«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Երբ այլևս անիվներ պետք չեն լինի

Երբ այլևս անիվներ պետք չեն լինի
23.03.2018 | 00:40

Մարտի 20-ին ԱԺ հայտարարություններից զարմանքով տեղեկացա, որ ապրում ենք «ժողովրդահաճո ու մարդակենտրոն երկրում»: ՄԱԿ-ի օրացույցով մարտի 20-ը Երջանկության միջազգային օրն էր, ու իբրև ՄԱԿ-ի անդամ 129-րդ երջանիկ երկրի քաղաքացի` շատ երջանկացա: Երջանկությունը շատ ու քիչ չի լինում, երբ Երջանկության պաշտոնական օրն իմանում ես` ինչ երկրում ես ապրում, «ժողովրդահաճո ու մարդակենտրոն», երջանկությունը խփում է գլխիդ: ՈՒ քանի որ երջանկությունը հոգս չէ, որ կպչի ու չպոկվի, այս տողերը գրել եմ սթափ բանականությամբ, անկողմնակալ ու աներջանիկ:

Ի՞նչ է կատարվում «ժողովրդահաճո ու մարդակենտրոն երկրում»: Առանձնապես` ոչինչ: Սովորական կյանք է: Ամեն մեկն զբաղված է իր գործով: Գործի մասին վերջապես խոսեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Մարտի 19-ին` ՌԴ նախագահ Պուտինի ռեկորդային հաղթանակի հաջորդ օրը` իբրև միասնության կամուրջ: «Ձեր հայտնի ելույթում Դուք հայտարարել եք, որ խորհրդարանական կառավարման անցնելու պարագայում չեք հավակնելու վարչապետի պաշտոնին և հավելել եք, որ 1 մարդը 2 անգամից ավելի չպետք է ղեկավարի երկիրը։ Այսօր այդ հայտարարությունը քաղաքական ընդդիմությունը պարբերաբար հրապարակավ մեջբերում է։ Դուք կդառնա՞ք ՀՀ վարչապետ ապրիլին» հարցին նա տվեց ինքնատիպ պատասխան` ոչ, որ նշանակում է` այո, և հաստատեց, որ այն, ինչ ճշմարտություն էր 2014-ին, 2018-ին փոխել է ենթատեքստը, ուստի կոչ արեց հրաժարվել «համատեքստից դուրս մեջբերումային լեզվակռիվների պարզունակ մարտավարությունից»: Ասաց` դժվար չէ տարբերել քաղաքական խոսքը և քաղաքական համատեքստը: Ասաց` չի կարող հաշվի չնստել իրականության հետ և համարել, որ չունի պատասխանատվություն ապագայի և ժամանակի մեջ երկրի սահուն ընթացքի համար։


Ասաց` չի կարելի հաշվի չառնել սպառնալիքները, որ սահմանադրական փոփոխությունների ընթացքում ավելացել են. «Մենք անցանք ապրիլյան պատերազմ, տեսանք մայրաքաղաքում զենքի ուժով հարցեր լուծելու պատրաստ մարդկանց գործողություններ, այսօր էլ տեսնում ենք ուժեր, որոնք, հաշվի չառնելով հնարավոր հետևանքները, պատրաստ են փողոցում խնդիրներ դնել, անկախ նրանից՝ այդ խնդիրները քաղաքագիտության և տրամաբանության շրջանակում են, թե ոչ»։ Հետո խոստացավ, որ եթե որոշվի իր թեկնածությունն առաջադրել, մեկ հավելում կանի` «ավելի շատ ժամանակ եմ հատկացնելու երիտասարդ քաղաքական լիդերներին մեր երկրի անցած տարիների երևացող ու չերևացող ողջ փորձը փոխանցելու գործին։ Սա մի խնդիր է, որն այսօր չափազանց կարևոր է»։ Առաջին հայացքից սա սպառնալիք է միայն Արմեն Աշոտյանին` ՀՀԿ-ի քաղաքական դպրոցի մասով, բայց ոչ միայն նրան: Փաստացի` գործող նախագահը քաղաքական էլիտայի փոփոխության խնդիր է դնում, որի «կայունությունը» համարժեք է հարցին, թե ինչու Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը աշխարհի չեմպիոն չի դառնում: Քաղաքական էլիտայի փոփոխության և փորձի փոխանցման մասին կհիշեք ոչ թե 2022-ին, այլ գուցե ավելի շուտ:


Եթե վարչապետի հարցը որոշում է ՀՀԿ-ն, ինչպես ՀՀԿ մամլո խոսնակն էր ասում` ում ուզեն կնշանակեն, կուզեն կհանեն, կուզեն կդնեն: Համատեքստ է ու նորից է փոխվում:
Ամեն օր չէ, որ երջանկության միջազգային օր է: Մեկ էլ հայտնվում է մի երիտասարդ քաղաքական լիդեր, որ տեղյակ է երկրի անցած տարիների երևացող ու չերևացող փորձին ու պատրաստ է վարչապետելու: Համենայն դեպս, մարտի 19-ին Սերժ Սարգսյանը նաև մասնակցել է Զինված ուժերի օպերատիվ հավաքին ու ասել է` ինչպես մշտապես, այսուհետ ավելի հաճախ է լինելու բանակի կողքին: Ի՞նչ կարգավիճակով: Ի՞նչ կարևոր է: Համատեքստից մի կտրվեք: Համատեքստում բանակի արդիականացման 7-ամյա ծրագիրն է, Արցախի հարցը, բանակի դերը, Ադրբեջանին զսպելու, կանխարգելիչ հարված հասցնելու կարողությունն ու անհրաժեշտ սպառազինությունը, բանակում կոռուպցիայի դեմ պայքարն ու կարգապահությունը: Ո՞վ կարող է այդ հարցերում լինել բանակի կողքին: Ոչ նախարարը` նա գլխավոր շտաբի պետի հետ բանակի մեջ է: Կողքին կարող է լինել միայն վարչապետը, որ պատերազմական իրավիճակում ստանձնում է բանակի ղեկավարությունը:

Բայց ամեն ինչ չէ, որ համատեքստում է: Կամ` կա զուգահեռ համատեքստ: «14+4» ծածկագրի տակ` Նիկոլ Փաշինյանի կատարմամբ: Իբրև «ճանապարհային քարտեզ», որից տեղյակ չէ նույնիսկ «Քաղաքացիական պայմանագիրն» ու նրա պաշտոնական նախագահ Սասուն Միքայելյանը: Գուցե նույնիսկ Նիկոլ Փաշինյանը: Ի՞նչ հաջողություն կունենա նա, ոչ ոք չգիտի: Կամ գիտի միայն նա, ով գծել է «ճանապարհային քարտեզը», բայց մի հաջողություն նա արդեն ունի` «Ելք» դաշինքի հարցը դարձրել է քաղաքական քննարկումների թիվ 1-ը` ազատ ժամանակ ու հանգիստ տալով ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին: «Ելքը» իր ազատականությունն ու բազմակարծության ունակությունը հաստատեց` «ՔՊ»-ին գործելու ազատություն տալով ու հաջողություն մաղթելով: «Երեքը մեկ չի դառնում, մեկս մյուսիս չենք կաշկանդի, յուրաքանչյուրն իր ճանապարհային քարտեզը կիրականացնի»` ասաց Էդմոն Մարուքյանը: «Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի վերաբերյալ «Ելք» դաշինքում դեռևս ճանապարհային քարտեզի շուրջ որոշում չկա, բայց կա ըմբռնում, որ կուսակցություններն ազատ են իրենց առաջիկա անելիքների վերաբերյալ որոշում կայացնելու հարցում»` խմբակցության նիստից հետո ասաց Նիկոլ Փաշինյանը ու հերքեց, որ դաշինքը պառակտվում է: «Որոշել ենք, որ կուսակցություններից յուրաքանչյուրը կարող է իր անելիքների վերաբերյալ ունենալ պատկերացումներ ու որոշումներ, որոնք 100 տոկոսով չեն համընկնում գործընկերների որոշումների հետ»` սա էր նրա խոսքի քվինտէսենցիան:
Մենք ապրում ենք «ժողովրդահաճո ու մարդակենտրոն» երկրում, հասկանանք` որտե՞ղ է ժողովուրդը ու որտե՞ղ է մարդը:


1. Ոչ բոլորը, որ քաղաքականության մեջ են, քաղաքական գործիչ են: Ոմանք քաղաքականությունն ընկալում են ագրեսիայի, ցինիզմի ու արկածախնդրության խառնուրդ, որի իմաստը շարժումն է, ոչ թե արդյունքը: Ժողովուրդը այդ դեպքում օգտագործվում է ծափ տվող ու հիացմունքից խեղդվող, մարդուն մնում է տանիքից տանիք ցատկել ու ծափեր հավաքել` մի քանի ժամվա, բայց` բուռն:
2. «ՔՊ»-ն ընտրել է փողոց դուրս գալու տարբերակի իր «կոնֆիգուրացիան»:
Ո՞վ կա կոնֆիգուրացիայում: «Ժառանգության» նախագահ Արմեն Մարտիրոսյանը, ինչպես իր ճանապարհորդ նախորդը, շարունակում է պատմել «ձախողված պետություններից», որոնց ժողովուրդը եթե փորձի պայքարել, հնարավոր են փոփոխություններ: ՕՐՕ-ի օրերին էլ այդ կարծիքին էր, ու` ի՞նչ: Նա հաստատում է, որ քննարկումներ կան «Քաղաքացիական պայմանագրից» Նիկոլ Փաշինյանի հետ: Ակնկալիքը` համընդհանուր պայքարն է և… սփյուռքի ակտիվությունը: Նիկոլ Փաշինյանը դիտորդի կարգավիճակով մասնակցում էր ՀՀՊ-ի հանրահավաքներին: Սակավամարդ ու անբովանդակ: Այսինքն` ՀՀՊ-ի հարթակը պարարտ հող է, որտեղ Նիկոլ Փաշինյանը 14+4-ի շրջագծում կվերցնի խոսափողն ու բոցաշունչ մի քանի ելույթից հետո Ազատության հրապարակը կվանկարկի «Նի-կոլ վար-չա-պե՞տ»: Բայց ՀՀՊ-ն միայն Արմեն Մարտիրոսյանը չէ ու հարց է` իսկ մյուսները կցանկանա՞ն իրենց կողքին տեսնել «վարչապետ Նիկոլին»: ՈՒ ինչպե՞ս է «վարչապետը» վերաբերվում ՀՀՊ-ի «ծռական» մասին` զինված պայքարի նախընտրությամբ: Ով ում կհեղափոխի կամ հարթակից կվտարի` «դավաճանի» պիտակով, որ նույնքան պայմանական է, որքան իմաստ ունի հարթակ դուրս գալը հիմա, երբ համակարգի դեմ համակարգով պայքար ձևավորելու պահն է:
3. Տրամաբանորեն մինչև 14+4-ը եղած ժամանակը «ՔՊ»-ն պետք է օգտագործի կազմակերպական հարցերի լուծման համար: Իսկ դա, բացի ամեն ինչը, կարճ կոչվում է փող: Որքան շատ փող, այնքան մեծ հաջողություն: ՈՒմի՞ց է «ՔՊ»-ն ժառանգություն ստացել, ինչի՞ դիմաց: Հարցը սկզբունքային է:
4. Նիկոլ Փաշինյանը իր ողջ պերճախոսությամբ և լրագրողների համառությամբ հանդերձ չի պատասխանում հարցին` ի՞նչ նախադրյալներ ու երաշխիքներ ունի, որ Ազատության հրապարակը կիսադատարկ կամ կիսալիքը չի մնալու ու ինչպե՞ս է գեներացնելու համաժողովրդական ընդվզումը, ինչպե՞ս է ղեկավարելու ու ինչպե՞ս է դիմակայելու իշխանությանը: Թե՞ խնդիրը խորհրդարանին զուգահեռ իրականություն ունենալն է և կարևոր չէ` այնտեղ հարց լուծվու՞մ է, թե՞ ոչ: Կեցցե հավերժ պայքարը:
5. Տարբեր ժամանակների ընդդիմադիր շարժումների փորձը հուշում է, որ Ազատության հրապարակում բազմահազարանոց հանրահավաքները ի վերջո ավարտվում են ժողովրդին տուն ուղարկելու խաղաղ կամ բռնի գործողություններով: Այդ իրադարձությունները կապվել են նախագահի ընտրության հետ և ստացել են նրանց անունները: Նիկոլ Փաշինյանի նպատակը իր անունով պարտություն գրանցե՞լն է, որ հետագայում իրավունք կտա ասելու` ես ամեն ինչ արեցի, դուք եք (կամ` իշխանությունը) մեղավորը, որ այսպես ստացվեց: Ֆիասկոն ձերն էր: Ի՞նչ է նրան տալու մի քանի հարյուր հաստիքային բողոքականի «հերոսի» լուսապսակը, որը կտրում է մտածող ընդդիմադիր բազմապատիկ մեծ հատվածից ու այդ հատվածին ուղղորդելու, նրա հետ իրավիճակ փոխելու շանսից:
6. Ի՞նչ կարևորագույն հարց է լուծում նա (քաղաքական պայքարի ոչ երկարատև, բայց բուռն իրադարձություններով հարուստ փորձը պիտի կանխեր), որ վտանգում է «Ելք» դաշինքի գոյությունը: «Հանրապետությունն» ու «Լուսավոր Հայաստանը» ըմբռնումով են վերաբերվում նրա ինքնուրույն ճանապարհ ընտրելուն, բայց կձգվի՞ ըմբռնումը մինչև 2022: Այս ընթացքով: Նիկոլ Փաշինյանը պատասխանատվություն չունի՞ 120000 ընտրողների առաջ, որ ձայն են տվել «Ելքին»` դաշինքը թուլացնելու ու հարվածի տակ դնելու համար` հանուն սեփական ինքնահաստատման թիվ 1 ընդդիմադիրի ճոճաթոռում (ընդդիմադիրի պարագայում արմատը ճոճվելն է, իշխանության պարագայում է արմատ դառնում աթոռը):
7. Քաղաքական թրծված վերլուծաբանները համոզված են, որ «Ելքը» խաղեր է տալիս, ու տարաձայնությունների պատմությունը մարտավարական հնարք է` իշխանությանը անակնկալ մատուցելու համար: Նրանք կամ լավատես են, կամ գերագնահատում են հնարքների ազդեցությունը քաղաքականության վրա: Արդյունքում բերում է իշխանության բախտը` ինչպես իշխանությունն է խրվել իր հավերժության կարծրատիպի մեջ, այնպես էլ ընդդիմությունն է իր սուրբ պարտականությունը համարում կրկնել 20-25 տարվա պատմությունը: Եթե գտնվում են ուժեր, որ փորձում են իրավիճակը համարժեք գնահատել ու ապագան ոչ թե կանխատեսել, այլ ծրագրել, պարտադիր հայտնվում է «ճանապարհային քարտեզ» դեպի ոչ մի տեղ: Երևի «ժողովրդահաճո ու մարդակենտրոն» երկրում այդպիսին են քաղաքական երթևեկի կանոնները: Ներսի՞ց, թե՞ դրսից է կարգավորող ոստիկանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Նկատե՞լ եք, որ համարյա թե վարչապետ է դառնում Կարեն Կարապետյանը, և` ինչքան ակտիվ: Նույնիսկ հասավ Լիբանան: Նույնիսկ Չինաստանի դեսպանի ու Powerchina International Group Limited ընկերության փոխնախագահի հետ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի հարցերն է քննարկում, օրը մի քանի միջազգային հանդիպում է ունենում ու շեշտում իր աննախադեպ հաջողությունները` համարյա թե վագրի պես թռչող տնտեսությամբ (Վարդան Օսկանյանն ի՞նչ եղավ` գար տեսներ): Մնում է` մի քանի արտաքին ու ներքին քաղաքական հայտարարություն անի, ու պատկերը կամբողջանա: Պատկերացնու՞մ եք նրա սրտի թրթիռը, երբ կարդացել է Սերժ Սարգսյանի խոսքերը. «Այո, ես այսօր էլ չեմ հավակնում վարչապետի պաշտոնին»։ Հետո էլ` համարյա գովեստ իր հասցեին` «Հասել ենք ներքին կայունության այնպիսի մակարդակի, որն արդեն դրականորեն կանխորոշում է նաև տնտեսական ցուցանիշների դինամիկան», բայց երջանկության նույնիսկ միջազգային օրվան հաջորդում են սովորական օրերը, որոնց վերաբերյալ որոշումը 2014-ին է կայացվել, ու պատմությունը գլորում է անիվը դեպի նոր ելակետ, որտեղ այլևս անիվի կարիք չկա: Պարզապես սկսվում է թռիչքը: 21-րդ դարն է վերջապես: Ինչքա՞ն կարելի է սեփական ոտնահետքերի վրա սայթաքել ու հայդաբուդուր անել:

Դիտվել է՝ 2366

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ