: Թեպետ վաղուց ժամանակն է, ինչպես արել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ԱՄՆ-ը, ճանաչել Արցախի Հանրապետության ներկայացուցչությունը Մոսկվայում, Ստեփանակերտի հետ հաստատել ֆինանսական ու առևտրատնտեսական համագործակցություն` չնայելով Ադրբեջանի բացասական վերաբերմունքին, գուցե նաև Հայաստանի որոշ շրջանակների: Այդ հարցում Ռուսաստանը ստիպված չի լինի համոզել մյուս համանախագահներին` ԱՄՆ-ին ու Ֆրանսիային, հասնել հակամարտող կողմերի փոխզիջումային լուծումների, որ չեն կարող լինել առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության: Մոսկվան, ինչպես Վաշինգտոնն ու Փարիզը, պետք է խոսի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից, բայց այնպես, որ կաշկանդի կոնֆլիկտի ուժային լուծման Բաքվի բնազդները: Ահա ինչու Սահակյանի այցը ԱՄՆ-ը չի խարխլում ԱՄՆ-ի իբրև Մինսկի խմբի համանախագահի քաղաքականությունը խաղաղ կարգավորման հարցում: Հիմա պետք է կազմակերպել Արցախի նախագահի ընդունելությունը Մոսկվայում` այն սկզբունքներով, որ արել են ամերիկացիները: Որքան արագ դա արվի, այնքան լավ կանդրադառնա Ռուսաստանի ազգային շահերի վրա:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Ամեն ինչ հրաշալի է: Բայց` անհասկանալի: Նախ` ինչու՞ պիտի Արցախի Հանրապետության ներկայացուցչությունը Մոսկվայում ճանաչելը և Ստեփանակերտի հետ ֆինանսական ու առևտրատնտեսական համագործակցություն հաստատելը «Հայաստանի որոշ շրջանակների» բացասական վերաբերմունքը հարուցի և որո՞նք են այդ շրջանակները: Երկրորդ` եթե Մոսկվան իրոք ուզում է պոկվել «Ադրբեջանի պարտված դիվանագիտության ուղեգծից», պիտի դադարի Ադրբեջանին հարձակողական սպառազինության վաճառքը, որովհետև պարտվում է նաև ռազմաքաղաքական ասպարեզում:

Եվ երրորդ` եթե Մոսկվան համառորեն ինքնաներկայացվում է Հայաստանի ռազմավարական գործընկեր ու շահերի պաշտպան` ի՞նչ իմաստ ունի կրկնել այն` ինչ վաղուց արել ու անում է Վաշինգտոնը: Ամեն ինչում ու ամենուր ԱՄՆ-ին հասնելու ու առաջ անցնելու իր անթաքույց ձտումներում Մոսկվան պետք է ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը` օրինակ դառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների համար: Դա կլինի քայլ` քաղաքական, դիվանագիտական, տնտեսական ու գործընկերային: Թե չէ` Բակո Սահակյանին հրավիրել Մոսկվա ու Սանկտ Պետերբուրգ, կազմակերպել նրա հանդիպումները Պետդումայում ու Դաշնային ժողովում, նրան բացատրել, թե Մոսկվան որքան է կարևորում Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը, ինչեր է արել ու անում` ինչպես ու ինչու կազմակերպեց 2016-ի հունիսին Սանկտ Պետերբուրգում նախագահների հանդիպումը, ինչ համերաշխ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, նվազագույնը քաղաքական տավտոլոգիա է: Առավել ևս լավ հայտնի է, որ Բակո Սահակյանը խոր երախտագիտություն պետք է հայտնի ու… ամեն ինչ, հայտնի սցենարով: Ադրբեջանն էլ ԱԳՆ պետք է հրավիրի ՌԴ դեսպանին ու բողոքի մի նոտա էլ նրա ձեռքը տա: Մարիա Զախարովան էլ պետք է ասի, որ Ռուսաստանը միշտ գործում է իր օրենսդրության շրջանակներում և քայլեր է անում Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման ուղղությամբ:

Դիտվել է՝ 3054

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ