Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պուտին-Էրդողան` ռազմավարական դաշնակիցնե՞ր, թե՞ մարտավարական գործընկերներ

Պուտին-Էրդողան` ռազմավարական դաշնակիցնե՞ր, թե՞ մարտավարական գործընկերներ
23.03.2018 | 04:44

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հաղորդել է, որ ապրիլի 3-ին Անկարայում տեղի կունենա բարձրամակարդակ համագործակցության խորհրդի նիստը` Էրդողանի ու Պուտինի մասնակցությամբ: Նախարարի խոսքով` նախագահները կքննարկեն երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր ու տարածաշրջանային խնդիրներ: Սկզբում նրանք կմասնակցեն Մերսինում Ակկույու աէկ-ի կառուցման սկզբի արարողությանը: Պուտինի այցը Թուրքիա կդառնա նրա առաջին արտասահմանյան ուղևորությունը նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակից հետո: Նախագահական ընտրություններ Էրդողանին սպասվում են 2019-ին: Նա պատրաստվում է ընտրություններին արտաքին քաղաքականության հաջողություններով` ռուսական, սիրիական ուղղություններում, Արևմուտքի հետ գործերը չեն ստացվում: Անկարան կարողացավ հաղթել Աֆրինում, թեպետ կային կանխատեսումներ, որ «Ձիթենու ճյուղը» կձգվի մինչև մայիս: Ամերիկացիները Թուրքիայից պահանջում էին դադարեցնել հարձակումը: Hürriyet-ը գրում է, որ այդպիսի հաջողությունը հազիվ թե հնարավոր կլիներ առանց Պուտինի ու Էրդողանի` գործողությունների համակարգման պայմանավորվածության` Աստանայի գործընթացի շրջանակներում:

Թուրքիայի նախագահը իր քաղաքական հեղինակությունն էր դրել կշեռքի նժարին: Ձախողման դեպքում նա կարող էր խարխլել հեղինակությունը և երկրի ներսում, և դրսում, որ հեռանկարում կարող էր հանգեցնել իշխանության կորստի: Բայց Էրդողանը վաբանկ գնաց: Նա չտրվեց ԱՄՆ-ի ճնշումին, որ պահանջում էր խզել ռուսական С-400 համակարգերը գնելու գործարքը: Չավուշօղլուն հայտարարեց, որ Անկարան չի հանդուրժի Վաշինգտոնի «հրամայական տոնը» ինչ զենք ու ումից գնելու հարցում և նույնիսկ սպառնաց «պատասխան գործողություններով», եթե ԱՄՆ-ն Անկարայի դեմ պատժամիջոցներ կիրառի: Դա աննախադեպ էր: Թուրք սոցիոլոգները նշում են, որ արդյունքում մեծացել է վստահությունը պետության ու կառավարության նկատմամբ:


Bloomberg-ը չի բացառում, որ Էրդողանը «կարող է օգտագործել հասարակական էնտուզիազմն ու արտահերթ ընտրություններ հայտարարել»: Դա տրամաբանական կլիներ: Մերձավոր Արևելքում իրավիճակը արագ է փոփոխվում և մինչև 2019-ը Տիգրիսում ու Եփրատում շատ ջրեր կհոսեն: Առավել ևս, որ թուրք սպառողի ու փորձագետների աչքում Էրդողանը հաջողակ ռազմավարի համբավ ունի, որ ալյանս է կազմել Ռուսաստանի հետ ու ցուցաբերում է աննախադեպ ռևիզիոնիզմ Արևմուտքի հետ հարաբերություններում: Հարցը միայն Սիրիան չէ: Եթե Արևմուտքը Մերձավոր Արևելքում նոր աշխարհակարգ հաստատելու իր ծրագրերում Թուրքիան դիտարկել ու դեռ դիտարկում է աշխարհաքաղաքական նախագծերի իրականացման գործիք, Ռուսաստանի հետ Թուրքիայի ալյանսը լիարժեք տարածաշրջանային սուբյեկտի դեր է բերում, որ կարող է մասնակցել, ոչ թե հետևել նոր աշխարհակարգի հաստատմանը: Բրիտանական The Times-ը գրում է. «Էրդողանը կարող է ավելի հեռանալ արևմտյան ուղեծրից: Մասնավոր զրույցներում դիվանագետներն Անկարային արդեն անվանում են Nino` ՆԱՏՕ-ի անդամ միայն թղթի վրա»: The Times-ը կարծում է, որ Պուտինն ու Էրդողանը իրենց աշխարհաքաղաքական կողմնացույցները շտկել են` Մոսկվան դեպի Արևելք, Անկարան` դեպի Հյուսիս: Պատահաբար չէ Hürriyet-ն ընդգծում, որ «Էրդողանն իբրև չափազանց լավ լուր ընդունեց Պուտինի հաղթանակը մարտի 18-ի ընտրություններում»: Դա նրան «վստահություն ներշնչեց, որ հետագա սերտ համագործակցությունը ՌԴ նախագահի հետ ապահովված է տեսանելի ապագայում» և նա հավատաց «իր հաղթանակին առաջիկա նախագահական ընտրություններում»:

Դա կարևոր է, որովհետև «Պուտինն ու Էրդողանը տարբեր պատճառներով հայտնվում են Արևմուտքի ճնշման տակ ու համամասնորեն աճում է Անկարայի կախումը Մոսկվայից ու Էրդողանի խորթացումն Արևմուտքից, երբ երկու երկրների լավ կապերի անհրաժեշտությունը մեծանում է»: Բայց Մոսկվայի ու Անկարայի ալյանսը պետք չէ ռոմանտիկացնել: Ալյանսը կարող է վերաճել ռազմավարական դաշինքի, կարող է չվերաճել: ԱՄՆ շատ փորձագետներ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ են անում «չկորցնել Թուրքիան, ինչպես Պակիստանը», որովհետև «Պուտինը կարող է հայտնվել Մերձավոր Արևելքի սրտում ու կանխորոշել իրադարձությունների զարգացումն այդ տարածաշրջանում»: Այդ վերլուծաբանները գործնականում վստահ են, որ «Թուրքիան նախկինի պես դեմ է Իրանի էքսպանսիային ու զգուշանում է Ռուսաստանից պատմական ու աշխարհագրական պատճառներով», իսկ դրեյֆը դեպի Մոսկվա բացատրվում է «ԱՄՆ-ի սխալներով, որ դեռ կարելի է ուղղել` ճկունություն դրսևորելով սիրիացի քրդերին աջակցության հարցում»: Մոսկվայում, իհարկե, տեսնում ու հասկանում են, որ Թուրքիան փորձում է բազմավեկտոր քաղաքականություն վարել: Բայց թուրքական դիվանագիտությունն արդեն հազիվ թե Արևմուտքին զիջի իր ձեռքբերած նոր որակները, եթե Արևմուտքը արմատական փոփոխություններ չանի իր տարածաշրջանային քաղաքականության մեջ, ոչ թե միայն քրդերի հարցում: Այդ պատճառով Անկարայում Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահների հանդիպումը կարևոր նշանակություն է ստանում: Եթե Պուտինին հաջողվի հաշտեցնել Էրդողանին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, ընդհանուր դիրքորոշում ունենալով` երկու հարևանները կարող են արմատականորեն փոխել իրադարձությունների զարգացումը տարածաշրջանում, վերացնել Սիրիայում ամերիկացիների ներկայության դրդապատճառները, առավել լայն աշխարհաքաղաքական հեռանկարներ ստանալ: Էրդողանը լրացուցիչ քաղաքական միավորներ կստանար, որ կարող է օգտագործել 2019-ի (կամ` 2018-ի) նախագահական ընտրություններում: Հակառակ դեպքում` Թուրքիան, ինչպես կարծում է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը, կլինի «ՆԱՏՕ-ի միակ անդամը` իր տարածքում ակտիվ ապստամբական շարժումով»: Էրդողանը լուրջ մտածելիք և ընտրելիք ունի:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Պակաս լուրջ մտածելիք ու ընտրելիք չունի Բաշար Ասադը: Թուրքիան չի պատրաստվում հեռանալ Աֆրինից ու վտարված քրդերի փոխարեն թուրքերով է բնակեցնում քաղաքը: Ավելին` պատրաստվում է շարժվել Մանբիջ: Ի՞նչ պայմաններով պետք է կայանա Էրդողան-Ասադ հաշտեցումը: Պուտինը համաձա՞յն է, որ Թուրքիան կիսում է Սիրիան: Ասադը ինչու՞ պիտի համաձայնի, որ թուրքերը հիմնավորվեն նավթի ու գազի հանքավայրերով հարուստ տարածքներում: Հարցը միայն իշխանությունը չէ, հարցը բնական ռեսուրսներն են, առանց այդ ռեսուրսների Սիրիան հետպատերազմական վերականգնման ընթացքում լիովին կհայտնվի այն երկրների ազդեցության տակ, որ ֆինանսներ կներդնեն և Ասադի իշխանությունը ինքնին ժամանակի մեջ օրակարգից դուրս կգա: Եվ շատ մեծ հարց է, որ ԱՄՆ-ը կհեռանա Սիրիայից, որքան էլ դա ցանկանան Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2605

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ